Շուշան Բլեյանի ծննդյան քսանամյակն առիթ դարձավ տպավորիչ լողի-հարազատության օր Սևանի ափին անցկացնելու համար, իմ ծննդյան օրը՝ անմոռանալի Արագածը կրթական շքերթով գրոհելու համար, Ուսուցչի օրն առիթ-նվեր-ներդրում դարձավ (շեն մնա մեր արհմիութենականը) Խուստուփով՝ Աստծուն ձգված մի ձեռքի չափով մոտենալու համար… Այսպիսի հետևողականությունը մեթոդ է՝ ողջ 2015-16 ուստարվա բեկումն ապահովելու համար… Առանց բարեխիղճ հետևողականության այս ճամփան հավերժական՝ «Արդ կատարյալ եղիր, ինչպես երկնավոր հայրն է քո կատարյալ», չենք անցնի: Իսկ արժե: Կապուտջուղը, որ մեր սարերից-գագաթներից հերթական-կարևորն է, երևաց Քաջարանի Լեռնաձորում, ուր ամենագետ հայագետ Ռոբերտ Էջանացի-Գրիգորյանի հետ հանդիպման օրակարգը ձևավորող թեմաներից մեկը Կապուտջուղի վերելքն էր: Իհարկե, պետք է պատրաստվել. գագաթի նվաճումը ողջ՝ ստորոտից մինչև գագաթ, քո կյանքի պատրաստության արդյունքում է հնարավոր, այդպիսի կյանքի համար պսակ-պարգևատրում է մի, ինչպես Խուստուփն այս. հո երեկ մեկէլ օր որոշելով չէ՝ վեր կացար ու եկար: Չէ: Ես, որ իմ գիտակից կյանքը ոլոր-մոլորով՝ Խուստուփի ճամփով եմ քայլել, ու ահա, 2015-ի հոկտեմբերի 3-ին, գրանցեք, իմ հին ու նոր ճամփորդ ընկերների մի խմբի հետ Խուստուփում եմ, ամենագագաթին, Խուստուփի ամենաբարձր կետը, ահա, նոր հենարան է իմ հայացքի համար… Ինչե՜ր տեսա, ի՜նչ երևաց՝ կիմացվի, հո խոսելով չէ՞.  հայա՛ցքը, նոր հայացքը, հայացքի փոփոխությունը կյանքում պիտի արտահայտվի, այն կյանքում, որ ապրում ենք միասին, ամեն Աստծու օր, 2015-2016 ուստարում… Խուստուփ ես թեթև բարձրացա, նույն թեթևությամբ թռչելով իջա… Իջա… մինչև Բասուտա գետի հովիտ, Ներքին Հանդ… 1989-ի իմ ընկերների, տասը տարին բոլորած Լիլիթ և Տաթև Բլեյաններն էլ նրանց թվում, Գևորգ Հակոբյանի, Հրաչյա Գրիգորյանի, Մայիս Նիկողոսյանի, Մարիետ Սիմոնյանի… հաˊ, հավատներդ չի գա, Նառա Նիկողոսյանի… որ հիմա էլ նույն աղջկա թեթևությամբ, քրոջական նվիրումով օգնում էր յուրաքանչյուրիս… Ես ունեմ այսպիսի վճիռ՝ 2016-ի հայրենագիտական-արշավախմբային ճամբարներից մեկը Բասուտայի ափին, Մթնաձորի փեշերին անելու և Շիկահող-Ծավի ձոր՝ դեպի Խուստուփ ու Բասուտա գետի հովիտ այսպիսի մի ուսումնասիրություն կազմակերպելու… Դավիթ Բլեյանին, իմ թոռնուհիներին՝ Սոնուլիկին, Արևիկին, Արաքսիկին, հավեսի գցելու հարկ չկա, այստեղ է հավեսի աշխարհը

Ուսուցչի օրը Լեռնաձորի հայտնի դպրոցի ուսուցիչ Ռոբերտ Գրիգորյանի հետ:

Կարևոր է ինձ համար, որ այն պահին, որ մենք Խուստուփի բարձր կետին ենք հասել, Վահրամ Թոքմաջյանն է զանգում գիտարշավ-նվեր-ճամփորդության՝ Շուշիի մատույցներից, նույն այդ ժամանակ սեբաստացի ուսուցիչների մի հմայիչ դյուժին Մայրավանքում ուխտի-բարձունքի ճամփին է, տասնյակ ու տասնյակ սեբաստացիներ Մերգելյան ինստիտուտում «Դիջիթեք էքսպո»-ի տաղավարներում են… Մեր Գեղարվեստի տարածքում էլ մեկնարկում է ծնողական ակումբը, ահա սա է պարտեզ-դպրոցի՝ որպես ընտանեկան կրթության բարձունքի ճանապարհը…

Կրթահամալիրի Գիտակների ակումբի հաղթող թիմը՝ Արցախում:
Լուսանկարները՝ Վահրամ Թոքմաջյանի:

Ավագ դպրոցի հերթական խումբն էլ Հասմիկ Ղազարյանի խորհրդատվությամբ գնացքով հասել է Գյումրի… «Հայաստանի թանգարաններ» նախագծով… Հայաստանն էլ, առանց սահմանների աշխարհն էլ կրթական ամբողջական միջավայրեր են սեբաստացիական կրթության համար… Այոˊ, բոլորը մեզ, նույն բոլորն ինձ ճանաչում են… չես փախչի, թաքնվի, այլ անունով հանդես գա կամ ներկայանա… Լսեˊք, բոլորը մեզ ճանաչում են:
— Շան տղա,- ասում էր հայրս,- ուր որ գնաս, բաց ճակատով մարդկանց առաջ կանգնած մնալ կարողանաս…

Ռոբերտ Գրիգորյանը, նրա դպրոցը, Լեռնաձորը, անձը Կապան աշխարհի մեր այս այցելության Խուստուփ, Բասուտա, Լեռնաձորի դպրոց հենակետերից վերջինն է։ Ու… ճամփա… Բանգլադեշ։ Ռոբերտ Գրիգորյանը, որպես հրաժեշտ, մեկնում է.
— Դու ամեն տեղ էլ կարող ես գնալ, ուր ուզում ես, ամեն տեղ էլ քեզ այսպես են ընդունելու, դու մարդկանց առաջ բաց ճակատով ես կանգնելու…
Կարծես հորս համար ասված լինի… Իսկ Կապանում մենք թողնում ենք երկա՜ր, հորդառատ անձրև ու գործընկերային բազում նախագծերի առաջարկներ։

Սեբաստացիները Հալիձորում, Վահանավանքում:

Կապանում ուժեղ երաշտ էր, շատ ավելի ուժեղ, քան անցյալ տարի… Քաղաքամերձ անտառում, Հալիձորի ճամփին, մեր գործընկեր Սամվել Իվանյանը դա մատնացույց արեց… Վերադարձի ճամփին, որ Գևորգ Հակոբյանի կամքով անցավ անտառի, ոչ ասֆալտի ճամփով-գյուղերով, երաշտն ուժեղացավ, կյանքը մի պահ անշարժացավ… այս գյուղերում կյանքն իրո՞ք կանգ է առել… ոչինչ քսանհինգ տարում չի փոխվե՞լ… Տաթևի վանքը՝ տուրիստական իր անցուդարձով, վանող առավել՝ այս Կապանի Հալիձոր թաղամասի հակադրությամբ, որ Բանգլադեշի մի կտոր լինի կարծես, Սամվել Իվանյանի բնակարանի անտառին նայող պատշգամում, Ներքին Հանդում Սյունիք համայնքի դպրոցի տնօրեն Արթուր Մնացականյանի օջախում, Բասուտայի ափին, Լեռնաձորի Գրիգորյանների ընտանիք-դպրոցում թե Ծավի տնօրեն Յուրայի ու իր հմայիչ տիկին Մարգարիտի տան հացը, հացի սեղանով ստեղծվածը ակունք-ամբար չէ՞ երաշտ ու անշարժություն հաղթահարելու համար…

Խուստուփի ճանապարհին… Խուստուփը նվաճված է…

Դպրոցի թիթեղյա տանիքին, իմ աշխատասենյակի բաց պատուհանից անձրևի հանկարծ տեղացող կաթիլները, ինչպես ծնծղայի ձայներ, ներս են խուժում… Փառքդ շա՜տ, Հիսուս, դու այնքան մոտ քեզ թողեցիր, բարձր-բարձր, մինչև մի ձեռաչափ հեռավորությամբ  քեզ մոտիկ՝ մեր կյանքին քո ուղղորդումով նայելու հնարավորության համար…

Ռոբերտ Գրիգորյանի երաժշտական ողջույնը ուսուցիչներին։
Տեսանյութը՝ Մարիետ Սիմոնյանի։

[youtube https://www.youtube.com/watch?v=x72ucwN5G_U?rel=0&controls=0&showinfo=0] 

Ֆոտոխմբագիր՝ Նաիրա Նիկողոսյան
#467

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Գիրը՝ որպես հաղորդագրություն

Հազվադեպ, բայց լինում է, վատառողջ եմ, բայց այս աշխատանքային ուրբաթը Գյումրիում՝ հայտարարված ծրագրով, փոխել չեմ կարող, պիտի օրն անցկացնեմ սիրելի իրադարձությունների կենտրոնում, Գյումրիում, որին, խոստովանում եմ, կարոտել եմ: Կապ է: Ֆիզիկական ինքնազգացողության

Սովորող-ուսուցիչ տեղերը փոխելու ժամանակը…

Այլ որակում, քան հուզիչ-հոգևոր-ոգեղեն՝ «Երգում ենք Կոմիտաս» պարապմունքների, որ ամեն օր 45 րոպե, սկսած չորրորդ դասարանից, տարատարիք սովորողների և ուսուցիչների հետ ստեղծում են նախաձեռնության հեղինակներ Մերի Առաքելյանը, Տաթև Ստեփանյանը «Սեբասատիա»

Ողջը – հրա՜շք ու խնդությո՜ւն արեգնածին…

1921թ. մայիսին ք․ Երևանում գրված «Ութնյակներ արևին»-ը, նրանցից յուրաքանչյուրն ու ամբողջը միասին… Չարենցը հենց մեր այսօրվա՝ 1000-րդ ու ամբողջ գրի մասին-համար է՞ գրել… Ա՛յ, օրինակ… Բորբ մի աղջիկ զարկեց ձեռքով