TVմոլ 30 մարտի-5 ապրիլի
Աշոտ Բլեյան.

«Իսկական կրթությունը ինքնակրթությունն է»,- համաձայնեք` անսպասելի է լսել նման արտահայտություն մի մարդուց, ով կրթահամալիր է հիմնել ու երկար տարիներ տնօրինում է այն: Հենց այսպես անսպասելի էլ, կարծում ենք, կներկայանա ընթերցողներից շատերին կրթական ոլորտի ու հասարակական գործիչ Աշոտ Բլեյանը` մեր ավանդական հարցաթերթիկին տված պատասխանների շնորհիվ:

Տարիքը

— Ծնվել եմ 1955 թվականի սեպտեմբերի 4-ին Երևանում:

Ծնողները

— Հայրս` Շամխալ Բլեյանը, եղել է հողագործ, ռանչպար, 1937 թվականին աքսորվել է, 1944-ին վերադարձել է մի ոտքով: Ինչ լավ բան ունեմ իմ մեջ, հորիցս է փոխանցվել: Մայրս` Արտաշամ Հարոյանը, անընդհատ ու անդադրում աշխատել է տանը: Վեց երեխա ու հաշմանդամ ամուսին… մեծ ազգուտակ:

Կրթությունը

— Ավարտել եմ ԵՊՀ-ի ֆիզիկայի ֆակուլտետը: Բայց իսկական կրթությունը ինքնակրթությունն է:

Աշխատանքային փորձը

— Դեռ ուսանողական տարիներին աշխատել եմ ԵՊՀ-ի ուսումնական լաբորատորիայում, այնուհետև ռադիո-ֆիզիկայի ֆակուլտետի դեկանատում: Հետո որպես փոխտնօրեն աշխատել եմ Երևանի թիվ 10 դպրոցում` ստեղծել եմ հայագիտական խորացված ուսուցման դասարաններ: 1985-ին խորհրդային ռեժիմին չենթարկվելու համար ինձ «Կենտրոնից» աքսորեցին «Բանգլադեշ»` որպես թիվ 183 դպրոցի տնօրեն, 1989-ին իմ և իմ ընկերների հեղինակային նախագծով դպրոցը վերածել ենք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր-փորձարարական հետազոտական միավորման, որի տնօրենը լինելու պատիվն ունեմ առ այսօր: 1990-1997 թթ. նաև եղել եմ Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, Երևանի փոխքաղաքապետ, ՀՀ լուսավորության նախարար, կրթության և գիտության փոխնախարար: Շուրջ երկուսուկես տարի կալանավոր եմ «աշխատել»:

Ձեր ասպարեզի ո՞ր հաջողությամբ եք ամենաշատը հպարտանում

— Ցավոք, հպարտանալու և հիշատակման արժանի գործ կրթական համակարգում այսօր չեմ տեսնում: Լավ է, որ «Կենգուրու» մաթեմատիկական օլիմպիադան Հայաստան եկավ…

Ամենավերջին հաջողությունը

— Կրթահամալիրի յուրաքանչյուր աշակերտի և ուսուցչի ամեն մի շոշափելի ձեռքբերումը, Հայաստանում կատարվող յուրաքանչյուր նկատելի փոփոխություն իմ հերթական հաջողությունն է… Ապրիլի 2-ին համեցեք կրթահամալիրի «Մեդիա» կենտրոնի բացմանը, մայիսի 4-ին` հեղինակային մանկավարժության հեղինակների հանրապետական հավաքին, իսկ հունիսի 10-ին` «Ժանգոտ դդում» կինոփառատոնի բացմանը…

Ամենավերջին անհաջողությունը

— Ես դժգոհ մարդ եմ` ինքս ինձնից, իմ արածից: Արածներիցս քիչ բան կա, որ հավանում եմ:

Ամենակարևոր խորհուրդը, որ երբևէ ստացել եք

 Հայրս ասում էր. «Եթե մարդ ինքն իրեն չխայտառակի, ուրիշ ոչ ոք չի կարող դա անել»:

Ամենատհաճ որոշումը, որ երբևէ կայացրել եք

— Սա բլից հարցազրույցի ծավալ չէ: Ես լավ հիշողություն ունեմ, և իմ բոլոր վրիպումները, վատ կատարած աշխատանքները, սխալները ինձ հալածում են ողջ կյանքում: Կա մի մխիթարանք. դրանք նաև իմ կյանքի դպրոցն են:

Այսօր ի՞նչ նպատակ եք դրել Ձեր առջև

 Կրթահամալիրի կառուցվող փակ լողավազանի պակասող սարքավորումները հնարավոր էժան գնով ձեռք բերել, հայթայթել դրա համար անհրաժեշտ գումարը: Գուցե այս հարցազրույցը կօգնի:

Ի՞նչ  սեփականություն ունեք

 Հայաստան աշխարհը, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը միշտ համարել եմ իմ սեփականությունը` չնայած, որ կրթահամալիրը պետական հաստատություն է… Սա խանգարել է ինձ ուրիշ սեփական գույք ունենալ:

Ձեր «երկրորդ կեսը»

— Ես ամբողջ եմ: Ունեմ սիրած կին, ում հետ ապրում եմ:

Զավակներ

— Ունեմ երեք դուստր` Լիլիթը, Տաթևիկը և Շուշանիկը: Լիլիթը և Տաթևիկն ամուսնացած են, Շուշանիկը սովորում է իմ կրթահամալիրի 9-րդ դասարանում: Երգում է, թարգմանչուհի է ուզում դառնալ: Ոչ միայն սիրում, այլև հարգում եմ իմ աղջիկներին, լավ մարդիկ են: Հեշտ բան չէ ինձ նման հայր ունենալը:

Զգացողություն, որ կուզենայիք ունենալ

— Կցանկանայի երկնքում օդապարիկով ճախրել:

Զգացողություն, որ վանում եք անգամ մտքում

— Հարազատ մարդու կորուստը:

Սիրած աֆորիզմը

— «Օրվա հոգսը բավ է օրվա համար»:

Սիրած երաժշտությունը

— Աստվածային Մոցարտի «Ռեքվիեմը», Կոմիտասի «Պատարագը»:

Սիրած տոնը

— Տոն, որ միշտ ինձ հետ է… իմ ոգևորվածությունը:

Սիրած խմիչքը

— Քիչ, բայց լավ կոնյակ:

Սիրած հումորը

— «Ճգնաժամը գալիս է Հայաստան, տեսնում է, ինչ է կատարվում ու բացականչում է. «Ինձնից առաջ էս ո՞վ է այստեղ եղել»»:

Տարվա սիրած եղանակը
— Խոր աշուն:

Սիրած բառը մայրենի լեզվում

— «Անդադրում»:

Սիրած բառը Ձեր իմացած օտար լեզվում

— «Чудное мгновение» (հրաշալի ակնթարթ):

Ո՞ւմ ազդեցությունն եք կրում Ձեր վրա

— Շարունակում եմ զգալ հորս ազդեցությունը: Մշտապես կրում եմ Թումանյանի ազդեցությունը: Քրիստոսն իմ ուսուցիչն է:

Սիրած գիրքը

 Չարենցի «Հատընտիրը» և իհարկե` Նոր կտակարան:

Նշանաբան, որով առաջնորդվում եք կյանքում

— «Արդ կատարյալ եղեք, ինչպես Երկնավոր Հայրն է Ձեր կատարյալ»:

Հանգստյան վայրը

— Ես, ինչպես մայրս, չեմ հանգստանում: Եթե հանգստանում եմ, ապա նոր, ստեղծագործ աշխատանքով, նոր նախաձեռնությամբ: Սիրում եմ թափառել: Լավ երաժշտությունն ինձ վեր է տանում աշխարհիկ կյանքից:

Սիրած կառույցը մեզ մոտ և ընդհանրապես

— Աշտարակի Կարմրավոր եկեղեցին, Ամաղուի Նորավանքը, Տաթևի համալիրը, Էջմիածնի Հռիփսիմեն… Ցավոք, սրանցից և ոչ մեկն աշխարհիկ շինություն չէ: Երևանի այն հատվածը, որ հավանում էի, հիմնովին շարունակում ենք փչացնել… Աշխարհում լիքը շշմելու կառույցներ կան, չնայած ես քիչ բան եմ տեսել:

Սիրած քաղաքը

— Գորիսը, Հռոմը, Փարիզը: Լավ շարք ստացվեց, չէ՞:

Սիրած կենացը

— Աչքս տեսնում է, թող ականջներս էլ լսեն: Եկեք շխկացնենք ու այս բաժակով էլ խմենք, այնպես, «գիվա» (իբր) մենք չենք:

Սիրած տնային կենդանին

— Անձամբ չեմ պահում, քանի որ կենդանու կորուստը ծանր կտանեմ: Ամեն ինչ անում եմ, որ կրթահամալիրի սաները սովորեն կենդանիներ ու բույսեր խնամել:

Նախընտրած հագուստը

— Մարզական-ճամփորդական:

Ձեռքի ժամացույցը

— Չեմ կրում, օգտվում եմ բջջայինից:

Վերջին ֆիլմը, որ դիտել եք և հավանել

— Երեկ եմ դիտել` Կարեն Գևորգյանի և Գագիկ Հարությունյանի նկարած երկմասանոց «Ցեղասպանություն» ֆիլմն էր: Պրոֆեսիոնալի բարեխիղճ արված գործ էր:

Սիրած հեռուստահաղորդումը

— Հեռուստացույց քիչ եմ նայում. եթե լավ ֆիլմ է լինում, կամ լավ համերգ: Հաճախ դիտում եմ «Euronews» ալիքը:

Ամենահետաքրքիր փիլիսոփան

— Ամերիկացի Ջոն Դյուի և գերմանացի Կարլ Յասպերս:

Ինչո՞վ եք այսօր հպարտանում

— Չեմ հպարտանում` հիացմունքի պահեր եմ ունենում:

Վարպետներից ո՞ւմ կնախընտրեիք, որ պատկերեր Ձեր դիմանկարը

— Ավելի տանելի պատիժ մտածեք ինձ համար: Նկարվել, հայելուն նայել, արխիվ պահել… իմը չեն սրանք: Բլից լուսանկարում, ինչպես ասում են մեր «Կինո-ֆոտո» դպրոցի սաները, համեցեք:

Պատրաստեց՝ Տաթևիկ Ավետիսյանը

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Զահրատ

Կաղանդչէք Հարիւր Կաղանդ ալ կը սպասեմ Եթէ գիտնամ Թէ վերջընթեր Կաղանդին Պիտի նուէրս ընդունիս Ժպիտներուն ամէնէն կոյս Ամէնէն լոյս Եւ ամէնէն երջանիկովն աղուոցած Հարիւր Կաղանդ ալ կսպասեմ սիրելիս Նուէրներուն ամէնէն

Թաղամասը կդառնա Բանգլադեշի եդեմը…

Աղբյուրը՝ a1plus.am Մայրաքաղաքի երկու դպրոցների միջեւ կոնֆլիկտ է ծագել։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը որոշել է Կրթական պարտեզ ստեղծել առանց պատերի, մինչդեռ հարեւան 181 դպրոցի տնօրինությունը պարտեզի հենց դիմաց պարիսպ է ուզում կառուցել։

«Իրական հայացք» Հ3-ում

Զրույցը վարում է լրագրող Էդգար Առաքելյանը։