Դավիթ Բլեյանն իր հերթական «վոյաժ»-ն արեց գիշերվա 4-ին. գոռալով-կռվելով-պահանջելով. Բլեյան է, էլի… Իր սենյակից հասավ ծնողական ննջարան. մինչ այդ իր սենյակի հատակին գցված մեծ ներքնակից բարձրացել էր իր մահճակալին… Մեր տղան, հոր նման է անցկացնում գիշերը՝ դրվագներով…
Ես հազիվ եմ լռում, իմ դերը քնած ձևանալն է:
– Ջո՜ւր եմ ուզում…
Պարզ է։ Մորը ծանր օր է սպասվում՝ քննություններ են սկսում համալսարանում, ես անձայն, սիրով-կարևոր աղբյուրի սովորական ջուր եմ բերում… Դավիթը կում-կում մինչև վերջ խմում է…
– Վախեցել է մեր տղուկը, ի՞նչ ես տեսել երազում, պատմիր՝ լսենք,- սկսում է իր իմացած բուժումն Արմինեն:
Դավիթը, ոչ այն է՝ քնի մեջ, որ այն է՝ արթուն.
– Դոդոշ եմ տեսել, սև դոդոշ…
– Դոդոշը վախենալու չէ, Դավիթ…
– Որ վախենալու չէ, ի՞նչ է ուտում դոդոշը…
– Մոծակներ, միջատներ է սիրում…
– Մոծակները որ մեծանում են, ի՞նչ են դառնում…
– Մոծակները (մենք անակնկալի ենք գալիս, ծիծաղից թուլանում) չեն մեծանում, Դավիթ:
– Բոլորը մեծանում են, ամեն ինչ մեծանում է, մոծակները չեն մեծանո՞ւմ, ո՞նց կլինի…
«Դոդոշը» բանաստեղծ Մերուժանի «Զղջում» ժողովածուից է, որ իր ներկայությամբ ես գրքույկից ընտրեցի ու կարդացի: Ահա.

Կայծակ զարկեց,
Անձրև տեղաց
Տեղատարափ, վարար-վարար,
Կաթիլները լճի վրա
Նվագեցին կապույտ երգեր,
Բարդին շողաց,
Ուռին դողաց,
Եվ կեռնեխի ձայնը կերկեր
Օձի լռությունը հերքեց:
Սև դոդոշը ժայռին ելավ՝
Կանչեց.
– Մեղա, մեղա, մեղա,
Չեմ հասկանում, թե ինչ եղավ,
Որ կաչաղակը աբեղա
Էլ չի խոսում օրվա քարոզ:
Այս վիճակում ես չեմ կարող
Գազաններին խրատ կարդալ,
Խուլ ձկներին երգի դաս տալ,
Թռչուններին ճառախոսել:
Իմ ժամանակն ափսոս է,
Եթե ամեն մի կենդանի
Ժամանակին իրենն անի,
Կապրենք ազատ ու երջանիկ,
Կունենանք տեղ ու ապաստան,
Կունենանք տուն ու ընտանիք,
Եվ այսուհետ ոչ մի աղետ
Մեզ ահ ու մահ չի պատճառի,
Եթե մեկը ականջ անի
Միասնության իմ այս ճառին:

Մերուժանի ներկայությո՞ւնն է ազդել. տպավորվե՞լ է, այսպե՞ս… Իմը պատմելն է…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Որքան «չար» կա Դավթի ու իր ընկերների առօրյայի մեջ

– Ինչո՞ւ ա ջուրը թրջում մարդկանց մազերը… հայրիկ… Ինչո՞ւ ա ջուրը վերևից թափվում, ինչո՞ւ ա ջուրը ձեռքիս շիրան մաքրում-տանում,- լողավազան է մտել մարմելադ նոր կերած Դավիթը: – Ինչո՞ւ ա ջուրը

Դավիթ Բլեյանի համար գիրք կարդալը

Հիմա հեշտ գործ չէ Դավիթ Բլեյանի համար գիրք կարդալը: Լավ է, որ ինքն ընտրում է, բերում դնում սեղանիդ՝ կարդա: Բայց ամեն նախադասությունից, բառից հետո հարցով ընդհատում է՝ «ի՞նչ է նշանակում»,

Ինչպես Դավիթ Բլեյանը «ձնծաղիկ» դարձավ…

Այս շաբաթ, օրագրի ընթերցողի մոտ չգիտեմ, ինձ մոտ շաբաթվա օրերը խառնված էին. այսօր էլ վատ եմ պատկերացնում, որ օրն ուրբաթ է, վաղը՝ շաբաթ… Ի՞նչ օր է կիրակին… Ինչո՞ւ է այսպես…