Մեր շուրջը, մեր դպրոցական բակերում, մեր ճանապարհին տեսնում-ճանաչո՞ւմ ենք, ինչպես Կարինե Պետրոսյանն է ասում, գարունն ավետող առաջին ծաղիկները՝ մանուշակը, անմոռուկը, հասմիկը, զանգակը․․․ Հեծանվով անցնում էի Քոլեջ-արհեստագործականի և նորատունկ անտառն ու պտղատու այգին բաժանող ճանապարհով… Ներքին բակն այնքա՜ն կանչող էր, որ թվում էր՝ ցանցե դուռը ետ տաս ու կգնաս, կխորանաս-կկորչես Քոլեջ-արհեստագործականի պարտեզում… ետ կանչող-բերող չի լինի… Գեղարվեստը ևս պիտի ունենա իր պարտիզպանը, որ գործի, ինչպես «ընկեր Հրաչ» Մայր դպրոցում կամ մեր շրջանավարտ Էդվարդը՝ Նոր դպրոցում, Խորենը՝ գյուղացիական տնտեսությունում, Էլյան ու Անահիտը Մելքոնյան՝ Քոլեջ-արհեստագործականում… Ինձ ի՞նչ կա հարցնելու, ես իմն ասել եմ… ինձ գործի դրեք, իմ իշխանությունից ուժ առեք. գարուն է ու անմշակ երկիր… Գործե՛ք, այս սեբաստացիական աշխարհը դարձրեք ամենամշակվածը, ձեզ հարմար անկյուններով՝ կանաչ-խնամված աշխարհ ստեղծեք…

Քոլեջում գարնանային աշխատանքներ են:
Լուսանկարները՝ Լուսինե Աբրահամյանի:

Չարենցից առաջ, Չարենցից հետո, ինչպես Թումանյանից առաջ, Թումանյանից հետո, Աբովյանից առաջ, Աբովյանից հետո… մեկ էլ՝ մենք՝ մինչև Կոմիտաս, Կոմիտասից հետո… Սրանք քաղաքակրթական-մշակութային հայոց նոր շրջանի սահմաններն են, անցումները, փոխանցումները… Թումանյանը՝ գագաթ ու ավազան, Չարենցը՝ սրանից առաջացող երևացող նոր ակունք… Ես սիրում եմ տարատարիք սեբաստացիների հետ՝ սովորողով-ծնողով-ուսուցչով նստոտել մեր փոքր դահլիճում, ինչպես երեկ էինք՝ Դպրոց-պարտեզի մայրենիի ուսուցիչ Արմինե Աբրահամյանի նախաձեռնությամբ, նստոտել. ու այս միջավայրն է ունկնդիր ու պատմող… Լսվում-ասվում-փոխանցվում է, տուն ու հասարակություն հասնում… Ի՞նչ եղան ուսուցիչների-պատանիների անհատական ընթերցումները՝ գրական համերգները․․․ Ինչո՞ւ պատանիների-ուսուցիչների երգչախմբերը չեն կարդում-երգում Չարենցի «Տաղարանը»… Սրանից էլ լավ վերնագի՞ր՝ երգչախումբը կարդում է Տաղարան…

Ածիկացան Դպրոց պարտեզում:
Լուսանկարները՝ Կարինե Խառատյանի:

Գեղարվեստի հանրակրթական չորրորդ-հինգերորդ դասարանցիների «Կարդում ենք Չարենց Չարենցի կամարում» նախագծի տեսանյութը ո՜նց հուզեց. ախր այսպես կարելի՞ է ազդել մարդու վրա, ուշ գիշերվա ժամը երկուսին: Քրիստինե Շահբազյա՛ն, քո՛ւյր իմ․․․ քո բլոգում կարդացի քո մասին, ինչպես անծանոթի… Էլի հուզվեցի… «Դասավանդում եմ մայրենի Գեղարվեստի 4-5-րդ դասարաններում»… Եվ հայրենագիտություն՝ այսպիսի նախագծերով… Եվ հեղինակային կրթության ծրագրով երկարօրյա կազմակերպիչ ես… Եվ սեբաստացիներ վեց տարեկան Աշոտի ու արդեն երեք տարեկան դարձող Մարկի մայրիկ… Քո բարեխղճությամբ համալսարանական կրթության ողջ ներուժը դրսևորելու հնարավորությունը, ահա, դարձնում ես բացառիկ… Հալա՜լ է քեզ։ Շնորհակալ եմ։ Նույն ուղղակի ազդեցություն ունեցան ինձ համար Գոհար Սմբատյանի, Սրբուհի Ներսիսյանի և Կարինե Խառատյանի հայտերը՝ 2016-2017 ուսումնական տարվա մանկավարժական գործունեության շարունակման… Բաց կրթական միջավայրում պիտի գրանցվեն, քննարկվեն, լուծվեն մեր կյանքի բոլոր հարցերը. յուրաքանչյուր սեբաստացի, ով է՛ այս ֆենոմենի՝ կրթահամալիրի հեղինակային մանկավարժության հեղինակ, պիտի մասնակցի առաջադրված խնդրի լուծմանն իմ նշած բոլոր փուլերում… Ես գիտեմ, ինձնից լավ գիտի յուրաքանչյուրդ, որ բարդ է այսպես, բայց մյուսը ո՞րն է, հետ գլորվե՞լ… Ափսոս չի՞ տարիների մեր հեղինակային մանկավարժական հավաքական գործունեությունը… Ավելի մոբիլ, ստեղծական ու կոնկրետ եղեք, մի՛ հետաձգեք, հե՛նց հիմա ձեր ասելիքը հանձնեք թվային միջոցի ստեղներին…

Էջմիածնի Էռնեկյանի անվան վարժարանի 6-րդ դասարանի սովորողները կրթահամալիրի Միջին դպրոցում են:
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:

«Չգիտեմ, թե ինչպես ա պետք էդ բացատրել: Չգիտեմ, թե ինչ անունով ա էդ ակնթարթը հայտնի: Չգիտեմ, թե ինչպես կարող են թանկաները, հոքուներն ու Թումանյանի քառյակներն էդքան ընդհանուր գծեր ունենալ… Իմ սիրելի Աստղիկ Մամիկոնյան՝ մեր Ավագ դպրոցի տասնմեկերորդ դասարանից, մեդիայի Աստա, այդ ե՞րբ այսքա՜ն մեծացար… Որ լա՜վ էլ գիտես, դու, Նարեն, այնքա՜ն ու այնպե՜ս, որ ինձ էլ է փոխանցվում… Բա ես որտեղի՞ց գիտեմ… Ա՛յ, ուրիշ բան չգիտեմ՝ ինչպես կառավարել այս կրթահամալիրը՝ իր այս ընթացքով… Հասմիկին Թոփչյան՝ մայրենիի ուսուցչին՝ իր այս ընթացքով. Միջին դպրոցի սովորողների հետ իր քայլքով, ավելի ուշադիր եմ հետևում… Երեկ էլ՝ երգչախմբի պարապմունքին, ինձ բռնեցի՝ քանի՜ րոպե ես հետևում էի Նելի Փիլոյանի երգեցողությանը… Մի կողմից, որ տնօրեն մնաս՝ հավաքանիի-կազմակերպության, երգչախումբ է մեծ, երգում է, մյուս կողմից, որ ճիշտ դիրքավորվես, քառասուն անհատ է երգում… Տեսարա՜ն է…

Ելակացան կրթահամալիրի գյուղացիական տնտեսությունում:
Լուսանկարները՝ Լուսինե Աբրահամյանի:

Իրիկունը ժամը ութին ես մրափեցի… Ուժ չունեմ էլ ես մղկտուքդ լսելու… Գիշերը մեկին սկսվեց իմ այսօրը։ Ամենադժվարը մեր հասարակության հետ է․ այն, որ պիտի օգներ, խրախուսեր, աջակցեր, ոգևորեր… Չէ, «Нет», կասեր մայրս․․․ нет և… хорошо-ին տեղ չի թողնում: Հասարակության անդամներ են նաև մեր սովորողների ծնողները, ընտանիքները՝ ո՞ւր պիտի փախչես… Չենք վախենալու ու չենք ընկրկելու՝ նրանք մեր աջակցության, մեր ոգու կարիքն ունեն… Թող գա՛ն, ուրբաթ օրերը ժամը տասներեքին մտնեն Սուրբ Երրորդություն եկեղեցու ուսումնական սրահ, իրենց երեխաների՝ իններորդ դասարանցի սովորողների հետ՝ լսեն իրենց քահանային, ճանաչեն Տեր Զենոնին, ինչպես մենք ենք ուսուցիչներով անում… Մի փողոց է մեր արանքում՝ Րաֆֆու անունը կրող՝ անցումներով անվտանգ… Քահանան էլ մեր կարիքն ունի, քանզի եկեղեցին մերն է, կամ, որ ես եմ ասում, եկեղեցին մենք ենք, ինչպես Քրիստոսի կտակը մեզնից յուրաքանչյուրին է ուղղված… Իմ կտակն է: Չբացե՞մ-կարդամ, ճանաչեմ, զորանամ ու ողջ զորությամբ գործեմ երկիրը:

Ընթերցարան

Ֆոտոխմբագիր՝ Լուսինե Աբրահամյան
# 613

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Պարզունակության դեմ՝ մասնակցային պետություն…

Հայաստանը բռնած պրիմիտիվիզմը կամ պարզունակությունը (Վահե Հովհաննիսյանի հետ դժվար է չհամաձայնելը) խեղդող ազդեցություն  ունի. չկա քննարկում, չկա փոխանցում… 2018-ի ապրիլից Հայաստան մտած անձնային-հանրային-պետական կյանքի փոփոխությունների հնարավորությունը չենք կարող այսպես հեշտ

Վայե՜լք՝ տքնանքով-ջանքով-վաստակով…

Ուսուցչուհու մասնագիտությունը, եթե հավատանք այս հրապարակմանը, կնոջ առողջության համար ամենավտանգավոր մասնագիտությունն է: Լավ զգացին-տխրեցին-զարմացան-գիտեի՞ն ուսուցչուհիները, իմ օրվա, ի դեպ՝ 1082-րդ  անընդհատ գրի ընթերցողները… Իսկ Facebook-ի օգտատերերի թիվը հասել է 2

Կիսատ-պռատություն, խոսքի և գործի հակասություն էլ թույլ չտանք

Վատագույն կանխատեսումները, որ արտահայտել էի Երևանի քաղաքապետի` իմ նամակը, իմ վաթսուներորդ գիրը կարդալու մասին, արդարացան: Չկարդաց: Իմ ննջարանի պատուհանից աղբը ոչ միայն երևում է, այլև խտանում է: Սպենդիարյանի անվան դպրոցի