Իննսունականների վերջերին գրեթե ամեն օր թերթերում հայտնվում էին տարբեր նյութեր Աշոտ Բլեյանի մասին: Որոշները գովաբանում էին, որոշներն էլ՝ անհիմն ու միտումնավոր պախարակում նրա անբասիր եռանդուն աշխատանքը՝ իշխանություններին դուր գալու համար: Հոդվածներից մեկի վերնագիրը «Կրկին Բլեյանի մասին» էր, և ես որոշեցի նույնպես գրել նրա աշխատաոճի ու ունակությունների, կատարածի ու որոնածի մասին՝ նույն վերնագրով…

Ես շատ երկար եմ աշխատել Գիտության և կրթության նախարարությունում (30 տարուց ավելի), այդ ընթացքում փոխվել են 10-ից ավելի նախարարներ՝ սկսած երջանկահիշատակ Շավարշ Սիմոնյանից, ով դպրոցավարության մեծ գիտակ էր ու կարողանում էր առանց խուճապի, հանգիստ լուծել այն ժամանակվա դպրոցի առջև ծառացած ցանկացած բարդ խնդիր, վայելում էր շրջապատի, ենթակաների մեծ հարգանքն ու սերը: Չեմ կարող չխոսել նաև Սերգեյ Հախումյանի մասին, ում համակարգի աշխատակիցները ևս շատ սիրում ու ենթարկվում էին: Նրա ասածը երբեք չէր քննարկվում. կատարվում էր անշեղորեն ու ժամանակին: Սեմյոն Տիգրանիչի հետ մենք աշխատեցինք շուրջ 20 տարի, որոնք եղան հայ դպրոցի վերելքի ու բարգավաճման տարիներ: Բավական է ասել, որ այդ տարիներին հանրապետության 1400 հանրակրթական դպրոցներից 863-ի համար կառուցվեցին ու կահավորվեցին նոր-տիպային շենքեր (դպրոցների 60%-ից ավելին), որը հնարավորություն ընձեռեց բոլոր դպրոցներում անցնելու մեկհերթյա պարապմուքների:

Համակարգում լավ համբավ թողեցին նախարարներ Արեգ Գրիգորյանն ու Հայկ Ղազարյանը, ովքեր օժտված էին մեծ գիտելիքներով ու աշխատունակությամբ, սակայն կուսակցականացված կառավարությունները թույլ չտվեցին, որ նրանք դրսևորեն իրենց ունակությունները:

Քանի որ սույն նյութն Աշոտ Բլեյանի աշխատաոճի, ունակությունների ու կատարածի մասին է, նախաբլեյանական ժամանակահատվածին ես կանդրադառնամ մեկ այլ առիթով:

Պաշտոնավարման առաջին իսկ օրն Աշոտ Բլեյանը խորհրդակցություն հրավիրեց ու բոլոր վարչությունների պետերին հանձնարարեց 3 օրվա ընթացքում մանրամասն զեկուցագրեր ներկայացնել՝ համապատասխան բնագավառների վերաբերյալ և հատկապես նշել բոլոր առկա թերություններն ու բացթողումները: Ես, որպես շինարարության շահագործման վարչության պետ, 32 թերթից բաղկացած զեկուցագիր ներկայացրեցի և նշեցի բոլոր այն անելիքները, որոնց վրա պետք է սևեռվեր համակարգի ուշադրությունը: Առանձին հավելվածներ կցեցի վթարային ու օգտագործման ոչ պիտանի, ինչպես նաև ձգձգվող կիսակառույցների վերաբերյալ:

Անցավ 3 օր: Նախարարի հետ ես ուղիղ կապ ունեի և մի փոքր շփոթվեցի, երբ նա առաջին անգամ զանգահարեց, բայց վայրկյաններ անց նրա բարեհամբույր ու սիրալիր ձայնից հասկացա, որ զեկուցագիրը կարդացել է ու շատ հավանել: Նա ինձ խնդրեց առավոտյան ժամը 6-ին լինել նախարարության շենքի մոտ, քանի որ մեկնելու էինք Կամոյի շրջան և պիտի թիվ 9-ը դպրոցում լինեինք դեռ դասերը չսկսված: Ես նախօրոք առանձին տվյալներ պատրաստեցի այդ շրջանի ու քաղաքի մասին. աշակերտների, ուսուցիչների, դպրոցների ու մանկապարտեզների թիվը՝ ըստ տարիների, շենքերով ապահովվածության, կառուցվող օբյեկտների, նույնիսկ, գրքերով ու ուսուցիչներով ապահովվածության վիճակի մասին և, ամբողջ ճանապարհին, կողք կողքի նստած, քննարկում էինք շրջանի ու քաղաքի կրթության համակարգի վիճակը՝ նախանշելով մեր մոտակա և հեռանկարային անելիքները, որոնք պետք է քննարկեինք տեղի ղեկավարների հետ: Երբ մոտենում էինք Կամո քաղաքին, նախարարը, թեթև ժպիտը դեմքին, խոստովանեց, որ սկզբում մտադրված էր տեղափոխել ինձ իմ պաշտոնից, բայց զեկուցագիրը կարդալուց հետո, ինչպես նաև հասկանալով, որ իմ աշխատանքը զուտ սովորական ինժեներական աշխատանք չէ և պահանջում է համակարգի մանրամասն ու խորն իմացություն, որը ձեռք է բերվում տարիների ընթացքում, հրաժարվել է այդ մտքից:

Այդ օրվանից սկսվեց մեր սերտ համագործակցությունը, որն ինձ համար շատ ծանր էր՝ անընդհատ շրջագայություններ, անքուն գիշերներ, տարբեր փոքր ու մեծ հանձնարարություններ, ստուգումների ու շրջագայությունների վերլուծություններ, տրված խոստումների ժամանակին կատարում, և այլն: Բայց, չնայած այդ ամենին, անչափ բավարարվածության զգացում էր տալիս այն, որ այդ ամենը մեծ օգուտ է բերում դպրոցին ու երեխաներին: Նախարարի եռանդն ու օպերատիվությունը փոխանցվում էր նաև ինձ:

  1. Այժմ ես ուզում եմ ներկայացնել նրա աշխատանքը՝ կետ առ կետ։
    Չկար մի այնպիսի շաբաթ, որ նախարարը չմեկներ 2-3 դպրոց՝ դասերը սկսվելուց առաջ, չստուգեր ուսուցիչների ու աշակերտների հաճախումների վիճակը, դասագրքերի առկայությունը, շենքային պայմանները, միջոցներ չձեռնարկեր և հանձնարարականներ չտար՝ հայտանաբերված թերությունները կարճ ժամանակում վերացնելու՝ անձամբ հետևելով դրանց կատարմանը:
  2. Ես զարմանում էի նրա բացառիկ հիշողության վրա, թեև ամենը գրի էր առնվում, նա մանրամասն հիշում էր ամեն մի մանրուք՝ տարբեր կազմակերպությունների, տեղական մարմիններին օգնելով նյութական բազաների զարգացման հետ կապված տարբեր հարցերի լուծման գործում: Մեկ տարվա ընթացքում սովորել էր հանրապետության բոլոր քաղաքների ու շրջանների կրթության վարչության պետերի և գրեթե բոլոր դպրոցների տնօրենների անուններր:
  3. 3-4 ամսում եղավ հանրապետության գրեթե բոլոր դպրոցներում: Նրա աշխատաոճին ու պահանջներին համընթաց՝ տնօրենները ևս սկսեցին վերափոխվել ու համակվել աշխատանքով:
    Հատկապես կարգավորվեց ձմռան ամիսներին աշակերտների հաճախելիությունը, մի բան, որ անհնարին էր թվում այդ տարիների անմարդկային ցրտի, գազի և էլեկտրականության բացակայության պայմաններում:
  4. Դպրոցների շատ խնդիրների լուծումը, ասենք՝ նոր մասնաշենքերի կառուցում, ջրամատակարարում, տանիքապատում և այլն, կախված էին այլ կազմակերպություններից, և նախարարը պաշտոնական գրություններով դիմում էր այլ կազմակերպությունների ղեկավարներին, ժամանակ կորզում՝ նրանց հետ հանդիպելու, որի շնորհիվ խնդիրները մեծ մասամբ դրական լուծում էին ստանում:
  5. Կառավարության նիստերից առաջ նա հավաքում էր մեզ ու հանձնարարում ներկայացնել այն խնդիրները, որոնք գտնվում էին այդ գերատեսչության ենթակայության ներքո, և հաջորդ օրը մամուլից արդեն տեղեկանում էինք, որ շատ հարցերի ընթացք է տրվել:
  6. Հատկապես խստապահանջ էր նախարարը ձմռան նախապատրաստության հարցում: Այդ տարիներին, նախարարության ներկայացմամբ, տեղական բյուջեներին նպատակային գումարներ էին հատկացվում՝ դպրոցների համար ապակի ձեռք բերելու, օրական 3 լիտր հեղուկ վառելանյութ՝ մեկ դասարանի տաքացման համար (ներկայիս 2-ի փոխարեն), պոլիէթիլենային թաղանթ, նույնիսկ, քեչայից ժապավենեներ՝ ճեղքերը փակելու համար:
    Գաղտնիք չէ, որ անհրաժեշտ ջերմամեկուսացում կատարելուց հետո տնտեսվում է զգալի քանակությամբ վառելանյութ, և անհրաժեշտ ջերմային ռեժիմը երկար է պահպանվում:
    Այդ միջոցառումների շնորհիվ հաճախումները շատ բարձր տոկոս էին կազմում, ի տարբերություն ներկայիս ձմռան հաճախումներին:
  7. Ես չեմ հիշում, որ նախարարի ընդունարանում սպասած լինեմ՝ իր հետ հանդիպելու կամ որևէ գրություն ստորագրելու համար: Քարտուղարուհին արագ զեկուցում էր, նա իսկույն դուրս էր գալիս առանձնասենյակից, նույնիսկ, տարբեր հանդիպումների ու խորհրդակցությունների ժամանակ, մեկ ակնթարթում (գրեթե առանց կարդալու, միայն բանավոր հարցուփորձով) ստորագրում գրությունը և վերադառնում առանձնասենյակ: Այս ամենը խոսում էր նրա անսահման վստահության մասին: Ես մոտ եմ նախարարության բոլոր աշխատակիցների հետ նաև հիմա, թոշակի անցնելուց հետո, և գիտեմ, որ հիմա շատ վարչությունների պետեր շաբաթներով չեն կարողանում հանդիպել նախարարին:
    Նախարարի աշխատանքը, ինչպես Բլեյանն էր ասում, կապված էր վարչությունների պետերի ու փոխնախարարների հետ, և նրանք ցանկացած ժամի ազատ ելք ու մուտք են ունեցել իր մոտ: Նման աշխատաոճն ապահովում էր բարձր օպերատիվություն, ամենաբազմազան հարցերի լուծման աննախադեպ արագություն:
  8. Ուզում եմ առանձնահատուկ խոսել նրա դասագրքային (դասագրքաստեղծ) քաղաքականության մասին, թեև մասնագետ չեմ:
    Այդ տարիներին շատ էր խոսվում Բլեյանի դասագրքերի մասին: Այն մասին, որ դրանք, կա՛մ շատ բարդ են, կա՛մ չեն տալիս անհրաժեշտ գիտելիքներ:
    Մարդիկ չեն պատկերացնում դասագրքերի ստեղծման ու հաստատման բարդ պրոցեսը: Նախարարը միանձնյա չի կարող դասագիրք ստեղծել, դա արվում է համապատասխան գիտահետազոտական ինստիտուտների կողմից՝ ենթարկվելով բազմաթիվ, այդ թվում՝ նաև Գիտությունների ակադեմիայի գրախոսականին, նոր միայն հաստատվում նախարարի կողմից:
    Հիշում եմ՝ Բլեյանը միշտ ասում էր, որ ծրագրերը պետք է կազմվեն միջին առաջադաիմություն ունեցող աշակերտների համար և պարունակեն խաղային դրույթներ, որպեզի հեշտ ընկալելի լինեն, իսկ բաձր առաջադիմություն ունեցող աշակերտների համար կազմվեն առանձին ծրագրեր:
    Ի՞նչ բացասական միտում կա այս պահանջի մեջ, որն ավելի արդյունավետ է դարձնում  ուսուցչի աշխատանքը: Այժմ ո՞վ է խոսում դաագրքերի լավ ու վատի մասին, կամ ո՞ւմ է հետաքրիր այդ ամենը, չնայած որ շատ առարկաներ մինչ այժմ դասավանդվում են հենց նրա օրոք ստեղծված ծարգրերով ու դասագրքերով:
    Բլեյանը դպրոցը դարձրեց պետության բոլոր ատյանների ու ժողովրդի հոգածության առարկա, ու եթե թողնեին, որ նա իրականացրեր իր ծրագրերը, իսկ նա միակ մարդն է, որ գիտի՝ ուր տանել հայ դպրոցը, այն վերելք կապրեր ու հսկայական քայլերով կգնար առաջ:
  9. Կուզեի խոսել նաև շաբաթ և կիրակիի մասին: Այդ օրերին նրա աշխատանքը կրկնապատկվում էր՝ է՛լ կաբինետային, է՛լ տարբեր հանդիպումներ, է´լ այցելություններ, է՛լ զեկուցումներ ու խորհրդակցություններ, և նախարարության աշխատակիցներն անտրտունջ նրա հետ աշխատում էին՝ նույն երիտասարդական ավյունով ու եռանդով. կարծես բոլորը զարթնել էին երկարատև քնից ու աշխուժացել: Նախարարն իր աշխատանքով նոր լիցքեր էր հաղորդում մեզ:
  10. Հատուկ պետք է նշել նաև խորհրդակցությունների, զեկուցումների ու կոլեգիաների նիստերի մասին: Ընդունվածի պես երկար-բարակ քննարկումներ չէինք ունենում: Կարճ-կոնկրետ խոսվում էր հիմնահարցի մասին, նշվում էին լուծման եղանակներն ու համապատասխան հանձնարարականներ էին տրվում: Օպերատիվությունն ու արագությունն էին հիմնական աշխատաոճ դարձել, որն ընդօրինակվում և մեծ ազդեցություն էր ունենում համակարգի բոլոր ստորաբաժանումների վրա:
  11. Ես չեմ կարող հիշել մի դեպք, որ ենթակա օբյեկտների աշխատանքում թերացող անձանց նա չկարողանա համոզել ու հեղափոխել: Կարճ ժամանակում նրանք, զգալով նախարարի պահանջների ու դիտողությունների արդարությունն ու անհրաժեշտությունը, աշխատում էին անմիջապես վերացնել հայտնաբերված թերությունները. թերություններ, որոնք խանգարում ու անհնար էին դարձնում դասապրոցեսի կազմակերպումը:
    Այդ թվում՝ տանիքների, ապակեպատման, ջրագծերի ու կոյուղագծերի, էլեկտրասարքավորումների ու սանհանգույցների թերությունները, որոնք, հիմնականում, հետևանք էին տնօրենների անտարբեր ու անպատասխանատու վերաբերմունքի՝ իրենց վստահված նյութական արժեքների նկատմամբ:
    Կային տնօրեններ, որ կրկնակի ստուգումներից հետո խստիվ պատժվում էին կամ ազատվում աշխատանքից, և դա համաձայնեցվում էր կամ տեղական մարմինների հետ, կամ քննարկվում էր արտագնա կոլեգիաներում, ուր ներկա էին լինում տարածաշրջանի բոլոր կրթօջախների տնօրենները:
  12. Ընդամենը 2-3 ամսում մենք նախարարի հետ միասին եղանք աղետի գոտու գրեթե բոլոր կրթօջախներում: Ինչպե՞ս չհիշել Արթիկ քաղաքի թիվ 6, Արթիկի տարածաշրջանի Պեմզաշեն գյուղի, Գյումրի քաղաքի թիվ 18, Ստեփանավանի տարածաշրջանի Գյուլագարակ գյուղի, Վանաձոր քաղաքի թիվ 1, Սպիտակ քաղաքի թիվ 3 և բազում այլ դպրոցներ, որոնք վերականգնվեցին ու կառուցվեցին նրա անմիջական միջամտությամբ՝ ընդամենը մեկ տարում: Այդ ամենն արդյունք էր Սոցիալական ներդրումների հիմնադրամի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի, Նորվեգական խորհրդի հայաստանյան գրասենյակի և շատ ու շատ այլ ղեկավարների ու կազմակերպությունների հետ տարված նրա տիտանական աշխատանքի: Հանրապետության համար այդ ծանր ժամանակաշրջանում նախարարի աննախադեպ համառության ու եռանդի շնորհիվ վերակնգնվում ու կառուցվում էին տասնյակ նորանոր դպրոցներ, դպրոցական մասնաշենքեր, կառույցներ և այլն: Հիշում եմ, երբ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցների հաշվին հիմնանորոգման ենթարկվեց Երևանի ֆիզիկա-մաթեմատիկական գիշերօթիկ դպրոցի համալիրը և շահագործման ընդունվեց «գերազանց» գնանհատականով, նախարարն այնքան գոհ ու երջանիկ էր, որ ասաց ինձ.
    -Տեսա՞ր, տիար Ջաղինյան, մեր 10-ից ավելի այցելություններն ու հանդիպումները հիմնադրամի ղեկավարության հետ ինչպիսի գերազանց արդյունք ունեցան:
    Ես վերջերս այցելեցի այդ դպրոց, որը շահագործման հանձնվելուց մոտ 10 տարի անց տնօրենի (պ-ն Նավասարդյան) ու կոլեկտիվի անմնացորդ նվիրման շնորհիվ պահվում է գերազանց վիճակում:
    Նման հաջողություններից հետո նախարարի եռանդը կրկնապատկվում ու քառապատկվում էր, նա, գիշեր-ցերեկ անվերջ շարժման մեջ էր. հոգնելն ու հանգստանալը նրա համար չէին, մեզնից էլ նույնն էր պահանջում: Բոլորը չէին, որ դիմանում էին նրա ռիթմին:
  13. Նրա նախաձեռնությամբ կազմվեցին ամենավատթար շենքային պայմաններ ունեցող դպրոցների (հիմնականում աղետի գոտում) անձնագրեր, որտեղ նշված էին ոչ միայն շենքային պայմանները, այլև կրթօջախի բոլոր տվյալները, անցյալն ու ներկան՝ համապատասխան լուսանկարներով: Նախարարը տարբեր դոնոր կազամկերպությունների, հովանավորների ու դեսպանատների շնորհիվ փորձում էր բարելավել այդ դպրոցների վիճակը:
    Ես ուղղակի զարմանում եմ, թե ներկայիս ղեկավարներն ինչ հարցեր են հրամցնում այսօրվա հովանավոր-դոնոր կազմակերպություններին ու անհատ անձանց. լրիվ անտեղյակ են օբյեկտների նյութական բազաների-շենքային պայմանների մասին, իսկ դրանք ուսումնական հարցերից կարևոր են, քանզի անմիջականորեն կապված են աշակերտների առողջության ու անվտանգության հետ: Ի՞նչ ուսման մասին կարելի է խոսել, երբ դպրոցների հարթ տանիքներից անձրևաջրերը, թափանցելով ներս, վնասում են շենքը՝ դասապրոցեսը դարձնելով անհնար: Նման դպրոցների թիվը հանրապետությունում անցնում է 300-ը: Կամ, ի՞նչ ուսման որակի մասին կարելի է խոսել, երբ կան դասասենյակներ, որ ընդհանրապես ապակի չունեն, իսկ շենքի մյուս մասերում պատուհանները պատված են մեկ տակ ստվարաթղթով՝ երկտակ ապակու փոխարեն:
    Կան այլ շենքեր, ուր դասապրոցեսը պիտի արգելվի այլ թերություններից ու նկատառումներից ելնելով:

Այսօրվա դրությամբ, դպրոցներն ունեն շուրջ 200 հազար քառակուսի մետր ապակու կարիք, որի ձեռք բերման համար կպահանջվի մոտ 1 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, բայց այս հարցն այժմ ոչ ոքի չի մտահոգում, իսկ Բլեյանի ժամանակ այս անտարբերությունը չկար: Նրա աշխատանքի արդյունավետության ու նպատակասլացության մասին կարելի է խոսել անվերջ, բայց, երևի, բավարարվեմ այսքանով:

Վերջում ուզում եմ նշել, որ նրա ղեկավարման տարիներին բոլոր ենթակաները նախարարություն էին դիմում ամենատարբեր հարցերով՝ լավ գիտենալով, որ կգտնեն թե´ պատշաճ վերաբերմունք, թե´ համապատասխան օգնություն, մի բան, որի մասին այսօր խոսելն անգամ ավելորդ է: Սա երևում է նաև ներկայիս նախարարության գրեթե դատարկ միջանցքներից ու աշխատասենյակներից: Այս ամենի շուրջ ես պատրաստ եմ բանավիճել ու ապացուցել ցանկացած ատյանում:

Ղեկավարման տարիներին Բլեյանն ի սպառ մոռացել էր իր կուսակցական պատկանելության մասին. նրա հոգսերի, մտքերի ու աշխատանքի միակ ուղղությունը հայ դպրոցն էր, և նա միշտ գիտեր, թե ինչ անել այս կամ այն խնդրի դեպքում:

Ես շատ եմ ցավում ու սրտանց ափսոսում եմ, որ այդ եռանդուն, խորը գիտելիքներով օժտված, դպրոցավարության գերազանց գիտակ ու նպատակասլաց գործչին հնարավորություն չընձեռվեց երկար ղեկավարել կրթական համակարգը՝ ի շահ հայ դպրության և մանուկների:

Վլադիմիր Ջաղինյան
08.02.2006

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Գլխավորի մասին

Հավաքից հավաք. 2007թ. մայիս-2008թ. մայիս   Հեղինակային մանկավարժության արդյունքներ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մենք իրականացնում ենք  հեղինակային մանկավարժություն՝ որպես սովորողների և ուսուցիչների հետազոտական աշխատանքի արդյունք, որպես այլընտրանք բոլոր ժամանակների սպառողների՝

Ա՜խ, ի՛մ հայրենիք, որքան սիրուն ես…

   «Ժամանակ» թերթ 13.09.2006 Նվիրում եմ Հայաստանի անկախ պետականության 15-ամյակին  Հոդվածում գործածվող հիմնական հասկացություններ Հայրենիք — Հայաստանի Հանրապետություն, որը հռչակվել է 1991թ. սեպտեմբերի 21-ի հանրաքվեով, և նախկինում կոչվել է Հայաստանի

Քանի դեռ մեզ զբաղեցնում են քննությունները

Սովորողների գիտելիքների գնահատման (ինչպես դպրոցի ավարտական ու բուհի ընդունելության, մասնագիտական որակավորման՝ բուհի ավարտական պետական, այնպես էլ ընթացիկ առաջադիմության) խնդիրը կրթության նպատակից, կրթության սուբյեկտի ու օբյեկտի որպիսությունից, կրթական ծրագրերից ու մեթոդից