Հոկտեմբերի 25, «Արևորդի» փառատոնի փակման արարողություն Կինոմիության դահլիճում
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի, հեղինակային կրթական ծրագրի 30-ամյակի տոնին ընդառաջ «Արևորդի» փառատոնի այս գործընկերությամբ մենք Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC), «ԱրԱվես» հասարակական կազմակերպության հետ հաստատում ենք, որ հանրակրթական իրական բովանդակություն է Հայաստանի բնական բացառիկ ժառանգության և կենսաբազմազանության պահպանության, բնապահպանական խնդիրների և բնության պահպանության կարևորության մասին հանրային իրազեկումը, որ հռչակել է հիմնադրամը։ Սա ոգևորող ուղերձ է հանրաճանաչ հիմնադրամի՝ արդեն հանրային լիցք ստացած «Արևորդի» փառատոնի 10-ամյակից առաջ։ Այս գործընկերությամբ մեր հեղինակային մանկավարժությունը ձեռք է բերում բնապահպանական փորձ և բարձր սավառնումի աշխատանքային հուսալի ընկերներ։
Այս օրերին «Արևորդի» փառատոնի հարթակ դարձավ մեր սիրասուն-փայփայած՝ կրթահամալիրի Բանգլադեշը՝ կրթահամալիրի խաղողի և գինու դպրոցը՝ իր նոր արտադրամասով, Սարալանջը՝ մեր կրթական պարտեզի միջնաբերդը, 2018-ին ստեղծված՝ Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցը՝ իր ԱրտաՍահմանով, քանդակագործության փառատոնային պուրակով… Այս օրերին մենք միասին օրհնեցինք խաղողի նոր այգին մեր ընդարձակվող ուսումնական ագարակում։ Հարյուրավոր տարատարիք սեբաստացիներ բնապահպանական ֆիլմեր դիտեցին որպես ուսումնական աշխատանք, թափոններից դիմակահանդես-շքերթ արեցին, մեր կենդանաբանական այգում կրթահամալիրի կողմից տեղադրվեց խնամակալության խորհրդանիշ Առյուծ կավե քանդակը, իրականացվեցին կավե քանդակների աշխատարան, մեր ԱրտաՍահմանը ցուցադրեց վայրի բնությունը տարատարիք սեբաստացիների օբյեկտիվներում։
Այս օրերին կրթահամալիրի Արատեսի դպրական կենտրոնում՝ Վայոց ձորի Եղեգիսի կիրճում սկսեցինք վայրի նշենի, փշատենի, տանձենի տնկելը։ Թող իրենց լավ զգան Եղեգիսի կիրճի մեր վայրի գազանները… Հաշտ-համերաշխ շուրջտարյա դպրոց բնության գրկում…
Եվ էլի։ Այսօր կրթահամալիրի Մայր դպրոցում նորին գերազանցություն ԱՄՆ դեսպանի՝ հարգելի Լին Թրեյսիի մասնակցությամբ կայացավ բնապահպանական հրդեհների կանխարգելման թեմայով սեմինարը։
Այո, մենք բնության խնդիրների, բնությունը լափող բնածին և մարդածին հրդեհների պասիվ դիտորդներից պիտի դառնանք որպես արևորդիներ և որպես շուրջտարյա դպրոց բնության գրկում՝ իրականացնենք մեր պատասխանատվությունը կանաչ ապահով վայրի բնության առաջ՝ որպես ոչ միայն կենդանի հուշարձան, այլ նաև մեր կենսագործունեության ապահով միջավայր։
Իսկ հոկտեմբերի 28-ին՝ երկուշաբթի, ժամը 14։00, կրթահամալիրի Մարմարյա սրահում կվավերացնենք Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC), «ԱրԱվես» հասարակական կազմակերպության հետ գործընկերությունը։ Համեցեք հեռանկարային հուշագրի ստորագրությանը։
Ինչ ճիշտ է՝ ճիշտ է. հիմնադրամի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը նաև կարողանում է բնապահպանության՝ վայրի բնության և մշակույթի պահպանման ոլորտ բերել հետաքրքիր-հեռանկարային երիտասարդ կին գործիչների… Համատեղ աշխատանքով մենք ծանոթ էինք Սիրանուշ Թումանյանին, որի հետ այսօր էլ շարունակում ենք աշխատել բազում նախագծերով, այնպես, որ մեր շրջանավարտներն էլ չեն կորցնում իրենց կապերը։ Իսկ Արևորդի փառատոնով ծանոթացանք-հարազատացանք Սոնա Քալանթարյանին։ Այս նշանավոր օրով, հանդիսավոր դահլիճում թույլ տվեք մեր սովորողների կողմից հանձնել մեր հիացումի արտահայտությունը։