Մեր օրն սկսվեց Մոցարտով. մենք վայելում ենք Դավթի «Օհանավանի Գարիկ պապիկի»՝ իմ քրոջ ամուսնու, Նազենի, Էդիտ, Սուսան Հովհաննիսյանների հայրիկի, Նազենի կրտսերի, Սերժի ու Գոռի պապիկի, իմ լավ ընկերը դարձած փեսայի խնամած այգու բարիքը…
– Ծիրանը ոնց որ արև լինի, հայրիկ, տե՛ս…
Իսկապես, սեղանին դրված է արևի նման ծիրան…
– Արևներ են հավաքվել մեր ամանի մեջ,- շարունակում է Դավիթը, կիսում ծիրանը, լողում տան ավազանում, Մոցարտ լսում…
Սառը ջուրը կոփում է Դավթի մարմինը, ծիրանը սնում է, Մոցարտն առողջ-առույգ է պահում Դավթի միտքը-հոգին… Ոգեղեն է հուլիսյան մեր առավոտը, կենարար՝ պաղ ջրի, Մոցարտի ու ծիրանի կազմած երրորդությունը… որի երաշխավորն եմ ես: Հոր ֆունկցիա է:

Ես հիմա հիշեցի, որ ցերեկը, երբ մտա կրթահամալիրի Դպրոց-պարտեզ՝ 2-4 տարեկանների խումբ, Դավիթն ու իր երկու տասնյակ բոբիկ-տկլոր, միայն վարտիքով ընկերները՝ մեկը մյուսից խնամված, իստակ, պաղ ավազանից նոր դուրս եկած տղաներ ու աղջիկներ, ոնց որ մի-մի ծիրան լինեին… Ճաշելիս էլ, սեղանների մոտ, ոնց որ ամանից կողով շուռ տված ծիրաններ… Հարթակին քնի պատրաստ ներքնակներն են՝ գույնզգույն անկողիններով: Քիչ հետո կհնչի Մոցարտ, ու բարի քուն, ծիրանիկներ…

Ընտանիքով, ես՝ իմ հեծանվով, Դավիթ Բլեյանը՝ իր, Արմինեն… ոտքով, երեկոյան մասնակցեցինք Ցոլակ Մլքե-Գալստյանի «Ասանկ-անանկ» փառատոնի համերգին, որը եզրափակեց փառատոնը: Մենք փառատոնի գործընկեր կազմակերպությունն ենք: Համերգի համար հետաքրքիր վայր էին դարձել Հանրապետության հրապարակի մետրոյի քարե աստիճանները… և՛ բեմ, և՛ հանդիսասրահ… Դավիթը լավ թավալվեց աստիճաններին… Լսվեց համերգը. Ցոլակը՝ տեսած-կապերով-հայտնի-ընդունելի, կարողացել էր երկժամանոց թարմ-ճաշակով-լսելի համերգ կազմակերպել, այն էլ՝ բազմամարդ, բազմաշերտ, երիտասարդության գերակշռումով… Ելույթ ունեցան, համերգը փակեցին սեբաստացիներ Լուսինե Գալստյանը, Էլիզա Բաղդիյանն ու Աստղիկ Մամիկոնյանը՝ իրենց «Տիեզերք» խմբով…

Վերադարձը նույնքան և ավելի դիտարժան էր. Դավիթը նստեց իմ հեծանվի ետևի նստատեղին, Արմինեն… ոտքով բերեց Դավթի հեծանիվը: Մայրիկին ասել էինք, որ իր մեքենայով գա, չէր լսել…
– Ծանր չի իմ հեծանիվը, համ էլ ես շատ եմ հոգնել…

Բոլորս էինք հոգնած… Դա չխանգարեց, որ Դավիթը մինչև անկողինը անցնի լողարանով ու ազատվի օրվա ընթացքում հավաքած բոլոր սեթիկ-փնթիկ-կեղտիկներից… Ու հարցեր, մամա ջան, որքա՜ն խելացի-հետաքրքիր ու մանրակրկիտ հարցեր ունի մեր ինչուիկը…
– Ինչպե՞ս է էլեկտրական լարը տաքացնում արդուկը…
– Ինչպե՞ս է օճառը լուծվում ջրի մեջ… Ինչպե՞ս է օճառաջուրը տանում կեղտերը:
– Ինչո՞ւ է սառը ջուրը կոփում, իսկ տաք ջուրը՝ մաքրում:
– Ինչո՞ւ ենք ասում՝ լույսն անջատի: Ինչպե՞ս է լույսն անջատվում…
– Ինչո՞ւ է կեռասը շուտ փչանում, որ դու նյարդայնանում ես…

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Զրույցներ Դավթի հետ լողավազանում

«Զրույցներ Դավթի հետ լողավազանում» շարքն ինքն իրեն ծնվեց՝ այս ամառ… Ես էլ, Դավիթն էլ սկսել ենք սպասել հերթական զրույցին… Ահա, Դավիթը կարթնանա 7-ի-8-ի արանքում, ահա, իմ օգնությամբ կհաղթահարի մինչև լողարան

Իմ ավտոներից ո՞րը տանեմ իմ կուկուներին

Դավիթ Բլեյանի նոր ոգևորվածությունն իր խմբով, իր կուկուներով, տիկին Սոֆյայով, ընկեր Կարինե-Մելինեով, տանն էլ է նկատելի. անհամբեր է դարձել. – Վաղը ե՞րբ է գալու: – Երեքշաբթի գիշերն անցնի, կգա: –

Ես լ ուսնից չեմ վախենում

Իմ բոլոր ջանքերը՝ Դավիթ Բլեյանին մինչև ժամը 8.00 արթնացնելու, հաջողության չունեցան: Մարդը կիրակի չքնածը խորը-խորը հիմա է քնում. ո՜ւր ունի շտապելու, իրեն ինչ, որ հայրիկն էլ, մայրիկն էլ ժամով կապված են