Շուշան ծաղիկը, տեսեք՝ ոնց է բացվել, Դավթի պատուհանի գոգին ինչ լավ է զգում, ոնց որ Դավթի թալիսման-պաշտպան, գիշեր-ցերեկ հսկում ու հիշեցնում…
Շուշան ծաղիկ-աղջիկս՝ Վիեննայում. ես այսպես տեսա-լսեցի viber-ով, ես այսպես գիտեմ, ոնց որ ծաղիկը մեր տանը… Շուշանը երգում է, ու նրա վոկալի պրոֆեսորը ավելի ու ավելի գոհ է։ Շուշանը բազմազբաղ է, վերսկսել է լողը, ես պնդում եմ, որ վարժվի հեծանվին այնքան, որ իր փոխադրամիջոցը դարձնի… Շուշոն իր Թերեզ վոկալիստ ընկերուհու հետ մշտապես լինում է Վիեննայի Մխիթարյան միաբանությունում, երգում միաբանության եկեղեցում, մասնակցում հավաքներին, ինչպես պայմանավորվել էինք, մեր ներկայացուցիչն է միաբանությունում, չնայած ի՞նչ կխանգարի, որ տարբեր խմբերով Վիեննա գնալ-գալ ունենանք…
Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի:
Ես երեկ ստացա Իզմիրի միջազգային տիեզերագիտական ճամբարի առաջարկը՝ երկրորդ խումբը ձևավորելու մասին, Միջին դպրոցի ակումբում ներկա ուսուցիչների, Մարգարիտ Սարգսյանի հետ քննարկեցի և… համաձայնեցի։ Կլինի Թուրքիայի Իզմիր մեկնողների երկրորդ ջոկատը, և ջոկատը կղեկավարի Վարդուհի Հայրյանը։ Սկսեք։ Ընդարձակեք նախագիծն այս միջազգային։ Վարդը, իհարկե, ձեզ հեծանիվներով կհասցնի Իզմիր…
Ընդունեցի և Գայանե Գրիգորյանի առաջարկը՝ Հիմնական դպրոց-Մայր դպրոց նոր հեծանվուղու, հեծանվային ակումբի մասին։ Գայանեի հետ ես ճամփա կգնամ. իմ հեծանվից տեսա՝ իր նմանակի` վեցերորդ դասարանցի Լիլիթի հետ հեծանիվներով մայր ու աղջիկ մտան Մայր դպրոցի խաղադաշտ, կայանեցին ու մտան մեծ աշխարհ… շշմելու տեսարան… Ինչպես Հիմնական դպրոցի և Դպրոց-պարտեզի երգչախմբերի հանդիպումը…
Մեդիաուրբաթ:
Լուսանկարները՝ Մարինա Մկրտչյանի:
Ես ու Խորեն Հազարումյանը՝ կրթահամալիրի հնգամարտի ու բնասերի դպրոցի ղեկավարը, պայմանավորվեցինք վերջնական՝ թեթևացնել Տաթև Բլեյանի հոգսը. ստանձնել լողավազանի ու Դպրոց-պարտեզի նոր հեծանվուղու-ակումբի գործարկման պատասխանատվությունը… 2016-ի գարնանային ռազմամարզական խաղերից անմիջապես հետո, ապրիլի 1-ին, հա, խաբելու միջազգային օրով, սպասեք մեր հրավերին… Ով ավելի մեծ ու գրավիչ սուտ կասի, քան մեր այս ասածը, թող չգա: Իսկ մեր հմայիչ լողորդ-մարզիչ-ալպինիստ Տաթև Համբարյանին ես նշանակում եմ ծածկած լողավազանի ու կրտսեր դպրոցում տրիաթլոնի (լող+հեծանիվ+վազք) կազմակերպիչ: Խանդավառվե՛ք ու անցե՛ք գործի, Խորե՛ն, Տաթև Համբարյան, հրավիրե՛ք Գայանե Սարգսյանին՝ Նոր դպրոցից, Գայանե Գրիգորյանին՝ Հիմնականից ու Քրիստինե Հարությունյանին՝ Գեղարվեստից… Ո՜վ կդիմանա ձեզ: Միայն նախագծով ուսուցման կամ համընդհանուր (մեկից տասներկուերորդ դասարաններ) նախագծով ուսուցման շաբաթը թափ է հավաքում. հինգշաբթի օրը հետևում եմ mskh.am-ին, ու ահա, խրվել եմ, ետ գալ չի լինում՝ մեկը մյուսից հետաքրքիր նախագծեր ու մեկնաբանություններ-ներկայացումներ՝ Թբիլիսիից, Լոռիով, Էջմիածնով, Սևանի ավազանով, Թալինով, Վայոց ձորով… Եղիպատրուշով… ու ողջ Երևանով… կրթահամալիրի Բանգլադեշով… Կեցցե՛ք: Քիչ է լինում, որ չհասցնեմ, չեմ հասցնում, և դա լավ է՝ սկսում եմ միացնել հեծանվիս բարձր արագությունը, իսկ ես կարոտել եմ արագությանը այս թըս-թըս իրականության մեջ… Այնքա՜ն գործ կա անելու, որ ասել եմ, մայիսին չենք թողնելու, ապրիլին պիտի արվի, ահա՝ ինչու ապրիլ ամիսը պրծում չունի. գործելու շրջան է:
Կարինե Պետրոսյանն ու Ավագ դպրոցը նոր Հայաստան են հայտնագործել՝ Եղիպատրուշ… Մեռելոցն այդ գյուղո՞ւմ եմ անցկացնելու…
Զատկական բացիկների մեդիացուցահանդես:
Նոր դպրոց: Դասվար՝ Տաթև Թամազյան:
Ճրագալույցի պատարագը, որ սկսվում է շաբաթ՝ ժամը 17:30-ին, ես դիմավորելու եմ Սուրբ Երրորդություն եկեղեցում… Հետո, իհարկե, լինելու եմ Գեղարվեստում, միասին՝ սովորող, ուսուցչով ու մեր բարեկամներով տնօրհնեքի խորհրդին մասնակցելու, որ կազմակերպիչները կոչել են «Ուսուցչի լույսը Գեղարվեստում»…
Կիրակի՝ ժամը 10:30 սկսվող Սուրբ Հարության պատարագին ես մասնակցելու եմ, ավանդույթի համաձայն, Սուրբ Սարգիս եկեղեցում… Մի՛ կասկածեք. ես կհասցնեմ մինչև ժամը 14:00 լինել Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում… Ես բարձր արագությունը միացրած հեծանվի վրա եմ… Իսկ կիրակի՝ զատկական իրիկունը, Դավթի ու Արմինեի հետ անցկացնելու ենք իմ մեծ քրոջ տանը…
Երեկ Մեդիակենտրոնում, որ էլի համերգային դահլիճ-ակումբ էր դարձել «Տիեզերք» խմբի մեր երեք հմայիլների համար, ես ասացի ու կրկնում եմ իմ օրագրի ընթերցողի համար… Լսե՛ք: Երաժշտական լաբորատորիան, ինչպես կրթահամալիրն իր ներսով-դրսով, անհետացող տանիքներով ու նկուղներով, որ ներս ու դուրս են դառնում՝ ավելի հետաքրքիր ու ծավալվող դարձնելով մեր աշխարհը, կոչված են, որ մենք զբաղված լինենք մեր ուզած գործերով: Տեսեք, քանի՜ տարի Լուսինե Գալստյանը, Աստղիկ Մամիկոնյանը, Էլիզա Բաղդիյանը կրթահամալիրում զբաղված են իրենց ուզած-ընտրած-իրենց կյանքը դարձրած գործով: Եվ Էլիզի համալսարանն էլ չի բաժանում այդ գործից… Եվ այդ գործը, գործի շարունակումը նրանց Ամերիկա է տանում: Այս անգամ՝ Ամերիկա: Անցյալ տարի՝ Թբիլիսի… Գործն է այդպիսին: Բոլորս գիտենք՝ բոլորիս միավորող գործն է դարձել Բանգլադեշի կառուցումը՝ որպես աշխարհի կենտրոն, ամեն գրավիչը՝ բոլոր կյանքերի մեջ:
«Տիեզերք» խմբի համերգը մեդիակենտրոնում:
Լուսանկարները՝ Մարինա Մկրտչյանի:
Հ. Գ.
Ջաննի Ռոդարիից է մնացել՝ լեզվական վրիպումներին ստեղծագործաբար մոտենալ՝ դիտարկելով դրանք ստեղծագործական հնարներ: Այսպես, երեկվա իմ գրում կար այսպիսի միտք.«Ես գիտեմ ու այս անգամ, գաղտնիք ասեմ, ապրիլին իմ ցանցն եմ գցելու… Չի փախչելու… Չէ, չէ, չեմ վռազում կամ շտապեցնում»: «Ապրիլին իմ ցանցը գցելը» Սուսան Մարկոսյանին դարձրել էր երևակայող՝ հեռուն գնացող ենթադրություններով: Իրականում պիտի լիներ «Ապրիլն իմ ցանցն եմ գցել»: Հիմա կարդացեք միտքը՝ որպես ապրիլյան իմ գործունեության ցուցանակ.«Ես գիտեմ ու այս անգամ, գաղտնիք ասեմ, ապրիլն իմ ցանցն եմ գցելու… Չի փախչելու… Չէ, չէ, չեմ վռազում կամ շտապեցնում»:
# 623