Ուղղակի անկեղծ
Ջան, ջան, ջան աշուն է,
Տես, տես, տես՝ նախշուն է,
Տանձ ու խնձոր ուտելու
Նա մեզ այգի է կանչում:
Երգում են հիմա կրթահամալիրով մեկ 300-ի չափ չափ 2-4 տարեկաններով մեր սեբաստացի նախակրթարաններում, նրանց հետ՝ երկու տարեկան դարձող Աստղիկը Բլեյան․․․ Բլեյան դպրոցը եղել է, կա անընդհատ գործող, ապրումի—ստեղծումի իր բնական վիճակում, և համավարակի՝ 2020-ի մարտից, հետո սրան գումարված պատերազմի՝ 2020-ի սեպտեմբերի 27-ից․․․ շրջանում էլ կա որպես հայոց նոր ուղին մանկավարժության մեջ, հանրային կյանքում․․․ Ու մենթոր—տիարի առօրյա հոգսերը առցանց—առկա՝ անընդհատ են. այսօր, 5 տարեկանների նոր խումբը՝ թվով վեցերորդը ստեղծած, 2-4 տարեկանների երեք նոր խմբերի բացումն է կրթահամալիրի Քոլեջում, Արևելքի—Արևմուտքի դպրոց—պարտեզներում։ Մյուսը՝ սեբաստացի կրթական համայնքով՝ 1-12-րդ դասարանցիներով, նրանց ծնողներով, առկա, թե առցանց, ընտանիքներում, թե կրթահամալիրի բաց արհեստանոցներում, երկրագործություն—տեխնոլոգիայի—հոգատարության ստուգատեսներով հեղինակային մանկավարժության արդյունքները «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամի միջոցով հանգանակությամբ, Արցախ—Հայաստան նոր համակեցության նախագծերով ներդրում դարձնելն է․․․ Արդար քրտինքով վաստակը՝ որպես սովորողի—սանի—ուսանողի անընդհատ գործունեության արդյունք 2020-ին, 2021-ին․․․
– Արդար, արդարացի․․․ ի՞նչ ասել է,- ինտերնետի իր նյութից, եսիմ որ երկրից ու քաղաքական գործչից մեր աշխարհ մուտք գործած ինը տարեկան դարձող Դավիթ Բլեյանն է հարցնում․․․
– Դե՜,- երկարացնում եմ, փնտրում հականիշը արդարի, ծիծաղում եմ, Դավթի կողմից շատ օգտագործվող թուրքերեն դաղալ—ը դեմ տալով․․․Դավիթը գոհ չէ, ու մայրենիի ուսուցիչ Արմինեն ընտրում է Դավթի սիրելի—ընդունելի ռուսերենից справидливый—ը…
– Հա՜, հասկացա,- ծորում է Դավթից․․․
Որ արդար լինի, հարգելի Կարպիս Փաշոյան, ընդունելի—հարգելի թե՛ պատմության ուսուցիչ, թե՛ լրագրող, թե՛ Նիկոլ Փաշինյանի կառավարության հայեցողական պաշտոնից ճիշտ ժամանակին հրաժարական տված գործիչ, թե՛ որպես այս աշնան պատերազմի կամավորական մասնակից․․․ ասեմ՝ եթե անգամ, ինչպես քո այս տեսազրույցում, հայոց միֆերի ջախջախում, ապա վերաջախջախում է, բա 20-րդ դարի սկի՞զբը՝ ցեղասպանությամբ, 1918-1921թթ Հայաստանի առաջին հանրապետության ողբերգությամբ… Մի՞թե հիմքում նույն միֆերը չէին․․․ չջախջախվեցի՞ն դրանք… ինչո՞ւ… Ինչ է պատահել, որ հիմա պիտի ջախջախվեն, գուցե դրանք որպես փյունիկ շարունակ հառնում են… ազգի տեսակ եմ ասել…
Արդա՞ր եք Կարպիս, հարգելի Թաթուլ Հակոբյանի հետ շարունակելով լուսանցքում թողել—պահել երրորդ հանրապետության քաղաքական կյանքի ակունքներում ստեղծված Նոր ուղու 1992-2005 թթ գործունեությունը․․․ Համեցեք Աշոտ Բլեյանի բլոգ, ողջը միշտ հրապարակային—մատչելի, և՛ 1992թ.-ին հանրային աղմուկով ստեղծված կուսակցության քաղաքական ծրագրով, և՛ ՀՀ նախագահի 1998թ․ արտահերթ ընտրություններում Նոր ուղու ղեկավարի նախընտրական ծրագրով․․․
Նոր ուղու գործունեությամբ մեր նորագույն պատմության ջախջախված միֆերը անմատչելի արխիվից հասարակության, հատկապես պատանիների—երիտասարդների՝ սեղանի գիրքը դարձնելու համար պատմաբան Կտրիճ Սարդարյանի մասնագիտական աջակցությամբ ես նախաձեռնեցի 1994-1998թթ մի մատենաշարի հրապարակում, որի խորագիրը, այսօր էլ կթողնեի անփոփոխ․․․ Մեջ եմ բերում․
Կան այնպիսի ժողովուրդներ, որոնց սկզբնական դաստիարակությունն այնքան անբավարար է, և որոնց բնավորությունը՝ կրքերի, անգիտության և կեղծ հասկացությունների այնպիսի տարօրինակ խառնուրդ, որ նրանք չեն կարող ինքուրույն գտնել իրենց փորձանքների պատճառները․ նրանք զոհվում են իրենց կողմից չգիտակցվող չարիքների ծանրությունից։
Ալեքսիս Թոքվիլ
Ի դեպ, երբ 1999-2001-ին երրորդ հանրապետության առաջին քաղաքական բանտարկյալն էի Նուբարաշենի կլոր բերդում, որպես անարդարացի պատիժ կրող քաղաքական գործիչ, Նոր ուղու ղեկավար, իմ ընկերների ջանքերով Նոր ուղի մատենաշարի իմ հրապարակումները չընդհատվեցին․․․ Մեջ եմ բերում այդ մատենաշարով առաջին հանրապետության հայտնի վարչապետ Հովհաննես Քաջազնունու 1923թ. հայտնի նամակից․․․
Իլլիւզիային մի անթափանցիկ մթնոլորտ էինք ստեղծել մեր մտքի շուրջը։ Մեր սեփական ցանկութիւնները դրել էինք ուրիշների մէջ, մեզ հաճելի իմաստ էինք տալիս անպատասխանատու մարդկանց անբովանդակ խօսքերին, ինքնաներշնչման հիպնօզի տակ կորցրել էինք իրականութեան գիտակցութիւնը ու տարւել երազանքներով։
…Գերագնահատում էինք հայ ժողովուրդի կարողութեան չափը, քաղաքական ու ռազմական արժէքը, ռուսներին մատուցած մեր օժանդակութեան կարեւորութիւնը։ Ու՝ գերագնահատելով մեր շատ համեստ արժանիքները՝ բնականօրէն չափազանցնում էինք նաև մեր յոյսերն ու սպասելիքները։
Այսպիսով, հարգելիներս, ինչ է պետք անել հիմա ու միշտ՝ օրվա հոգսը բավ է օրվա համար․․․ արդար գործենք․․․ Իսկ ինչ ասել է իլյուզիա՝ թող հարցնի ու պատասխանի իմ գրի յուրաքանչյուր ընթերցող, այդ թվում՝ Դավիթը Բլեյան Արմինե մայրիկի ու Սոնա Փափազյան ուսուցչի հետ․․․
«Ուղղակի անկեղծ» շարքին ծանոթացեք հղումով։
#1906