«Ժամանակ»-ի զրուցակիցն է Աշոտ Բլեյանը

— Պարո՛ն Բլեյան, վերջին երկու ամիսների ընթացքում ԿԳՆ-ն անց է կացնում դպրոցների տնօրենների հավաստագրեր ստանալու մրցույթ երկու փուլով: Ինչպե՞ս կգնահատեք, ո՞րն է դրա արդյունավետությունը:

Եթե մի նախադասությամբ ասեմ, անգիրի դպրոցն իր պահանջին համապատասխանող տնօրեն կունենա: Ընդունենք՝ ամեն ինչ արվի շատ հետևողական և ազնիվ: Դպրոցի տնօրեն կկարողանան աշխատել այն մարդիկ, ովքեր կարող են ինչ-որ ժամանակում անգիր անել, մտապահել և բարեխիղճ վերարտադրել մեծ քանակությամբ իրավական տեղեկություններ: Սովորողների Գիտելիքների թեստավորման կենտրոնին (ԳԹԿ) զուգահեռ առաջանում է հանրակրթական դպրոցների, հետագայում գուցե և այլ կրթական հաստատությունների ղեկավարների գիտելիքների ստուգման համակարգ, որով զբաղված է Կրթության և գիտության նախարարությունը: Վերջին շրջանում կրթության մասին հիմնական խոսակցությունները սրա շուրջ են: Եթե սրան ավելացնենք նաև ուսուցիչների ատեստավորման (գիտելիքների ստուգման) ստեղծվող համակարգը, կրթության նախարարության պետական տեսչության և լիցենզավորման գործակալության ստուգման ընդարձակվող ծավալն ու գործառույթները, ապա Կրթության և գիտության նախարարությունը իր ողջ ներուժը սպառում է  համակարգը վերից վար քննելու, հսկելու վրա: Ի՞նչ կշահի սրանից բաց հասարակությունը և զարգացող անհատը, որպես նոր  կրթության պատվիրատու… Ի՞նչ ներարկում կունենա սրանից այս նոր կրթական պատվերի թելադրանքով գործող ուսումնական հաստատությունը… Բարեփոխումների այս փուլում, երբ առաջին պլան են մղվում բովանդակային- կառուցվածքային փոփոխությունները (առաջանում  են հիմնական, ավագ դպրոցների ինքնուրույն և ամբողջական ցանցեր), ենթադրվում է, որ հասարակությունը և կրթական համակարգը կարիք ունեն նոր որակի, կրթության կազմակերպիչների` ընդունակ, նախաձեռնող, համարձակ ծրագիր կրող և իրականացնող մենեջերների: Այս ճանապարհո՞վ են գալու: Արդեն հավաստագիր ստացած անձինք այսպիսի՞ն են:

— Ստացվում է` սա աննպատակ և անարդյունավե՞տ քաղաքականութուն է:

— Ի՞նչ խնդիր ես դնում, ի՞նչ խնդիր ես լուծում, արդյունքում ի՞նչ ես ուզում ունենալ: Ես պնդում եմ, որ հանրակրթական համակարգը իր միջոցներով` նախ և առաջ ղեկավար, կադրային բազայով անկարող է լուծել մոտ ապագայի խնդիրները և շարունակում է զբաղվել ինքն իրեն վերարտադրելով, զարգացման սահմանափակ, նյութական և մտավոր ռեսուրսները մսխելով գոյապահպանության համար դաժան պայքարում: Այս ճանապարհով հանրակրթության լիդերների նոր որակ, ներարկում չենք ունենա: Հանրակրթության մասին օրենքով արդեն դպրոցի ղեկավարին ներկայացվում են պահանջներ` բարձրագույն կրթություն, վերջին տասը տարին յոթ տարվա գիտամանկավարժական աշխատանքի անընդհատ փորձ, այսինքն` խիստ պահանջեր են դրված: Հիմա, եթե այս քննական համակարգով բարեխիղճ, անգիր անողը գալիս, անցնում է մրցույթը, ստանում ղեկավարման հավաստագիր, հետո էլ դպրոցական խորհրդի կողմից ընտրվում տնօրեն հինգ տարի ժամկետով, ի՞նչ է փոխվելու:

— Շատ տնօրեններ դժգոհում են բանավոր փուլից: Շատերն էլ փաստում են, որ  այս ամենը կոռուպցիայի  նոր աղբյուր է, քանի որ գիտենք, թե հիմա տնօրեն դառնալու համար ինչքան գումար է անհրաժեշտ:

— Հայաստանյան հասարակության զարգացման այս փուլում`անուժ, վերից վար կոռումպացված, շփոթված և անհեռանկար, բոլոր տեսակի քննությունների ճանապարհը շեղող եմ համարում, որով առաջին հերթին կարող, անկախ անհատների ճանապարհն է փակվում, այն մարդու, ում դու քո քաղաքականության միջոցով պիտի փնտրեիր, գտնեիր, հարկ եղած դեպքում համոզեիր, պայմաններ ստեղծեիր դպրոց բերելու համար՝ ղեկավարի կամ ուսուցչի տեսքով: Իբր կարող մարդիկ այնքան շատ են, որ այսպիսի քննությունների միջոցով ընտրություն ես կատարում: Բայց այս ձևը «անգիրի դպրոցի» գործող տնօրենին ու հավակնոտ ուսուցչին, ծնողին, շատ լավ դաս էր: Իրենց գործն էին դարձրել երեխաներին անընդհատ քննելը,  անգիրը ստուգելը, մտապահելը, ստուգողական հանձնարարություններ տալը՝ առաջին դասարանից մինչև բուհի ընդունելության քննություններ: Դե, հիմա եկեք ինքներդ քննվեք, նույն սթրեսն ապրեք, նույն ձախողումը: Կրթության բարեփոխման խնդիրը պետք է դառնա սովորողի, ուսուցչի, տնօրենի կարողությունների բացահայտումը, դրսևորումը և զարգացումը բոլոր առումներով: Եվ մեդիան ստեղծագործող անհատի ձեռքին կգործի որպես ինքնակրթության հզոր միջոց:

— Իսկ անհատն այսօր այդ տեսակ խնդիր դնո՞ւմ է:

— Հենց անհատն է դնում:  Շատ փոփոխվող է այն իրականությունը, որում մենք ապրում ենք: Այս իրականության մեջ մեծ երևակայություն է պետք՝ հավատալու համար, որ կարելի է հաղթահարել այս փակուղին: Եվ կրթությունն ինքը պետք է խթանի մարդու երևակայության զարգացումը, կարող և ակտիվ դարձնի՝ իր կյանքի բարդացող ու փոփոխվող խնդիրները լուծելու: Մեր ժամանակին անհարժեշտ են ամբողջական, ակտիվ ու ստեղծագործ անհատներ: Ահա խնդիր, որի լուծմամբ մենք այսօր զբաղված ենք կրթահամալիրում:

— Աշակերտ-մանկավարժ հարաբերությունների ճանապարհին ի՞նչ օրենքներ եք մշակում: «Youtube»-ում հայտնված ծեծող մանկավարժները հենց երևակայություն չունենալու արդյո՞ւնք են:

— Թվում է՝ մեդիան մեղավոր էր, բայց մեդիան բացեց, վարագույրը բացվեց, ասաց՝ տեսեք իրականությունը: Ի՞նչ է, չգիտե՞նք՝ ինչ հասարակությունում ենք ապրում. ի՞նչ է, դպրոցն այդ հասարակության մասը չի՞: «Youtube» -ում հայտնվում են ընդամենը դեպքեր. իրականությունը շատ ավելի տխուր է, մռու: Մեդիան սովորողի, ուսուցչի և ծնողի ձեռքին կարող է լուսավորել դպրոցական հասարակության ստվերը, դարձնել այն բաց համայնք: Իսկ մեր դպրոցական համակարգի դժբախտությունը փակ լինելն է: Տնօրենին թվում է, թե դպրոցն իր տնամերձն է, որ իշխանությունն իրեն է շնորհել: Ինքը հասարակական պատվերը, հասարակական հսկողությունը մինչև վերջ չի էլ ընդունում:

— Տեսեք, նույն հասարակական դժգոհությունը եղավ մարտի 8-ից առաջ, երբ վեցերորդ դասարանցիներից հավաքեցին 8000 դրամ, հստակ դրվեց, նախարարությանը տեղեկացրին, եղավ հասարակական ճնշում, բայց սայլը տեղից չշարժվեց:

— Ամեն անգամ  ինձ համար, որպես  կրթահամալիրի տնօրենի, դժվար է կոնկրետ փաստերից խոսել, իմ կարգավիճակն ինձ դա թույլ չի տալիս: Ինչո՞ւ եք շրջանցում անշրջանցելին: Ուսուցիչը նախ և առաջ ինքնապահպանության սոցիալական խնդիր է լուծում: Ես չեմ պաշտպանում, բայց 80.000 դրամ ստացող ուսուցչին, առանց հեռանկարի, այս գնաճի պայմաններում, առանց կացարանի, ինչի՞ եք մղում կամ ի՞նչ եք պահանջում. ո՞ր իրավունքով: Հասարակական կյանքը՝ դպրոցի և ուսուցչի գլխավոր պատվիրատուն, պիտի փոխվի: Ուսուցիչը հասարակական-իշխանական մշտական և կոնկրետ աջակցության կարիք ունի: Կոնկրետ օրինակով ասեմ: Քաղաքապետարանի վերջին որոշումը` մանկապարտեզներն անվճար դարձնելու մասին: Խորհրդային շրջանում անգամ ծնողների մեծ մասը օրինական վճարում էր երեխայի մանկապարտեզի սննդի համար: Տգեղ սոցիալիզմը, երբ դայակը 35 հազար, իսկ  դաստիարակը լրիվ օրվա համար առավելագույնը 65000 դրամ է ստանում, ի՞նչ բացատրություն ունի, ո՞ւմ շահերից է բխում: Եթե կան միջոցներ, գոնե կրկնապատկեք դայակի, դաստիարակի, վարիչի աշխատավարձը, որ նրանց սոցիալական կախվածությունը ծնողից մի փոքր մեղմանա, որ ավելի արդար համայնք դառնա նախադպրոցականի հաստատությունը:

Սիրանույշ Պապյան, «Ժամանակ», 02.04.2011թ.

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հանրային-հասարակական հստակ պահանջ ներկայացնենք իշխանությանը

Երեւանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը կարծում է, որ Մարտի մեկի գործն այնքան է ծանրացվել, որ նմանվում է պղտոր ջրում ձուկ որսալուն։ Նրա խոսքով՝ դրան պետք է տրվեր քաղաքական

Ո՞րն է մեր ճանապարհը: Կամ` մասնագիտական ուսուցո՞ւմ, թե՞ ընդհանուր բարձրագույն կրթություն 

  Սկիզբը` «Առավոտ» օրաթերթի սեպտեմբերի 8-ի համարում  «Առավոտ» օրաթերթ 16.09.2006թ Իրական դաշտ ասածը, որի բացակայության մասին անհոգնել ահազանգում էին կրթության համակարգի բոլոր սուբյեկտները, առկա է, և պատկերացրեք` գործում է. 2005թ. ուժի