«Ժամանակ» թերթ 13.09.2006

Նվիրում եմ Հայաստանի անկախ պետականության 15-ամյակին 

Հոդվածում գործածվող հիմնական հասկացություններ

Հայրենիք — Հայաստանի Հանրապետություն, որը հռչակվել է 1991թ. սեպտեմբերի 21-ի հանրաքվեով, և նախկինում կոչվել է Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն:

Մայրենիք — հայրենիք և հայրենիքում ապրող մարդու ծնողները:

Հոդվածում Հայաստան, հայրենիք, պետություն և երկիր, հայ, մարդ, զավակ և քաղաքացի, պարտք, պատասխանատվություն և սեր բառերը գործածված են որպես հոմանիշներ:

Ա՜խ, իˊմ Հայրենիք, որքա՜ն սիրուն ես, միայն բալեքդ են… քեզանից փախչում: Ո՜ւր էր, որ այսօրվա Հայրենիքի մասին խոսելիս «փախչում»-ը վերցնեի չակերտների մեջ: Անկախ պետականության 15-ամյակը նշող Հայաստանի համար դա թերևս ամենամեծ գովքը կլիներ: Չէ՞ որ ապրանքների, ծառայությունների և մարդկանց ազատ տեղաշարժը (փախչումը) աշխարհի հետ միասնացող, ազատ զարգացող երկրի գլխավոր պայմանն է, և ազատ տեղաշարժի իրավունքը նրա մարդու` Հայրենիքի տիրոջ անօտարելի իրավունքը:

Հայրենիքը, ինչպես ծնողները, ոչ միայն սիրո առարկա է, մենք` Հայրենիքի զավակներս, պարտքեր ունենք նրա նկատմամբ, իսկ ա՛յ, պարտքը գեղեցիկ է հատուցմամբ: Ինչպե՞ս ենք մենք դա հատուցում: Խոսքը, իհարկե, Մայրենիքը գովերգելու, սեղանների շուրջը նրանց կենացն առաջինը և վերջինը հոտնկայս խմելու մասին չէ: Մինչ Թումանյանն էլ, Վարուժանն էլ ոչ նորմալ էին համարում իրենց հայրենասիրական պոեզիան՝ մի տեսակ, բացակայող Պետության գործառույթների իրականացման պարտադրանք, մենք շարունակում ենք մեր ուտուշ-խմուշի, անգամ, սգո սեղանները, հեռուստաեթերներն ու ամենատարբեր «հավուր պատշաճի» նշվող հանդիսությունները «զարդարել» Մայրենիքին ուղղված ամենատարբեր ձայներով (բանաստեղծություններով և երգերով), որպես կանոն, ցածրարժեք:

Հայաստանի Հանրապետության նկատմամբ քաղաքացիներիս պարտականությունը (պատասխանատվությունը) հստակ է, իրավական հասկացություն է` ձևակերպված Սահմանադրությամբ. «Յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, տուրքեր, կատարել պարտադիր այլ վճարումներ» (հոդված 45), «Յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է օրենքով սահմանված կարգով մասնակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը» (հոդված 46), «Յուրաքանչյուր ոք պարտավոր է պահպանել Սահմանադրությունը և օրենքները, հարգել այլոց իրավունքները, ազատությունները և արժանապատվությունը»: Եվ մեր իրավունքները (ազատությունները) ու պարտականություններն անանջատ են. «Արգելվում է իրավունքների և ազատությունների օգտագործումը սահմանադրական կարգը բռնի տապալելու, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելու, բռնություն կամ պատերազմ քարոզելու նպատակով» (հոդված 47):

Այսպիսով պարզից պարզ է Հայրենիքի նկատմամբ մեր վերաբերմունքը, ինչպես հարազատ-օրինական ծնողների (այո՛, երկուսն էլ ծնող են): Մեր որդիական սերը նրանց նկատմամբ այնքան բնական է, եթե երկուսն էլ ծնող են, ու մենք` նրանց զավակները… Ինչո՞ւ ենք մենք սիրում մեր ծնողներին, որովհետև ինչ-որ մեկը (դպրոցը, հաստատությունը, մշակույթը, իրենք` ծնողները, գրականությունը) սիրո զգացու՞մ է դաստիարակել նրանց նկատմամբ: Պարզունակ-վայրի մոտեցում է: Սերն առաջանում է հոգածությամբ, խնամքով, սերը պահպանվում ու զորանում է նույնպես հոգածությամբ: Ինչպես ասում են` բառերն ավելորդ են…

Հայ մարդուն օրորոցից ծնողները ջանում են հայրենասեր դարձնել, դաստիարակել հայրենասեր քաղաքացու` մատուցելով երգեր-բանաստեղծություններ (գնահատականներ), վեպեր, նկարներ, ցուցահանդեսներ, ներկայացում-միջոցառումներ հայրենիքի մասին… հպարտության զգացում ներարկել` չխնայելով անգամ ճշմարիտը, գունազարդելով-կեղծելով, հայրենյաց պատմությունը վեհ և սիրարժան ներկայացնելով: Իսկ ահա տասնհինգ տարի անկախություն ենք հռչակել ու փախչում ենք երկրից, անիծում անկախությունը, կորցրել ենք ու չենք գտնում հայրենիքի տիրոջ ինքնավստահությունը, հպարտությունը: Ոչ միայն գնում ենք, փախեփախ է: Այն, ինչ կատարվում է Երևանի ազնվականության (պատմականության դրոշմի) կենտրոնի հետ, այնպես, ինչպես մենք վարվում ենք մեր լեզվի ու բնության հետ, միայն «անապագա  ներկայում» (Եղ. Չարենց) կարող է լինել: Այո, հայաստանցիներս կորցնում ենք մեր կապը մեր ժամանակի, մեր թաղի, քաղաքի, երկրի ու… միմյանց հետ, դառնում ենք օտար, ուրիշ: Իսկ փոքրուց, շատ փոքրուց խնամե՞լ ենք մենք մեր հայրենիքը իր բոլոր դրսևորումներով` տուն, փողոց, թաղ, քաղաք, հայրենիքի այլ քաղաքներ-գյուղեր, մանկապարտեզ, դպրոց-դասարան, անտառ, գետ, լիճ… Ահա այդ կոնկրետ-գործնական անընդհատ խնամքի (հոգածություն, հոգատարություն) բացակայության կամ միջոցառումային դրսևորման (շաբաթօրյակ, տոնակատարություն) պայմաններում Հայրենիքի խոսքային գովքը վերջնականապես փչացնում է քաղաքացիներիս, դարձնում մեր զգացումը կեղծ, դատարկ, անբովանդակ… Վանոն տաղանդավոր գրում է Հայաստանը մանրամասնորեն սիրելու առանձնահատկության մասին: Ահա անցնում եմ ես իմ նվիրական հայրենիքի մի գողտրիկ անկյունով` Երևանի Հարավարևմտյան զանգվածի Բ-1 թաղամասով, մի դպրոցից մյուս դպրոց… Անցնում եմ կեղտի, քարուքռի, թափթփվածության` մարդկային ամենօրյա խնամքի կարոտ տարածքով… Չե՞մ տեսնում: Տեսնում եմ: Իմ հոգսը չէ՞… Ահա շենքի բակում, աղբի մեջ խաղում են իմ սաները… Քիչ այն կողմ` գարշահոտության մեջ, մեծահասակները` իմ աշակերտների ծնողները, նարդի ու թուղթ են խաղում… Այս ի՞նչ կրթություն ենք իրականացնում մենք, որի նպատակը հայրենասեր քաղաքացու դաստիարակումն է այսպիսի փոխադարձ անպատասխանատու, անխնամ, միջավայրում… Ու ես փորձեցի իմ երկու սանի և նրանց մի ընկերոջ հետ «հայրենասիրական միջոցառում» իրականացնել` նրանց հետ, նրանց միջոցով մաքրել իրենց բակը: Զրուցեցի, քննարկեցի, ոգևորեցի, տրամադրեցի բահ, փոցխ, դույլ, հետևեցի, ժամկետ նշանակեցի… Շենքի մեծահասակներն իմ ներկայությամբ չխանգարեցին, երեխաներին չօգնեցին (չնկատելու տվին. Բլեյանն է, թող իր երեխաների հետ զբաղվի): Հետո՞: Իմ բացակայությամբ ամեն մեկն իր երեխային տարավ տուն: Կարելի է ենթադրել` ի՛նչ արդարացումներով «Դու ես թափե՞լ, որ մաքրում ես, դու… էս անտեր երկրի համբալը չես, իշխանություն կա, թող մաքրի»: Ինչպե՞ս ամենօրյա հոգատարությունը բակի, փողոցի (հասարակական տարածքի) նկատմամբ դարձնել ընտանեկան խնդիր և ուսումնական առարկա` անհրաժեշտ չափով և անխնա ծախսելով մարդու և պետքության նյութական ու ոչ նյութական միջոցներ:

Առանց հարազատության զգացման ի՞նչ հայրենիք, ինչպե՞ս վերականգնել խզված հարազատական կապերը, երբ թվում է` սկսել ենք ապրել մեկուսի` առանց տարաբնույթ կապերի, յուրաքանչյուր խավ` առանձնացված հարթակում: Վերին հարթակում վարչախումբն է, այլ հարթակում` ապահով խավը, 3-րդ հարթակում միասին են ապրում միջին սեփականատերերը, միջազգային կազմակերպություններում աշխատողները, սովորական չինովնիկները, հարթակներից մեկում իր գլուխն է պահում բազմաթիվ խալխը:

Կալվածատերերի, հպատակների և օտարերկրացիների (օտարերկրացի են նաև միջազգային կազմակերպություններում աշխատող հայաստանցիները) մեր իրականությունում ո՞րն է հպատակների հայրենասիրական շահը. Ինչու-ինչպե՞ս նրանք պիտի հոգ տանեն, ամեն օր խնամեն իրենց չպատկանող, ոչ հանրային գործածման, իրենցից խլված ու իրենց կարծիքով անարդարացի տիրացած մի խումբ ունևորների կալվածքները, որոնց հանրագումարը կոչվում է հայրենիք:

Ու հիմա, այս համատարած ափաշքյարա անհոգի, անխնամ Հայրենիքում յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է օրենքով սահմանված կարգով մասնակցել հայրենիքի պաշտպանությանը: Ինչո՞ւ: Ինչպե՞ս: Ի՞նչ է դա տալիս Հայրենիքին ու մարդուն, եթե այդ պաշտպանության մասնակցության իրագործումը մարդու քաղաքացիական թե զինվորական ծառայության ձև ստացած հոգատարությունը չէ Հայրենիքի նկատմամբ, եթե այդ ծառայության ձևով նա չի շարունակում խնամել հայրենիքը, եթե դա քաղաքացու ստրկացման` Սահմանադրությամբ ամրագրված հրապարակային ակտ է, երկու տարով մարդու հարկադիր աշխատանքը (կեղեքումը) զորամասում, որը նա ընկալում է ոչ թե որպես Հայրենիք, այլ մի նոր` իրեն հայտնի դարձած կեղեքիչների կալվածք:

Աշոտ Բլեյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մասնավոր բուհերը գնացին գործարքի ու դարձան դուքաններ

«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրինագիծը ԱԺ-ի նախորդ քառօրյայում առաջացրել էր ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի վրդովմունքը: Վերջինս քննադատության է ենթարկել նախագիծը ներկայացնող Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի

Դպրոցը սկսվում է…

Ուսուցիչների օգոստոսյան խորհրդակցություններին ընդառաջ Ընթերցողները, եթե հիշում են «Դպրոցի դիրեկտո՞ր, թե՞ կարգադրիչ» հոդվածում («Երեկոյան Երևանի» 1987թ. հունվարի 21-ի համարում) որպես իմ մանկավարժական հավատամք ձևակերպել էի. «Լավ ուժեղ դպրոց՝ նույնն է,

«Եթե ինչ-որ բան փոխվի, ես կկայացնեմ իմ որոշումը»…

Գոլոս Արմենիի, 1995թ. Վերջին ժամանակներս Աշոտ Բլեյանի անունը դարձյալ սկսել է հիշատակվել հայ մամուլի էջերում: Այս անգամ դրա պատճառը դպրոցական դասագրքերի հետ կապված խառնաշփոթն էր. հերթական անգամ բնակչությունն իրեն խաբված համարեց: