Չեմ հիշում՝ երբ եմ 99-ը աստիճաններով կրթահամալիրի Մայր դպրոց-Գեղարվեստ-Կենտրոն ճանապարհն անցել, հեծանիվը կապ չունի, ոտքով… Աստիճան բարձրանալ սիրում եմ, ինչպես բարձունք, վերելակից հազվադեպ եմ օգտվում… Որքան էլ չձևավորված, բայց մեր կրթական պարտեզի սարալանջը ձգում է, ու ոտքով, թե հեծանվով Կենտրոն-Գեղարվեստ-Մայր դպրոց՝ վար ու վերը անում եմ Սարալանջով: Իմ ճամփեն՝ հաստատ, ու ես Սարալանջին մի պահի հիմնովին կկպչեմ, Մարիետ Սիմոնյան:

Ինչպես հիմա ինձ համար կարևոր է տանդարձի ճամփին Ծովակալ Իսակովի հատվածն անցնել ոչ փողոցով: Երևանյան լճի ափը՝ իր անցումով, տանում է… Միայն ձկնորսներին չխանգարեմ: Հիմա Հաղթանակի կամրջից հետո, իմ ազատ ընտրությամբ, Մարիետ Սիմոնյան, թեքվում եմ աջ, քեզ ծանոթ, քո հավանած ջրանցքով, Հրազդանի ձախ ափով, ջրանցքով ձգվող ճամփով քշում մինչև Արշակունյաց տանող կամրջակներից մեկը՝ առաջինը, երկրորդը, երրորդը, դադարներով, ֆոտո-արձանագրումներով… ապրելով: Իմ ճամփեն է, ինչո՞ւ շտապեմ… Ա՛յ, որ ձորի Կարմիր կամուրջն էլ գործի գցենք, կրթահամալիր-տուն-Բանգլադեշ-Կենտրոն (մայրաքաղաքի, ֆիզիկական-աշխարհագրական), թե Կենտրոն-Բանգլադեշ ճամփեն էլ կանցնի Գինու կոմբինատից ձախ, մինչև Հաղթանակի կամուրջը, Կարմիր կամրջով, Ամերիկյան փողոցով, Հրազդանի կիրճով Ձորագյուղի փեշերով մինչև Սեյրան բարձունք… Կամ Սեյրան բարձունքից դադարով, Ամերիկյան փողոցով… Ճամփորդ ես, քո ճամփով գնա՜:

Տան ճանապարհին… կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից

Ձկնորսները, հաշվեցի՝ երեք տասնյակի չափ, Երևանյան լճի՝ մայրաքաղաքի միակ ծովի-ջրավազանի զզվանք առաջացնող (հանցանքի վայրից փախանք, պրծանք) ափին օրեր շարունակ ձուկ են որսում, սիրահարները, հաշվեցի՝ մինչև տասը զույգ, Գետառի բաց մնացած ափին ժամեր, օրեր համբուրվում են, իրար գրկած վերանում մայրաքաղաքային ժխորից, իսկ մենք չե՞նք կարողանա «Գետը քաղաքում» նախագծի այսքան մասնակիցներով համբույրի ստուգատես-փառատոն անցկացնել Երևանյան լճի ափին կամ համբույրի ֆլեշմոբ՝ Զանգվի կիրճով մեկ… Գրկախառնության փառատոն-հավաքը մեծահոգությամբ վերապահենք մեր գործընկեր վրացիներին. Քուռը՝ իր կամուրջներով, ձևավորված քաղաքային աջ ու ձախ ափամերձ ուղիներով, պաշտպանված-խնամված, հարմար թվաց… Համ էլ մենք հազարներով այդ օրերին գրկախառնության կձգվենք մեր Թիֆլիս՝ մեր վրաց ընկերներին գրկելու, գրակախանությամբ մեր ընկերությունը նորոգելու-հաստատելու… Նույն ճամփեքով վրացիները իրենց հայտնաբերած սքանչելի Զանգու, Երևանի ծովը կգան համբուրվելու… Շա՜տ շուտով… թե փութաջան լինենք…

Մարիետ Սիմոնյանի նոթերի հավաքածուն Սեբաստացի ագարակի մասին ավելորդ դարձրեց շաբաթ օրվա իմ գիրը նոր բովանդակությամբ լցնելը, հատկապես որ օրը Աբովյանի հետ է, «Գեղեցիկ իմ Զանգի. Հրազդան, նազելի իմ բնակարան» նախագծով այսօր տասնյակ խմբեր՝ ոչ միայն տարատարիք սեբաստացիների, այլև եղեգնաձորցիների, թբիլիսցիների, արցախցիների, լեցուր, լեցուր, լեցուր, Զանգվով մեկ, մեր տնից չորս հոգի՝ Արմեն Մարտիրոսյանով, Զանգվի ճամփորդ… Դավիթ Բլեյանին էլ Զանգվից տուն չես բերի։ Փութաջան պատրաստվում էր. ընկերներով պայմանավորվել էին՝ ով ինչ է վերցնելու։ Ու դեռ Սոնա քույրիկին էլ է մայրիկի տապակած համով կոտլետներից տանում. քեռի-եղբայր է, մենակ չի թողնի՝ քիչ է, բերանից կկտրի, բաժին կհանի…

Հյուսիսային դպրոցի սովորողների, դասավանդողների քայլարշավը Արգավանդ-Վերին Չարբախ-Երևանյան լիճ երթուղով:
Լուսանկարները` Տաթև Աթոյանի

Իսկ ինձ զբաղեցնողը հիմա ամառային բացօթյա լողափերի – լողալու շրջանի բացումն է. մի ինստալյացիա ինձ հանգիստ չի տալիս… իհարկե, Զանգվի աջ և (կամ) ձախ ափով հոսող զանգվեցիներով… Բաց գիր է՝ Զանգվի պես, ճամփորդի պես, չես շեղի…

Շաբաթից, իմ տպավորություններից ի՞նչ մնաց… Երեկ Մարմարյա սրահում ընդհանուր տոնական պարապմունքի Աբովյանի Զանգիի ընթերցումը։

Զանգի՛, Զանգի՛, գեղեցի՛կդ իմ Զանգի:
Ինչպես մեկ կատաղած վիշապ՝ երկնքիցը թռած, գլխիվեր ճոլոլակ, մեկ տուտը Սևանի հանդարտ ծովումը, մեկ տուտը Արազի քրքրված ղրաղումը, սար ու ձոր կխչոր տալով, քանդելով, տապալելով, քափ ու քրտինքը բերանը կոխած, գզզված մազերը քյալլին ցցած, կապը կտրած, գժված, ռեխն ավազով, քարով, զիբիլով լիքը, էս կողմն, էն կողմն փնչացնելով, ճոթռելով, ջարդելով, տակ ու ղրաղ ծամելով, բրդելով
Զանգի՛, Զանգի՛, գեղեցի՛կդ իմ Զանգի:

Այս տողերը դարձան մեր «Գետը քաղաքում» նախագծի օրհներգը… Այսպես ենք կարդում Աբովյան, որպես աղոթք-ցնծություն-խոստովանություն-խմբասացություն…

Արևելյան դպրոցի Էկո-հայրենագիտական արշավ Քարաշամբ-Բջնի երթուղով:
Լուսանկարները` Իվետա Ջանզայանի:

Արամ Արտենյանը՝ «Մուսալեռ Ջուր»-ը, վաղը առավոտյան ժամը 10։00-ից մինչև 13:00 մեզ տրակտոր է տրամադրելու։ Վահեն կգա իրենց աղբատար մեքենայով ու համայնքի աշխատողներով։ Խոսել եմ Փարաքարի միջնակարգ դպրոցի տնօրենի՝ պարոն Հակոբյանի հետ։ Նա շնորհակալություն է հայտնում մեր կրթահամալիրին։ Ասաց, որ առավոտյան կկազմակերպի, որպեսզի մի խումբ սովորողներ՝ իրենց դպրոցից, նույնպես մասնակցեն ջրանցքի մաքրման աշխատանքներին։ Լուսինե Բուշը և Վարդուհի Հայրյանը սովորողների հետ՝ հեծանիվներով Թաիրովում կլինեն ժամը 11։00։ Ես շուտ կգնամ, որ դիմավորեմ տեխնիկային։ 

Սենսեյ Հայկուհի Հովհաննիսյանի այսպիսի նպատակադրումը՝ Փարաքարի ջրանցքն է իմը, իմ փայ Զանգուն, անդիմադրելի է, պրծում չունենք, չունենք՝ մաքերլու ենք, պահելու ենք, բոլոր լուծումները գտնելու ենք… Չենք շեղվելու… Մյուսն էլ՝ իմ վաղվա գրում, Արմինե Աբրահամյանի փոխանցմամբ, Կարմիր կամրջից, Զանգվի նշանավոր քարանձավից, Նորագյուղի Երևանյան լճի ափով վերադարձից հետո…

Օրվա ընթերցարանն իմ գրի

Իսլամաֆոբիայի դեմ պայքարի, վստահ եմ, միակ միջոցն է գտել Ավստրիայի նախագահը, որ բոլոր կանանց (երկրի՞, աշխարհի՞)  կոչ է արել գլխաշոր կրել։

Ինչպես Հայ ազգային կոնգրեսն օգնեց իշխանությանը մաքուր կեղծել ընտրությունները. դրակա՞ն, թե՞ բացասական երևույթ էր առանց աղմուկի ընտրություն կեղծելը։

Թագուհիները ավելի հաճախ են պատերազմներ հրահրել, քան թագավորները… Վերջին 500 տարվա տետազոտությունների տվյալները հակասում են այն տարածված կարծիքին, որ կանանց կողմից ղեկավարվող պետությունները ավելի խաղաղասեր են և քիչ հակված հակամարտությունների…

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1023

Explore More

Իմ հիշողությունների ալբոմը

«Գրապտույտի» հիմնադիր 9-րդ դասարանցի Գոհար Հովհաննիսյանն այն համարում է հաջողված նախագիծ։ Ես էլ… և «Գրապտույտի» պես, իմ օրագիրն էլ՝ իր 540 գրերի ամբողջությամբ։ Երեք դիտարկում ունեմ, որ այս գրով ասվող

Բանգլադեշյան պլեների, Գագարին պրոյեկտի ու Բլեյան կրթական ցանցի հանդիպման հունիս

Օրը՝ հունիսի 2-ը, որ եղել է, կա ու միշտ կլինի Լիլիթ Բլեյանինը, իրենով կսկսվի․․․ Գիշերվա-առտու չորսի-հինգի արանքում (Լիլիթն է հաճախ հարցնում. «Հայրի՛կ, ինչպե՞ս ես քնում») արթնացա  Լիլիթի ֆեյսբուքյան տեքստով, անցնցում օրվա

Ինքնացնցումով առաջացող-ծավալվող կրթական ցանցին մեր միացեք…

Առտու ժամը հինգն է. բաց պատուհանով աշխարհի իմ անկյունում, բարի լույս, սկսում եմ ես օրն իմ պատումով երեկվա։ Ես ունեմ մինչև մեկ ժամ սրա համար, մինչև մեկ ժամ կարդալու. այսօրվա