Մինչ Հայաստանում, Բանգլադեշում էլի անսպասելի եկած, քաղաքային և կրթահամալիրային իշխանություններին հանկարծակիի բերած ձյան հետևանքների շուտափույթ վերացմամբ են զբաղված, ես թույլ եմ տալիս ինձ իմ օրվա այս գրում ուրախ-թեթև մի քանի մանկավարժական հարցադրումներ անել՝ երեկվա Դավիթ Բլեյանի՝ օրվա գրի վերնագիր դարձած «Ձյո՛ւնը ձմեռը բերեց. առանց ձյան ձմեռ չի լինում» խոսքի ոգով… Անկախ նրանից՝ ձյուն կգա, թե չէ, որքան, քանի օր կտեղա ու քանի ժամ անդադար, մենք ուզո՞ւմ ենք, որ ձյունն առատ լինի միշտ և այս տարի, որ երկար մնա, որ փոխի մեր միջավայրը, դարձնի ձյունոտ-ճերմակ՝ իր նոր գործիքներով՝ սահնակ, չմուշկ, նոր ընթացքով՝ սահքով, նոր ձնե խաղերով… Ուզո՞ւմ ենք, որ ձմեռն ու ձյունը, ձնե աշխարհը, ճերմակ երկիրը գործածվեն, դառնան հոմանիշներ… Մի քանի տասնյակ նախաձեռնություններ եղան՝ սիրելի, իրենց ինքնաբուխությամբ, ճիչով, անմիջականությամբ, որ երեկ-այսօր լուսաբանվեցին կայքում, մեր ազատ-բաց միջավայրի դրսևորումն են, մեր ներսուդրսի հավասարեցման ձեռքբերումը, որ պետական դպրոցի նախանձը կարող է շարժել։ Կեցցեք։ Բայց խնդիրն այն է, որ ձմեռը ներառվի մեր կյանքի, մեր գործունեության մեջ, դառնա ծրագրային, կազմակերպի մեր տնտեսությունը ձմեռային, մեր կրթական միջավայրի խնամքը, որ այն լինի նույնքան փոփոխվող, հարմար, ջերմ՝ ներս ու դրսով… Որ կրթահամալիրի տնօրենի սուրհանդակի, թեկուզ ձյունախառն, կարիքը չլինի, որ աստիճաններից, դպրոց բերող մուտքերից, տանիքներից հարթ, բաց պատշգամբներից սառույց-ցեխ դարձող, այն էլ՝ տերևախառն, ձյուն մաքրելը չդառնա միայն մի քանի սպասարկողների կամ մի քանի սովորող-ուսուցչի հանկարծ ստանձնած գործը… Որ մենք մեծ ու փոքրով բակապահությամբ-պարտիզպանությամբ, որպես ուսումնական գործունեության օրգանական մաս կազմող ինքնասպասարկման աշխատանք, զբաղվենք՝ ամառ, թե ձմեռ, շուրջտարի ու շուրջօրյա… Վերցնենք, առանց պարտադրվելու, ինքնուրույն, երևացող մի տեղում դրված գոգաթիակը, բահն ու մաքրենք, դարձնենք մեր միջավայրը հարմար ու անվտանգ՝ յուրաքանչյուրի համար՝ մեծի, պստիկի, տարեցի, սայլակավոր մարդու և շարժման դժվարություն ունեցողի համար… Թափ տանք մուտքերի ձյունոտ գորգիկները, որ նույնքան մշտապես մաքուր, հիգիենիկ մնա մեր ներքին տարածքը, ինչքան չոր եղանակին։ Հնարավո՞ր է, հարցնում եմ, ի՞նչն է խանգարում… Իսկ «Սեբաստիա» մարզադաշտը, մեր բոլոր դպրոցների մեծ ու փոքր խաղահրապարակները պիտի գործեն որպես խաղի-մարզանքի մշտական կենտրոններ, որ այս անգամ ձյունի հետ որպես նախաձեռնություն եղան, բոլոր մարզաձևերը գործեն, ինչպես չոր եղանակին՝ տարածքը՝ խնամված, սովորողները՝ պատրաստված… Ո՞ւր է առաջին սառցադաշտը, կա՞ դրա նախագիծը, ե՞րբ է դրա բացումը, այս շաբաթվա ո՞ր օրը, ո՞ւր են մեր սահնակները, գոնե, նախակրթարաններում, այսօր քանի՞ սահնակ ուրախություն պարգևեց մեր երկուսից հինգ տարեկաններին, Քոլեջի քանի՞ ուսանող, ավագ դպրոցական եղավ ձմեռային նախակրթարաններում… Գիտե՞ք՝ տարին քանի ձյունոտ օր է լինում Բանգլադեշում… այս ձմեռ քանի՞ անգամ ձյուն կգա… Կա՞ն ուսումնահայրենագիտական ձմեռային ճամփորդությունների մեկօրյա, երկօրյա, եռօրյա նախագծեր՝ դեկտեմբերի մեր ուսումնական օրացույցում, Սուրբ ծննդյան-Ամանորի ուսումնական արձակուրդներին, հունվար ամսվա մեր ճամբարային առօրյայում… Նախապատրաստվո՞ւմ են դրանք, թե՞ սոսկ ցանկություններ են։ Սպասում եք՝ ձմեռն անցնի՞… Կանցնի: Անցավ, չէ՞, նախորդը:
Նոր դպրոցի պարտեզում։
Լուսանկարները՝ Նելլի Արղությանի։
Դավիթ Բլեյանը համառորեն խուսափում է «Երկինքի, գետի և արևի ընկերությունը» անվանումով հայտնի նկարի ու, անգամ, «Մի նկարի պատմություն» տեսանյութի հեղինակ-հերոսը լինելուց…
— Էդ ես չեմ, պա՛պ,- ասում է՝ տեսանյութը մի աչքով անտարբեր նայելով,- մեր խմբում մի ուրիշ Դավի՜թ էլ կա, իմ արտահագուստի մեջ՝ իմ նման է դարձել, ես չեմ…
Մեր մեդիայի հերոսին, որ սիրով նկարվելու պոզաներ-սցենարներ է հորինում ցանկացած պահի ու յուրաքանչյուր ֆոտո-տեսաօբյեկտիվի առաջ, հիմա պիտի աննկատ՝ պապարացիի պես նկարես… Իսկ մենք պատրաստում ենք «Դավիթ Բլեյանի հոբելյան» ուսումնական-ընտանեկան նախագիծը… Այս հարցում Դավիթը մեր գործընկերն է, նախագծի ջանասեր-հետաքրքրված մասնակիցը… Միասին քննարկում ենք անցած ամեն մի օրը՝ մինչև դեկտեմբերի 12-ը, ու դրանից հետո՝ մինչ Ամանոր… Չնայած Դավիթն ուզում է, որ Ձմեռ պապին հենց դեկտեմբերի 12-ին գա, որ տոնածառն էլ հայտնվի իր լույսերով-խաղալիքներով… քինդեր-ձվիկներով զարմանազան՝ հենց դեկտեմբերի 12-ին, որ Ձմեռ պապին գա ու չգնա… Հիշո՞ւմ եք, Ձմեռ պապին անցյալ տարի իր գուլպան մոռացավ ու ամեն օր նվերներ էր թողում…
— Ինչո՞ւ մայրիկին չես ասում, Դավիթ,- հարցնում եմ…
— Ի՜նչ ասեմ, մայրիկի ուշքն ու միտքն իր սուրճն է ու իր դասերի համակարգիչը… Դո՛ւ ես ազատ, քեզ եմ ասում…
— Դավիթ, լավ է, որ հավի բուդը շան պես կերար, բայց շունիկները, տեսե՞լ ես՝ ո՜նց են լվացվում, մի՜շտ մաքուր են մռութները, թաթերը… հայելու մեջ նայիր, շունիկ, կտեսնես քեզ…
Մեծ հայելու առաջ կանգնած.
— Չէ, շունիկները չեն լվացվում, լեզվով լպստում են իրենց մռութները, թաթերը, դրա համար էլ, պա՛պ, երկա՜ր-շա՜տ երկար լեզու ունեն, կենդանիների ֆիլմերում ես տեսել եմ…
Ու ցույց է տալիս… Իսկական շունիկ… Ա՛յ, եթե մայրիկը սուրճի ընդմիջում չաներ, ի՜նչ ֆիլմ կստացվեր… ի՜նչ ֆոտոշար…
Դավթի և ընկերների ձնախաղը:
Լուսանկարները՝ Կարինե Խառատյանի:
Սպոնտանությունը, ինքնաբուխությունը պիտի գա մեր մեդիա… Հիշո՞ւմ եք՝ առաջ որքան հետևողական-բարի խնայող, բայց հետաքրքիր էր գործում թաքնված ֆոտո-տեսախցիկը կրթահամալիրում…
— Դավիթ, ես քեզ քինդեր ձվիկներ չեմ առնի, փող չունեմ…,- մայրիկը փորձում է շեղել Դավթին ձու-ձու կակայի խանութից։
— Մա՛մ, փող պետք էլ չի, դու գործ չունես, արի մտնենք այս «Ֆուդ»-ը (ցույց է տալիս Բ-4-ի հայտնի խանութն իր պարտեզի ճանապարհին), այնտեղ փող պետք չէ՝ ինձ բոլորը ճանաչում են… Մենակ երկու օրվա կվերցնեմ… Համ էլ գիտեն, որ հայրիկը սպիտակ խնձոր է սիրում, իսկ դու՝ կարմիր…
Դպրոց-պարտեզի հայրենագետները Փարաջանովի թանգարանում:
Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի:
Վերնագիրը նաև վերջում
«Լռությունն իսկական ընկեր է, որը երբեք չի դավաճանում» կարդացել եմ իններորդցի Մարգարիտ Մանվելյանի բլոգում, որտեղ ինքը սա մեջբերում է Կոնֆուցիոսից… ու տեղադրում «Շողակն» էլեկտրոնային ամսագրում, ես էլ, ահա, իմ գրում, ու դառնում ենք խելացի խոսքի տարածողներ: Ահա ինչու ընթերցանությունն իմ ավելի շատ կազմված է խելացի տեքստերից, և այն հարցին, որն է իմ «սեղանի գիրքը», վերջին կարդացած գիրքը, ես պատասխանում եմ՝ մեր mskh.am-ն իր բոլոր բլոգներով՝ սովորողների թե ուսուցիչների, խմբային ու անհատական, էլեկտրոնային ամսագրերի թե ուսումնական կենտրոնների… Վերջին ժամանակներս իմ IQ-ի զարգացման համար ես ամենաշատը պարտական եմ, իհարկե, հենց մեր ստեղծած մեդիային… Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ, որ ձրի ու լիուլի տալիս եք՝ ընձեռելով ընտրելու, բազմաքանակ իմ հետաքրքրությունները բավարարելու մեծ հնարավորություն, որքան էլ որ ես, հայտնի է, քմահաճ եմ, որպես ընթերցող…
Ամանորի նախապատրաստություն Գեղարվեստի դպրոցում:
Լուսանկարները՝ Կարինե Բաբուջյանի:
Ֆոտոխմբագիր՝ Կարինե Պետրոսյան
# 515