Վերադարձել եմ «խավարի վրայով» ցատկածի պես: Այսպես, 18-20 տարի հետ` 1995-1997թթ, խավարի՞ վրայով, թե՞ դեպի խավար, խավարից խավար… Էլ ի՞նչ ցատկ, ի՞նչ վերադարձ եմ կատարում ես… Շարունակեմ, ավարտեմ պատմությունն իմ ականատեսի. խոստացել եմ՝ 2015-ին կիսատ ոչինչ չի մնալու, «որ անկատար, դրժած թողի…»:

Դժվար, բայց 1996-97-ին զույգով հեռացան Հրանտ Բագրատյան վարչապետն ու Վանո Սիրադեղյան Ներքին գործոց նախարարը… Տեր Պետրոսյանն իր 1996թ. կասկածելի ընտրություններով այնքա՜ն խոցված էր՝ ուժազուրկ լինելու աստիճանի, որ դժվարացավ, չկարողացավ, Վազգեն Սարգսյանն էլ այնքան էր զորեղ, ասում են, որ չթողեց նոր կառավարություն ձևավորի… Արմեն Սարգսյան վարչապետը Հրանտ Բագրատյանին  փոխարինած անսովոր, այլ մենտալիտետով, մերժելի եղավ Վազգենի և իր ուժային շրջապատի համար… Լեռնային Ղարաբաղի հանրապետության ընտրված նախագահ Ռոբերտ Քոչարյանի նշանակումը Հայաստանի վարչապետ ազդարարեց ոչ այնքան նոր կառավարության մեկնարկը մեզանում, այլ ՀՀՇ իշխանության ավարտը, որը սպասվածից ավելի արագ եղավ՝ արտահերթ ռեժիմով: 1996-ին Տեր-Պետրոսյանն այնքան խոցված էր, որ գործուն չէր, ես սրանում համոզված եմ եղել միշտ` 1996-ից, իր ընտրության բաժակաճառից սկսած, տանկերով Վազգեն Սարգսյանի մայրաքաղաքի կենտրոն զբոսանքով շարունակած, 1998թ. փետրվարի 3-ի հրաժեշտ-հրաժարականի-մահախոսականի բովանդակությամբ ավարտած: Այս բովանդակության մասին` ավելի ուշ… Հիմա՝ գիտե՞ր Տեր-Պետրոսյանը, որ հանձնում է ոչ միայն իր գործադիր իշխանությունը, այլև օրենսդիր մարմնից դուրս է մղում պատրաստված քաղաքական գործիչների ընդունակ մեծ խումբ` առաջացնելով վակուում, որի հետևանքները հաղթահարել այդպես էլ չի լինելու: 1996-ի հոկտեմբերին ես ազատվեցի ՀՀ լուսավորության նախարարի ՝ ՀՀ կրթության և գիտության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից, այսպես, մի որոշումով, երբ ես Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում Հայաստանի պաշտոնական պատվիրակության ղեկավարի պարտականություններ էի կատարում, հայոց լեզվով ուսուցմամբ կրթության կազմակերպման խնդիրներ էի լուծում ռուսաստանցի մեր գործընկերների հետ: Ազատման լուրը Սոչիի սրճարանում ստացա, սուճ խմելիս, հայտնի մի հայրենակցից…

Պաշտոնից ազատման ես սպասում էի, ինչպես ողջ կառավարության փոփոխության, բայց ոչ այսպես… երկար տարիների ՀՀՇ քաղաքական գործընկեր-ընկեր Հրանտ Բագրատյանից … Հրանտին թվաց, թե իմ, Շահեն Պետրոսյանի ու էլի մի քանի հայտնի գործիչների պաշտոնազրկումը նախաձեռնելով` կկանխի իր ազատումը, նոր կառավարություն կունենա.. Չունեցավ: Ես վերադարձա կրթահամալիր, շնորհակալ եմ միշտ սպասող վերաբերմունքի համար` շարունակելով համատեղել, վստահ եմ այսօր ասում, անհամատեղելին՝ կրթահամալիրի ամենաազատ տնօրենի ու «Նոր ուղի» կուսակցության ամենախոցելի ղեկավարի պարտականությունները: Մեկտեղելի չէին սրանք: Միևնույն ժամանակ Հայաստանում 1995-ի խորհրդարանական, 1996-ի նախագահական, սրան հաջորդած տեղական իշխանության չընտրություններով (նշանակումներով), երբ հրացանավոր մարդիկ` Վազգեն Սարգսյան սուպեր անձի ցուցակով, գրավեցին Երևանի թաղապետերի (համայնքների ղեկավարների) պաշտոնները, Հայաստանով մեկ քաղաքապետեր-գյուղապետեր դարձան, հրատապ դարձավ իշխանության օրինականության վերականգնման-հաստատման խնդիրը: ՀՀՇ իշխանության կուսակցությունից ընդդիմություն դարձած, «լուսանցքում», բայց ակտիվ-լսելի-հրապարակային գործող քաղաքական միավորների՝ «21-րդ դար» (Դավիթ Շահնազարյան), «Ժողովրդավարական հայրենիք» (Էդուարդ Եգորյան), «Նոր ուղի» (Աշոտ Բլեյան), «Լիբերալ դեմոկրատական» (Վիգեն Խաչատրյան) (կներեք անճշտության-բացթողումների, հետուառաջի համար, հիմա ես պատմում եմ բանավոր, հիշելով, մտքումս մնացած արխիվով) ղեկավարներով հասկանում էինք, որ Ռոբերտ Քոչարյան վարչապետի փաստը, նրա կառավարության գործունեությունը թույլ չեն տա Հայաստանում քաղաքական լեգիտիմությունը վերականգնել: Ավելին…

Այդպես էլ եղավ: ՀՀՇ վարչությունը՝ իր Վանո Սիրադեղյան նախագահով, ԱԺ  պատգամավորական ֆրակցիայով, մեզանից վատ չէր հասկանում սա, բայց… ՀՀՇ-ն ավա՜ղ, Տեր-Պետրոսյանին ուղիղ ենթակա կառույց էր, հատկապես «Հանրապետություն» պատգամավորական դաշինքում՝ հեշտ կառավարելի… Ավա՜ղ…

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Կտրվեք գետնից, կտրվեք առօրյայից, թև առեք, ճախրեք, տեսեք երկիրը անհունի…

Օրը մնաց կրթահամալիրի Մեդիակենտրոնում շախմատի որակավորման խաղերի այս կադրերով: Սիրում եմ լուրջ հայացքով տղաներին. միայն թե ձեր ուժերն ուղղեք մեր այսօրվա Հայաստանին: Օրը սկսեցի կրթահամալիրի Մայր դպրոցի խեցեգործարանի (բրուտանոցի) նորացման

Կենդանի դպրոցն իր կենդանի նախարարով

Շարունակեմ։ 1994թ. չի կարելի համեմատել ո՛չ 1996-ի հետ, ո՛չ 2004-ի… առավել ևս՝ 2014-ի… ՀՀ լուսավորության նախարար նշանակման օրը ես գնում եմ նախարարություն՝ Խորենացի փողոցի հայտնի շենքը, «Շիրակ» հյուրանոցի հարևանությամբ, որ արդեն քանի տարի

Այլոց հետ մեր մանկավարժությունն ապրելու հունիսը

Շուշան Բլեյանն ավելի ու ավելի բազմազբաղ է, ներառված Վիեննայում… ասեք՝ ո՞ւմ քաշած կլինի… Այսօր առավոտյան վաղ իր ուսանողական գործընկերուհու՝ Թերեզայի հետ Մխիթարյան միաբանության Վիեննայի հայր Վահան Հովակիմյանի ուղեկցությամբ շարժվեցին Բուդապեշտ. հրավիրված