Մեր տան պատշգամբում այդպես է… Դավիթ Բլեյանն օրեր առաջ հաշվել է քսանութ կոկոն, հիմա ես զբոսնում եմ-վերահաշվում կոկոնները… Շատացել են… Այլ ծաղիկներ… Թող արթնանա հերոսը մեր ու հաշվի. ով իր դաստիարակ  Շողիկ Սահակյանի անունն ավելի ու ավելի շատ է տալիս. հեղինակություն է, պատրաստվում է իր աճեցրած վարդերից նվիրել…
— Ուշադիր եմ, պա՛պ, ծաղիկների հանդեպ. ջրում եմ, մաքրում… ամեն օր նայում եմ… Հենց բացվեն, տանեմ ընկեր Շողիկին…
Այս զգույշը, որ քնած, բաժակով ջուրը ձեռքին, ամեն օր  գիշերվա ժամը 2-4-ի արանքում կիսամութով, առանց կաթիլ թափելու, սայթաքելու, ամիսներ շարունակ անցնում է իր ննջարանից մեր ննջարան՝ միջանցքով, բաժակը դնում ու…
— Մա՛մ, տառական կար գետնին… չվախեցա…
Պատկերացրի՞ք… Երեկ նոր հեծանիվն է վարել ու… ընկել է, մի թուշիկը կարմրացրել… Սպասում է դռանը մեր հերոսը, հենց մտնում եմ, մատով թուշն է դեմ տալիս.
— Տե՛ս, պապ…
Տզզացել է մի քիչ մեր «Աշոտիկը»…
— Ապրե՛ս, Դավիթ,- փարվում է…
— Ինչի՞ ապրեմ, պա՛պ…
— Լա՜վ սկիզբ է՝ տղան բացումը պիտի ընկնելով անի… Երկար ճանապարհ կանցնես նոր հեծանվով քո ընկերների հետ…
Իսկ իր պահանջով խմբի  Ալեքսի  Արմեն եղբոր ու Ռուզան մորաքրոջ հետ այցելել են Ռոքսիի ընտանիքին՝ իր չորս ձագուկներով…

Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի


Մեր տան իրիկնային թեման Ռոքսին է ու նորածին քոթոթները, ճաշ են պատրաստել՝ Ռոքսիին տանելու …
— Ես ուզում եմ այսպես մտնեմ քո մեջ, մամ, պուճուր-պուճուր, ու նորից դուրս գամ՝ ծնվեմ (ցույց է տալիս)… որ ձագուկների նման կաթիկ ուտեմ…
Կաթը, մոր ծիծիկները չի մոռանում Դավիթը ոչ մի կերպ… Տղա՛ է: Իսկ իր սուսուփուսի անուն հանած ընկերուհի Ադրիանան Դավթին նկատել է մայրիկ Արմինեի հետ տուն գնալիս՝ Դպրոց-պարտեզի բակի ելքի մոտ… Ադրիանան՝ նոր հեծանվով, գեղեցիկ, զարմացած-հիացած… ինքնացուցադրվելու պահանջով…
— Բլեյան, տե՛ս… էս գնո՞ւմ ես…
Դավիթը մատն անձայն-մեղավոր ուղղել է Արմինե մայրիկի կողմը… Այսպիսի խոսուն իրադարձությունների մեջ է մանկավարժության վայելքը մեր…

Շախմատը դասարանում. ընդմիջում:
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:

«Կյանքի, թե քննության դպրոց» դիլեման այս օրերին կարճ կանգնեց նորից, երբ սահմանված կարգով կրթահամալիրի մասնաժողով մանկավարժական լաբորատորիան բերել էր արդեն այս հրամանի ուժ ստացած առաջարկը՝ «2015-16 ուստարվա սովորողների գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման մասին»: Սահմանված կարգով, ինչպես ամեն տարի, կրթահամալիրի չորրորդ դասարանցիները՝ ստուգումների, իններորդ և տասներկուերորդ դասարանցիները՝ քննությունների միջով կանցնեն. չես փախչի այս միասնական կոչված չափորոշիչներից… Կլինի հիգիենիկ-խաղաղ-բաց-վստահելի միջավայր՝ որևէ առևտրի-անարդարության բացառմամբ: Սրա երաշխավորը սեբաստացիական անխախտ ավանդույթն է: Սրա պատասխանատուների մի խումբ Գևորգ Հակոբյանի, Անահիտ Հարությունյանի, Լուսինե Ալեքսանյանի անմիջական ղեկավարությամբ սկսել են հրամանով-կարգերով-հավելվածներով որոշվածները… Իսկ ես, կրթահամալիրի դպրոցների ղեկավարները, բոլոր մանկավարժական աշխատողները վճռական լծվել ենք կյանքի դպրոցի՝ ամենասեբաստացիական հունիսի պատրաստությանը՝ նախորդող ամենասրընթաց մայիս ամսվա փախչող օրերում… Ծով գործ…

Դպրոց-պարտեզի սովորողները դիզայներական նոր նախագծի համար պատն են հարթեցնում:
Լուսանկարները՝ Զառա Ոսկանյանի:

Երեկ Մեդիակենտրոնում իմ հավաքած խումբը հունիսյան ուսումնական ճամբարի բաղկացուցիչները-հանգույցներն էր հստակեցնում.. Այսպիսի աշխատանքային տեսք ստացավ այդ ամենը… Իսկ վարպետ-բանվորների խմբերը սկսել են ճամբարային միջավայրը հավաքել-նախապատրաստել…

Իմ օրագրի ընթերցողների համար ընտրում եմ այսպիսի նյութեր` շրջադարձ պարունակող, նոր մոտեցումով, տարիներով կասկած չհարուցած իրողությունների  վրա հարցական նշան դնող…

  • Իսլամը համատեղելի է արևմտյան լիբերալիզմի (ազատականության) հետ. Լոնդոնի մահմեդական քաղաքապետ Սադիկ խանի հայտարարությունը, որն ուզում է, որ Լոնդոնը լինի աշխարհի ամենականաչ քաղաքը և որն օրերս Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի բնակիչների տպավորիչ ձայներով դարձավ աշխարհի մայրաքաղաքներից մեկի քաղաքապետը. քաղաքապետի ետընտրական այս ճառ-ելույթը ևս  կարդացի բավականությամբ:

Երկարացված օրվա կազմակերպիչների լողուսուցման պարապմունքներ:

  • Հոգեբանները պարզել են, որ քաղաքային միջավայրը հանգստացնում է ոչ վատ, քան գյուղականը… «Մարդիկ որպես կանոն իրենց լավ են զգում այն պայմաններում, որոնք ավելի են համապատասխանում իրենց տեսակին: Պատկերացրեք Վուդի Ալենի նման նյարդային անհատի: Ես մտածում եմ, որ նրա համար ավելի հեշտ է վերականգնել իր իմացական ընդունակությունները քաղաքի կենտրոնում զբոսնելով, քան խաղաղ զբոսայգում»: Իսկ Ես շարունակում եմ հանգստանալ այսպես ամեն օր, գիշերն առտու ժամը 4-7-ի արանքում աշխարհի իմ անկյունում, ինտերնետի ու իմ գրի հետ,  հեծանվով՝ իմ դիտարաններից աշխարհն ինձնով անելով, Դավիթ Բլեյանի հետ՝ քաղաքային թափառումներում, «Սեբաստացիներ» երգչախմբի հետ՝ շրջագայելիս-երգելիս, երբ…
  • Կաննի վաթսունիններորդ միջազգային այս կինոփառատոնին ևս չմասնակցեցի, բայց կարող էի… Ունեմ այդպիսի մի հնարավորություն-հրավեր, որ համառորեն հետաձգում եմ… Իսկ ռեժիսոր Վուդի Ալենին առանձնացնում եմ. արվեստագետ է, ում հետևում եմ: Կանն, քաղաք, որով մի անգամ անցել եմ՝ վերադառնալու պայմանով, «որ այնտեղ ամեն ինչ կենտրոնացած է ֆիլմերի վրա, բոլորը մշտապես դրանք քննարկում են», կինոաշխարհ՝ ստեղծված իրենց կողմից ու իրենց համար:

Դաստիարակների խմբի հեծանվային ստուգարքի հանձնում:
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:

  • Իսկ «Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին» մինչև տարեվերջ պատրաստ կլինի շահագործման… Մեզ թվում է, թե «ապրիլյան  քառօրյա  պատերազմում ջախջախված Ադրբեջանն» աշխարհի երեսից վերանալո՞ւ է… «Այդ տրանսպորտային միջանցքը միմյանց կկապի երկրներ, ազգեր և անգամ ողջ քաղաքակրթություններ»… Ադրբեջանի տրանսպորտի նախարարի ընդամենը երևակայությո՞ւնն է…

Կոմիտասյան համերգի անոնս հատուկ բլոգի համար: Տաթև Ստեփանյան և երգընկերներ:
Տեսագրումը՝ Արմինե Թոփչյանի:

                              [youtube https://www.youtube.com/watch?v=c_X_X4YehtE]

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
# 669

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Կարգի գիտակցում և երևակայություն… Միասին

Ահա այսպիսի բարեմաղթություն հնչեց երեկ ուշ երեկոյան «Թումանյան 40» ակումբում, բարեկամների սեղանի շուրջ… Տեր և տիկին Թումանյանների հետ էի՝ կրթահամալիրի լոսանջելեսցի բարեկամների, որ ընտանիքի տարբեր կազմերով տարին մեկ անգամ, հուզիչ

Շնորհակալ եմ ինձ, որ գտա ու ընդունեցի քեզ․․․

Վա՜յ, Նորայր ջան, Նորայր․․․ Քեզ հետ ավելի պա՞րզ է դառնում ճանապարհս, հաջորդ քայլս․․․ Նունե Մովսիսյանի ու իր սաների ուսումնական նախագծի գրապտույտով ինձ անցկացրի հերթական անգամ։ Վա՜յ, Մերի ջան․․․ ի՜նչ շողալ ես

Մեր հինգ տարեկանների հասունությունը` որպես մեծերի խաղաղ-ստեղծական կյանքի ստուգատես…

Ովքե՞ր են մեր հինգ տարեկանները` 2011թ. ծնվածները… Ինքնուրո՞ւյն են շորեր հանում-հագնում, պարտեզ ուղարկելիս մենք այսպիսի՞ շորեր ենք ընտրում, որ կարողանա ինքնուրույն հանի-հագնի-քնի-արթնանա-լվացվի, զուգարանից օգտվի, լողա, խաղերը, գործիքները ընտրի, նստի հացի-սեղանը