Հարցազրույցն անց է կացվել «Մարդիկ, որ ոգեշնչում են մեզ» նախագծի շրջանակներում։ Աշոտ Բլեյանի հետ զրուցում են կրթահամալիրի ավագ դպրոցի 12-րդ դասարանի սովորողներ Ալեն Ավետիսյանն ու Սամվել Մանասյանը։

Այս նախագծում զրուցում ենք մեզ ոգեշնչող մարդկանց հետ: Այսօր մեր հերոսը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր, երկարամյա տնօրեն, ՀՀ պետական, քաղաքական, հասարակական գործիչ, մանկավարժ տիար Աշոտ Բլեյանն է:

Շատ ազդված եմ, որ դուք ինձ համարեցիք ձեզ ոգեշնչող, որովհետև ինձ համար դժվար կլիներ աշխատել, եթե ես նախ չոգևորվեի:

Իսկ ոգևորության գլխավոր աղբյուրը նաև ձեր մեջ է՝ սովորողի մեջ է, դասավանդողի մեջ է, Սեբաստացի ընկերակցության մեջ է: Այդտեղից ես վերցնում շատ կարևոր ազդեցություններ, և լավ է, որ ես կարողանում եմ և ըստ ձեզ՝ կարողացել եմ ազդել ձեզ վրա:

Շնորհակալ եմ:

Պատերազմը խլեց մեր սիրելիներին: Շատերը զոհվեցին, մի մասը հաշմված վերադարձան: Ի՞նչ է արել Սեբաստացի համայնքն այդ ուղղությամբ:

Ամենաանվերականգնելի կորուստը մարդու կորուստն է: Ընդ որում, գնացել են արժանիներըՉպետք է մոռանանք, որ զինվորական ժամկետային ծառայությունը ՀՀ օրենքով սահմանված երկու տարով պարտադիր ծառայություն է: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը կրեց փոփոխություններ, և այդ փոփոխություններով վերացան բոլոր արտոնությունները և անհավասարությունները: 12-ամյա դպրոցը ավարտում են միասին՝ 18 տարեկանում և կա՛մ առաջին, կա՛մ երկրորդ՝ ձմեռային հավաքի ժամանակ գնում են ծառայելու: Տարիներ առաջ այդպես չէր․ կային տարկետումներ, տարբեր խտրություններ: Հիմա քիչ էին այն 18 տարեկանները, որոնց առողջությունը տեղն էր, բայց ծառայության մեջ չէին: Նշանակում է՝ մեր 18, 19, 20 տարեկանները գնացել էին, որ կատարեին իրենց քաղաքացիական ծառայությունը, խաղաղ ծառայությունը, իսկ դրա մեջ նաև օգուտ կարող էր լինել և՛ հայրենիքին, և՛, իհարկե, իրենց, որովհետև ընկերային այդ միջավայրը, շփումը, սոցիումը հասունացնում է, և իրենք պետք է ժամանակին վերադառնային: Մեկ էլ հանկարծ սեպտեմբերի 27-ին արթնացան՝ հայտնաբերելով, որ իրենք արդեն պատերազմի դաշտում են՝ առաջնագծում և դարձան այդ թիրախը:  Սա անպատմելի մի իրողություն էր:

Ի՞նչ ենք արել մենք 2020թ. նոյեմբերի 9-ից հետո, երբ 3 երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի ղեկավարները հայտարարեցին հրադադարի մասին (իրականում դա հրադադար է․ պատերազմի ավարտ էլ չէ):

Մենք իրականացնում ենք մի նախագիծ, որ կոչվում է «Հոգատարություն», քանի որ մեծ թվով երիտասարդների զոհվելով`մեծաթիվ ընտանիքներ խոր, անվերականգնելի կորուստ ունեցան, շատերը հաշմանդամ դարձան, ինչպես նաև՝ Արցախում մեծ թվով մեր հայրենակիցներ, որ ապրում էին իրենց բնականոն կյանքով, զրկվեցին իրենց ծննդավայրերից:

Կարելի է պատկերացնել, չէ՞ այդ ողբերգությունը։ Մի քանի սերունդ ստեղծել են և փոխանցել իրենց շեն, լավ տունը: Ու մեկ էլ հանկարծ՝ տնով դառնում են փախստական: Այն, որ մենք օգնել ենք, տեղավորել ենք իրենց, երբ Երևանում էին, չի նշանակում, թե իրենք փախստական չեն. իրենք և հազարավոր այլ մարդիկ կորցրել են իրենց հայրենին:

Մեր մանկավարժական հավաքանին, այդ թվում՝ Սեբաստացի կրթական համայնքը, ծնողները՝ ժամանակին ստանձնել են մի ուսումնական նախագիծ, որն անվանել են «Հոգատարություն»: Այն միշտ պետք է մեր ուսումնական աշխատանքին ուղեկից լիներ, բայց այս շրջանում այնքա՜ն մարդ իր տունը գտնելու, վերականգնելու, կացարան գտնելու, հաշմանդամությունը շուտ հաղթահարելու լրացուցիչ աջակցության կարիք ուներ: Խոսքը զոհվածների ընտանիքների աջակցության մասին է:

Նաև պետական «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը», որը ժամանակին ստեղծվել էր, հավաքվում էր աշխատավորների վճարած 1000 դրամներով: Բայց, դա ևս հաշված էր խաղաղ պայմանների և ոչ թե պատերազմի համար:

Խաղաղ պայմաններում, հատկապես հայ-ադրբեջանական շփման գծով ևս զոհեր էին լինում մեր զինվորների շրջանում: Բայց արդեն պատերազմի հետևանքով կարիքը մեծ էր, այնպես որ նոր միջոցներ, նոր գումարներ էին պետք, ինչն իրականացրեց «Հոգատարություն» ուսումնական նախագիծը:

 

 

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը կազմակերպել էր համերգների ու ցուցահանդեսների շարք, որի եզրափակիչ միջոցառմանը այսօր [2020թ. դեկտեմբերի 4-ին] հաճույքով մասնակցեցի: Բացի այն, որ կրթահամալիրն իր ուժերով հավաքել էր ավելի քան 2.7 միլիոն դրամ ու նվիրաբերել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին», միևնույն ժամանակ միջոցառումներն արվել էին ներառական ու ստեղծագործական եղանակով: Չափազանց տպավորված եմ Աշոտ Բլեյանի ղեկավարած թիմով ու նրանց ստեղծած կրթական ենթակառուցվածքներով:

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» տնօրեն Վարուժան Ավետիքյանի ֆեյսբուքյան էջից.

 

Մյուսն արդեն Արցախի և Հայաստանի պատանիների, տարեկիցների հարաբերվելուն, նոր համակեցությանն է առնչվում, որովհետև մինչև պատերազմն ուրիշ վիճակ էր․ (հիշում եք, չէ՞, «Արցախը Հայաստան է և վե՛րջ» խոսքերը, որ հնչեցին 2019թ. օգոստոսի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպված հանրահավաքին՝ վարչապետի շուրթերից), այլ Հայաստան էր,  իսկ հիմա՝ այլ Արցախ է և այլ Հայաստան է: Բայց միևնույն է,

մեր պատասխանատվությունը, քո պատասխանատվությունը Արցախ աշխարհի նկատմամբ կա, և այս Արցախ-Հայաստան համակեցությանն ուղղված մեր գործունեության նոր նախագիծը հենց այդտեղից էր գալիս, դրանով էր թելադրված:

Ու, իհարկե, շատ կարևոր է նաև կոնկրետ օրինակներով պատասխանել՝ դա ինչ է նշանակում: (Ես չգիտեմ` մեր զրույցի մեջ կտեղավորվի այդ կոնկրետությունը, թե ոչ, բայց ես դրան պատրաստ եմ)։

[youtube https://www.youtube.com/watch?v=oa8ASQqXGl4?version=3&rel=1&showsearch=0&showinfo=1&iv_load_policy=1&fs=1&hl=en&autohide=2&start=97&wmode=transparent]

«Արցախ-Հայաստան նոր համակեցություն. «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը գործում է իրավիճակին համահունչ». «Այստեղ 70 արցախցու կեցության հնարավորություն են տվել: Կրթահամալիրը նաև Արցախից եկած 200 աշակերտ է ընդունել»: (հոկտեմբերի 30, 2020)

Շողակաթ ՀԸ

Հայտնի է, որ Սեբաստացի համայնքի անդամ Վիգեն Ավետիսը դիմել է ՀՀ Հանրային խորհրդին՝ աջակցելու Շուշիի թանգարանից արվեստի բազմաթիվ գործեր դուրս բերելուն և ՀՀ տարածք տեղափոխելուն: Ի՞նչ աշխատանքներ են տարվում այս ուղղությամբ:

Մեզ ոգեշնչող մարդկանց թվում կարող է լինել Վիգեն Ավետիսը, և դուք երևի առիթ կունենաք՝ իրենից առանձին հարցազրույց վերցնելու: Եվ Վիգեն Ավետիսի հետ հարցազրույցը շատ էլ հետաքրքիր կլինի: Իմ գործընկերը կրթահամալիրում հիմնադրել է «Վիգեն Ավետիս» քանդակի դպրոցը և դրա ղեկավարն է: Նա ամեն երեքշաբթի՝ 14:30-ին, կազմակերպում է բաց ակումբ՝ «Հանդիպում Վիգեն Ավետիսի հետ»: Ավագ դպրոց-վարժարանի և մեր քոլեջի պատանիները կարող են Վիգեն Ավետիսի հետ հանդիպել մեր Գեղարվեստի դպրոցի «ArtաՍահման» արվեստանոցում և «Վիգեն Ավետիս» քանդակի դպրոցում: Ընդ որում` պայմամավորվել ենք, որ այդ հանդիպումները բաց կլինեն նաև Երևանի, երևանամերձ այլ պատանիների համար, որովհետև Վիգեն Ավետիսը հայտնի հանրային գործիչ է, հայտնի արվեստագետ է, և իր փորձը կարող է օգտակար լինել ձեզ: Եկեք այդ հարցին թող ինքը պատասխանի:

Բայց իհարկե, չեմ կարող անտարբեր լինել Շուշի քաղաքի ճակատագրի նկատմամբ և ունեմ ուրույն մոտեցում:

Այդ մոտեցումը տարբերվում է նույն Վիգեն Ավետիսի մոտեցումից: Երևի դուք էլ անելիք ունեք, որովհետև ինչ էլ առաջարկի Վիգեն Ավետիսը, կամ ինչ էլ առաջարկեմ ես, ենթադրում է հայաստանյան ակտիվ հասարակության ներգրավումը, մասնակցությունը: Իսկ դուք պետք է ծանոթ լինեք և որոշեք` ինչ չափով եք մասնակցում այդ խնդիրների լուծմանը: Դրանց կարող եք առանձին անդրադառնալ:

Խնդրում ենք պատմել Բլոգապատման՝ Ձեր գրի մասին:

 

Ես ամեն օր օրագիր եմ վարում՝ Բլոգապատում, իմ՝ Աշոտի Բլեյանի բլոգում։ Այսօր էլ իմ հերթական պատումն է, գիրն է զետեղված: Պատմում եմ իմ երեկվա, իմ օրերի, իմ կյանքի մասին:

Իմ գրում մեծ տեղ է զբաղեցնում հենց կրթահամալիրային կյանքը, որովհետև իմ հիմնական ժամանակը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ձեզ հետ է անցնում: Եվ որպես հանրային, քաղաքան գործիչ չեմ կարող չանդրադառնալ նաև պատերազմին, դրա խնդիրներին, հետևանքներին և չլուծված հայ-ադրբեջանական հակամարտությանը:

Ի՞նչ կասեք տնտեսական ինքնուրույնության մասին:

Պատերազմն իր հետևանքներով կարող է և պիտի՛ խթանի տնտեսության զարգացումը: Առանց տնտեսության կարգավորման՝ մեր վիճակը, մեր կյանքը կարգավորել չի լինի:

Պատերազմը ցույց տվեց, որ ոչ թե քաղաքական լուծումներն, իշխանության գործունեությունն են ուղղված տնտեսության զարգացմանը և տնտեսական կյանքի, հասարակական կյանքի աշխուժացմանը, այլ Հայաստանի արդյունաբերությունը՝ տնտեսությունը, պատանդ է քաղաքական լուծումների:

Եվ պատահական չէ, որ այս 30 տարում վիճակն այդքան լավ չէր, և մտահոգիչ խնդիրեր կային: Դրանք նաև արտագաղթին են վերաբերում, երբ մարդն ուզում էր Հայաստանից շուտ գնալ, երբ ինքը ծառայությունից խուսափում էր տարբեր ճանապարհներով: Այդ խնդիրները հիմա ևս առկա են:

Ի՞նչ կարող ենք անել մենք այդ ուղղությամբ:

Շատ կարևոր է, որ դառնաք ավելի ինքնուրույն, ավելի ինքնավար, որ ձեր վստահության, ինքնուրույն գործելու մակարդակը, աստիճանը բարձրանա: Ես հատկապես տնտեսական ինքնուրույնությունը նկատի ունեմ, որ դուք օր առաջ ձեր կարողությունները վերածեք աշխատանքի, ձեր տնտեսական հարցերն առանձին լուծեք, գումար աշխատեք, որ դուք ոչ թե ծնողներից կախված լինեք, այլ մտածեք ծնողների մասին: Նրանք հնարավոր է և չեն կարողանում ապահովել ձեր ուսման ծախսերը աշխատատեղերի պակասի, կյանքի թանկացման պատճառով: Օրինակ՝ նույն ընտանիքում կա հաշմանդամ, որը, տնտեսական և այլ բնույթի դժվարություններով պայմանավորված, աշխատանք է կորցրել կամ նախկին չափով չի կարողանում վաստակել, որովհետև շուկան նեղացել է: Դուք պետք է ձեզ մեծ, պատասխանատու զգաք, իմանաք, որ ընտանիքն այդպիսի խնդիրներ ունի, մտածեք, թե ինչպես կարելի է մասնակցել ընտանեկան խնդիրների լուծմանը: Գուցե պետք է, օրինակ՝ աշխատել մի տարի, երկու տարի: Դա էլ հնարավորություն կտա, որ ընտրեք, թե ինչի վրա ծախսեք այդ ժամանակը: Բարձրագույն կրթությունը չորս կամ վեց տարի է: Եվ միշտ չէ, որ ուսուցումն անվճար է: Ո՞վ է վճարելու ուսման վարձը և ուսանողի պահման ծախսերը: Եթե հնարավոր է աշխատելն ու սովորելը համատեղել, շատ լավ: Եթե հնարավոր չէ, նախ և առաջ ձեր աշխատանքի հարցը լուծեք:

Օր առաջ գումար աշխատե՛ք, խնայող եղե՛ք: Եվ ամենակարևորը՝ մտածեք՝ ինչպես տնտեսող լինել, ինչպես ծախսերը դարձնել ավելի նպատակային, հրաժարվեք այն ծախսերից, որ կարելի է չկատարել կամ հետաձգել: Սա գլխավորն է: Մենք իրոք կշարունակենք գործընկեր լինել: Կավարտեք՝ որտեղ կլինեք՝ կարևոր չէ: Կրթահամալիրի դռները միշտ բաց են ձեր առջև: Բոլոր տարիների շրջանավարտնե՛ր, համեցե՛ք աշխատանքի, սովորելու հետ կապված հնարավորությունների հետևից: Այսինքն՝ մենք կշարունակենք այս բարդ, բայց լուծելի վիճակը:

Ո՞րն է «Նոր ուղու» նպատակը և առաքելությունը:

«Նոր ուղին» քաղաքացիական նախաձեռնություն է և հարթակ: Այն առաջացել է նոր հայացքից՝ պայմանավորված այն տարածաշրջանով, որտեղ ապրում ենք, այն հարևանությամբ, որ ունենք, հարյուրավոր տարիների կնճռոտ պատմությամբ. նկատի ունեմ մեր մուսուլման հարևաններ Թուրքիայի Հանրապետության (թուրք ժողովրդի, թուրք պետության պատմությունը` լինի սուլթանական, թե 1923-ից Աթաթուրքի ստեղծած Թուրքիայի Հանրապետությունը), Իրանի Իսլամական Հանրապետության, ավելի երիտասարդ, բայց 10 մլն. բնակչությամբ բավականին մեծ պետության՝ Ադրբեջանի Հանրապետության, և արդեն քրիստոնյա Վրաստանի Հանրապետության հետ մեր հարաբերություններով, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայությամբ` որպես հզոր պետություն, որին անվանում են գերտերություն:

Հայ ժողովրդի ողբերգությունները, կորուստները մի խումբ մարդկանց մղել են մի քիչ կասկածանքով նայելու այն լուծումներին այն ճանապարհով, որով մենք գնացել ենք հայ-թուրքական, հայ-իրանական, հայ-ադրբեջանական, հայ-վրացական հարաբերությունների հարցում, փորձել պատասխանատու լինել այդ հայացքի մեջ․ոչ թե մեղադրողի դիրքից դիտել, այլ փորձել քո, նախնիներիդ, ծնողներիդ սխալները հասկանալ, նոր լուծումներ գտնել: Դա էլ հենց անվանում են այլընտրանք՝ «Նոր ուղի»:

Երբ ես մտել եմ քաղաքական կյանք 1989 թվականին որպես Հայոց համազգային շարժման վարչության հիմնադիր անդամ, հետո 1990-1995թթ. ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, «Նոր ուղի» քաղաքական կուսակցության հիմնադիր ու ղեկավար, այս փորձի հիման վրա ձևակերպել եմ այդ հիմնադրույթները, մոտեցումները, որոնք իմ կարծիքով կարևոր են, որ Հայաստանի անկախ պետության նոր սերունդը, ժողովուրդը, հասարակությունը ծանոթ լինի, յուրացնի և հնարավոր լինի դրանք բերել մինչև իշխանության ձևավորում, այսինքն՝ հնարավոր լինի փոխանցել:

Կա այդպիսի հարթակ՝ «Նոր ուղի» քաղաքացիական հարթակը: Մանկավարժության մեջ ձեզ ավելի հեշտ է գնահատել, որովհետև ՙ«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն իրականացնում է հեղինակային կրթական ծրագիր, որը այլընտրանք է հենց ավանդականին (որը տարածված է, ամենուր է ) և հասարակական ամենատարբեր խնդիրներին է վերաբերում՝ և՛ բնապահպանական, և՛ հողօգտագործման, և՛ մշակութային, և՛ համակեցության, օրինակի համար թաղամասում, որտեղ էլի դուք կարող եք այդ բոլորը նկատել՝ ինչպես անճաղ բնակավայրերին, բաց բնակավայրերին, առանց պահակ, առանց զանգ, բաց դռներով դպրոցին, թաղամասին է վերաբերում և այլն:

Սրան անվանում ենք քաղաքացիական հարթակ, որը հնարավորություն կտա բոլոր տարիքի, բոլոր կարգավիճակի մարդկանց հարաբերվել և փորձել այս խնդիրները դարձնել իրենցը և կազմակերպել այս խնդիրների լուծումը: Կարող եք մտնել, նայել, և դուք էլ՝ որպես պատանիներ, ձեր որոշումները կայացնեք ինչքանով որ դա ձեր ուղին է, այդ «Նոր ուղին» ինչքանով նոր է ձեզ համար և ինչքանով նախընտրելի է ձեզ՝ հատկապես արդեն չափահաս 18 տարեկաններին: Շատ էլ հետաքրքիր կլինի այդ տարիքի պատանիների հետ սկսել աշխատել: Այս պարագայում արդեն ոչ թե վարչական ենթակայության մասին է խոսքը, երբ ես Տիարն եմ, տնօրենն եմ ու հիմնադիրը, դուք՝ սովորողը կամ շրջանավարտը, այլ հարաբերվենք իրար որպես մարդիկ: Լավ է, որ ճանաչում ենք իրար․ ավելի հեշտ կլինի, ավելի կվստահենք իրար և կարողություններ կունենանք՝ միասին գործելու, այսինքն՝ այդ մեր խնդիրները, լուծելի խնդիրները, որոնք պատերազմով դարձան ավելի հրատապ, կարևոր՝ անհետաձգելի լուծման առումով, միասին սկսենք լուծել այդ խնդիրները:

Պատերազմը ցույց տվեցոր կաղում ենք դիվանագիտությանբանակցելուարագ կողմնորոշվելուճգնաժամային իրավիճակում ճիշտ որոշումներ կայացնելու հարցումԴուք Ձեզ դիվանագետ համարո՞ւմ եքԸստ Չերչիլի՝ «Դիվանագիտությունն այն կարողությունն էորով մեկին գրողի ծոցն են ուղարկում այնպեսոր վերջինս անհամբերությամբ սպասի այդ ուղևորությանը»:

Այստեղ չպիտի մոռանանք, որ Անգլիան՝ Չերչիլի Անգլիան աշխարհի հզոր պետւթյուններից մեկն է: Ընդ որում, երկար տարիներ այն ունեցել է պետականություն, ավելին՝ թելադրել է և նաև ժողովուրդների ճակատագրերի վրա է ազդել, այդ թվում՝ հայոց: Այս պատերազմի շրջանում էլ, մեր աչքերով որ նայենք, այն որևէ ձևով չաջակցեց մեր խնդիրների լուծմանը, չկանգնեցրեց պատերազմի զարգացումը, ծավալումը: Պետությունն իր շահերից ելնող հզոր ավանդական քաղաքականություն է վարում: Տվյալ դեպքում՝ Չերչիլը խոսում է հզոր Անգլիայի պետության անունից:

Իսկ մենք խոսում ենք Հայաստանի Հանրապետության,  հայ ժողովրդի անունից, որն այս տարածքում է ապրում, այս ընկերակցության, հարևանության  շրջանում: Ես կարծում եմ երկու բան կա, որ գոնե իմ կյանքում առանձնացրել եմ: Ուզում եք, դրան դիվանագիտություն անվանեք: Մեկը, որ մենք շատ վատ ենք ճանաչում հարևան ժողովուրդներին: Այսօրվա Թուրքիան, տեսեք, իր հզորությամբ ՆԱՏՕ-ի երկրորդ բանակն ունեցող 80 միլիոնանոց երկիր է, որը մեր անմիջական հարևանն է: Ցավոք սրտի, այդ սահմաններն էլ մենք չենք հսկում․ հանձնված են Ռուսաստանի Դաշնությանը: Կա 1915 թվականի այս կնճռոտ հարաբերությունը՝ ողբերգությունը: Նկատի ունեմ նաև պատերազմը, երբ Թուրքիան չեզոք դիրք էլ չգրավեց․ դարձավ պատերազմի կողմ, հակառակորդ: Այս բոլորով հանդերձ, մենք վատ գիտենք, մենք չենք ճանաչում: Ժամանակակից Թուրքիայի վերաբերյալ բավական է հիմա մի հարցարան լինի 10 հարցից բաղկացած: Փորձեք հարցում անել մեր 134 շրջանավարտների միջև:  Ու կտեսնեք, որ անգամ կրթահամալիրում, ուր թշնամական, հակաթուրքական քարոզչություն չկա, թուրքերենը որպես տարածաշրջանի լեզու ուսուցանվում է․ ակումբ կա, որն այդքան սիրով Աննան է ղեկավարում։ Բոլորով հանդերձ կտեսնենք, որ

մեր հարևաններին շատ վատ ենք ճանաչում: Սա վերաբերում է ոչ միայն Թուրքիային, այլ նաև նաև Վրաստանին, Իրանին և Ադրբեջանին: Իսկ իրար վատ ճանաչելը, իմացության պակասը և աշխարհագրական տգիտությունը շատ վտանգավոր հետևանքներ են ունենում:

Մարդիկ դա բացատրում են նաև դիվանագիտության բացակայությամբ: Եթե դիվանագիտություն է, ժողովրդական դիվանագիտություն է, մարդկային շփում է, առօրյա, սահմանային շփում է: Խորհրդային շրջանում այդ 1000 կմ-անոց սահմանը առևտրի գոտի էր, իսկ ահա 1990-ից սկսած արդեն՝ այդ սահմանը դարձավ ճակատի գիծ: Ի՞նչ դիվանագիտություն: Սա արդեն մահ է: Այնպես որ Չերչիլը նաև սա՝ ժողովրդական դիվանագիտությունը, համակեցությունը նկատի ուներ, որ չպետք է իրար դեմ կռվել, այլ պետք է միմյանց հնարավորություններից և առավելություններից օգտվել:

Ի վերջո, դիվանագիտությունը առավելությունների օգտագործմանն է ուղղված: Առավելություններ ունես դու, որ չես օգտագործում, կարող ես օգտագործել և միևնույն ժամանակ արդեն ինչ վտանգներ կան, որոնք դու պետք է չեզոքացնես, նվազագույնի հասցնես:

Սրան չի ուղղվա՞ծ դիվանագիտությունը: Իմ ասածը, կարծում եմ, իրար կապված բաներ են:

-Շնորհակալություն

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Համերաշխություն արհավիրքից դուրս գալու համար….

Միայն համերաշխությունը մեր հասարակությանը ունակ կդարձնի արհավիրքից դուրս գալու։ Երեք հարցում պետք է բացառիկ համերաշխ լինենք։

Հերոսը, կամ ում նմանվել

Ո՞վ է այսօր հերոսը: Ինչո՞ւ նրա նախատիպը առասպելական ծագում ունի: Ինչպե՞ս է հերոսը հանդես գալիս որպես ժամանակների միջեւ կամուրջ, որպէս արժեհամակարգ եւ հասարակական պատվեր: Քրիստոսին նմանվելու քրիստոնեական արժեհամակարգը ինչպե՞ս է