Թերթ.am16.07.15

Հայաստանի ներկայիս դեմոգրաֆիկ պայմաններում և բուհեր-գործատուներ-պետություն գործունեության ներկայիս պայմաններում բուհական ընդունելության քննություններն անհեթեթություն ու ավելորդ շռայլություն են, հատկապես, եթե մրցույթ էլ իրականում գոյություն չունի:

Tert.am-ին նման տեսակետ հայտնեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը՝ հավելելով, որ իրենք աշխատանքի ենք ընդունում մարդո՛ւն, ոչ թե դիպլոմը՝ հարգելով  իրավահավասարությունը, որևէ ձևով խտրականության բացառումը։

«Այս բոլոր դեմոգրաֆիական ու մնացած խնդիրները միասին այլ վիճակ են ստեղծել. մրցույթ սկզբունքորեն չի կարող լինել: Ոչ թե որ ես չեմ ուզում, որ լինի, այլ որովհետև չի կարող լինել, եթե դուք հայտարարում եք քսանմեկհազարքանի տեղ, ու դիմում է 11 000 դիմորդ, ինչպե՞ս կարող է մրցույթ լինել. արդեն էն գլխից թափուր է: Մանավանդ՝ 10 տոկոսը կտրվել է, դրա համար էլ մյուսին կտան հնարավորություն: Հետո կգա հեռակայի հերթը, որ 8000-9000 տեղ ունի, բոլորին կտանի»,- ասաց Աշոտ Բլեյանը՝ նշելով, որ այդ հեռակայի դիպլոմի վրա էլ է գրված, որ նա ավարտել է Երևանի պետական համալսարանը:

Նշենք, որ երեկ բուհերը հրապարակել էին անցողիկ միավորները և ըստ այդմ` օրինակ` Երևանի տնտեսագիտական պետական համալսարանում տնտեսագիտության տեսություն մասնագիտության համար անվճար ուսուցման դեպքում անցողիկ է 54.00 միավորը, իսկ վճարովիի դեպքում՝ 40.00-ը։ Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում անվճար անցողիկ նվազագույն միավորը 19.00 է որոշ մասնագիտությունների գծով, Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում «Բուժական գործ» մասնագիտության անվճար ուսուցման համար անցողիկ շեմ է սահմանվել 39.50 միավորը,  վճարովի՝ 25.75-ը, «Ստոմատոլոգիա» մասնագիտության անվճար ուսուցման համար՝ 39.75 միավորը, վճարովի՝ 20.00 միավորը:

Ի պատասխան հարցի, թե նորմա՞լ է, որ միայն չկտրվելու պայմանով, այսինքն` 20 միավորով Բժշկականի ուսանող կարելի է դառնալ, Աշոտ Բլեյանը հակընդդեմ հարց ուղղեց`«Իսկ կարելի՞ է 22 միավորով դառնալ» ու ավելացրեց, որ 2100 անվճար տեղերում սովորողների, մանավանդ տղաների շրջանում պատահական մարդիկ չեն կարող լինել:

Աշոտ Բլեյանի ձևակերպմամբ՝ այն «ապուշ պահանջներով», որ բուհերը ներկայացրել են դիմորդին, հնարավոր է, որ այդ 20 միավոր ստացածն ավելի լավ մասնագետ դառնա։ Մյուս կողմից էլ, նման պայմաններում, կարող է մտածել, որ ինչ կարիք կա այդքան տանջվելու, եթե «20 միավորով, մեկ է, ես ընդունվում եմ»:

«Ինքը խնդիր ունի 850 հազար դրամ վճարելու: Եվ եթե ինքը դա կարողանում է վճարել, այդ բուհ կոչվածն էլ կարողանում է պատրաստել՝ ո՞րն է խնդիրը: Այստեղ կարևորն այն է, որ բուհն իր անունից վկայական տա: Ասի՝ ես՝ Հերացու անվան բժշկական համալսարանս, տվել եմ այսինչ վկայականը: Իսկ ո՞վ է այդ վկայականին բանի տեղ դնում: Որովհետև անունը դրել են` որակավորում, հավաստագիր, հավատարմագրում, պետության գործառույթը այսինքն։ Եվ այս պայմաններում մեկ է՝ ինքը գնալու է քննություն տա, մեկ է՝ իրեն անցկացնելու են տարբեր բաներով….»,– ասաց նա։

Աշոտ Բլեյանի մոտեցումը, թե ինչպես երեխան դառնա ուսանող, իսկ բուհն էլ աշխատի հանուն հասարակության, հետևյալն է. «Մարդը թող դառնա ուսանող, եթե դու ֆոնդ ունես, կա չէ՞, օրինակ` օժտված երեխաների աջակցության հիմնադրամ, աջակցի՛ր, թող բուհը դիմի նրա համար, որ էս մարդու կրթաթոշակը տվեք: Այնպես, ինչպես Բակունցի համար էր դիմում»:

Կրթության ոլորտի փորձագետը, նշելով գործատուների մոտ մասնագետներ ընդունելու համար սակագների առկայությունը ու շրջանառությունը, հարցրեց. «Բա էդ գները ո՞նց են առաջացել: Այսինքն՝ գործատուն ասում է՝ «հա, ինձ բանի տեղ չէիր դնո՞ւմ, դե հիմա արի»: Ուզում ես` «կարմիր» եղիր, ուզում ես համալսարանն ավարտի, ուզում ես՝ Խաչատուր Աբովյանը: Կտաս այսքան դոլարը, ես կմտածեմ»:

Հայաստանն ապագա մասնագետներով ապահովելու հարցում պետության և բարձրագույն կրթական հաստատությունների գործունեությունը Աշոտ Բլեյանը տեսնում է քննությունները վերացնելու ու ուսանողի մասնագիտական պատրաստման մեջ։

Նա նշեց, որ այդ դեպքում ամեն ինչ իր տեղը կընկնի. «Որ ամեն մի բուհ զբաղվի լավ ուսանողների Հայաստանով մեկ և Հայաստանից դուրս մասնագիտական կրթությամբ։ «Էդ ակադեմիական ազատությունները տվեցին, դրանց հիմնադրամներ սարքեցին կամ սարքում են: Տվել են, թող մասնագիտական կրթություն իրականացնեն: Հայաստանում նոր վիճակ է ստեղծվել, և բուհերը պետք է զբաղվեն մասնագիտական կրթությամբ։ Հասարակության առաջ կանգնեն, պատասխան տան, պետության հետևում չպետք է թաքնվեն: Պետությունն էլ պետք է ասի՝ դուք եք կրթություն տալիս, ակադեմիական ինքնուրույնություն ունեք, դուք էլ վկայական տվեք»,– ասաց նա՝ ավելացնելով, որ այս դեպքում գործատուն ինքը ստիպված կլինի կաշառքով աշխատող չընդունել:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն էլ անիմաստ է համարում բոլոր տեսակի կոնկուրսային քննությունները: Այս մասին նա ասաց՝ ի պատասխան հարցի, թե ճի՞շտ է 20 միավորով բժշկական բուհ ընդունվելը: Tert.am-ի հետ զրույցում նա ավելացրեց. «Բայց քանի որ գիտեմ, որ սեսիոն քննություններն էլ են անիմաստի վերածվում, ես չեմ կարող ասել, թե քանի՞ միավորն է ճիշտ, քանիսը՝ ոչ»:

Հրանուշ Խառատյանը միայն այն գիտի, որ դասախոսը պետք է ուսանողի հետ աշխատի ու նրան բացահայտի քննաշրջանային քննություններով, մանավանդ, եթե առաջին 4-5 ամսում երևում է` մարդը ուզո՞ւմ է սովորել, թե ոչ:

Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանն էլ, անդրադառնալով նույն հարցին, ներկայացրեց սեփական պատկերացումը՝ ասելով. «Սկզբունքը հետևյալը պետք է լինի, ով ուզում է՝ թող, ընդունվի, բայց սովորելու ընթացքում սովորողին պետք է զտենք չսովորողից: Եվ ավարտեն միայն նրանք, ովքեր մասնագետ են»:

Այսինքն` Անահիտ Բախշյանը նույնպես նշաձողը սահմանում է ոչ թե ընդունելության քննությունների համար, այլ՝ բուհը ավարտելու:

Հ. Գ.։ Հրապարական մեջ նախապես տեղ գտած «Վերջինս արդեն որերորդ տարին առաջ է քաշում իր այս տեսությունը ու իր կրթահամալիր աշխատանքի չի ընդունում Երևանի պետական համալսարանի ու Մանկավարժական համալսարանի շրջանավարտներին: Ինչպես Բլեյանն է ձևակերպում՝ ինքը չի ճանաչում այդ դիպլոմները» հատվածը փոխարինվեց «հավելելով, որ իրենք աշխատանքի ենք ընդունում մարդո՛ւն, ոչ թե դիպլոմը՝ հարգելով  իրավահավասարությունը, որևէ ձևով խտրականության բացառումը» արտահայտությամբ իմ պաշտոնական արձագանքից հետո.

Հարգելի «Թերթ.am», հարգանքով եմ վերաբերվում լրագրողի, լրատվական ծառայության աշխատանքին, ահա ինչու՝ չեմ կարող չարձագանքել հուլիսի 15-ի հեռախոսային հարցազրույցի 16.07.15 վերաշարադրմանը՝ մի մասով. մեջ եմ բերում. «Վերջինս արդեն որերորդ տարին առաջ է քաշում իր այս տեսությունը ու իր կրթահամալիր աշխատանքի չի ընդունում Երևանի պետական համալսարանի ու Մանկավարժական համալսարանի շրջանավարտներին: Ինչպես Բլեյանն է ձևակերպում՝ ինքը չի ճանաչում այդ դիպլոմները»: Խնդրում եմ նորից լսել ձայնագրությունը։ Ես այդպիսի բան չէի կարող ասել, որովհետև այդպես չեմ մտածում, ավելին՝ այդպես չեմ գործում։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աշխատողների հիմնական մասը՝  և՛ կրտսեր, և՛ միջին, և՛ ավագ դպրոցներում, Երևանի պետական համալսարանի շրջանավարտներն են, այդ թվում՝ ես, կրթահամալիրի փոխտնօրենը, ուսումնական կենտրոնների, դպրոցների ղեկավարներ, ունենք մեծ թվով  Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի շրջանավարտներ։ Որպես հիմնադիր տնօրեն՝ աշխատողների մեծ մասին հրապարակային գործող բաց մրցութային  կարգով ես եմ ընդունել աշխատանքի։  Ուղղակի մենք աշխատանքի ենք ընդունում մարդո՛ւն, ոչ թե դիպլոմը՝ հարգելով  իրավահավասարությունը, որևէ ձևով խտրության բացառումը»։

«Թերթ»-ի խմբագիրը դրան շատ օպերատիվ արձագանքել էր. «Շնորհակալություն դիտարկման համար, փոփոխությունը կատարվել է՝ ըստ Ձեր մատնանշածի»։

Շնորհակալ եմ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հազար մղոն ճանապարհը սկսվում է առաջին քայլից…

Մի մեծ ակտիվացած լսարան սպասում է Նիկոլին, սա վտանգավոր է…

Կրտսեր դպրոց (կազմակերպված որպես ընտանիք, պարտեզ ու լաբորատորիա)

«Կրթություն» 6.12.2006թ.  ՀՀ ԿԳ նախարարի հրամանով հեղինակն ընդգրկված է ավագ դպրոցի գործունեության հայեցակարգը մշակող աշխատանքային խմբի կազմում: Ներկայացվող հոդվածները նրա մշակումներն են, առաջարկները: Հաջորդ հոդվածը նվիրված կլինի ինքնուրույն ավագ դպրոցին:

Հարցազրույց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի հետ

Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ ծրագրով կրթահամալիրի 50 հոգանոց դասավանդողների, սովորողների, ծնողների խումբը մարտի 25-28-ը եղավ Թբիլիսում: Օրերի մասին հարցասերների ռադիոյի հարցազրույցը կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի հետ: