Մի կողմից՝ մութն է սկսում շուտ ընկնել, մյուս կողմից՝ Դավիթ Բլեյանն է պահանջում առավոտ լուսոն միայն միասին անցկացնել. հայր և որդու նորօրյա-ապրված ծես է՝ արթնանալուց սկսած, երբ տղադ բնակարանով մեկ տկլոր քեզ է փնտրում, գտնում-ուրախանում, ու ճոճով-զրույցով սկսում է օրը: Հիմա շուտ է արթնանում՝ յոթին մոտ… Մինչև տանից դուրս գալը մեկ ժամ ու ավելի ունենում ենք՝ գումարած կես ժամ՝ տանից ծանր ու մեծ, բայց թեթև, աստիճանների վրա խաղալով-խոսելով մինչև թերթի կրպակ ու «Սանիտեքս» աղբաման, հետո՝ որպես մայրիկի մեքենայի զույգ ուղևոր… Մայրիկը՝ լարված-կենտրոնացած վարորդ, շարունակում է մեզ չխանգարել, չմիջամտել տղամարդկային այս ուժի-կենսափորձի-ժառանգության փոխանցմանը…
Պստիկ Աշոտը՝ մեծին.
— Պա՛պ, Նորքի բլրի ետևից արևը ո՞նց է ծագում. ես ուզում եմ արևի ելքը տեսնեմ…
— Իհարկե: Մի քիչ շուտ արթնանաս՝ միասին բարձրանանք Նորքի բլուր՝ Այգեստանով, բլրի գագաթից տեսնենք արևի ծագելը… Պայմանավորվում ենք…
— Իսկ արևի մուտքն (ընդծված է ասում Դավիթը «արևի մուտքը») այս ե՞րբ կտեսնենք… պաˊպ…
— Պիտի ուշադիր լինես, պատուհանից նայես… ես հեծանվով եմ տուն գալու…
— Իսկ մութը ավելի ու ավելի շուտ է ընկնում, ստիպում է կիսատ թողել աշխատանքը,- բողոքում է Գևորգ Հակոբյանը արդեն Մեդիակենտրոնում, օրվա վերջում…
— Այսպես որ գնա՜, աշխատել չի լինի…
— Կամ էլ պիտի հեծանվից հրաժարվենք,- ավելացնում եմ,- առավոտյան Դավիթն է նեղում, օրվա վերջում էլ՝ մութը։
Իրոք, մթնով մեր քաղաքում հեծանիվ չես քշի… Իսկ հեծանիվիս ես կարոտել եմ, ձգում է: Թռչում եմ նժույգիս վրա՝ ժամը 6-ին, տան ողջ ճանապարհն անցնում եմ խաղալով-երգելով-խոսելով… դադարով… «Ռելաքսի» վաթսուն րոպե …
Տեխնոլոգիայից մինչև ծննդյան ծես:
Լուսանկարները՝ Նաիրա Նիկողոսյանի:
Ի՜նչ էլ Մասիս է. առավոտյան Դավթի հետ հիացմունքով նայում ենք…
— Պապ, ինչո՞ւ պիտի շուտ-շուտ, շարունակ նայեմ Մասիսին։
Դավթի հայերենն ինձ շոյում է, պարգևատրում…
— Որ հիանաս, Դավիթ, շուտ-շուտ, շարունակ…,- հատուկ ձգում եմ։
— Սարին (մատով ցույց է տալիս), քեզ ու քեզ (մատով ցույց է տալիս ինձ ու Արմինե մայրիկին)…
Մեր դիտարաններն առ Մասիս ի՞նչ եղան… Մի դիտարան էլ օրերս բացվեց Գեղարվեստի կացարանից…
Բանավոր մաթեմատիկայի ընտրության դասընթացով դասվարների ոգևորվածությունը չի կարող աննկատ մնալ. սովորողի ընտրությամբ դասընթացը խթանում-կազմակերպում է կրթահամալիրի կրտսեր դպրոցների 1-3-րդ դասարաններում «Իմացումի հրճվանք» ծրագրի տասնյակ ղեկավար ուսուցչի լրացուցիչ ուսուցումը… Իմացումով հրճվի ուսուցիչը, այս դեպքում՝ մաթեմատիկայով, որ իմացումի հրճվանքը փոխանցի մեր 1-ից 3-րդ դասարաններում այս դասընթացն ընտրած շուրջ հարյուր սովորողներին (թիվ է, է՝ կասեր մեր մաթեմատիկայի երբեմնի ուսուցիչը՝ Նիկիտա Պողոսյանը)։ Ինչպես երաժշտության դասընթացն ընտրածների հետ հրճվում են երաժշտությամբ, կերպարվեստ-տեխնոլոգիան ընտրածների հետ՝ տեխնոլոգիայով, մարմնամարզություն ընտրած սովորողների հետ՝ մարմնամարզությամբ… Այսպիսի խթանով-պատվիրատուով-կազմակերպումով է առաջանում ուսուցչի անընդհատ ու անհատական լրացուցիչ ուսուցումը, և կրթահամալիրի մասնագիտական զարգացման համակարգը չի կարող ճկուն չարձագանքել սրան։ Սովորող ուսուցիչը առաջ գա… ու…
Քարտեզագրում են Նոր դպրոցի հայրենագետները:
Լուսանկարները՝ Իվետա Ջանազյանի:
Սև սև ամպեր հեռացեˊք,
Արևին ճամփա բացեˊք…
Իմ աղջիկներն ինձ հարցնում-նախատում են, թե ինչու սեպտեմբերի 19-21-ին չեղավ խոստացած նվաճումը Խուստուփի… Երեկ մասնաժողովում Կարինե Պետրոսյանի հրապարակած «Բարձունքի նվաճում» նախագծի տեղեկանքը, որ ուշադիր ու կողքից, կարծես նոր, նայեցի, թռավ՝ ճիշտ էր հետաձգելը… Ես այնպե՜ս ուզում էի չխանգարել, որևէ ձևով չշեղել ուսուցիչներին՝ բարձունքների նվաճման նախագծերում տասնյակ ու տասնյակ սովորող ու ծնող ընդգրկելու… 832 սովորող, 92 ուսուցիչ, 114 ծնող, պարզվում է, այդ օրերին գրոհել են բարձունքներ… Հետո՝ ես այդ օրերին անվտանգության հերթապահի լարում եմ ունենում, մինչև ամեն մի խումբ բարեհաջող չի իջնում ու հասնում տուն։ Հիմա, ուսուցչի օրվա առիթով, խանգարող հանգամանք չկա, խթանող կա… «Դիջիթեք Էքսպո»-ով զբաղվածները տոնը կնշեն Երևանում՝ «Էքսպո»-ում և Մայրավանքում… Իսկ մի խմբով՝ տասը ժամանոց անծանոթ ու դժվար քայլուղուն-վերելքին պատրաստ, առաջինը հասած խմբով կգրոհենք Զանգեզուր աշխարհի նշանավոր Խուստուփը… Վերջինը չէ, բացում ենք անում. այսպես, հերթով կգրոհենք Խուստուփը, Կապուտջուղը, Աժդահակը, Արագածի հյուսիսային գագաթը… 2015-2016 ուստարում՝ իր «Ուսումնական ամառ»-ով, բոլոր նշանավոր գագաթներից պիտի նայեմ… Ես էլ իմ բանաստեղծությունն եմ գրում՝ վաթսուն տարի բռնած ճանապարհ… գնում ես վեր՝ իրական վեր, ֆիզիկական վեր…
Նոր դպրոց-Քոլեջ կասկադի աշնանային աշխատանքներ:
Լուսանկարները՝ Անահիտ Մելքոնյանի:
Ես արդեն արել եմ անհրաժեշտ կարգադրությունները, ու կրթահամալիրի Հայրենագիտական ուսումնական կենտրոնը փութաջանորեն պատրաստվում է աշնանային արշավախմբային ճամբարի… Երեք հերթով՝ երկու գիշեր՝ երեք լիարժեք օր սեբաստացիներից յուրաքանչյուրը հոկտեմբերի 16-ից սկսվող ուսումնական արձակուրդ-աշունը կարող է անցկացնել դաշտային ճամբարում՝ սուսերամարտով, ձիասպորտով, բարձունքի նվաճումով, հայրենագիտությամբ-բնապահպանությամբ, սերմեր հավաքելով, ազգագրական առաջադրանքներով… Որտե՞ղ… Ինձ մի՛ հարցրեք, ընտրե՛ք հովիտը համապատասխան… Էս՝ ձեր ուսումնական աշնանային արձակուրդը, էս՝ ձեր Կարինե Պետրոսյանը։
Իսկ Վահրամ Թոքմաջյանն իր «Գիտակների» հայտնի խմբով՝ որպես «Զարթոնքի սերունդ» հանրապետական հեռուստախաղի հաղթող, վերջապես, իր քառօրյա մրցանակ-ճամփորդությունը կանցկացնի Արցախ աշխարհում, Էջմիածնի թիվ 5 ավագ դպրոցի մյուս հաղթող խմբի հետ՝ այսպիսի հագեցած ուսումնական ծրագրով… Ուղևորությամբ կծնվեն ուսումնական ֆիլմեր, նախագծեր, կապեր… Օր չի մնացել. տենդագին պատրաստություն է հայտարարված… Ինչպես ամենակրտսեր առաջին դասարանցիների հավաքի առիթով…
5 տարեկան սեպտեմբերիկների լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:
Ֆոտոխմբագիր՝ Նաիրա Նիկողոսյան
#462