Հասկանալի է՝ մայիսի 1-ի տոնական օրվա երկրորդ կեսին Գևորգ Հակոբյանի հետ հեծանիվներով դուրս ենք եկել շրջայցի… Առաջին կեսն էլ շատով, շատ-շատով միասին ենք Մայր դպրոցում՝ ակումբում, հետո Մարմարյա սրահում. նշում ենք Հանրակրթական էկոտուր 2015-ի ավարտը։ Ես որոշել եմ Նունե Մովսիսյանի «Հենց նոր մեր այգուց» հրապարակման կակաչները տեսնել։ Գևորգի հետ ամենուր եղանք. չկան ու չկան. գետնի տակն անցան, Նունե ջան… Կարինե Պետրոսյանի, Թամար Ղահրամանյանի, Սուսան Մարկոսյանի «քոմենթներից» չի հասկացվում՝ տեսե՞լ են նրանք այդ կակաչները, կրթահամալիրի ո՞ր այգում, ե՞րբ…
Պետք էր համոզվել, որ Հիմնական դպրոցում 2-4 տարեկանների Լիլիթ Առաքելյանիխմբասենյակի նորացման աշխատանքն ավարտին է մոտենում, պատրաստ է մայիսյան հավաքին… Մենք ավելին տեսանք. Զառա Ոսկանյանի նախագծով նորացվում, նկարչորեն թարմացվում են խոհանոց-ընթերցարան-ակումբի սեղաններն ու աթոռները։ Պետք էր տեսնել Նոր դպրոցի կանաչ խոտածածկի խուզը նոր հնձիչով, համոզվել, որ 2-4 տարեկանների խմբասենյակի նորացման շինարարական աշխատանքի վերջը երևում է…
Մեդիակենտրոն-Արհեստագործական-Նոր դպրոց-Հիմնական-Մայր դպրոց-Գեղարվեստ կրթահամալիրային հեծանվաուղուց, նկատեցի՞ք, որ դուրս են մնացել Դպրոց-պարտեզն ու գյուղացիական տնտեսությունը, որտեղ եղել էի Էկոտուրի փակումից անմիջապես հետո, էլի հեծանվով։ Մեքենաներն ու առանց հեծանվի հետիոտները խոչընդոտ են անվավոր մարդու համար… Կրթահամալիրի Բանգլադեշում վերաբերմունքն ավելի շահեկան է, երբեմն՝ հուզական, երբեմն՝ զավեշտալի…
– Էս ձեր ավտոներով էլի փակել եք մեր ճանապարհը…
– Տո, Բլեյան ջան, որ ոտով էիր, քո ճանապարհը փակել եղա՞վ, որ հիմա էլ հեծանվիդ առաջը կանգնող լինի… Հալալ է, անցի…
Կամ.
– Հեսա, հեսա, գնում եմ, հա՛մ ես պրծնեմ էս երկրից, հա՛մ էլ քո հեծանվի ճանապարհը բաց լինի…
Եվ.
– Էս մեր Բլեյանը չէ՞ր,- Հիմնական դպրոցից այգիներով Մայր դպրոց ճանապարհին իրար հարցնում են հիսունին մոտ կանայք…
– Հա, բա ո՞վ է, Բլեյանի տարիքն ու առողջությունն ո՞վ ունի…
Բեկում 2015-ում էկոտուրը ոչ միայն բացառություն չէ, այլև էկոտուրի շարունակական զարգացումը ենթադրում է այսպիսի մոտեցում… Հենց Մարմարյա սրահում, հենց փակման արարողության ժամանակ պարզ դարձավ, որ «Հանրակրթական էկոտուր 2016»-ի տնօրինումը ինքնավստահ ու սիրով ստանձնում են սովորողները՝ Նոր դպրոցի 5-րդ դասարանցի Լիդիա Կամենդատյանը, նրա եղբայր, հայտնի Միքայելը և վարժարանի Սարգիս Հակոբյանը, ներկաների ծափողջույնների ներքո Հասմիկ Նալբանդյանից, Մարթա Ասատրյանից, Էմանուել Ագջոյանից ընդունում էկոտուրի ղեկավարումը։ Հիշո՞ւմ եք՝ վարժարանի Էմմա Իսախանյանը, Նարեկ Սահակյանը փետրվարի 6-ին՝ «Հանրակրթական Դիջիթեք 2015»-ի ամփոփման ժամանակ, այս նույն սրահում դարձան 2016թ. ստուգատեսի ղեկավարներ…
Կրթական փոխանակումները, բաց ուսումնական ստուգատեսները, եթե միջոցառում չեն՝ մեկ անգամվա համար, եթե իրոք բաց են, իրոք պարբերական, իրոք, հանրակրթական, եթե կոչված են սովորողի-ուսուցչի հայացք-վերաբերմունք փոխելու, ավանդույթ բեկելու, պիտի այս տեսքն ու այսպիսի զարգացում ունենային. էկոտուրը՝ իր 5-ամյա պատմությամբ սրա լավ մոդելն է։ Ակումբ-ընթերցարան-խոհանոցում Էմանուել Ագջոյանի ներկայացումը կլոր սեղանիբազմամարդ լսարանում հենց նաև այսպիսի հավաքի համար է, ամբողջական է ու տեղին։ Ժամանակ կա, Էմանուել, և արժե շարունակել այս աշխատանքը. լավ մեթոդական մեդիաուղեցույց կստացվի։
Պետք էր տեսնել «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիայի» ներկայացուցիչ, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Գոհարի հիացմունքը.
– Նոր աշխարհ հայտնագործեցի, չգիտեի, շնորհակալ եմ…
Պետք էր տեսնել բոլոր մասնակիցների՝ իսկական հարազատներ, խանդավառությունն ու համերաշխությունը, որ հետո շարունակվեց Հրազդանի կիրճում…
Դուք իմացա՞ք, որ այս օրերին մենք միաժամանակ հյուրընկալեցինք, գիշերակացով, սնունդով, ուսումնական աշխատանքի ծրագրով ապահովեցինք 68 տարատարիք սովորողի և ուսուցչի։ Առանց փաստական նյութի արձանագրման հավաստի չի լինի ասելիքս ու անտեղի կլինի. ահա.
- Թբիլիսիից 38 մասնակից՝
թիվ 98 դպրոցից
թիվ 24 դպրոցից
թիվ 130 դպրոցից
թիվ 2 դպրոցից - Արցախից 19 մասնակից՝
թ. 11 ավագ դպրոցից
Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցից
Ա.Ղուլյանի անվան դպրոցից - Ծաղկունքից՝ 9
- Իսրայելից, Ֆրանսիայից՝ 2
Իրական ուսումնա-հետազոտական ճամբարային կյանք՝ իր մշակութային, մարզական, ժամանցային բաղադրիչներով… Ահա ինչու է այս հայտարարությունը։
Բոլոր ստուգատեսների կազմակերպումը և անցկացումը պետք է դիտել որպես միջազգային ճամբարային նախագծեր, ինչպես Իզմիրի տիեզերագիտական ճամբարըմեզ քաջածանոթ կամ մեզ անծանոթ ամերիկյան մաթեմատիկականճամբարը։ Ընդունեք որպես մակարդակի փոփոխություն, նոր մակարդակի հաստատում, որտեղ կարող են լուծվել այն խնդիրները, որոնք եղած մակարդակում չեն լուծվում։