Ջազի ուղեկցությամբ…

Իմ աշխատանքային օրվա ընթացքում ես հաճախ եմ հայտնվում հեծանվի վրա. դուք զբոսնում, քայլում եք, ես վարում եմ…. Իմ աշխատավայրը  կրթահամալիրն է, հեծանիվն ինձ համար փոխադրամիջոց է, անհրաժեշտ-հարմար՝ մի դպրոցից մյուսը, մի կրթական օբյեկտից մյուսը գնալու համար։ Ես սկսել եմ ավելի լավ ճանաչել Բանգլադեշը՝ իր Բ-1, Բ-4, «Անկախ մայլա» թաղամասերով, մշտապես փնտրում եմ հեծանվի համար ավելի հարմար՝ անվտանգ-համապատասխան-գրավիչ կածաններ, այսպիսով իմանում բնակավայրի ծակուծուկը, նոր շփումներ ունենում, անակնկալ ուրախություն պարգևում մարդկանց.  քիչ է՝ հանդիպում են Աշոտ Բլեյանին, հետն էլ՝ հեծանվի վրա, իրենց շենքի բակում, իրենց տաղավարում… Առաջ՝ ավտոմեքենայով կառավարման իմ դարում, այլ էր վիճակը. Բանգլադեշիս նայում էի ծառայական մեքենայի պատուհանից կամ հետիոտնի մշտական անցումներից…

Ինչո՞վ են զբաղված մեր բնակիչները, օրվա տարբեր ժամերին իրենց հարյուր տարվա բարձրահարկ շենքերի բակերում, շենքամերձ տարածքներում։ Ոգևորիչ քիչ բան եմ տեսնում. բլոտ-նարդի-շախմատ են խաղում առավոտից գիշեր, անվերջանալի ու կրկնվող խոսքուզրույցով. լավ են անում։ Բա մարզական պարապմունքներով զբաղված, իրենց երեխա-թոռների  հետ հեծանիվներ, այլ անվավոր միջոցներ վարող, վարժանք, ուսումնական զբոսանքներ կատարող մարդիկ ո՞ւր են: Ո՞ւր են հեծանվաուղիները մանկական, հեծանվակայանատեղիները, որ մարդիկ երեխաների ու իրենց հեծանիվները չբարձրացնեն իջեցնեն:

«Բանգլադեշ անիվների վրա». տեսանյութը՝ Անի Սարգսյանի:

[embedplusvideo height=”220″ width=”350″ editlink=”http://bit.ly/1Je00BE” standard=”http://www.youtube.com/v/9IYB8ft4VDM?fs=1″ vars=”ytid=9IYB8ft4VDM&width=350&height=220&start=&stop=&rs=w&hd=0&autoplay=0&react=1&chapters=&notes=” id=”ep2599″ /]

Ո՞ւր են երկրագործությամբ՝ իրենց երեխա-թոռների հետ միջավայրի խնամքով, ծաղկով ու ծառով, բակի կանաչով զբաղվող մարդիկ: Ովքե՞ր պիտի ջրեն, վարեն, խուզեն, մաքրեն, ձևավորեն, ներկեն, բարելավեն, եթե ոչ բնակիչները…

Սեբաստացիների ամենօրյա խնամքի արդյունքում…
Լուսանկարները՝ Մարիետ Սիմոնյանի։

2015 մայիս ամսվա մեր օրերի ամենախառնված-կենտրոնում հայտնված մարդիկ՝ 12-րդ դասարանցիները, դպրոցական շրջանն ավարտողները սկսել են… խոսել, գրել, հուզվել ու հուզել, պատմել-խոստովանել, ի մի բերել… Կենդանի զգացումներ են . mskh.am-ի, «Լուսաստղ»-ի, մեր մյուս պարբերականների, բլոգների թույլտվությամբ առանձին հույզեր բերեմ իմ օրագիր. ձեր կյանքը, սիրելիներս, իմ կյանքի նման է, ճիշտ այնպես, ինչպես ես կամ ձեր կյանքում. իրար կյանք կերել ենք, չէ՞…

«Ինձ ամենից շատ կրթահամալիրում զարմացնում է բազմազանությունը՝ աշակերտների, ուսուցիչների, հետաքրքրությունների, բնավորությունների, նախասիրությունների… Ամեն ոք անում է այն, ինչ իրեն դուր է գալիս և այստեղ է հենց ձևավորվում ազատ, ինքնահաստատված անհատ»:

Հեղինակն է 12-րդ դասարանցի Ամալյա Մնացականյանը, որ կարծեմ «Այբ» ավագ դպրոցից է տեղափոխվել անցյալ տարի: Կարդացե´ք ամբողջությամբ. ինձ հատկապես անակնկալի բերեց Ամալյայի՝ մեզնից այն կողմ տիրապետող կանոնների դպրոցը, Ջանի Ռոդարին սրան անվանում էր «դասացուցակով ուղղիչ տուն», «կանոններ, որ խախտել չէր կարելի երբեք»…

Լիլիթ Աղաջանյանի՝ ռեժիսորի մասնագիտական կրթություն ստանալու որոշման մասին տեղեկացա նրա «Անցումային խոհերում»… Սկզբում՝ չէ հա, հետո էլ՝ ուրիշ ի՞նչ, իհարկե…

«Էստեղ զարգացրեցի գրավոր արտահայտման հմտություններս՝ վերլուծություններ, թարգմանություններ: Ու դա ապարդյուն չեղավ նաև նյութական տեսանկյունից. «Տիգրան Հայրապետյան» մրցանակի կարևորությունը գուցե ստանալու պահին այդքան էլ չէի գիտակցում, բայց հիմա հասկանում եմ ու հպարտ եմ, որ արժանացել եմ դրան:
Դպրոցում ինձ համար շատ կարևոր վայր է մեր գրադարանը, որն ինչքան ասես փոխեց իր տեղը, բայց մեկ է՝ միշտ ստեղծեց ու ստեղծում է աուրա, որտեղ յուրաքանչյուրը, անկախ նրանից սիրում է կարդալ, թե ոչ, իրեն հարմար ու հանգիստ է զգում: Ինքս եղել եմ դրա ներսի մասնիկներից ու տեսել եմ, թե որքան ջանք ու եռանդ են ներդնում որակ ու հաճելի մթնոլորտ ստեղծելու համար»:

Լիլիթի այս ճշգրիտ բնութագրումը կրթահամալիրում ներկայացնում է «Սեբաստացի» ռադիոն՝ իր հերթական՝ թվով 107-րդ ամենօրյա ռադիոյով… Ես առանձնացնում եմ Գեղարվեստի ռադիոյի թողարկումը. ընդամենը 03.35 րոպեում տեսեք՝ որքա՜ն կյանք՝ «բազմազանություն՝ աշակերտների, ուսուցիչների, հետաքրքրությունների, նախասիրությունների»:

Մեր բնակարանի ծաղկած բնակիչները….
Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի։

Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների տարի է մնում 2015-ը. մեր-իմ կյանքն է, ու իմ օրագիրը չի կարող շրջանցել այս փաստը… Հարութ Սասունյանը՝ ԱՄՆ «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչը և գլխավոր խմբագիրը, հայոց մեջ ճանաչված գործիչը գրում է. «Դեմ եմ առանց ցեղասպանության ճանաչման ու հատուցման Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատման»: Սրա՝ Հայաստանի և Թուրքիայի միջպետական հարաբերությունների վերաբերյալ խոսելիս մի պայման կա՝ Հայաստանում կամ Թուրքիայում ապրելը: Արի՛, ապրիր Հայաստանում, դարձիր մշտական բնակիչ, ինչքան ուզում ես՝ դեմ կամ կողմ խոսիր… Ինչպես ես իրավասու չեմ պայմաններ առաջարկելու ամերիկացիներին Թուրքիո հետ հարաբերությունների վերաբերյալ: Ապրել մարդավարի քո երկրում այսօր, ինքնադրսևորվել քո ողջ տաղանդով այսօր, այդ ինքնադրսևորման արդյունքում ու միջոցով շենացնել քո երկիրն այսօր ու անընդհատ… սրան ի՞նչ նախապայման եք հնարել, որի հոմանիշը մահանան չէ…

Երեկ, երբ ես նորից Գեղարվեստի դպրոցում էի, իմ օրագրի հերոսը՝ Արթուր Շահվերդյանը, իր ընկերների, ուսուցիչների հետ կախել-ավարտել էր իր անհատական ցուցադրությունը… Արման Գրիգորյանի հետ խոսել չէր լինում՝ վայելքի մեջ էր… Ուսուցչի վայելքն այսպիսին է լինում… Էլիզա Բաղդիյանը շողում էր ու Արմանի-ինձ հետ քննարկում իր անհատական ցուցադրության ու համերգի տեղը, վայրը, ձևը, օրը… Սա ուրիշ պատմություն է… Գեղարվեստի բակում 11-րդ դասարանցիներ Հայկ Ֆուրունջյանը, Տիգրան Գրիգորյանը, իմ օրագրի հերոս Երեմ Գալստյանը, Գայանե Առաքելյանի մշտական ներկայությամբ  քննարկումից անցել են լողավազանի մաքրման, բարելավման-ներկման աշխատանքին… Իմ այցին սպասում էին. պիտի հասցնեն, չէ՞, մայիսյան հավաքին, նույն կերպ և Արհեստագործականի տղաները՝ Արտեմ Խաչատրյանի ստանձնած, իրենց բակի լողավազանը։ Գործի հալալ բաժանում է, ընկերներ. ներկը, գործիքները՝ ինձնից, աշխատանքը՝ ձեզնից։

Ծաղկած, կանաչապատ Գեղարվեստի դպրոց:
Լուսանկարները՝ Մարիետ Սիմոնյանի

Մայր դպրոցի բակում Արտեմ Խաչատրյանը փորձարկում, Միջին դպրոցի երկրագործության կազմակերպիչներին ներկայացնում էր նոր խոտհնձիչը՝ իր բոլոր առավելություններով… Ժամանակին կրթահամալիրի խնամքի տակ գտնվող ողջ հողային տարածքին մոտենալ որպես թիվ մեկ հարստություն և թիվ մեկ հարստության սեփականատեր զգալ քեզ՝ մշակել, ջրել ժամանակին ու խուզել, այսպես՝ շարունակ-անընդհատ, որ ունենանք կրթահամալիրի կանաչ Բանգլադեշ, որ իրավունք ունենանք բաց, միջազգային «Էկոտուր» անցկացնել, ինչպես այս՝ թվով 5-րդը… Այո´, եթե դու ինքդ քո շրջակա միջավայրը չես խնամում-կանաչեցնում, ի՞նչ իրավունքով ես խոսում, բողոքում, պահանջում, նախագծեր ներկայացնում… Ո՞վ անի… Գործի՛դ կաց, ասել եմ-ասում եմ էկոտուրի մասնակից վրաստանցուն, հայաստանցուն, արցախցուն, բոլոր տարիքների մարդուն, մաճը ձեռքիցդ բաց մի՛  թող, առանց նախապայմանի… Սա էլ քեզ՝ հինգ տարիների էկոտուրի դևիզը…

Մեր նոր գործիքը:
Տեսանյութը՝ Մարիետ Սիմոնյանի

[youtube https://www.youtube.com/watch?v=uLWxw7R5ECc?rel=0]

 Ֆոտոխմբագիր՝ Մարիետ Սիմոնյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հակաբացիլ մանկավարժության հեղինակների կրթամշակութային արշավ

Փախստականներն իբրև քաղաքակրթական դոնորնե՞ր… Անշուշտ, երբ մարդուն կամքին  հակառակ զրկում են իր բնօրրանից կամ ստիպում  են լքել այն, դա ողբերգություն է: Սակայն եկեք խնդրին  նայենք ավելի ընդհանրական ու խորքային  դիտանկյունից…

Գեղեցիկ, ինչպես դժոխային մեղքը․․․

Իմացա՞ք՝ մշտական վարսավիր, սեբաստացի Հրայրի և Հովսեփի հայրիկ Իսրայելի մոտ մազերս մարզիկի սանրվածքով կտրել եմ, ու երեկ առավոտվա ճախրանքը հեծանվային դրախտի ճամփով՝ Խանջյանից ծովակալ Իսակովի ափով-Երևանյան լճով-Սեբաստիայով, նաև սրանից է․․․ Ճամփի

Այս ամառը, մեր երեխաները, երևանյան այգիներն ու թաղային բակերը

Մայրաքաղաքի այգիները (կանաչ զանգվածները) բռնել են մի կողմից` սրճարանները` իրենց էստրադայով-մուզիկով, մյուս կողմից՝ մանկական զվարճանքի օբյեկտները՝ իրենց կարուսելներով-պաղպաղակով-դրա նմաններով… Սրանք էլ ունեն իրենց աղմուկը-մուզիկը, իրենց էստրադան… Կա՛մ սա ընթացք է,