Կրթահամալիրի տոնի պատրաստության ամենշաբաթյա հարթակ. ասուլիս կրթահամալիրի ավագ դպրոցում

– Շնորհակալ եմ։ Շատ կարևոր են Սեբաստացու օրերին, մեր տոնին նախորդող այս հինգշաբթիները։ Նաև հաջորդ հինգշաբթին, որ  կրթահամալիրի  խորհուրդն է։ Եվ այս աուդիտը կարևոր է և մեր կրթական բաց ցանցի համար։

1988 թվականի շարժման, որ անվանում են արցախյան շարժում, որը բերեց հասարակության, հետո նաև տնտեսական, քաղաքական նոր հարաբերությունների, փոփոխության, այդ վերելքի 1988-ի՝ ինչպես 2018 թվականի վերածնունդը, փոփոխությունների անհրաժեշտությամբ էր թելադրվածնոր դպրոց, բաց դպրոց ստեղծելը… Եվ գորբաչյովյան փոփոխությունների շունչը ստացած՝ մենք թիվ 183 դպրոցում մանկավարժության մեջ խորացանք։ Այն շենքը, որտեղ մենք նստած ենք, գործում էր որպես հանրակրթական միջնակարգ  դպրոց, որը հայտնի էր որպես Աշոտների դպրոց։ 1984 թվականին այդտեղ ուսմասվար և փոխտնօրեն եղել է Աշոտ Մանուչարյանը, իր լավ ընկերը և մեր բարեկամ Աշոտ Դաբաղյանը եղել է մյուս ուսմասվարը։ Քանի որ իրենք այնքան ակտիվ էին, խիզախ էին, այդ ժանամակի կառավարությունը չէր վստահում տնօրենի պաշտոն, և մարդ էլ չէին կարողանում բերեին, որ նրանց հետ աշխատի, և առաջացավ երրորդ Աշոտի պահանջը։ Ինձ Երևանի կենտրոնից՝ հայագիտական դպրոցից աքսորել էին, այսինքն՝ ազատել էին աշխատանքից, բայց ուղարկել էին Բանգլադեշ՝ պաշտոնս բարձացնելու։ Ես՝ որպես երրորդ Աշոտ, 1985 թվականի օգոստոսի վերջերին դարձել եմ թիվ 183 դպրոցի տնօրեն։

1989 թվականին կրթահամալիրը ստեղծեց՝ որպես տարբեր կրթական ծրագրեր ներկայացնող փորձարարական և հետազոտական միավորում, որի նպատակն էր ստեղծել հեղինակային  մանկավարժություն, այսինքն՝ մանկավարժություն, որի ուսումնական պլանները, ծրագրերը մշակում են և տարածում են հենց ուսուցիչները։

Առաջին անգամ է Հայաստանի պատմության մեջ եղել այդպիսի կրթական ցանց, որի անունն է Մխիթար Սեբաստացի կրթահամալիր։ Եվ այսօր էլ մենք եզակի ենք՝ որպես հեղինակային մանկավարժության կազմակերպում։ Մենք նշում ենք այդ հեղինակային կրթական ցանցի 30 տարին, բայց շեշտում ենք կապը 1984-ին ստեղծված թ. 183 դպրոցի, որովհետև կան կրթահամալիրում ուսուցիչներ, քիչ, բայց կան, որ 1984 թվականից են աշխատում։ Շատ կարևոր է, որ 30 տարի անընդմեջ մենք կարողացել ենք բավարարել  մի քանի հազար տարատարիք սովորողների կրթության ձև  հնարավորություն ընտրելու իրավունքը, որովհետև եթե դու չես տալիս ընտրության հնարավորություն, ուրեմն դու պարտադրում ես մի կրթության ձև։

Մեր տոնի այս հարթակը մենք փորձելու ենք օգտագործել, որպեսզի տարածվի մեր կրթական ծրագիրը, մոտենա բնակչին, սովորողին՝ և՛ Երևանի արվարձաններում, և՛ վարչական շրջաններում, և՛ խոշոր համայնքներում։

Շնորհակալ եմ։

– Ինչու գրատախտակների օգտագործումը հանվել է, եթե մեզ ավելի է օգուտ տալիս, քան վնաս։
– Շատ լավ։ Ինչո՞ւ հիմա մենք դահլիճում չենք, ո՞ւր է գրատախտակը։ Գովելի չէ՞ այս վիճակը, այս միջավայրը։

Գրատախտակը կարելի է ասել զորամասային է։ Տեսել եք, չէ՞, թե ինչպես են դասավորված դասարանները՝ մի շարք, երկու շարք, երեք շարք, և մեջտեղում կանգնած է ուսուցիչը։ Սա զորամաս է։ Վատ չէ. բայց զորամասը կառուցված է մեկին ենթարկվելու սկզբունքով։ Մարիա Մոնթեսորին սա անվանում էր ստրկացման գործիքներ. բոլորը մի բան գիտեն, կամ բոլորը նույն բանը չգիտեն։ Այսինքն՝ ուսուցիչը ինչ-որ բան գիտի, իսկ մյուս բոլորը չգիտեն։ Չկա նման բան, որ բոլորը չիմանան, մի մասը գիտի, մի մասը չգիտի։ Մի ուրիշ միամտություն կա. որ ես հիմա ասեցի` ընդամենը պետք է լսել, ու բոլորդ այդ նույն բանը իմացաք… Մոլորությունների մեջ եք…

– Այսինքն գրատախտակը չպե՞տք է լինի։
– Հիմա դուք գրատախտակ չունե՞ք։ Ձայնագրում եք, տեսագրում եք՝ ունեք. էլեկտրոնային, թե թղթային, ամեն մեկն էլ ունի այդ գրատախտակը։ Պետք է հաղթահարենք այս փուլը։ Քանի որ խմբային են աշխատանքները, չգիտես՝ ընկերոջդ հարցրու, չգիտես՝ մի փոքր էլ չարչարվի։ Նաև ուսուցիչը պետք է ազատ լինի։ Մենք հրաժարվել ենք սկզբում կավիճից, հետո մարկերից, էլեկտրոնային գրատախտակից և առաջարկել ենք անհատական գործիքներ, որտեղ կարևորը ինքնուրույնությունն է, ինքնավարությունն է, որտեղ դու ես թելադրում  ուսուցման տեմպը, եղանակը և այլն։

– Որպես ռոբոտիքսի ուսուցիչ մենք անցկացնում ենք մեր դասերը միջին դպրոցում կրտսեր սովորողների հետ։ Նրանք շատ աղմկոտ են՝ համեմատած ավագ դպրոցին։ Այդ աղմուկը խանգառում է դասերին. կցանկանայինք, որ ավելի ձայնամեկուսիչ ապակիներ դրվեն։ Ավագ դպրոցում չունենք այդ խնդիրը, որովհետև հասուն մարդիկ ենք և գիտակցում ենք, որ պետք է լուռ մնանք, բայց միջին դպրոցում դա խնդիր է առաջացնում։
– Այս տարի աշակերտների քանակը սպասվածից ավելի արագ աճեց։ Այս սենյակը, գիտե՞ք։ ինչ սենյակ էր, հաշվապահության սենյակն էր, և տեսեք՝ հաշվապահությունն արագ էվակուացվեց Մարթայի պահանջով։ Եվ դա ճիշտ պահանջ էր, քանի որ նախկին գրասենյակն էլ արդեն դասարան է։ Էլի փոփոխություններ եղան ու դեռ կատարվում են։ 2019-2020 ուստարում ամենամեծ փոփոխությունները կլինեն մեր Մայր դպրոցում։ Եթե նախագիծ ունեք առաջարկեք կարող ենք փորձել։

– Իմ հարցը վերաբերվում է ճամփորդություններին, որոնք պարտադիր են, հնարավո՞ր է դրանք դառնան ըստ ցանկության։
– Եթե ցանկությամբ լինի, թվային գործիքն էլ, կցանկանա՝ կբերի, չի ցանկանա՝ գրիչ ու թուղթ կօգտագործի, կցանկանա՝ կմասնակցի ընդհանուր պարապմունքների կամ չի մասնակցի։ Այս դեպքում մենք շատ արագ կշպրտվենք պետական կրթական ծրագրի  գիրկը, ուզում եք՝ դա անվանեք տաքուկ գիրկ. ոնց կուզեք։

Խոսքը հեղինակային մանկավարժության մասին է, որովհետև դաս-դասարանային համակարգը նկարագրվում է այսպես, որ 30 հոգի պիտի նստեն, ուսուցիչը գա… էս ուսումնական պլանն է՝ նույնը բոլոր դասարաններում, ինքը դա պիտի լինի։ Բայց մենք  դասերի բազմազանություն ենք մցրել՝ պայմանական դասերի, դրանք անվանում ենք ուսումնական պարապմունք ու ուսումնահայրենագիտական ճամփորդություններ։ Դուք գնում եք, տեսնում եք, ուսումնասիրում եք ոչ միայն հայրենիքը, այլ նաև այլ երկրները։ Դրանց մեջ են մտնում նաև ուսումնա-գիտական և ստեղծագործական հավաքները։

Վերցնենք ռազմագիտությունը. մի փոքր էլ որ չհամառենք, կբերեն զինղեկներին, ու նորից կվերադառնանք այնտեղ, որտեղից եկել ենք։ Մենք ուզում ենք՝ լինեն իրական պայմաններ։ Մենք պատրաստում ենք ձեզ կյանքին, որտեղ կա պարտադիր զինվորական ծառայություն, կա արտակարգ իրավիճակ, որը շատ բնութագրական է մեր երկրի համար։ Ճամփորդությունները նախ՝ պատանիների համար են՝ իրար հետ լինելու, իրար սիրելու, թափառելու համար։ Եթե կա ծնողի անհանգստություն, թող նա էլ միանա, ինչու ոչ, չէ՞ որ իրենց էլ հետաքրքիր կլինի ճամփորդությունը։ Ճամփորդությունը ինքնահաղթահարման փուլ է, որտեղ պետք է մեկս մյուսին օգնենք։

– Կրթահամալիրից դուրս հարց եմ ուզում ուղղել ձեզ, տիար Բլեյան։ Ի՞նչ կփոխեիք ներկայիս կրթական ոլորտում, եթե լինեիք կրթության նախարար։
– Հիշեցնեմ, որ ես եղել եմ կրթության նախարար, և հիմա իմ պլանների մեջ այդպիսի ծրագրեր չկան, ես ինձ լիարժեք եմ զգում իմ աշխատանքում։ Ես եթե լիարժեք չզգամ ինձ այս աշխատանքում, կփոխեմ այն։

Կարևորը՝ ընտրեք այնպիսի աշխատանք, որը ձեզ լիարժեք կդարձնի, որովհետև այդ գործը ձեր ներդրումն է, ձեր կյանք է։

– Իսկ երբևէ զղջացե՞լ եք, որ ընտրել եք այս լուրջ և պատասխանատու մասնագիտությունը։
– Հարցին հարցով կպատասխանեմ։ Դուք զղջացե՞լ եք, որ այս քանի տարին ես ձեր տնօրենն եմ։ Իհարկե, ոչ. ես անցած հարցին պատասխանելով՝ պատասխանեցի նաև այս հարցին։ Ես սիրում եմ իմ աշխատանքը և այս գործում ինձ լիարժեք չզգալ չեմ կարող, որովհետև այստեղ ես ներդրվում եմ, այստեղ ես արտահայտվում եմ, այստեղ ես իմ հաջողությունն եմ գրանցում… Եթե չեք հավանում, փոխեք, չէ՞ որ մեծ ընտրություն և հնարավորություններ ունեք։ Մեկ կյանք ենք ապրում, և արժե, որ դա ձեր ընտրությունը լինի։

– Հնարավո՞ր է դասացուցակի կազմումը միջին դպրոցում (Էլեն Կարապետյան, միջին դպրոց)։
– Դա բարդ գործ է, Էլեն ջան, դա նշանակում է պարտադրել։ Տեսեք՝ դաս-դասարանային համակարգն ինչու է այդքան տարածված, և ինչու չեն հրաժարվում դրանից, որովհետև դա շատ հեշտ է՝ 30 հոգի, մի դասարան, մեկ ուսուցիչ եկավ, անհատական ուսուցում չկա, կամ խմբային առարկաների ժամանակ դասարանը բաժանվում է երկու մասի։Անհատական ուսուցման հարցադրում չկա անգամ։ Բայց այստեղ, գիտեք, երբ է հեշտանում, երբ որ ուսումը իրոք դառնում է անհատինը։ Երբ անհատը ասում է՝ գիտեք, ես շատ եմ շահագրգռված  այդ դասերով, որովհետև իմ նպատակը ոչ թե փախչելն է կամ ձեռ առնելը, կամ այնպես անել, որ պարապմունքները չլինեն կամ չստացվեն, այլ… Դուք պետք է լինեք գլխավոր վերահսկողը, առաջարկողը, մասնակիցը։ Հենց սկսեցիք մասնակցել թեկուզ խմբի աշխատանքներին, որը կկազմվի ձեզ պես անհատներից, խմբային աշխատանքը կդառնա ավելի հարմար, և ձեր մասնակցությունը ավելի հեշտ կլինի։ Ահա թե ինչու՝ մենք գրասենյակներում չունենք քարտուղարուհիներ, ունենք գրասենյակի ղեկավար՝ Լիլիթի նման երիտասարդ, որ կրթահամալիրը շատ լավ գիտի, անցել է այս դպրոցով և այլն…

– Տիար Բլեյան, ինչո՞ւ որոշեցիք կրթահամալիրը Սեբաստացու անունով կոչել։
– Որովհետև Մխիթար Սեբաստացին՝  մեծ հայագետը, մեծ  երախտավորը, այդպիսի խիզախություն ցուցաբերեց և այդպիսի երկար  ճանապարհ անցնելով՝ ցանկություն ունեցավ այդպիսի միաբանություն ստեղծել, որ հավաքեր մի բանի, գործի շուրջը մարդկանց, հայագետներին, գիտնականներին և այդ շրջանում  զբաղվել՝ ինչով ցանակնում էին, զբաղվել հայագիտությամբ։ Մենք էլ ինչ-որ չափով նման  ենք իրենց. հավաքվել ենք տարբեր մասերից։ Ճիշտ է՝ սա Սուրբ Ղազարը չէր, Բանգլադեշն էր, ու դեռ հարց էր՝ արդյոք կկայանա՞ այդ արվարձանը, թե չէ… Ու տարբեր տեղերից գալիս էին, իրար ճանաչում էինք տարբեր կապերով ու միասին միաբանվեցինք նոր մանկավարժության շուրջ, որն անվանեցինք  հեղինակային մանկավարժություն,  և ստեղծեցինք մեր կղզին։ Եվ այդպես կառուցվեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը՝ ձեր դպրոցը։

– Ինչպե՞ս եք պատկերացնում կրթահամալիրը ևս 30 տարի հետո։
– Ավետ ջան, օրվա հոգսը բավ է օրվա համար, էնքան հոգսաշատ է մեր օրը, էնքան  լեցուն է գործերով։ Ծույլերի բանն է նստել երազելը, թե ինչ կլինի։

Ամենակարևորը՝ 30-ամյակի այս փոփոխությունների մեջ դուք փորձեք տեսնել այն, ինչ որ հեղինակային է, այն, ինչ որ ձերն է, կարևոր է ունենալ քո սեփական ներդրումը այս ամենի մեջ, որովհետև միայն այդ ներդրումով, մասնակցությամբ է ամեն ինչը դառնում քոնը։ Հակառակ դեպքում այն քոնը չէ, և դու  շատ հեշտ պոկվելու ես։

Այս տոնը խթան է, որ դուք առանձնացնեք ձերը, դառնաք հեղինակը նոր գործերի։

Այս դեպքում տոնը՝ իր բոլոր ծախսերով, արդարացված կլինի։

Հարգելի գործընկերներ, շարունակենք լինել գործընկերներ։

Շնորհակալ եմ։

Հոկտեմբերի 10, Ավագ դպրոց

Ասուլիսից տնօրենի խոսքի սղագրումը՝ Մերի Ասլանյանի

#1704

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ինչպե՜ս ճամփեն ես գտնեմ…

Այսքան ցավով՝ երկնքին… Սուսան Մարկոսյանի գումարած, երեք անգամ երեք (Դավիթ Բլեյանը կշարունակեր՝ երեք անգամ երեք, երեսուերեք, երեք հարյուր երեսուներեք, …. երեք ծիծիլիոն երեք…) դարձրած «լեցուր»-ը անցած շաբաթում այնքա՜ն լեցուն եղավ, որ

Հիացմունք թե զարմանքը՝ առանց փիս-փիս խոսքերի՞…

Առավոտից Դավիթ Բլեյանին պատրաստել ենք տիկին Ֆրիդային՝ Տիգրան Հայրապետյանի մայրիկին այցելելու. մեր երկարատև բացակայությունը, որ չունի արդարացում, անցյալ դարձնելու համար։ Տեսեք-տեսեք՝ Դավիթ ենք ուղղորդում. Մարմարյա սրահում առավոտյան ընդհանուր պարապմունք, սքանչելի Սոնայի

Sos-ից գործ

Վաղ առավոտյան Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանի և դասախոս Արեգ Կարապետյանի հետ ճանապարհվեցինք Արատես։ Կրթահամալիրից մեզ ուղեկցում էր մարզական ուսումնական կենտրոնի ղեկավար, զինղեկ Միքայել Ղազարյանը։