Ճամփորդ տիարի ետևից ո՜նց կհասնես. մնում է, որ օրագրով-պատումով իր հետագծին հետևես, այն էլ, որ բարեխղճությունը անընդհատ դարձնի իմ գիրը, ինչպես մտահղացվել է․․․
Արատես՝ իմ սանիկներ Գևորգ Հակոբյանի, Միքայել Ղազարյանի ու Տաթև Համբարյանի հետ, Գյումրի-Ազատան՝ Յուրա Գանջալյանի, Անի Նավասարդյանի, Անի Սարգսյանի ու Տիգրան Ադամյանի հետ, հին ու նոր Չանախչի-Զանգակատուն՝ կրթահամալիրի գրական ակումբի հետ, ուխտագնացություն Շատիվանք՝ Շատինով, Շատինի ձորով նախագծային խմբի հետ, հետո՝ Արատես, հետո՝ Եղեգնաձոր, գիշերումով Համլետ Խաչատրյանի հայրական, եղբայր Խաչիկի հյուրընկալ տանը, հետո անցում Գևորգ Հակոբյանի ու Սմբատ Պետրոսյանի հետ Արտաբույնքով, Արտաբույնքի ձորով, Հորբատեղ, Հորբատեղից լեռնանցում, Սալլի գյուղ, Քարագլխի ձորով-Շատինով-Գետափով-Արտաշատի խճուղով վերադարձ․․․
Համլետ Խաչատրյանի հայրական տանից․․․
Քանի՜ կմ անցա այս արանքում ոտքով-մեքենայով-հեծանվով… Արտագնա ճամբար դարձավ շաբաթը՝ տասնյակ ու տասնյակ ընտանեկան հանդիպումներով-հյուրասիրություններով, տասնյակ ու տասնյակ կապերի հաստատումով-նորոգումով․․․ Շնորհակալ եմ Արմինեին-Դավթին, կրթահամալիրին, որ հանդուժեցին քիչ է՝ աջակցեցին, ապահովեցին իմ այսպիսին լինելը․․․
Ի՞նչ տվեցի՝ ո՞նց կիմանաք, ո՞նց կչափեք, եթե ոչ շարունակությամբ, կապերով աշխատանքային, մարդկային, պատմելու հավեսով, որ անցնում է՝ հենց մտնում եմ Երևան․․․ Ինձ կորցնում եմ մայրաքաղաքում։ Շաբաթը անցած փաստեց, որ իմ սիրտը լեռներում է, ճամփեքին, ճամփորդ լինելը բնական գոյաձևն է իմ։
Իմ նոր բաճկոն-անձրևանոցը թույլ կտա հեծանվից այլևս չիջնել, անգամ երբ անձրև լինի, տեղատարափ․․․ որ շուրջտարյա դառնա հեծանվաերթը։
Շատիվանքի ուխտի ճանապարհին․․․
Դավիթ Բլեյանը հարցնում է.
— Ինչո՞ւ առաջ, երբ ես փոքր էի, իրար հետ Երևանում քայլում էինք․․․
Հիմա, Աստղիկի ծնունդին ընդառաջ հարկ է վերականգնել ներերևանյան համատեղ ճամփորդությունները, թափառումները, հայր ու որդի Բլեյանների նոր ուսումնական, երևանյան նախագծերի իրականացումը․․․
Վայոց ձորի, Եղեգիսի համայնքի Սալլի գյուղում չէի եղել, իսկ Հորբատեղ-Սալլի անցումը Արատեսի դպրական կենտրոնի նոր քայլուղին է հայրենագիտական։ Ներեցեք, սեբաստացիներ, որ գրվել էիք մեր այս խմբում։ Մենք հետախուզական այց կատարեցինք․ հիմա գիտենք Հորբատեղի՝ արշավի հրահանգիչ բնակիչների, օրինակ՝ հայտնի անասնապահ Մարտիրոսը, նախկին գյուղապետ Գագիկը Սանդրոսյան, Հրահատը, որ մեզ՝ սովորողների-ուսուցիչների խմբերին դեպի Սալլի անցումներին կուղեկցեն, գիտենք հյուրասեր-սրտաբաց սալլեցիներին, յուրաքանչյուրը՝ Նվեր Հովակիմյանի ընտնիքի նման, որ իրենց տուն կառնի…
Սալիի կենտրոնում՝ տպավորիչ-հարյուրամյա ընկուզենիների բացատում, աղբյուրի մոտ, ինձ ո՞նց նկատեց Նվերը տանից, ընդառաջ ելավ ու դժվարին-երկարատև ճամփից ընտանեկան ջերմության-սեղանի մեր պահանջը բավարարվեց լիուլի, մեր ձորից ձոր՝ Արտաբույնքով Քարագլուխ-Եղեգիս անցման պսակը դարձավ․․․ Երբ ամեն ինչ կա, հավաքի օր է՝ խնձոր-տանձ-պոպոք-մեղր-մածուն-այծի պանիր․․․ ղավուրմա․․․ օղի… Ու Նվերի կնոջ՝ Զարուհու և ուսանող աղջիկ Էլիզայի՝ լավ իտալական ֆիլմին հատուկ ներկայությունը… Նվերին՝ մասնագիտությամբ ագրոնոմ, ներկայացնելու կարիք չկա․․․ իսկական նկարիչ։ Նախկին ադրբեջանաբնակի նոր տան մեջ շնորհակալություն հայտնելու այլ միջոց չկար․ ծիծաղով-զոռով, չնկարելու խոստումով ես տան շուրջ այնպիսի՜ պտույտ արեցի, Սմբատի ֆոտոն վկա, այնպիսի՜ մի քանդում՝ վերջին 50 տարվա միջամտությունների, այնպիսի՜ ամբողջական լուծում բաց-կանաչ հարթակում ընդարձակ․․․ Կտեսնե՜ք․․․ Ես ու Նվերն ընկերացանք, ու նախագիծն իմ Սալլի-Հորբատեղ, Հորբատեղ-Սալլի անցումներին- դադարներին կմշակվի, կկայանա․․․
Հորբատեղ-Սալլի անցումով․․․
Մենք՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրով, Արատեսի դպրական կենտրոնով, կարող ենք դառնալ կենդանի կամուրջ զարմանալի աշխարհների, ձորերի, մարդկանց միջև՝ Քարագլխի-Եղեգիսի-Արտաբույնքի․․․ Այսպիսի նոր գեղագիտություն-ճաշակ-զվարթություն բերենք բնակիչներին ձորերի․․․ Երազներին, դրսին-իշխանություններին, սպասումներին, Երևանին ուղղված հայացքները կտրենք, ուղղենք դեպի իրենց ներսի ջրհորները, ակունքները, արթնացումի ուժ փոխանցենք․․․
Հորբատեղում անցյալ տարի ծնունդ չի եղել, այս տարվա նոյեմբերին էլ իրադարձություն կդառնա գյուղի համար., Սալլիում առաջին դասարանցի չկա․․․ Ամենուր երկրագործ մարդիկ, իրենց զրկելով, իրենց երեխաներին պահում-ուսանող են դարձնում, ղրկում Երևան ու իրենք մնում են մենակ, այս զարմանալի բնակավայրերը դարձնում անհեռանկար ծերանոցներ․․․ Մեկը մյուսին հերթ չտալով, իրար հետ մրցելով՝ այն ծառի բույնն են կտրում, որի վրա նստած են․․․
Շատինում քանի՜ տուն հյուր եղա, քանի՜ հրավեր առաջիկա օրերին թողեցի․․․ Շատինի մարդկանց պատած անհասկացողությունը հաղթահարվում է. Շատինի երկրագործ Ռազմիկի, Արմանի հետ այս օրերին ոչ միայն ընկերացանք, հաց կիսեցինք… Այնքա՜ն հետաքրքիր էր իրենց լսելը․․․ Իսկ Ռազմիկի 83-ամյա հորը՝ երկրագործի ուժով-առաքելությամբ-հիշողությամբ, դեռ քանի՜ ուսումնական նախագծի հերոս կդարձնենք․․․
Բարի լույսը Արատեսում․․․
Նկարաշարերը՝ Աշոտ Բլեյանի օբյեկտիվից։
Առաջին լուսանկարը՝ Սմբատ Պետրոսյանի։
Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1485