Դիմում է առավոտ կիրակիով ինքնուրույն ու շուտ արթնացած Դավիթ Բլեյանը, ով առանձնացել է իր մեքենաներով, կտրվել ամենքիցս ու ամենից՝ իր մեքենաները նորոգելու կարևորությամբ.
— Ես վարպետ եմ, ինձ մի՛ խանգարեք, ձեր ժամանակն ու հավեսը չունեմ. պիտի մեքենաներս նորոգեմ. հո էսպես չի՞ մնալու…

Լավ է՝ շուտով եկավ հորեղբայր Ստեփանը, ով իսկական վարպետության օր՝ բաց գործնական պարապմունք անցկացրեց մեր բնակարանում. այնքա՜ն վարպետի անելիք էր կուտակվել։ Հորեղբայր եմ ասել, հալալ է… Ես քո ժամանակն ու հավեսն ունեմ, իհարկե, Դավի՛թ տղա, ունեմ միշտ, բայց իմ իմ աշխատանքը միայն հայրությունը չէ, և հարկ է կատարել բարեխիղճ: Թբիլիսիի հանրային դպրոցների 41 հոգանոց խմբի՝ մեր կրթական ծրագրով վերապատրաստման եկածների 2-րդ օրն է, ու օրվա ծրագրով ժամը 10.00-ին սկսվում է ընդհանուր պարապմունքը: Եվ հարկ է, որ ես մասնակցեմ պարապմունքին. ոտքով չես հասնի, ավտոն խորթ է հնչում՝ արխայիկ է, ես նստում եմ մեր բնակելի շենքի իմ հեծանվակայանատեղիում ինձ ամեն պահ սպասող հեծանիվը ու Դավիթ Բլեյանի, Արմինեի պատշգամբից ինձ նայող հայացքի ներքո պոկվում… Խանջյան փողոցով, Կոմայգով, Գինու կոմբինատով, Հաղթանակի կամրջով… երեկվա իմ նկարագրած ճանապարհով համարյա անշտապ-անդադար հասնում եմ Բանգլադեշ, Դպրոց-պարտեզ՝ 45 րոպում… Վիկտորյա Բալավաձեին, Հռիփսիմե Առաքելյանին ու Տաթև Բլեյանին մեծ բավականություն պարգևելով…

Գարնանային բակում 2-5 տարեկաններն են: Լուսանկարները`Լիանա Գարախանյանի:

Ինձ շատ դուր եկան մեր վրացիները՝ երիտասարդ կամ միջին տարիքի, կենսուրախ, բոլորը Հայաստանում, Երևանի Բանգլադեշում, կրթահամալիրում առաջին անգամ են՝ մեր գործընկեր Վիկտորյա Բալավաձեին չհաշված: Իսկական գործուն հայ-վրացական հանրակրթական կամուրջներ: Երբ մի լավ ներկայացանք, պատմեցինք, երգեցինք-պարեցինք, «բրոյի-բրոյի» արեցինք, ես թևավոր խոսք ասացի՝ այստեղ հայ-վրացական ինքնավարություն է, ղեկավար-տնօրեն ձեզ պետք չէ, ես անելիք չունեմ… Ինձ Դավիթն է սպասում, ու լիքը օրվա գործեր… Այստեղ է, որ մոտեցավ վրացուհի իմ գործընկերներից, գրկեց ինձ ու ասաց.
— Դուք մեր ժամանակների հայ-վրացական «Հանրակրթական կամուրջների» Ֆրունզիկ Մկրտչյանն եք…

Կրթահամալիրի և Թբիլիսիի դպրոցների ուսուցիչների հանդիպում-ընդհանուր պարապմունք: Լուսանկարները`Սուսան Ամուջանյանի:

Մեդիայում նյութի-հարցազրույցի-լուրի ընտրությունը ես կատարում եմ ըստ թեմայի, դրա նկատմամբ իմ ունեցած վերաբերմունքի, անկախ անձի նկատմամբ իմ վերաբերմունքից։ Այս տեսանյութը և «եռատոնին» վերաբերող էլի նյութեր բաց չեմ թողնում. ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ է կատարվում, ի՞նչ է փոխվել հանրային գիտակցության մեջ։ ԱԺ փոխնախագահի այս անմիջական խոսքը չեմ մարսում. տիրապետող-պաշտոնական գնահատականներ են: Այսինքն ո՞նց… տիկին Հերմինե Նաղդալյան… Եթե չլիներ Մեծ հայրենական-համաշխարհայինը, որին մենք մասնակցել ու, ասում եք-ասում են, 300 հազարի չափ զոհ ենք տվել, չէինք ունենա նաև մայիսի 8-ի Շուշիի գրավո՞ւմը, ազատ Արցա՞խը… Այսքա՜ն թանկ գի՞ն ենք վճարել՝ 1941-1945 թթ  զոհված մեր հայրերի-պապերի 300 հազար կյանքը… Ես գիտեի՝ միայն մեր ապրող սերունդն է 1988-ից ցայսօր վճարում իր կյանքով ու 1991-1994-ի հազարավոր  զոհերով, հայ-ադրբեջանական սահմանին ամեն օր իրեն վտանգող-զոհվող պայմանագրային-ժամկետային զինծառայողներով, շարունակվող գաղթով, որ սկսել է 1990-ից…

Հա՛մ բակն են խնամում, հա՛մ ֆոտոսեսիա են անում Գեղարվեստի դպրոցի 3-րդ դասարանցիները:
Լուսանկարները՝ Կարինե Մամիկոնյանի:

Ես մտածում էի, որ մեր հայրերը խորհրդային կայսրության կազմում, որպես ժողովուրդ, 1941-1945-ին մասնակցում էին, այո, հարկադրաբար՝ թաքուն-բացահայտ ոչ միայն էն հույսով, որ ֆաշիզմի դեմը կառնվի, այլև դրա դիմաց, դրա ընթացքում և արդյունքում ետ կբերեն 1915-ի Հայոց ցեղասպանությամբ կորսվածը, Լենին-Աթաթուրք գործարքով կորցրած էրգիրը, նրա մի մասը… Որ գերմանական նացիզմի կողմում հայտնված, նրա հետ, թվում էր, պարտվող, հետո հաղթողների կողմն անցած Թուրքիան (այդպես էլ 1941-1945թթ չպարտվեցին, հա՞,  թուրքերը կարմիր Ռուսաստանին) ստիպված կլինի հատուցել որևէ ձևով ու չափով հաղթանակը բերած հայ ժողովրդին… Հայ պաշտոնյան, ավա՜ղ, նաև ոչ պաշտոնյան, լրագրողն ու ոչ լրագրողը այս օրերին էլ հղում չի անում հայտնի պատարագի ժամանակ հնչեցրած ելույթին. «Մարդկությունն անցյալ դարում երեք մեծագույն ողբերգություններ է ապրել: Առաջինը համընդհանուր ձևով սահմանվում է որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն, որին զոհ գնաց ձեր ազգը, ինչպես նաև հույներն ու ասորիները, զոհ գնացին նաև կանայք, ծերեր, նույնիսկ երեխաներ: Մյուս երկուսի պատասխանատուն նացիզմն ու կոմունիզմն էին, ստալինիզմը»:

2-րդ դասարանի սովորողների մասնակցությունը «Կանաչ տանիք» նախագծին: Լուսանկարները`Մանուշակ Աբրահամյանի:

Այսինքն, ցեղասպանության մասով միշտ համաձայն ենք-երախտապարտ, ֆաշիզմի մասով այս օրերին մեր վարքով-բարքով-տոնով հղում չենք անում, բայց, տեսեք՝ վեճ չկա, որ ֆաշիզմը չպետք է կրկնվի, իսկ այդ կոմունիզմի, խորհրդային բռնապետության հերթն այդպես էլ չի հասնո՞ւմ… Իսկ Գեորգիևյան ժապավենն ի՞նչ խորհուրդ է, որ «անմոռուկի» նման հանկարծ հայտնվեց, որտեղի՞ց, ո՞ւմ է «հիշեցնում», ինչո՞ւ… Ահա ձեզ հայտնի ուսուցիչ-հասարակագետ Աշոտ Տիգրանյանի արձագանքը։ Գուցե ուրիշ հիշատակո՞ւմ անենք՝ մեր պապերին, իմ Զալիբեկ-Սարիբեկ հորեղբայրներին՝ համաշխարհային պատերազմի՝ պարտադրաբար զոհ տարած ու նրանց ժառանգներին առ այսօր որևէ փոխհատուցում չտված… Իմ մեծ քրոջ ամուսինը, ով հաջորդ տարի կնշի 90-ամյակը, Հայրենական թե համաշխարհային պատերազմի վետերան է՝ մի թոռը Տավուշի սահմանի վրա, մյուսը՝ բարձրագույն տնտեսագիտական կրթությամբ գործազուրկ, իմ 85-ամյա քույրը՝ հիվանդ… Լիքը կենցաղային դժվարություններ ունեն՝ սկսած չստացված խորհրդային բանկի ավանդներից (կարելի էր, չէ՞, գոնե այդ խմբին վճարել), վերջացրած բնակարանային տարրական պայմաններով՝ 4 ընտանիքով ապրում են Նորքի IV զանգվածի «խրուշչովկաներից» մեկում… Հիմա որ բանակից եկավ Մկրտիչ թոռը, ի՞նչ է լինելու, մի գործազո՞ւրկ է ավելանալու… Կարելի՞ էր, չէ՞, պատերազմը հաղթած վետերանին մի բնակարան տալ՝ մեկ-երկու սենյականոց…

Գեղարվեստի 5 տարեկաններն աղի ձողիկներով պատկերներ են ստանում, հաշվում: Լուսանկարները`Դիանա Գևորգյանի:

Ես ունեմ հարցեր, որոնց հետևողական անդրադառնալու եմ։ Ուզում եմ, որ մեր հասարակագետ ուսուցիչները, ծնողները, սովորողները օգնեն ինձ՝ այդ հարցերի պատասխանը ստանալու։

  1. Ինչո՞ւ էր պետք «եռատոն» սարքել՝ խառնելով իրար անհամատեղելին…
  2. Որտեղի՞ց այս պաշտոնապես՝ դասագրքերում, մամուլում, պաշտոնյաների կողմից շրջանառվող իրարամերժ տեղեկությունները՝ համաշխարհային թե հայրենական պատերազմին հայ ժողովրդի մասնակցության, զոհերի մասին։
  3. Եվ, վերջապես, կենցաղից կտրվենք. 20-րդ դարի երեք մեծագույն չարիքների շարքում՝ Հայոց ցեղասպանություն, կոմունիզմ, ֆաշիզմ (ժամանակագրությամբ շարեցի),  ե՞րբ է գալու խորհրդային բռնատիրության դատապարտման հերթը…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Բարեկենդանի մեծացող աշխարհը

Բուն Բարեկենդանը ես անցկացրի տանը՝ մի խումբ հարազատների հետ… Ստեփան եղբոր՝ Դավթի հորեղբոր, ով երկարատև բուժումից հետո իսկական նվեր էր մեզ, այնպես, որ արժանացավ խորովածի կրակը վառելու պատվին… Իմ հարգելի ճարտարապետ-ուսուցիչ

Զա՜ր, զընգը, զա՜ր, զընգը, թող զնգա՜․․․

Կրթական ծրագիրը՝ մեր Զանգվով։ Ներկայացնում եմ կիրակնօրյա իմ երկժամյա ճամփորդության երթուղին՝ Խանջյան-Մաշտոցի պողոտայով, յախք հայտնի թունելով Զանգվի կիրճ, ձախ ափով, քչքչան Զանգվին միշտ ընդառաջ, Կիևյան-Դավթաշեն կամուրջների տակով, մինչև Քանաքեռի ալյումինի գործարան․․․

Մարդասիրական-ընտանեկան-համայնքային… գիր է…

Հրակ Ժիլաքյանի ընտանիքը վերջերս է տեղափոխվել Հայաստան Լիբանանից։ Հրայրը կրթահամալիրի ավագ դպրոցի 9-րդ դասարանցի ունի իր ուսումնական բլոգը, որտեղ և կարդացի նրա «Իմ առաջին ճամփորդությունը կրթահամալիրում» հրապարակումը… արևմտահայերեն։ Հրակը կենդանի