Եթե մինչ այս չեք կարդացել իմ օրվա 433 գրերից ոչ մեկը՝ սկսած 2014-ի հունիսի 17-ից, դժվար կլինի հիմա անգամ թերթել օրագիրը… Ինչպե՞ս ընտրեք՝ ինչ կարդալ, ինչ հերթականությամբ. հո չե՞ք դնելու սկզբից… Ի դեպ, օրագրի թեմատիկ կազմակերպումը (կրթահամալիրի ստեղծման-կայացման պատմություն, հեղինակային մանկավարժություն, անձնական կյանք, քաղաքական գործունեություն և գործչի ասելիք, հանրային այլ կյանք…, նոր ընթերցողին կօգներ… Նույնը՝ օտարալեզու ընթերցողի մասին…  Ահա գիրը ամենաթարմ՝ 434-րդը՝ հատուկ քեզ համար, իմ օրագրի նոր ընթերցող…

Երևանի Վահան Տերյանի անվան թիվ 60 դպրոցում, 10-րդ դասարանում ես օրագիր էի պահում-վարում… Այն անգամ պտտվում էր դասի ժամանակ նստարանից նստարան… Իմ անձնական կյանքի անհատական օրագրերը՝ նամակները, յուրահատուկ են եղել՝ օրագիր մեկ մարդու համար, մեկ մարդը մեկ մարդու մասին՝ ուղղված մեկ մարդու… Դրանք, հասկանալի է, այդ «մեկ մարդկանց» մոտ են, նրանց սեփականությունը… Իմ երկարատև գործուղման ընթացքում (1999-2001) Նուբարաշենի թիվ 1 քննչական մեկուսարանից իմ օրագրերը «քսիֆ»-ի տեսք ունեին՝ նամակներ, հոդվածներ, գրառումներ… միջնորդություններ ու խորհուրդներ… Դրանց մի մասը, որպես կանոն, իմ փաստաբանի միջոցով հասնում էին Արմինե Օհանյանին, ով իրեն չհասցեագրվածները, շնորհակալ եմ, բարեխիղճ-օպերատիվ հասցնում էր տերերին… Ձեռագիրը պահել չեմ սիրում. թղթային արխիվի վերջին էջերը, որքան որ ինձ մոտ են, ես խնդրել եմ թվայնացնել, որ օր առաջ դրանք թղթի թափոն դառնան-ազատվեմ… Իմ ձեռագիրը կարդալ չեմ սիրում… Ուրիշ բան՝ տպագիր հոդվածը. ժողովածուի կոնկրետ պահանջի դեպքում օգտագործում ես այն որպես աղբյուր, հղում… Իմ ձեռքի տակ հայտնվել են մի քանի նամակ-օրագրեր կալանատնից, որոնք հրաշքով պահպանվել են. քանի ժամանակն է, ուզում եմ կարդալ՝ այս հոբելյանական շրջանում որպես նմուշ իմ բլոգում հրապարակելու համար, անընդհատ հետաձգում եմ՝ չեմ հաղթահարում ձեռագիր չկարդալու արգելքը… Կրկին փորձեմ, ու կստացվի, հետևե՛ք իմ օրագրին: Ինտերնետը, ինտերնետային տարածքը բլոգի, կայքի, էլեկտրոնային թե ֆեյսբուքյան էջի տեսքով, փրկություն է՝ հար իմ զարմանք-հիացմունքը շարժող… Եթե ես հաջորդ 60 տարում պարտիզպան չդառնամ, բլոգավար եմ աշխատելու… ինչպես կան դիջեյներ, որոնց առաջին մասնագիտությունը մոռացվում է…

Գեղարվեստի դպրոց-պարտեզի տոնական 5 տարեկանները:
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:

Դավիթը փոշմանել է, որ մայրիկին-քույրիկին, թեկուզ հումորով, երեկ հանձնել էր գայլերին…
— Թող գայլը խոտ ուտի, չեմ թողնի՝ իմ մայրիկին մոտ գա…
— Մամ, դու ինչքան սիրո՜ւն ես,- ասում է մամայի տղուկն ու մտնում մոր ծոցը, փաթաթվում… Տեսարան է մոր և տղայի կապը…
Իսկ մեր Տաթև Ստեփանյանը կորցրել է նորից ինքնատիրապետումը, չկա, վերացել է… ինչ է թե իր տղուկը մեկ-երկու օր ջերմում է…

1990-ից սկսած՝ տարբեր ինտենսիվությամբ ու ձևերով ես բարձրացնում եմ բանգլադեշյան կրթական պարտեզի ստեղծման անհրաժեշտության հարցը… Առաջարկում եմ, օրինակ, Հարավարևմտյան զանգվածի Բ-1 թաղամասի մանկական-կրթական հաստատությունները՝ բոլորը, անկախ նրանց պատկանելությունից, մեկ կենսական տարածքում բարեկարգել՝ խելամիտ-գրավիչ-հարմար անցումներով՝ իրար հետ ու թաղի, կանաչապատումով-բարեկարգումով… ենթակառուցվածքներով… 1992-1993-ին այս նախագիծն հասարակական այնպիսի հնչեղություն ուներ, որ հասավ մինչև Գերագույն խորհուրդ։ 2007-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այցելեց, այցի ընթացքում ծանոթացավ նաև այս նախագծին, հանձնարարություններ տվեց… 2012-ին քաղաքապետ Տարոն Մարգարյանը ոգևորվեց նախագծով, Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս սրբազանն օրհնեց մեր ձեռնարկը, սովորողների աշխատանքային ջոկատների գործունեությունը… Վերջին անգամ, հիշում եք, «Բանգլադեշ անիվների վրա» նախագծով ներկայացվեց նորից մեր կրթական պարտեզը…
[youtube https://www.youtube.com/watch?v=F5l7vkU_GrQ?feature=player_embedded] [youtube https://www.youtube.com/watch?v=2HDULDHAygQ?feature=player_embedded]
Քանի գնաց, թե՛ իշխանության, թե՛ ուսումնական հաստատությունների ղեկավարների բոլոր մակարդակներում հեռացան այս գաղափարից… Հասարակությանն էլ՝ «до лампочки»… Վերջում էլ մեղավոր դառնում ենք ես, մենք, թե ինչու այնքան ուժեղ չենք, որ հակառակ բոլորի խանգարելուն, չենք հաջողել…

Հիմա թաղամասի թիվ 181 դպրոցի նոր ու համակրելի տնօրինուհին՝ Լիլիթ Արեյանը, նախաձեռնել է կադաստրով թիվ 181 հիմնական դպրոց պետական կազմակերպությանը անհատույց օգտագործման հանձնված ընդարձակ, հանրային այգի դարձած հողամասի ցանկապատումը… Ոչ միայն որոշել է, այլև սկսվել են եռանդուն աշխատանքները… Այն այգին, որը ավերակներից այնքան դժվարությամբ ծնվեց 2002-2005թթ, երբ Մալաթիա-Սեբաստիան համայնք էր, ու համայնքի ղեկավարների՝ սկզբում Աղվան Գրիգորյան, հետո Դավիթ Օհանյան, կրթահամալիրի ու թ. 181 դպրոցի եռանդուն աջակցությամբ դարձավ թաղամասային տարածք… Մենք այս համերաշխությունը-միասնականությունն ապահովելու համար մեր նախաձեռնությամբ, այժմ Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանի առաջարկով հանեցինք կրթահամալիրի Մայր դպրոցի ու թ.181 դպրոցի սահմանի մեր մետաղյա, բետոնե հիմքով ցանկապատը՝ ողջ երկայնքով… Թվում է՝ այսպիսի բաց տարածքն իր թերություններով հանդերձ, այլընտրանք չունի… Ի՞նչ փոխվեց այս ընթացքում. հետաքրքիր է Դավիթ Օհանյանի կարծիքը, ինչպիսի՞ն է բնակիչների վերաբերմունքը ցանկապատման նախագծին…

Տաթև Թամազյանի առաջին դասարանցիների օգոստոսի 28-ի հանդիպումները: Լուսանկարները՝ Տաթև Թամազյանի:

Դժվար է ասել՝ ինչ տեսք կունենա տարածքը՝ մետաղյա բարձր նոր ցանկապատումից հետո, հատկապես, որ նախագծերը տեսնել չհաջողվեց… Լավ կլիներ… Մենք պատրաստ ենք այն հրապարակել mskh.am-ում, ամենաշահագրգիռ համատեղ թաղային գործընկերային քննարկում կազմակերպել… Համեցեք, օգտվեք հարևանությամբ գործող կրթահամալիրի մարզադաշտերից… Օգտվում են, չէ, բնակիչները անարգել։ Իսկ ցանկապատի բետոնե հիմքերի շինարարությունը թափով սկսվել է… Չնայած, առանց այդ ցանկապատի էլ բոլորս սեփական «ցանկապատ» ունենք, մեկուսի սահամանափակ կալվածքում ենք ապրում, առանց միասնական հանրային կյանքի ու հաղորդակցության… Ու թվում էր՝ հանրապետության 25-րդ տարում քաղաքաշինությունն իր բոլոր նախագծերով պիտի հանգեր բաց-թափանցիկ-անսահման, հանրային լուծումների, լիարժեք հաղորդակցության միջավայրերի…

Այս խնդիրը մեզանում՝ կրթահամալիրում էլ է ակտուալ… Ֆիզիկական միջավայրի թափանցիկությունը ենթադրո՞ւմ է կրթահամալիրի մարդկանց միջև մեկուսացման վերացում ու լիարժեք հաղորդակցության հաստատում, թե՞ առաջանում են խմբային-ներդպրոցական տիրույթներ հաղորդակցության… Իսկ անհատների, գաղափարների ազատ ու անկաշկանդ տեղափոխումներին-փոխանակումներին գործը չի հասնում… Մտածում էին, որ սրան՝ հանրայնացմանը, միջանձնային հարաբերությունների գերակայության հաստատմանը մեծապես կօգնեն ուսումնական կենտրոնները, լրացուցիչ կրթական ծառայությունների, սովորողների և ուսուցիչների ընտրությամբ գործունեության այլ որակի կազմակերպումը… Ավելի բա՞ց ենք գործում՝ առանց ներքին սահմանների՝ դասարանների թե դպրոցների տեսքով, երբ փաստացի, երեքի փոխարեն ունենք մեկ ավագ դպրոց, մեկ միջին դպրոց ու մեկ քոլեջ, երբ մեր չորս դպրոց-պարտեզները նույն կրթական ծրագրով են, այլ են միայն հասցեներով…

Ուսումնական տարվա մեկնարկ Գեղարվեստի դպրոց-պարտեզում:
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:

— Պապա, գիտե՞ս, իրիկունը քնելուց առաջ լուսինը մեր հետ պախկվոցի էր խաղում… Ես քնել-արթնացել եմ, բայց չեմ մոռացել…
— Սա ննջասենյակ չի, այդպես մի՛ ասա, մամ, սա Շողիկ տատիկի սենյակն է…
— Ննջասենյակում քնում են, ննջում, իսկ այստեղ ոչ մեկը չի քնում…
— Հայրիկ, Մայր դպրոցն է՞լ է ապուշ…
«Ապուշ» Դպրոց-պարտեզի անունն այս օրերին լսել չի ուզում… Դպրոցի աղմուկը, սովորողների վերադարձը մեր տղային հունից հանել է… Երեկ իր ուսուցիչ մայրիկի հետ մասնակցել է երեք ծնողական ժողովի Դպրոց-պարտեզի 3-րդ և 4-րդ դասարաններում, խայտառակ է արել մայրիկին էլ, տո, ինձ էլ… Հենց մտել է տուն, խաղաղվել, դարձել է հրեշտակ, ինքնակառավարվող, կարծես այլ մարդ…

#434

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ինչ պատահեց, երբ կաթսայից պակասեց մի քանի տոլմա

Իսկապես՝ վերջ… Ես շոկոլադ, տոլմայի չափ, չէ, սիրում եմ, պահանջ օրվա մեջ ունենում եմ: Դավթի հետ հեշտ չէ. չի զիջում, չի հագենում… Մանուչարյան Աշոտի մայրը, լուսահոգի տիկին Լենան կասեր՝ «Բլեյանի

Միասին, Բլեենց նոր սերնդին ճանաչելով, Բլեենց սկզբունքները ձեւակերպելով-հաստատելով, իրար օգտակար լինելով, ճանապարհ է, անցնում ենք…

Ամառային ընտանեկան պատում Էդվարդը՝ չորս տարեկան, Բլեյան Արամի տղան, նախորդ օրն իր պապ Թաթոսի հիշատակի հավաքին հասցրել էր պայմանավորվել Դավիթ Բլեյանի հետ հանդիպման մասին… Ու կիրակի առավոտով չորս տարեկան Էդվարդն

Արատեսի դպրական կենտրոն

Երեկ, այսօր, վաղը ՀՀ ԿԳՆ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր փորձարարական-հետազոտական միավորումը պետական ոչ առևտրային կազմակերպություն է, որը ստեղծել է ՀՀ կառավարությունը 1989թ.։ Կրթահամալիրի պետական լիազոր մարմինը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը,