Ցուրտ է, աշունը շրշում է, — ցուրտ է և սի՜րտըս՝ մըրսում է. —
Սիրտ իմ, հիշո՞ւմ ես — աշուն էր, ուշ մի աշուն էր Կարսում, —
Ճի՜շտ այսպիսի մի աշուն էր, ցո՜ւրտ՝ խշխշում էր աշունը, —
Թաց՝ սրթսրթում էր աշունը, ինչպես շունը՝ գիշերը դրսում…

Ե՞րբ էր, հիշո՞ւմ ես, օ, սի՜րտ իմ, — այն ե՞րբ էր խշշում այդ աշունը. —
Երե՞կ էր, տարինե՞ր առաջ, — ախ, գուցե դա՛ր է անցել…
Ո՜չ. — ընդամենը քսան և երկու տարի է — հիշում եմ. —
Կարծես քույրն է նրա այս աշունը, — նո՜ւյն շրշյունն է և նո՜ւյն քնքշությունը,
Կարծես տուն է դարձել մանկությունը՝ մանկությունը… հուշի՛ նման ծեր…
Մանկությո՞ւնը — ախ, ի՞նչ ես ասում, մանկություն և աշո՞ւն — մանկությունը
Կարո՞ղ է արդյոք առնչվել թովչության հետ անձրևի ու աշնան, —

Մանկությունը — ի՜նչ էլ որ լինի — առավոտ է, գարնան ցանկություն է,
Իսկ աշունը՝ մշուշ է, մահվան մուժ, — հուշերի տերևներ թոշնած…

Բայց էլի ինչ էլ որ ասեն, մենք գիտենք հո քեզ հետ, օ, սի՜րտ իմ,
Որ… մանկության նման լույս, մանկության նման կենսալի՝
Այն աշունը — առաջին մեր սիրո, առաջին երգերի մեր քույրն էր…
Որ անցած աշունն այն հեռու, — դա հենց ինքը՝ մեր մանկությունն էր…

Մանկությունն էր հեռու այդ աշունը, առավոտն էր մեր առաջին՝
Մանկության պես լուսեղ և անբիծ — այդ աշունը սիրո՝ մեր հերն էր…
Բայց — խնդությա՛ն էր նման այն հեռու աշնան տխրությունը, —
Եվ տխրության է նման այս աշնան բերած խնդությունն իսկ…

29. IX. 1936, Ծաղկաձոր

***

Աշունը, ա՛խ, այնպես անցավ՝
Ե՜վ ցնցող, և՜ ծանր, ինչպես
Հանճարեղ ոճիր կամ հանցանք:

Ցերեկները ծնծղաներ հնչեց,
Ցնծության շեփորներ հնչեղ, —
Գիշերները — դարձավ զառանցանք: —

Եվ ի՞նչ էր այդպես շափշափում
Ցնծությամբ — այդքա՜ն անիմաստ, —
Արդյոք ի՞նձ էր, ի՞նձ էր խաբում…

Ա՛խ, — գիտեմ արդեն ես հիմա,
Որ աշնան ցնծուն տագնապում —
Արշավող ցրտերի դիմաց, —

Իր մեռած խոսքերն է թափում
Եվ նորոգ զրույցներ խորհում
Գալիքից տագնապող մի մարդ:

Որպեսզի գալիք սարսափում,
Օրերի վերջին տագնապում —
Չգտնեն իրեն — մերձիմահ…

Ախ, թերևս այն, որ տապում
Ծառերի մորմոքի — հենց հիմա
Իմ կյանքն է տագնապում մերձիմահ…

1. X. 1936

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Զատիկ. նախաբանի փոխարեն

Հարություն կամ, որ նույնն է, Կարմիր Զատիկ Զատիկն ասելա. Հենց գամ, արմանաս, Հենց գնամ, զարմանաս: Գալիս է զատիկն ու գնում, և մեր ու մանուկ, արար աշխարհ զատկի բերած հրաշքից արմանք-զարմանք

Մենք բոլորս, որ հոգնաբեկ չենք նայում վեր

Սիրելի Վազգենին 10 նոյեմբերի 1999 թ. «Նոր ուղի. նամակներ կալանատնից» ժողովածուից  Մորս լռությունից ավելի էինք սարսափում, քան նրա ճիպոտող խոսքից։ Խոսիր, այ կնիկ — համոզում էր շեն ու մեծ Տունը։

Օրագրից դուրս. քաղաքական շաբաթը առանց հանրաքվեի

Տեսնո՞ւմ եք ինչ արագ է Թուրքիան ռուսական գազից կախվածությունը չեզոքացնում… Գազային համաձայնագիր Թուրքիայի ու Կատարի միջև: Տեսնենք՝ ո՞վ կտուժի ռուսական գազի առաքման դադարեցումից… Կտեսնենք՝ ոնց է զարգանում նաև արևային, վերականգնվող