Դավիթ Բլեյանը տեղում, տանը գրառում արեց լուսանկարի տակ, որ իր ուսուցիչ Լուսինե Փաշայանն ուղարկել էր Արմինեին՝ իր «պոզիտիվչիկի» քաշած պատկերը․․․
Առավոտյան, սուրճի սեղանի մոտ Արմինեն, որպես ծնող, ուրախանում է.
— Հայրի՜կ, տե՛ս, տղադ հեղինակային մանկավարժության ի՜նչ վայելքի մեջ է…
Դավիթը մոտեցավ, նայեց լուսանկարին ու ավելացրեց.
— Ես լողում եմ խոտերի մեջ։
Արմինեն իմ խնդրանքով լուսանկարն ուղարկեց ինձ, իսկ Դավիթն ինձ բացատրում էր լողալու  և լողանալու տարբերությունը․․․ Այս շարքի առաջին նկարը դարձավ իմ օրվա, պատումի խորհրդանիշը՝ Դավթի այս մակագրությամբ՝ «Ես լողում եմ խոտերի մեջ»…

Լուսանկարները՝ Լուսինե Փաշայանի, Արմինե Աբրահամյանի:

Երեկվա մեր շրջայցը կրթահամալիրով մեկ, կրթահամալիրի բանգլադեշով՝ հյուսիս-հարավ-արևելք-արևմուտք խմբերով, երթուղով-ժամանակով, մեր մասնակցությունը Բլեյան կրթական բաց ցանցի բաց լաբորատորիայի պարապմունքներին ամենուր՝ լանջերին, տանիքներին, սրահներում-արհեստանոցներում՝ բացօթյա, թե ծածկի տակ… Կանաչի, խնամքի, ապահովության, ուրախության, հավեսի, իմացումի-մարդկային շփման հաճույքի մեջ լողացող սեբաստացիներ տարատարիք․․․ երկու տարեկանից սկսած․․․

Օրվա մոմենտը, որ մեխվեց-մնաց, երկա՜ր, որպես «զիլ ձեներ» իմ ուղեղում, Մայր դպրոցի Մարմարյա սրահում Հյուսիսի դպրոց-պարտեզ կրթական համայնքի, իսկական համայնք, մեծով-պստիկով, սովորողով, նրա մանկավարժով ու ծնողով, վիպերգությունն էր, դեպի հունիս, ժողովրդական օպերայի նախերգանք որպես, երեք արարով, բերանացի ասք մի, որ հնչեց մաքուր… Շարժումի մեջ պարփակված գեղարվեստի ներկայացում՝ խոսքով-երգով-պարով-գույնով․․․ Շնորհակալ եմ այսպիսի ուրբաթ-համերգի համար։

Դավիթ Բլեյանը թիվ 39 կրթահամալիրային երթուղում ինձ պարտադրում է վերադառնալ «հարցեր ճանապարհին» նախաձեռնությանը… Ափսո՜ս, որ միայն Դավիթը։ Իմ մտածումները հիմա լողալու հետ են կապված՝ խոտերի մեջ, թե բաց ավազաններում կրթահամալիրային լողափերի… Իմ հարցերն էլ ճանապարհի ընկեր սեբաստացիներին, սրան են ուղղված…
— Նկատե՞լ եք երեկ դպրոց-պարտեզներում տեղադրված առաջին բաց լողավազանները։ Ինչո՞ւ հենց երեկ դրանք սկսեցին տեղադրվել։
— Ե՞րբ և ո՞վ է հայտարարում բաց լողափերում մեր լողի շրջանի սկիզբը։
— Ո՞վ կլինի առաջին ջուր մտնող սեբաստացին, ի՞նչ մրցանակ սահմանի տիարը նրա համար…
— Ի՞նչ է Դավթի տոպրակում տեղավորվածը…

Երևանյան լիճը՝ Աշոտ Բլեյանի օբյեկտիվից:

Իմ աշխատանքային օրը երեկ, Մարմարյա սրահի տպավորիչ համերգ-եռապատումից-եռերգությունից հետո, այլ ընթացք ունեցավ․․․ Պլանի գլխից վեր, Հերացի-Մյասնիկյան փողոցի հատման շրջանում տեղավորված 1in.am TV-ն ինձ հրավիրել էր մեր երկօրյա ստեղծագործական հավաքի շուրջ զրուցելու․․․ Որքան էլ չեմ սիրում մեքենախեղդ Երևանով այսպիսի երկար ավտոճանապարհ անցնել, բայց․․․ գործ է մեծ-ծավալուն՝ Բլեյան կրթական բաց ցանցի հետևողական-հաստատուն ծավալումը։ Եթե իմ կյանքի վերջին երեսուն տարվա ծառայության արդյունքը կրթահամալիրն է՝ իր հեղինակային մանկավարժությամբ, հաջորդ երեսուն տարին էլ արժե նվիրել հեղինակային բաց կրթական ցանցի կայացմանը… Դրանից հետոյի մասին հետո կխոսենք. հետևեք իմ գրին, բլոգին, պատումին…

Լավ չէ, իհարկե, որ լրագրողները խախտեցին պայմանավորվածությունն ու ինձ պարտադրեցին զրույցի այլ ընթացք… Ձեր գործին, ընթերցող-չընթերցող, նախանձում եմ․ կուզեք՝ չեք կարդա, չեք դիտի… Իսկ ինձ մինչև տուն հասնելը, Աստղիկին գրկելը պետք էր հաղթահարել ինձ պատած անախորժությունը…

Փրկությունը Հերացի-Նալբանդյան-Խանջյան փողոցի աջակողմյան եզրի ծառերն են, դադար-տիտիկով Միքայել Նալբանդյանի հարթակում․․․ Գնալիս՝ Խաչատուր Աբովյանին իմ խոնարհումն էլ… Այս արձանն իր հրապարակով ես չեմ շրջանցում․․․ Երևանին ինձ կապող ծառերի հետ իմ զրույցից առաջացած երեկվա շարքից տեսնենք Արմինե Թոփչյանն ի՞նչ կբերի իմ պատում օրվա․․․ Նալբանդյանի պատվանդանի ու Խաչատուր Աբովյանի հրապարակի հետ խնդիրներ կան, թվում է, անհաղաթահարելի․․․ Կպատմեմ։

Կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից:

Իսկ Դավթի առավոտյան տոպրակում իր լողի պարագաներն են… Իմ աչքից չվրիպեց Արևմուտքի ծածկած լողավազանում ջրագնդակի խաղի բերած աշխույժը։ Կեցցե՜ Համբարյաններից Անուշը․․․ գնդակը հիմա Դավիթ Բլեյանի դաշտում է. ե՞րբ կմտնի Դավիթը ջրային խաղի մեջ իր նվեր-գնդակով։

Այսօր ծնվեց Տաթև Համբարյանի ու Միքայել Ղազարյանի՝ իմ սանիկների առաջնեկը, իմ հերթական սանիկ Մարտին Ղազարյանը․․․ Մենք անհամբեր սպասում էինք այս ուրախության լուրին ու պատրաստվում Սևանի «Ժայռ» այցելությանը․․․ Մայիս ամիսը մեր Սևանի ափը կարգի բերելու շրջանն է․․․ Մեր իններորդցիները բարի ավանդույթով այստեղ են անցկացնում իրենց ռազմամարզական ստուգատեսը․․․ Այս անգամ Սևանից ճանապարհը կտանի՞ Շորժա-Արտանիշ-Վարդենիսով, Վարդենյաց լեռնանցքով, Քարագլխի հովիտով Եղեգիսի Արատես․․․
Սա արդեն հարց է ոչ միայն Դավիթ Բլեյանի միկրոավտոբուսի ընկերներին․․․

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1644

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Երկինքը վրան եմ դարձրել, տարերքին եմ լսում-հետևում…

Վերջապես  Դավիթ Բլեյան ու Դավիթ Կարապետյան հինգ տարեկան անբաժանների ծնողների հանդիպումը երեկ մեր Կենտրոնում կայացավ։ Ես կարևոր զրույց ունեցա տեր և տիկին Կարապետյանների՝ երեք նշանավոր սեբաստացիների` երկու տարեկան Մարիայի, Դավթի և

Այլասերման ցանցային հաղթահարման, իրարից, մեր կյանքից չօտարվելու մասին է իմ գիրը

Դավիթն ու իր պանդա-արջուկը նոր, որ օրեր առաջ մեր ուշադիր-քնքուշ սեբաստացի Աստղիկ-հարսիկը նվիրեց, ենթադրում եմ՝ Դավթի Աստղիկ քույրիկին, անբաժան են, ինչպես իր ծնունդով ընկեր հսկա գորշ արջուկը… Տեսեք՝ ոնց է

Ինչու է պոպկորնն աղմուկով պայթում․․․

Հոբելյանական հազարհարյուրերորդը՝ Աբուլից առաջ Պոպկորնը բառացի, թարգմանաբար, նշանակում է պայթող եգիպտացորեն։ Այսպիսի՝ գիտական-հանրամատչելի հրապարակումները ես կարդում եմ Դավիթ Բլեյանի հետ, որքան էլ անմեղ-անվտանգ վիճակ չէ Դավիթ Բլեյանի հարցախույզում հայտնվելը․․․ Շուշանը