«Առավոտ» 28.10.2006
Հարգենք այս տարվա սեպտեմբերի տասներկուամյա դպրոց մուտք գործած հազարավոր հինգ-վեց տարեկաններին, նրանց բնույթին ու մարմնին արագ համապատասխան դարձնենք գործող դպրոցը` միշտ հիշելով, որ շատ ավելի հեշտ է նոր դպրոց ստեղծել, քան եղածը փոխել:
Տասներկուամյա միջնակարգ հանրակրթական դպրոցը մեզանում և՛ փաստ է, և՛ օրենք, ժամանակավրեպ է նրա դեմ պայքարը: Պարզապես պետք է այսօրվա երեխաների համար արդյունավետ դարձնել դպրոցը: Մեկ միասնական (տասնամյա թե տասներկուամյա) ընդհանուր դպրոցի գոյությունը ես անարդյունավետ եմ համարել միշտ: Հինգ-յոթ տարեկան առաջին դասարանցին ու տասներկու-տասնութ տարեկան ավարտական դասարանցին երկու տարբեր մարդիկ են: Հարգանքը նրանց նկատմամբ, իսկ կրթության մեջ փոփոխությունները` հիմնված միայն սովորողի և ուսուցչի փոխադարձ հարգանքի վրա, պարտադրում են խիզախել և ստեղծել երկու ինքնուրույն դպրոց` կրտսեր ու ավագ տարիքի երեխաների համար առանձին: Ես պնդում եմ, որ կրթության փոփոխություններին թափ, ուղղվածություն և խորություն կարելի է հաղորդել, եթե ճիշտ ընտրվեն կրթական համակարգի կառուցվածքային նոր միավորների` ինքնուրույն կրտսեր և ավագ դպրոցների մոդելները:
Կրտսեր (տարրական), միջին (հիմնական) և ավագ դպրոցները մեզանում եղել են և կան անունով միայն` որպես տասնամյա (տասներկուամյա) միասնական հանրակրթական դպրոցի աստիճաններ: Հանրապետության հազար երեք հարյուր երեսուներկու հանրակրթական դպրոցներից այսօր միայն տասներկուսն են տարրական ինքնուրույն դպրոց, այն էլ՝ հարկադրված, միշտ երազելով միջնակարգ, գոնե ութամյա դառնալու մասին: Հանրապետությունում գործում է ընդամենը հարյուր հիսունմեկ հիմնական դպրոց, որոնք նորից պայքարում են (երազում) միջնակարգի կոչման համար, և ընդամենը երեսունի չափ ավագ դպրոց` վարժարանի կամ արհեստագործական դպրոցի տեսքով: Այսպիսով` Հայաստանի կրթական համակարգի կառուցվածքային միավորը մեկ միասնական տասնամյա միջնակարգ դպրոցն է: Մենք առաջարկում ենք վեցամյա ուսուցմամբ ինքնուրույն կրտսեր դպրոցի և վեցամյա ուսուցմամբ ինքնուրույն ավագ դպրոցի մոդելներ` մեկ ու միասնական տասներկուամյա միջնակարգ դպրոցի ու միջնակարգ կրթության ծրագրի փոխարեն՝ երկու ինքնուրույն կրթական ծրագիր: Ինքնուրույն` որպես ուսումնական հաստատություններ և կրթական ծրագրեր` իրենց խնդիրներով, սովորողներով և ուսուցիչներով, կրթության բովանդակությամբ, ուսումնական գործի կազմակերպմամբ, ֆինանսավորման ու կառավարման կարգով, ուսուցողական նյութական միջավայրով (շենքով, ներքին ու արտաքին բակերով, սովորողներին հարմար ու համապատասխան կահույքով), ուսուցման միջոցներով: Կրթության և գիտության նախարարության Երևանի փորձարարական-հետազոտական միավորումում` «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, պետական ֆինանսական աջակցությամբ իրագործվում են պետական այլընտրանքային մանկավարժության ինքնուրույն կրթական ծրագրերը` վեցամյա կրտսեր դպրոցի և վեցամյա ավագ դպրոցի մեր առաջարկած մոդելները: Սա ասում եմ ոչ որպես թերթային գովազդ:
Սովորական երևանյան իրականության մեջ, տարիների մանկավարժական գիտափորձի արդյունքում ծնված նոր դպրոցները` երկուսից տասներկու տարեկանների զարգացման դպրոց-պարտեզը, ազատ երեխայի վեցամյա ուսուցման կրտսեր դպրոցը, տասներեքից տասնութ տարեկանների մասնագիտական կողմնորոշման, մասնագիտական կրթության նախապատրաստման ու մասնագիտական ուսուցման ավագ դպրոցները` վեցամյա ուսուցման վարժարանը և արհեստագործական դպրոցը, քառամյա ուսուցման գեղարվեստի վարժարանը, ապացուցեցին իրենց կենսունակությունը և կարող են որպես մոդել-դպրոցներ արժեք ներկայացնել: Ահա ինչու Կրթության և գիտության նախարարությունը նախաձեռնել է հրապարակային լսումներ, մեր` հեղինակային մանկավարժության հիշյալ ծրագրերն արժևորելու նպատակով: Հայտնի հոգեբան Պիաժեն ժամանակին և հիմնավոր ապացուցեց, որ վեցից տասներկու տարեկանները զարգացման (ճանաչողական) առումով ներկայացնում են նույն կրթատարիքային` կոնկրետ գործողության փուլ, երբ երեխայի մտավոր գործընթացում հայտնվում են տրամաբանության և առարկաներն իրենց նմանությամբ կամ տարբերությամբ համակարգելու կարողության նախադրյալները: Նախագործողության կրթատարիքային փուլում (երկուսից վեց տարեկանում) երեխան սովորում է, թե ինչպես ճանաչել շրջապատը` արտաքին աշխարհի մասին ունեցած իր պատկերացումների կամ մտքերի միջոցով: Այս փուլը (երկուսից վեց տարեկանների մանկապարտեզ կամ նախակրթարան) կարող է գործել ինքնուրույն և առանձին, կարող է միաձուլվել (ինչպես մեր կրթահամալիրում) մեկ միասնական` երկուսից տասներկու տարեկան երեխաների դպրոց-պարտեզի մեջ: Կրթությունը երկարատև շարունակական ընթացք է, որի հաջողությունը շատ բանով պայմանավորված է դրա համար անհրաժեշտ իմացումի «հավես», հաջողակի վստահություն և սովորողի հմտություններ փոխանցող բազային կրթությամբ: Ինքնուրույն կրտսեր դպրոցը սովորական և ազատ երեխայի (կրթություն բոլորի համար) բազային կրթության արդյունավետ` մատչելի, բաց-ժողովրդավարական և արդար, հիգիենիկ-անվտանգ հաստատություն է, որն ապահովում է երեխայի անօտարելի իրավունքների պաշտպանությունը: Բազային կրթության դպրոցը` որպես նոր հաստատություն, կարծում եմ, անհրաժեշտ կառույց է դպրոցը մարդկայնացնելու, կենդանացնելու ճանապարհին: Ինքնուրույն կրտսեր դպրոցը, ի դեպ, կա նոր Կրթակարգով` որպես քառամյա տարրական ուսուցման մեկից չորրորդ դասարանների և ինտեգրված ուսուցման հինգից վեցերորդ դասարանների ուսուցման տրամաբանական (օրգանական) ծրագիր: Ով ծանոթ է Կրթակարգում ամրագրված հանրակրթության նոր հենքային ուսումնական պլանին, հեշտ կնկատի իմ ասածը, իսկ ինքնուրույն կրտսեր դպրոցի «մանկավարժական փիլիսոփայությանը» ես կանդրադառնամ առանձին հոդվածով: Կրտսեր դպրոցներն ավարտողներն (իսկ կրտսեր դպրոցում պիտի սովորեն ու այն պիտի ավարտեն բոլորը) իրենց ազատ ընտրությամբ ուսուցումը կշարունակեն ինքնուրույն ավագ դպրոցների հանրապետական ցանցի օղակներից մեկում: Երեխայի բազային կրթության ինքնուրույն վեցամյա ուսուցման կրտսեր դպրոցը, կամ երկուսից տասներկու տարեկանների դպրոց-պարտեզը` որպես երեխայի բազային կրթության արդյունավետ հաստատություն, հատկապես օգտակար կարող է լինել փոքր գյուղական համայնքներին: Մենք պատրաստ ենք գործուն աջակցել նախարարությանը երեսուն-քառասուն երեխայով որևէ գյուղում բազային կրթության դպրոցի (դպրոց-պարտեզի) մոդելի ստեղծման հարցում: Երեխայի բազային կրթության ինքնուրույն կրտսեր դպրոցի (դպրոց-պարտեզի) գոյությունն օրակարգի խնդիր է դարձնում նրա ուսուցչի պատրաստման և վերապատրաստման բակալավրիատի իրագործումը:
Պիաժեն երեխայի զարգացման չորրորդ փուլը (սկսվում է տասներկու տարեկանից և շարունակվում մինչև հասունություն) կոչվում է կանոնավոր գործողությունների ժամանակահատված: Այն բնութագրվում է մտածողության կանոնակարգմամբ և տրամաբանական մտածողության յուրացմամբ` առավել ճկուն դարձնելով մտավոր փորձարարությունը` տիրապետել վերացական մտքերի, առաջ քաշել վարկածներ, հասկանալ ուրիշների և սեփական գաղափարների իմաստը: Մենք մեր փորձով վստահ ենք, որ այս կրթատարիքային փուլը պիտի ունենա իր ինքնուրույն դպրոցը` որպես տարատեսակ ավագ դպրոց` վեցամյա (յոթից տասներկուերորդ դասարաններ) կամ եռամյա (տասից տասներկուերորդ դասարաններ):
Ավագ դպրոցի տարատեսակները թվարկված են Կրթակարգում, և միայն կյանքում այդ ցանկը կճշտվի ու կամբողջանա: Մենք պատրաստ ենք գործուն աջակցել նախարարությանը` որևէ մարզում գյուղական համայնքների երեխաների համար նրանց համապատասխան ավագ դպրոց ստեղծելու հարցում: Մասնագիտական ուսուցման կարգավիճակի շնորհումն ինքնուրույն ավագ դպրոցներին կարող է փրկել միջին մասնագիտական և արհեստագործական կրթության հաստատությունները (քոլեջները և ուսումնարանները)` դրանք վերածելով ինքնուրույն ավագ դպրոցների: Խոսքն իհարկե ֆինանսական (նյութական), տեխնիկական ու մանկավարժական նոր կազմակերպմամբ` ամբողջական ավագ դպրոցի մասին է:
Այո, ես առաջարկում եմ տարրալուծել միջին դպրոցի` հիմնական կրթության հինգից ութերորդ դասարաններն ինքնուրույն կրտսեր և ավագ դպրոցների կազմում` ստեղծելով կրտսեր դպրոցի ավագ հինգերորդ, վեցերորդ դասարաններ: Պարտադիր դպրոցի յոթերորդ, ութերորդ, իններորդ դասարանները կարող են դառնալ վեցամյա ինքնուրույն ավագ դպրոցի օրգանական աստիճանը (ավագ դպրոցի կրտսեր դասարաններ)` դեռահասի պարտադիր ուսուցման և ապագա (հնարավոր) մասնագիտական գործունեության միջև արդյունավետ կապեր հաստատելով: Յոթերորդ, ութերորդ, իններորդ դասարանները` որպես կրթական ծրագիր, կարող են գործել առանձին և ձևավորել ինքնուրույն պարտադիր հանրակրթական դպրոցը:
Կառուցվածքային այսպիսի փոփոխությունները հնարավոր կդարձնեն ավելի արդյունավետ օգտագործել եղած շենքերը, նյութական միջոցները` կրթական ծրագիրն անհատականացնել և երեխաների տարիքային առանձնահատկություններին համապատասխան` մանկապարտեզ չունեցող գյուղական համայնքներում ունենալ փոքրաքանակ կրտսեր դպրոց-պարտեզներ՝ վատ օգտագործվող կիսադատարկ քաղաքային մանկապարտեզները վերածելով մեր նկարագրած կրտսեր դպրոց-պարտեզի` հարմարավետ նյութական միջավայրով, քաղաքային մոնստր-դպրոցների դեմն առնել` ստիպելով քաղաքի կենտրոնի հայտնի դպրոցներին վերջապես կրթական ծրագիր իրականացնել, արդյունավետ դարձնել ավագ դպրոցը և արդիականացնել` ներառելով աշխատուժի շուկայի և մասնագիտական կրթության համակարգ, լրացուցիչ պատնեշել երեխայի մանկությունը (ազատ զարգացումը)՝ ռեպետիտորական դպրոցից:
Աշոտ Բլեյան