Հաստատեմ-շարունակեմ-լրացնեմ Արսեն Խառատյանի առաջարկ-պահանջը Արցախյան կարգավորման նախորդ 26 տարիների (1994-2020թթ) բանակցային փաստաթղթերի բնօրինակները հրապարակելու մասին։
Իբր ո՞ր իրավունքով էր այս ողջ ընթացքում ժողովրդից գաղտնի պահվում իր կյանքի՝ ապրել-չապրելու (ֆիզիկապես), բռնագաղթի, ծննդավայրից՝ Հայաստանից-Արցախից դուրս հարկադրաբար ապրելու, Հայաստան-Արցախ մշտական բնակության հարցերի, հարկադրանքի ներքո՝ առանց ֆիզիկական անվտանգության երաշխիքի, երկարատև ապրելը որոշող հարաբերությունների կարգավորումը․․․ Որ ի՞նչ․․․ Ժողովրդին կեղծիքի վարժեցնելո՞ւ համար․․․ Որ վերնախավ կոչվածը իրեն սպասարկողների-կերամանների մոտ գտնվողների հետ հերոսի, հաղթական կռիվների շքանշանով, դափնիներով իշխանությունը յուրացնելով-փոխանցելով պահի՞, որ անապահով հայրենիքի գոյության անհրաժեշտությո՞ւնը ներկայացվի, որ արժանապատիվ կյանք ապահովելու ապաշնորհությունն արդարացնե՞ն, հայ և ադրբեջանցի հարևան ժողովուրդների միջև 1988-ից սկիզբ առած հակամարտությունը խորացնեն-անլուծելի՞ դարձնեն, իրական կյանքում իրարից հեռացնեն-անդունդներ-անհաղորդությո՞ւն առաջացնեն․․․
Մայրը ահա 30 տարի զմայլվում է իր զավակով, որ մեծանում է օրորոցում, որի տակ ժամացույցին միացրած ական է դրված․․․ Ու տեսեք՝ 1992-1994թթ, 2016թ․, 2020-ի աշուն, երեսուն տարի ամեն օր անհասցե կրակոցներով-դիվերսիաներով սպանված-հաշմանդամ դարձած հարյուրներով իր քաղաքացիական խաղաղ ծառայությունը մեռնելու պարտականության պարտադրանքով վերափոխելու համար․․․ Բայց գիտեին, չէ՞, քաղաքականությամբ զբաղվողները, որ որպես արդեն անուղղելի փաստ՝ այսպիսի մի չհաղթանակի, դատապարտվածի կարգավիճակը բացահայտելու առաջ կանգնելու շրջանն է գալու, ու գլխավոր քաղաքական խնդիրը սրանով դառնալու է մեղավորի որոշո՞ւմը քեզանից դուրս, պահի իշխանությունից իշխանությունը վերցնելու ներքին պատճառաբանությամբ․․․ Եվ այս ամենը՝ Հայաստանում և Արցախում ժողովրդին իր խաղաղ կյանքի ապահովմանը մասնակից լինելու բնական իրավունքից զրկելու համա՞ր․․․ Ահա ինչու՝ Արսեն Խառատյանի պահանջից բացի, հրապարակենք նույն քաղաքական ուժերի-անհատների ստեղծման (ծննդյան վկայականներում) և քաղաքական ընտրություններին (ՀՀ ազգային ժողով, ՀՀ նախագահ) կուսակցական-անհատական մասնակցության ծրագրերով Արցախյան կարգավորման՝ հայ-ադրբեջանական հակամարտության լուծման-կարգավորման բանաձևը․․․
Համեցեք, օրինակ, այսպիսի գործի համար․․․
«Եթե ինձ դեպուտատ ընտրեին (ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավորության թեկնածուի նախընտրական ծրագիր, 13.08.1989թ.), «Ավանգարդ» թերթ։
Նորից խոսքը կախարդում է ու շաղակրատ դարձնում։
Ամենաքիչը հիմա ինձ զբաղեցնում են մարդկանց խոսքային պնդումները։ Ինձ համար մեծագույն արժեքը մարդկային արարքներն են։ Հանցագործը, դատարանում վերջին խոսքն ասելիս, կարծես նմուշ է արդարության։ Խոսքին հավատացողները կա՛մ անփորձ են, կա՛մ ոչ հաստատակամ։ Փորձը, ցանկությունն ու ընդունակությունը կարող են անխուսափելի իրականանալ միայն անփոփոխ նպատակամղմամբ։
Ռերիխները մեզ արգելում են նույնացնել, խառնել խղճալը կարեկցելու հետ։ Կարեկցանքով ոչինչ չի լուծվում, բայց աճում են գործողության բյուրեղիկները։ Կարեկցանքը լաց չի լինում, բայց օգնում է։ Ես կարող եմ օգտակար լինել ձեզ։ Ինչպե՞ս և ինչո՞ւմ։ Ես ձեզանից մեկն եմ»։
Սա՝ իմ քաղաքական ընտրովի պաշտոնի հայտից՝ 1990թ․ Գերագույն խորհրդի ընտրություններում Երևանի Շահումյանի շրջանում մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվածիս։ Սա՝ Նոր ուղի քաղաքական կուսակցության պետական գրանցում ստացած կանոնադրությամբ կուսակցության ստեղծման պատճառները։ Սա՝ 1998թ․ ՀՀ նախագահի արտահերթ ծրագիրը։ Էս շարքում վերջինն էլ 2003թ․ ՀՀ ազգային ժողովի ընտրությունների Երևանի Մալաթիա-Սեբաստիա ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով թեկնածուի իմ հայտագիրն է․․․ Էս էլ ամբողջը իմ հրապարակային՝ քաղաքական-հասարակական, այդ թվում մանկավարժական-իրավապաշտպանական գործունեությամբ՝ 1989 թվականից, իմ քաղաքական գործունեության մուտքից սկսած, իմ բոլոր գրավոր հրապարակումները, ելույթները՝ գրավոր ու հոդվածների, ժողովածուների, տեսանյութերի, աուդիոնյութերի տեսքով․․․ Հեշտացնելու համար՝ Աշոտ Բլեյան բլոգով, ֆեյսբուքյան էջով, Նոր ուղի քաղաքացիական նախաձեռնության հարթակով․․․ Համեցեք, թերթեք… Արձանագրեք կամ հերքեք.. իմ խոսքը արարք դարձե՞լ է…
Հետգրություն որպես…
Սկզբունքային են 1991թ․ սեպտեմբերի 21-ին ՀՀ պետական անկախությունը հանրաքվեով հռչակած և 1992թ. մարտ ամսից այդ անկախությունը միջազգայնորեն ճանաչված՝ ՄԱԿ-ի անդամ դառնալուց հետո միջազգային իրավունքի հարգումի-անտեսման վերաբերմունքը, քաղաքական կուսակցության գործունեությունը իշխանություն, թե ընդդիմություն, անկախ պետությունների բանակների միջև 1992թ․ դեկտեմբերից ծավալված հայ-ադրբեջանական պատերազմին քաղաքական ուժերի և անհատների առնչությունը, 1995-1996 թթ քաղաքական ընտրություններում Արցախյան կարգավորման մոտեցումները, 1997-1998 թթ գործունեությունը, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ազգային ժողովի հատուկ նիստում յուրաքանչյուր պատգամավորի, պատգամավորական խմբակցության (ֆրակցիայի) ներկայացրած տեսակետը․․․
Վերնագիրը և մեջբերումները 1992թ. «Ապագա ունենալու համար նախ ապրել է պետք» գրքից են։
Նոր ուղու արխիվից։ Գլխավոր լուսանկարում՝ ՀՀ Գերագույն խորհրդի 1990-1995թթ պատգամավորներ Աշոտ Բլեյանը, Հրաչյա Գրիգորյանը։
#1956