— Ինչո՞ւ ես շորերով չեմ լողանում,- առավոտյան լողի հետ զրույցն սկսում է Դավիթը Բլեյան:
— Չգիտեմ, ասա՝ իմանամ…
— Դու ես հանում, դու ասա…
— Ես հանում եմ, դու էլ մի՛ թող, ասա՝ չեմ ուզում… քիչ բան կա՞, որ չես ուզում, չես անում։
Դավիթը ծիծաղում է.
— Որ շորերով լողամ, ի՞նչ կլինի…
— Կեղտոտ շորերո՞վ, թե՞ մաքուր…
— Արա՛ (սիրում է այս դիմելաձևը. տանը մենք չենք գործածում… կարծեմ), իմ շորերը տանը մաքուր լինո՞ւմ են որ…
Նորից ծիծաղում է նշանավոր…
— Ջուրն ավազանի կկեղտոտվի, շորերդ կթրջվեն, կկպնեն մարմնիդ, դու ազատ չես լինի… Ուզում ես՝ գլխարկ դիր, կանգնիր ցնցուղի տակ:
— Շամպունով գլխարկը կփրփրի՞…- ծիծաղում է։- Համ էլ՝ շորերն իրենց լողարանն ունեն (ցույց է տալիս լվացքի մեքենան), թող գնան, մայրիկն իրենց լողացնի…
Ես կանչում եմ մայրիկին…
Դավիթ Բլեյանը կտրուկ թույլ չի տալիս, որ մայրիկն իր լողալու ժամանակ լողարան մտնի.
— Գնա՛, դու հետո կգաս, կեղտոտ շորերը կլողացնես…
Իրոք, լողարանում, երբ տղաներով զրուցում ենք տիեզերական թեմաներից, կանանց անելիքը ո՞րն է…

Հիմնական դպրոցի 2-4 տարեկանների խմբում՝ լողազգեստների ցուցադրություն:
Լուսանկարները՝ Գոհար Սմբատյանի:

Դավիթը խիստ ազդվել էր Տաթև քույրիկի՝ Դպրոց-պարտեզի ղեկավարի հանդիմանությունից.
— Էս ի՜նչ է եղունգներիդ վիճակը… կկտրես տանը, նոր կգաս վաղը…
— Ոտքերի՞, թե՞ ձեռքերի,- հարցրել է:
Բարեխիղճ կտրել տվեց և՛ ոտքերինը, և՛ ձեռքերինը…
— Թող գա, տեսնի, ուրախանա, Արևիկի մայրիկը…

Բերքահավաք տանը։
Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի։

Այս օրերին ավարտվեց հայաստանյան գործող բուհերի ընդունելության 1-ին փուլը, սկսվեց 2-րդ փուլը՝ մրցույթից դուրս մնացածները կվերահայտագրվեն ու… կընդունվեն… Սեպտեմբերին էլ կսկսվի ընդունելության 3-րդ փուլը՝ շատ ու շատ մասնագիտությունների համար գործող հեռակա ուսուցումը… Նույն դիպլոմն է տալիս… Ու էլի կմնան հազարավոր թափուր տեղեր… Ու վե՞րջ: Բարձրագույն (մասնագիտական), փակագծերը ջնջում եմ ու ընդգծում՝ մասնագիտական, ասել է թե՝ մասնագետի պատրաստման խնդիրները, հանրային իրարանցումը սրանով ավարտվեցի՞ն… Տարիներ առաջ հրապարակային հայտարարել եմ՝ ով Հայաստանում կարող է ուսման վարձ վճարել և ուզում է ուսանող կոչվել, համարվել, լինել, խնդիր չունի… Համաձայն չե՞ք՝ հայտարարեք, իմանանք։ Այդպես էլ ոչ մի հայտ չստացա, չի կարող լինել…
Ես սկսում եմ խոսել, երբ ազգային եռանդ մսխող «աժիոտաժը» հանգչում է. իմ օրագիրը հարմար տեղ է իմ ասելիքի համար, օրվա մեջ, օր օրի…

Հիմա անձրևը պարգևատրեց իր հայտնությամբ. բարով ես եկել, տարերք, մի քիչ երկար մնա, թրջիր-քեզնով արա ողջ աշխարհը հայոց, ամենուր քեզ այնքա՜ն սպասում են…

Միջին դպրոցի լողացող ճամբարականները:
Լուսանկարները՝ Գոհար Եղոյանի:

Հայկ Գրիգորյանն ու իր հոգատար-կիրթ մայրը երեկ կրթահամալիրի Գեղարվեստի դպրոցում են եղել, Մեդիակենտրոնում… աչքալուսանքով մեծ, անչափ ուրախությամբ… Հայկն անվճար, ուսանելու չորս տարիների ընթացքում զինակոչից տարկետման իրավունքով դարձել է կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ռեժիսուրայի մասնագիտությամբ ուսանող… Հայկն արժանի է ամենամեծ հաջողության, հատկապես որ այս համեստ, ամենօրյա արդար քրտինքով ապրող ընտանիքում Հայկն իր ջանքով-տաղանդով է կերտում ամեն մի ձեռքբերում։  Պետք էր տեսնել Հայկի և իր մայրիկի շփոթը, անելանելիության զգացումը օրեր առաջ, երբ արդեն հայտնի էր, որ նա ուսանող է, բայց կրթաթոշակի  ու տարկետման մասին դեռ հայտնի չէր… Ընտրության այսքա՜ն կույր-պատահական, փակ-անմարդկային համակա՞րգ. Հայկը կրթահամալիրի Գեղարվեստում երեք տարի անընդհատ ամբողջական նվիրումով ու շնորհով նկարել է ու ծեփել, քանդակել, խաղացել, անիմացիաներ արել, ստեղծական ու մոբիլ՝ տասնյակ փառատոների մասնակցել, հաղթել… Եվ անցած այս ճանապարհը բոլորիս աչքի առաջ է շնորհիվ mskh.am-ի, Հայկի բլոգի, հրապարակային ուսումնական-արտիստական գործունեության՝ Հայկով հիացած, նրա մոր չափ Հայկի ուրախությունն ապրած իր սքանչելի Քնարիկ ՆերսիսյանիԱրման Գրիգորյանի, վստահ եմ, Հայկին ճանաչող-գնահատող հարյուրավոր տարատարիք սեբաստացիների հետ… Եվ այս Հայկը կարող էր և չընտրվել-չանցնե՞լ, ինչպես օրինակ՝ Էլիզա Բաղդիյանը չանցավ ինչ-որ սուբյեկտի չնշանակած անապացուցելի, բովանդակազուրկ կես միավորի պատճառով. սրա մասին է խոսքը… Ո՞ւր էր, թե սա բացառություն լիներ. հետևեք իմ օրագրին։

Հանրապետական էկոտուր 2015-ի մրցանակակիրները Զիկատարում:
Լուսանկարները՝ Դավիթ Խալաթյանի:

Արթուր Շահվերդյանը լրիվ արժանի ցնծության մեջ է… Ու այս օրերին Հայաստանով մեկ, վստահ եմ, հարյուրավոր նման դրամաներ «խաղացվեցին», տրագիկ ու ցնծալի վերջաբաններով՝ վճարովիի-անվճարի, տասնութ տարեկանում պարտադիր զինվորական ծառայության ու տարկետման արանքում։

Ես գրում-պատմում եմ այն իրավունքով, որ շարունակում եմ հետևել-ուրախանալ Հայկի ու իր ընկերների հաջողությամբ, համեստ, բայց մշտական աջակցություն բերել դեպի բեմ, դեպի հաջողություն նրանց անցնելիք ճանապարհին… Իրավունքով, որ բոլորն են իմը՝ սեբաստացի, որոնց համար պատասխանատվություն կրելը իմ աշխատանքն է, ու ոչ սեբաստացի… որոնք իմ կյանքում են…

Ամառային դպրոցի գործունեությունից:

Ֆոտոխմբագիր՝ Մարգարիտ Սարգսյան
#392

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Խորհրդավոր ժպիտով կնոջ հայտնությունը

Երբ ինն ամիս ու ինն օրն անց կացավ, Տաթև աղջիկս Վահան ունեցավ… Մնացածը՝ ինչպես էպոսում։ Հատուկ հանդիսավոր-ծիսական ներկայացնում եմ իմ-ձեր Տաթև Բլեյանի ու իր ամուսին Սամվել Սերոբյանի ստեղծագործությունը՝ Վահան Սերոբյանին,

Այս ամառը, աշունը, ձմեռը խրոխտ անցնելու շրջան է…

Որ գարունը կգա, չի ուշանա… «Խրոխտ»-ը կորել էր, երեկ սոցցանցով եկավ վերնագիր դարձավ, ոչ որպես «դուխով»-ի փոխարեն, ես եղել և մնում եմ կենդանի լեզվի կրողն ու ջատագովը: Պարզապես բառարաններ քիչ

Որպես ուրու արևառ… Չարենց է

Բայց ափսո՜ս որ Դու հեռու ես — Դու ուրո՜ւ ես Արևառ… Չարենց Մեր Հասմիկ Գրիգորյանի նախաձեռնությամբ ծնված մեր ծեսերի լաբորատորիան հե՞շտ առաջացավ-հայտնվեց, թե՞ ճիշտ ու ճիշտ Թումանյանի բանաստեղծական բանաձևով որոշված…