Գիշերը՝ ժամը 4-ից 6-ը, տարվեցի ընթերցանությամբ. իմ ընտրությամբ երեկ մարզա-համերգային համալիրում մեկնարկած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային համաժողովից դիտում-լսում եմ առանձին մարդկանց ելույթները։ Համաձայն եմ-համաձայն չեմ, անընդունելի-ընդունելի՝ ես աշխատում եմ բարեխիղճ, այս անգամ որպես ունկնդիր, ու փորձում եմ  հասկանալ դիմացիններին, դրանց մեջ՝ ականավոր ցեղասպանագետներ (ի՜նչ էլ մասնագիտություն է), որ հիմա Երևանում են։ Երբ հասկանում ես, հեշտ է. չհասկացածի նկատմամբ, կրկնո՞ւմ եմ, ակնածանք չունեմ։ Ահա իմ օրագրի ընթերցողներ, ուսումնական աշխատանքային առօրյայից ազատ օրվա (օրերի) համար մի քանի նյութ եմ առանձնացնում. կարդացեք՝ առանց մեկնաբանության։ Ֆլեշմոբի կտրվի՞ իմ օրագրի հղումների ընթերցումը։

Ամենանյութը, ահա՝ երաժիշտ Երվանդ Բոստանջին լքել է Լոս Անջելեսը և վերադարձել Դիարբեքիր… հայկական ժողովրդական երգեր է ներկայացնում քաղաքով մեկ, ընկերների հետ տնական գինի խմում… Ելնեի, այս օրերին (անընդհատ հետաձգում եմ Դիարբեքիր գնալս) գնայի Բոստանջիի հետ թափառեի քաղաքով, գինի խմեի… Հետո այդ մտքից ետ կանգնեցի, երբ հիշեցի՝ 1733 կմ ճանապարհ պիտի անցնեմ… Բոստանջիի երգը՝ հատուկ Գրիգոր Խաչատրյանի համար. վկայագիր որպես, որ կենցաղային հայերը, թուրքերը, վրացիները, ադրբեջանցիները շատ էլ արժանի են իրար ու նման, և պետք չէ սրանից վիրավորվել ու ժողովուրդներին իրար դեմ հանել։

Հիշում են, երբ մոռանում են… «Ցեղասպանությունը» բառ է, եզրույթ է, ես եթե գործածում եմ, հարկադրված, մեր նորագույն պատմության ամենաողբերգական եղելության վերաբերյալ՝ Հայոց ողբերգության։ Իսկ ողբերգությունը, երբ այն ապրում ես, անկարող ես դառնում մոռանալու, քո անունն է դառնում, քո խարանը… Ու խնդիր է դառնում ապրելը։ Խնդիր եմ ասել, է՜, հայոց համար… Դրա լուծումն ահա,  Բոստանջին է տվել՝ ապրելով։ Լոս Անջելեսում ապրելով չի հիշել ու պահանջել, այլ վեր է կացել ու գնացել Դիարբեքիր՝ առանց երաշխիքի, առանց դատապարտման ու Թուրքիայի կողմից ճանաչման, ապրում է մարդը իր համար։ Մեր հռչակած ազատ Հայաստանում մեր ապրելը թողած՝ գլխավոր գործ է դառնում հիշելը և պահանջե՞լը։

 

Իմ բլոգի ընթերցարանում տեղադրեցի 2009-ի՝ Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրության տեքստը։ Ես կրկին կարդացի։ Ինչո՞ւ ՀՀ Ազգային ժողովի «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ» հայտարարությունն ուղղված չէ Թուրքիայի իշանություններին և թուրք հասարակությանը։ Ինչո՞ւ եք համառորեն ձախողված ներկայացնում Դարդանելի (Գալիպոլիի) ճակատամարտի 100-ամյակին նվիրված հավաքը, երբ պաշտոնատար մասնակիցների քանակով այն գերազանցում է Հայաստանում անցկացվողը։ Սա ի՞նչ մրցակցություն է անմիջական հարևանների՝ ցեղասպանողի և ցեղասպանվածի միջև… Ձախողում չէ՞ առճակատման այս խորացումը, այս իրար դեմ դուրս գալը…

Ինձ շանթել է «Ականի պայթյունի հետևանքով ՊԲ–ն մարդկային կորուստ չի ունեցել. ԼՂՀ ՊՆ» հաղորդագրությունը… Ես ուզում եմ հասկանալ նախ սրա ողջ խորությունը… Ի՞նչ, ադրբեջանցիներն սկսել են նոր տեխնոլոգիանե՞ր կիրառել, որ ական պայթեցնե՞ն Հայաստան-Ադրբեջան-Արցախ հարյուրավոր կիլոմետրանոց միջպետական-միջգյուղական, պարզապես ճանապարհներին… հեռակառավարմա՞մբ… Նշանառուի թիրախում մինչ այս երկու կողմից զինվորն էր, հիմա կարող է դառնալ յուրաքանչյուր ճամփո՞րդ-բնակի՞չ՝  կին, երեխա… Ու այս լուրը պաշտոնապես չի հերքվում, այլ սոսկ ճշգրտվում է՝ իբր զոհերի մասով… այս անգամ՝ հրաշքո՞վ… Իսկ հետո՞… Իսկ կիլոմետրեր այս կողմ սրբադասում են, ոգեկոչում են, քննարկում են, ճանաչում են, կոչում են, հոխորտում են, հերոսանում են…

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Պիտի տեսնելուդ ունակությունը կերտես, որ տեսնես այն, ինչ չեն տեսնում ուրիշները…

Լուսանկարը` Արմինե Աբրահամյանի: Ո՞վ է եղել Երևանի վարչական տարածքում գտնվող աղի հանքում, ոչ թե քաղաքի` այդ անունով հայտնի մասում, այլ բուն աղի հանքում… Աղի հանքեր կան աշխարհով մեկ, որոնցից շատերը

Ինչպե՛ս հայտնենք շնորհակալությունը…

Միշտ եղել է ու կա՝ մեզանում-ձեզանում… Նախ՝ «ողջույն» ու հետո՝ «շնորհակալ եմ»: Մեզանում բարյացակամության մեծ պակաս՝ ընտանիք, հավաքանի, հասարակություն ստեղծող այս ատաղձի… Առանց առիթների, որպես առօրյա ծանոթի-անծանոթի նկատմամբ բարյացակամ լինելու

Ես եղել եմ, ես կամ Նոր ուղի…

Քեզ պիտի հետաքրքիր լինի քեզ փոխելը։ Քո փոխվելով ազդես քո ընտանիքում և հասարակության մեջ…. 1in.am Հարցազրույցը վարում է Սիրանույշ Պապյանը