Դավիթ Բլեյանն իր հերթական «վոյաժ»-ն արեց գիշերվա 4-ին. գոռալով-կռվելով-պահանջելով. Բլեյան է, էլի… Իր սենյակից հասավ ծնողական ննջարան. մինչ այդ իր սենյակի հատակին գցված մեծ ներքնակից բարձրացել էր իր մահճակալին… Մեր տղան, հոր նման է անցկացնում գիշերը՝ դրվագներով…
Ես հազիվ եմ լռում, իմ դերը քնած ձևանալն է:
– Ջո՜ւր եմ ուզում…
Պարզ է։ Մորը ծանր օր է սպասվում՝ քննություններ են սկսում համալսարանում, ես անձայն, սիրով-կարևոր աղբյուրի սովորական ջուր եմ բերում… Դավիթը կում-կում մինչև վերջ խմում է…
– Վախեցել է մեր տղուկը, ի՞նչ ես տեսել երազում, պատմիր՝ լսենք,- սկսում է իր իմացած բուժումն Արմինեն:
Դավիթը, ոչ այն է՝ քնի մեջ, որ այն է՝ արթուն.
– Դոդոշ եմ տեսել, սև դոդոշ…
– Դոդոշը վախենալու չէ, Դավիթ…
– Որ վախենալու չէ, ի՞նչ է ուտում դոդոշը…
– Մոծակներ, միջատներ է սիրում…
– Մոծակները որ մեծանում են, ի՞նչ են դառնում…
– Մոծակները (մենք անակնկալի ենք գալիս, ծիծաղից թուլանում) չեն մեծանում, Դավիթ:
– Բոլորը մեծանում են, ամեն ինչ մեծանում է, մոծակները չեն մեծանո՞ւմ, ո՞նց կլինի…
«Դոդոշը» բանաստեղծ Մերուժանի «Զղջում» ժողովածուից է, որ իր ներկայությամբ ես գրքույկից ընտրեցի ու կարդացի: Ահա.

Կայծակ զարկեց,
Անձրև տեղաց
Տեղատարափ, վարար-վարար,
Կաթիլները լճի վրա
Նվագեցին կապույտ երգեր,
Բարդին շողաց,
Ուռին դողաց,
Եվ կեռնեխի ձայնը կերկեր
Օձի լռությունը հերքեց:
Սև դոդոշը ժայռին ելավ՝
Կանչեց.
– Մեղա, մեղա, մեղա,
Չեմ հասկանում, թե ինչ եղավ,
Որ կաչաղակը աբեղա
Էլ չի խոսում օրվա քարոզ:
Այս վիճակում ես չեմ կարող
Գազաններին խրատ կարդալ,
Խուլ ձկներին երգի դաս տալ,
Թռչուններին ճառախոսել:
Իմ ժամանակն ափսոս է,
Եթե ամեն մի կենդանի
Ժամանակին իրենն անի,
Կապրենք ազատ ու երջանիկ,
Կունենանք տեղ ու ապաստան,
Կունենանք տուն ու ընտանիք,
Եվ այսուհետ ոչ մի աղետ
Մեզ ահ ու մահ չի պատճառի,
Եթե մեկը ականջ անի
Միասնության իմ այս ճառին:

Մերուժանի ներկայությո՞ւնն է ազդել. տպավորվե՞լ է, այսպե՞ս… Իմը պատմելն է…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Արտով երգով կանցնի մեր ճամփան…

Գրիգոր Խաչատրյանն անուն կպցնելու վարպետ է։ Վերնագիրն իմ այս օրապատումի իրենից քաղեցի. Սեբաստացի ագարակի ճամփին, երբ կրթահամալիրի տեխնոլոգ-նկարիչների մեծ խմբով Գեղարվեստում Քնարիկ Ներսիսյանի ու Կարինե Մացակյանի նախաձեռնած Կլոր սեղան-տիտիկից հետո

Մայրի՜կ, պանիրը կենդանի չի

Դավիթը ինչպիսի՜ երանություն ունեցավ, ինչպես փրփուր ծովո՞ւմ, գետո՞ւմ, ավազանում… Ոչ սովորական շաբաթ եղավ՝ նույնպիսի շաբաթ օրով… Կիրակիի մասին էլ Դավիթն արտահայտվեց, երբ ներկա-բացակա արեց. — Ես տանն եմ, պարտեզ չեմ

Քեզ էլ կգողանամ, ա՛յ թութակ

Այսպես էլի է եղել. կորցրել եմ ժամանակի զգացողությունը՝ «ոչինչ, կհասցնեմ»,- ասել եմ, մոռացել եմ Դավիթ Բլեյանի գործոնը՝ միշտ ինքնաբուխ, ինչպես հիմա. արթնացավ, երբ ես իր ժամանակը արդեն չունեի, ու հիմա