Խնամված հեծանվորդ դեռահասների մի խումբ, որ զվարճացրեց ինձ օրեր առաջ՝ իմ հեծանվորդի արդուզարդով շփոթելով ինձ արտասահմանցու հետ ու հետս կապ հաստատելով անգլերեն, երեկ սպասում էր ինձ Հանրապետության հրապարակի մատույցներում… Ես սիրում եմ գլխավոր հրապարակով մտնել Խանջյան փողոց՝ իմ տարիքում, իմ հեծանվով-աքսեսուարներով, շորերով ո՞վ չէր թիթիզանա… Ով ունի, ով կարող է՝ ցուցադրում է ունեցածը. հուլիսը պոդիումի ամիս է, օգոստոսն էլ՝ հրեն, երևում է, պակաս տեղ չի թողնի… Դեռահասները հավանում են իմ հեծանիվը, ու ես մի հատվածում միացնում եմ ամենաբարձր արագությունը: Հեծանվի ընկերությունն էլ ուրիշ համ ու հոտ ունի՝ տարիքային սահամնափակում չկա, միավորման առանցքում հեծանիվն է՝ իր տեսակով-որակով… Իմ հեծանվից չկա, սուպեր է…

Կրթահամալիրի հայրենագիտական- երկրագիտական թանգարանի առաջին ցուցանմուշները։
Լուսանկարները` Կարինե  Պետրոսյանի։

Առաջին կլոր սեղանը Մայր դպրոցում կայացավ-ստացվեց, ինչպես և Կարինե Մացակյան-Շողիկ Պողոսյան-Գևորգ Հակոբյան ստեղծագործական խմբի արտադրած նոր երկու վրանները… որ տուն են դարձել Կողբի Գեղարվեստի պլեներում, անտառում հուլիսին վայել սեբաստացիական կացարաններ: Իրականություն, բուռն գործունեություն դարձավ հուլիսին ծավալվող մյուս նախագիծը՝ «Շվեդական պատեր՝ թափանցիկ միջավայրում», նորից Մեդիակենտրոնում: Լեն ու առողջ ապրեք. զգացեք մարմնի վայելքը՝ վարժությամբ: Սուսան Մարկոսյանը գտավ իր պոդիումը սրանով…

Սոցիոլոգ Լուսինե Ալեքսանյանն էր եկել… պաղպաղակներով… Ուզում է՝ մեր սիրտն առնի, շուտ մտնի մեր Մանկավարժական լաբորատորիա… Ցուցադրելու գործեր ունի աղջիկը մեր՝ «գլուխգործոցներ», էն էլ՝ երկուսը՝ Օլգա ու Լիլի. ի՞նչ անուն դնես, ի՞նչ մահանա բռնես… Դու էլ արի, Լուս ջան, մեր «Տերեմոկ» (теремок) դարձած Մեդիակենտրոն… Բոլորիս այստեղ տեղ կա… ստեղծագործական հուլիսյան աշխատանքի…

Հիմա՝ խոստացածս երկրորդ էտյուդը սեբաստացի մարդու մասին: Դե, մենք էլ Հայաստանի Հանրապետության նման կրթահամալիրի Բանգլադեշում ունենք մեր էլեկտրական ցանցերը, մեր լույսի մարդը, մեր… Բիբինը: Մերը լույսի պես մարդ է՝ մեր ընկեր Կորյունը: Դուք նկատեցի՞ք՝ ինչպես օրերս դարձավ Կորյունը 65 տարեկան… Լավ, հաստատված, իշխող սովորույթ կա մեզանում՝ որպես հավասարի նշել հիսունից հետո բոլոր սեբաստացիների ամյակները. շեն մնա մեր ստեղծած արհմիութենական կազմակերպությունը, որ կոչվում է իրավաբանորեն՝ «Մխիթար Սեբաստացի» արհեստակցական կազմակերպություն՝ իր հաշվեհամարով, իր Հասմիկ Նալբանդյան նախագահով, իր Կարինե Հակոբջանյանով… սեղան է գցում, հրավիրում, կրթահամալիրի տնօրենը գրավոր շնորհակալություն է հայտնում mskh.am-ում ու պարգևատրում… Կորյուն հոբելյարն այս կարգը մի փոքր շեղեց՝ սեղանը տեղափոխելով իր ծննդյան երկուշաբթիից շաբաթ, որ շինարարական աշխատանքին չխանգարի: Բացատրությունը լսեք.
— Տիար ջան, չենք հասցնում գործը, հիմի էլ որ մեր բոլոր շինարարները գործը թողնեն հավաքվեն, ի՞նչ սրտով պիտի սեղանի շուրջ նստենք…

Մեր վարպետ Կորյունը։
Լուսանկարները` Նաիրա Նիկողոսյանի։

Ով ճանաչում է Կորյունին, գիտի, որ չի հորինում. միշտ շիտակ մեր ընկեր Կորյունը: Իմ անունն է դուրս եկել կամ Սուսան Մարկոսյանի, էլ չեմ ասում՝ մեր «брат» Օնիկի, չէ՛, իրական-իրավաբանական աշխատանքի մարդը սեբաստացիական մեր աշխարհում մեր բոլորի ընկեր Կորյունն է: Հա, ամենաշատը նրա կարիքն ունենք. հսկա տնտեսություն, ու մի Կորյուն՝ տարվա բոլոր եղանակներին ու օրերին-ժամերին, ամենահաս… Ամենաշատը Կորյունի հետ ենք կռվում-նեղանում. քո նման կրթահամլիրին նվիրված մարդը, որ քոռուփուչ չի անի մեկ դրամը, որ վստահելի է միշտ, որ անարդարություն տեսակով չի հանդուրժում, որ մտածում է կրթահամալիրի կոպեկը խնայելու մասին, ո՞նց է կարողանում է տրվել հայ փինաչու գայթակղությանն ու փինա անել… Մեկ էլ եկա տեսա՝ իր փինան արել պրծել է: Ա՛յ Կորյուն ջան, էս ո՞նց հասցրիր, ո՞նց կարողացար ծռել գործը՝ անփույթ տանել էլեկտրական լարը, ծուռումուռ շարել առաստաղի լույսերը կամ պատի վարդակները… Շիկնել գիտի մեր ընկեր Կորյունը. վռազ կուղղի, չի ասի՝ դե լավ ա, ոչինչ, երկար-բարակ բացատրի, արդարանա-մեղադրի, ինչպես брат Օնիկը: Չէ: Կվերցնի ու կուղղի: Փինաչին, ավա՜ղ, հայ մարդու մեջ է, տարածված երևույթ՝ անկախ արհեստից։ Հայ արհետավորին՝ հողի հետ, թե գրիչի, թե մետաղի-փայտի, գաջ ու ցեմենտի հետ պայմանական գործ անող մարդուն՝ արհեստով զբաղվողներին, երեք խմբի եմ բաժանում…

  1. փինաչի է քիչ է, դեռ սրան էլ գումարվում  են «դե լավա էլի»-ն, թքած ունենալը, խաբելը, թռցնելը, մեծախոսելը, գլուխ գովելը…
  2. փինաչի է, բայց սրտացավ, ամոթ ու ազնվություն կարևորող…
  3. մնացած մի խումբ արհեստավորը՝ Բաքվի, Հին Շուշիի, Թիֆլիսի, Հին Հալեպի ստեղծմանը մասնակից շինարար հայը…

Միջին դպրոցի ճամբարականների առօրյայից՝ աշխատանք կրթահամալիրի ձիաբուծարանի տարածքում, ճամփորդություն Ձորաղբյուրի ձիաբուծարան։
Լուսանկարները` Շամիրամ Պողոսյանի։

Ես չգիտեմ՝ ինչ կորոշի Բուշ Լուսինեն՝ Իզմիրի տիեզերագիտական ճամբարի սեբաստացիների ջոկատի ղեկավարը՝ ո՞ր ժամին են մեկնում, որտեղի՞ց: Գիտեմ, որ իմ հեծանվով ճանապարհելու եմ նրանց վաղը:

Վաղը ճանապարհելու եմ նաև Մեղրաձոր մեկնող մեր արշավախմբին, կեցցե՛ մեր շրջանավարտ Վահե Ղարիբյանը, ով կարգի բերեց թվային աստղադիտակը։ Մյուս շաբաթ սեբաստացիները տիեզերքին են նայելու՝ 9 տղա ու 3 աղջիկ՝ պատմական Զմյուռնիայում տեղավորված միջազգային ճամբարից, և 6 տղա և 4 աղջիկ՝ Գնել Հարությունյանի հետ՝  մեր աստղադիտակով Մեղրաձորի ճամբարից: Լավ նշան է: Իսկ մենք այս ընթացքում զբաղված ենք լինելու ամառային դպրոցի մյուս ճամբարներով կրթահամալիրի Բանգլադեշում՝ լողափնյա, «Մաթեմատիկա+լող+շախմատ», դասվարների, հանրապետության հասարակագետ ուսուցիչների, «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի… Մեր լույսի մարդը սաղ լինի. մեր կրթական լույսը բոլորին կհերիքի…

Ավագ դպրոց վարժարանի սովորողները մասնակցում են Եվրոպական երիտասարդական պառլամենտի  (ԵԵՊ – EYP) ամառային ճամբար-ֆորումին։ 

Ֆոտոխմբագիր՝ Մարթա Ասատրյան
Առաջին լուսանկարը՝ Անի Սարգսյանի
#399

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ. միասի՞ն աշխատելու ժամանակը…

«Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» նախագծով կրթահամալիրի աշխատանքային խումբը Թբիլիսիում է:

Չգիտեմ՝ որ նոր տարվա, բայց Ձմեռ պապի տված խոստումների կատարելու ժամանակը…

Ա՛յ, այսպես խանդավառ (հավեսով) 12-րդ դասարանցիների մի մեծ խումբ (փունջ), հայոց լեզվի և գրականության պետական քննություննից ժամեր անց, իրենց անգլերենի ուսուցչի հետ մասնակցում են Եվրոպական դպրոցների Իթվինինգ ծրագրի ամփոփիչ հավաքին

Եվ նորից մեր քայլերը ուղղելու մասին…

Աշխարհական ննջեցյալ-брат Օնիկ Դավթյանի սնարի վերև կանգնեց քահանան և ասաց. Ալէլուիա, ալէլուիա. Դու ես պաշտպան իմ, Տէր, եւ ի ձեռս քո յանձն առնեմ զհոգի իմ: Փրկեցեր զիս, Տէր Աստուած, ճշմարտութեամբ