Ամեն օրն է այսպես՝ լեցուն գործերի վերջում գրիչն «ընկնում» է իմ ձեռքից, ձեռքս փակվում, գրելս չի գալիս, ու ամեն առավոտ, հիմա՝ 4-5-ի արանքում «բարձրանում» է գրիչը, ափս խցկվում. գրելս գալիս է… Ճիշտ ու ճիշտ ամեն առավոտ «ձվի միջից» դուրս եկող, ճիշտ ու ճիշտ ամեն տարի շրջանն ավարտող սեբաստացու նման… Կյանքն իմ միջոցառում չէ, որ ավարտվի, ստուգատեսներ ունի, ինչպես «Ցտեսություն»-ը կամ «Ռոդարիական»-ը, բայց այդ ստուգատեսն ավարտվել-բոլորելուց հետո էլ չպրծավ… Ի՞նչ դարձավ… Կյանք դարձավ, մի նոր շրջան սկսվեց…
Էս Վիկա Մարկոսյանին երբեք չեմ մոռացել, որ հիմա հիշեմ, որքան էլ այս նկարն ինձ հուզեց-հալեցրեց. այս Վիկա Մարկոսյանը միշտ էլ այսպես խելացի է եղել՝ ճշգրիտ մտքով, հետախույզի նման՝ զննող-քննող-գրանցող, իր անհատական խոսքով, որ չես շփոթի… Կրթահամալիրում անցկացրած 13 տարիներն (ինքն է հաշվել) ընդամենն ինքնադրսևորման շրջան են եղել իմ սքանչելի ընկերուհի Վիկա Մարկոսյանի համար, որից ինքը փայլուն է օգտվել… Ինչպես մեր Գեղարվեստի ավագում 3-ամյա շրջանն ավարտող Արթուր Շահվերդյանի համար, որ հիմնական դպրոցի տարիներից հետո, ինքը թող պատմի՝ ինչպես հայտնվեց Գեղարվեստի ավագում և երեք տարում, տեսե՜ք-տեսեք՝ ի՜նչ շրջան է ավարտում, ինչպիսի՜ վստահ մեկնարկի համար…
Գեղարվեստի ավագ դպրոցում պատրաստվում են ցուցահանդեսին։
Երեկ օրվա միջում, օրվա վերջում՝ 6-ի և 7-ի արանքում, գծանկարի արվեստանոցում ղեկավար Գագիկ Չարչյանի հետ երկար-անշտապ Արթուրի անցած շրջանից էինք խոսում՝ ոտներիս տակ դասավորած-պատերին դրած նկարներն աչքներիս առաջ… Ինքնադրսևորվելը ո՜նց է լինում… Այ, այսպես։ Ես անհամբեր եմ, հուզվում եմ հիմա՝ Արթուր Շահվերդյանի անհատական ցուցադրությանը մասնակցելու մոտակայից… Իսկ Վիկա Մարկոսյանի այս գրից ես վերնագիրը վերցրի. նրա խոսքը կարդացեք ամբողջական. մայրենիի համուհոտն առօրյա է իր դեպքում:
Դավիթ Բլեյանի հետ հեծանվաշրջայց կրթահամալիրի ջերմոցով:
Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի:
Դե, հիմա կռահեք՝ որ կողմ եմ թեքելու իմ գիրը… Ավազանների՛… Տեսեք՝ ինչ տպավորություններ իրական-ապրված կարող էին առաջացնել դրանք: Մանկական երկաթուղում օրեր առաջ Լիլիթ Բլեյանը Սոնայի ու Սոնայի քեռի Դավթի հետ նավակ էր վարում հավաքովի, ինչպես ես հաշվեցի, (10x20x0,7) մետր չափսերով ավազանում… Իսկ ես պտտվում էի ավազանի շուրջ, պտտվում-տեղս չէի գտնում… «Սեբաստիա» մարզադաշտում անցյալ տարի չկարողացանք Առնոլդ Բլեյանի հետ այսպիսի մի գործ անել… Օրեր առաջ Արհեստագործական-քոլեջի ներքին բակում տեղադրված 4x3x1 բաքի շուրջն էինք հերթական կոնսիլիումի հավաքվել… լավ, որքա՞ն այսպես աներեխա-անջուր պիտի մնա այս ավազանը…
Եվ Կարինե Մամիկոնյանի սաների այս ռոդարիական տիտիկը Գեղարվեստի մեծ լողավազանի տախտակամածի վրա… Ախր, տեսե՞լ եք՝ ի՜նչ զզվանք է թաքցնում այդ տախտակամածը…
Իսկ Դպրոց-պարտեզում Արմինե Գյոնջյանի դասարանը վայելքի մեջ էր՝ համառորեն չօդափոխվող նախանձի առարկա ծածկած լողավազանում:
Փակ լողավազանում Դպրոց-պարտեզի Սաթենը, Էդիկն ու Գոռն են:
Լուսանկարները՝ Տաթև Համբարյանի:
Ես հայտարարում եմ լողի շրջանի մեկնարկի մասին. Մայիսյան հավաքի նորամուտի ծրագրում կատարում եմ հավելումներ՝ ներկած-մաքրած անվտանգ լողի շրջանն սկսելուն պատրաստ Գեղարվեստի ու Արհեստագործականի ավազանները… Դպրոց-պարտեզի լողավազանում կսկսի ուսումնական պլանով նախատեսված «Հանրակրթական լողի» ստուգատեսը 6 տարեկան առաջին դասարանցիների ու չորրորդ դասարանցիների համար (բոլորի՝ կրթահամալիրի ո՛ր դպրոցում էլ որ լինեն): Այո՛, այո՛, ես որոշել եմ մինչև հունիսի մեկը կրթահամալիրի համար գնել (ձեռք բերել) հավաքովի-բաց-մեծ ժամանակակից լողավազան՝ «Սեբաստիա» մարզադաշտում (Բաբաջանյան 25) տեղադրելու համար: Լսեցի՞ք, մարդիկ, ներկայացրե՛ք գնային առաջարկ պատշաճ… կամ… Նվիրե՜ք:
Մարմնակրթության բացօթյա պարապմունք չորրորդ դասարանում:
Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի:
Ինչպես պայմանավորվել ենք, ով առաջինն է իմանում ինչ-որ կարևոր տեղեկություն, լուր կամ նորություն, հայտնում է, որ բոլոր սեբաստացիներն էլ իմանան, որտեղ էլ որ լինեն, ո՛ր տարիքում էլ լինեն… Ահա, ես կարդում էի համացանցում ու տեսե՛ք՝ ինչե՜ր իմացա՝ իմ օրագրով փոխանցելու համար: Ինչո՞ւ պահեմ-հետաձգեմ, ինչո՞ւ հիմա չփոխանցեմ…
- Մասնագետները վաղուց խորհուրդ են տալիս երեխաների համար գիշերը հեքիաթ կարդալ. մինչդպրոցական՝ 3-5 տարեկանում գլխուղեղի զարգացման ճգնաժամային շրջանը բաց թողնել չի կարելի: Երեխաների համար հաճախ հեքիաթ կարդալը բարձրացնում է խոսքի իմաստը հասկանալու կարողությունը:
- Պարզվել է, որ նստարանների մոտ կանգնած սովորողներն ավելի ուշադիր են, քան նստածները:
- Իսկ ամերիկացիները կառավարվող փամփուշտ են փորձարկել. հարվածել շարժվող թիրախներին, եթե նույնիսկ այն փոխում է արագությունը… շարժվում արագ կամ դանդաղ:
- Ճապոնիայի վարչապետ Աբեն, ով ճապոնական կառավարության առաջին ղեկավարն է, որ ելույթ է ունեցել ԱՄՆ-ի կոնգրեսի ներկայացուցիչների պալատի և սենատի առջև, խոր ափսոսանք է արտահայտել 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ իր երկրի գործողությունների համար:
Դավթապատում:
Լուսանկարները՝ Աշխեն Թադևոսյանի:
Դավիթ Բլեյանը նման է զեբրի՝ վագրաձիու… Կհարցնե՞ք՝ ինչո՞վ… Զեբրի գծերով այս շորն է հագել, մայրիկն էլ շեշտել է.
— Ոնց որ զեբրիկ լինի իմ տղուկը…
Դավիթը թողել է ամեն ինչ (առավոտ է, պիտի ժամանակին գործի-դասի-պարտեզ հասնենք) ու իր գրադարանի գրքերում զեբր է փնտրում… Լավ է, շուտ գտավ…
— Էլ ինչո՞վ եմ ես զեբր… Ի՞նչ է ուտում զեբրը… Որտե՞ղ է ապրում… Ինչպե՞ս է ծնվում… Ո՞վ է պահում զեբրի բալիկին: Զեբրը մարմնի վրա քանի՞ գիծ ունի։
Ա՛յ, Արմինե, ուրիշ շոր չունե՞ր այս տղուկը. դե, հիմա, օրագրի ընթերցող, պատասխանի՛ր, գրիր՝ ամեն ինչ իմանանք զեբրի մասին… Իսկ մենք հիանում-զարմանում ենք մեր զեբրիկով:
Իսկ ավազանների մասին գրելու ամենաուժեղ խթանը, այնուամենայնիվ, կրթահամալիրի Ավագ դպրոցի Վահե Պապոյանի, էկոլոգների ակումբի «Էկոտուր 2015»-ին ներկայացրած նյութերն էին Երևանյան լճի, Գետառի, Հրազդանի ավազանների մասին…
Մայր դպրոցում կրթահամալիրի տնօրենի առաջին հեծանվակայանատեղին երաժշտության ուսումնական կենտրոնի բակում:
Լուսանկարները՝ Սվետա Ճաղարյանի: