Դավիթ Բլեյանը նորից Կառլսոնի, որն ապրում էր տանիքներում, Մանչուկ ընկերն է, ու ամեն անգամ խաղում է մեզ համար մի դրվագ…
— Մա՛մ, ես գիտեմ, թե ինչի մասին եք խոսում դու և հայրիկը, ես լսում եմ ձեզ…
— Եվ ի՞նչ ենք խոսում ես ու հայրիկը…
— Ապուշություններ…

Իրիկունը, երբ ետհեծանվային վիճակը հաղթահարած՝ ներառվում էի ընտանեկան միջավայրում… զանգեց Շուշանը Բլեյան… Իր ընկեր-ընկերուհիների հետ Վիեննայի հոգատար-ուշադիր բաբուլյայի ընդարձակ տանը խորովածով հավաք էին կազմակերպել ու որոշել ուղիղ եթերում մեզ ներկայանալ-ներկայացնել… Մի լավ գովեցին ինձ՝ Շուշանի պես աննման աղջկա պարգևի համար, հավատացրին ինձ, որ Շուշանը տեսքով-խելքով-շնորհքով… բնավորությամբ ես եմ, մայրս կասեր՝ պնչե թռուկ… Ես էլ մի բոլ շնորհակալություն հայտնեցի իրենց հարազատության համար. առանց այդպիսի մարդկային միջավայրի Շուշանը Վիեննայում այսքան ժամանակ չէր դիմանա, որքան էլ Վիեննան՝ Մոցարտի քաղաք ու Եվրոպայի կենտրոն… Զրուցակիցներս փոխեփոխ պնդում էին, որ այս միջավայրը հարազատական Շուշանն է ստեղծել… Ի՜նչ լավ է… Իսկ մեր տեսակապի կարևոր մասը Դավթի ու Աստղիկի ցուցադրումն էր բաբուլյային, Շուշանին ու ընկերուհիներին… Աստղիկն օր օրի է մեծանում… Որ Դավիթը ես եմ՝ լավ է, որ Եվրոպայում էլ գիտեն, բայց որ Աստղիկը ինձ հեչ նման չէ՜… կապի վատ որակից է, իհարկե… խաբկանք… Շուշանի պլանները չեն փոխվել. նա ճամպրուկները հավաքել է, ապրիլի 12-ին կլինի Երևանում, իսկ ապրիլի 17-ի համերգի պատրաստության ընթացքից շատ գոհ է… Սուպեր…

Արևմտյան դպրոցի ծաղկունքը: Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի:

Ես, իհարկե, այսօրվանից կկրեմ ոչ միայն հեծանվորդի ակնոց, այլև պաշտպանիչ գլխարկ… Ինձ հետևում են, ես եթերում եմ… Ափսոս, որ այս հինգ տարում չկարողացա հեծանվով աշխատավայր հասնողի, աշխատանքի ընթացքում հեծանիվը որպես փոխադրամիջոց գործածողի մշակույթը տարածել… Աշխատանքի գալիս-գնալիս Րաֆֆի, Բաբաջանյան, Զորավար Անդրանիկ, Սեբաստիա փողոցների կանգառներում սպասող ուսանողներից-երիտասարդներից շատերը վաղուց կարող էին հեծանիվներով լինել… Պատկերացնում եմ՝ մի քանի տասնյակ հեծանվով դասի գնացող, դասից եկող ուսանողները որքա՛ն կարևոր բան փոխած կլինեին Երևանում… Ի՞նչն է խանգարում… Ինչո՞ւ չեն կարող ուսանողական վարկերը տրամադրվել այս նպատակով՝ ուսանողական-երիտասարդական հեծանիվ ձեռք բերելու… Ինչո՞ւ հեծանվի ապառիկ վաճառքը չընդարձարկվի, չխրախուսվի… Ժամանակն է, որ Երևանի քաղաքապետը, ավագանին, ՀՀ կառավարությունը անդրադառնան հեծանվով երթևեկությունը օր առաջ, գործուն խրախուսելու հարցերին… Վաղո՜ւց ժամանակն է, որ մի քանի քաղաքներ, օրինակ՝ Էջմիածինը, Արտաշատը, Արարատը… հեծանիվների քաղաքներ հայտարարվեն… Հեծանվով Երևան-Էջմիածին, Երևան-Արտաշատ, Արարատ-Արտաշատ, ներգյուղական երթևեկը սովորական բան լինի աչքի համար… Մենակ հեծանվորդի համար՝ փողոցներում, ավտոմեքենաների շրջափակման մեջ, տխուր է… Անպաշտպան ես նաև զգում:

Արևմտյան քարափ-բարձունքում: Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի:

Քիչ է ասել՝ մտահոգված եմ. այս օրերին ինտերնետ իմ այցելությունը մեծապես կապվում է հանրային ուշադրության կենտրոնում հայտված «Սպայկա» ընկերության, նրա շուրջ ծավալվող գործողությունների հետ։ Մեր անկախ պետականության շրջանում ստեղծված հաջողված ընկերությունները՝ որպես բիզնես-ծառայություն, արտադրություն, կրթամշակութային հաստատություն, գուրգուրանքի են արժանի, որ  իշխանափոխության այս շրջանում ոտնատակ չգնան, չկորցնենք, որպես շահառու հասարակություն՝ որևէ արդարացումով, թե հիմնավորմամբ։ Սա ստեղծող մարդու, գործատուի, ստեղծագործության, ընկերության կորուստ է։ Սրա ամենաբացասական ազդակը հենց բիզնես միջավայրն է կրում. այնքան պակասող փողի փախուստ է ներդրումային միջավայրից, և դրսից փողի դեմ արգելք, հաջողված-նախաձեռնող մարդու արտագաղթ։ Ինչո՞ւ չէր կարելի, ի վերջո, տնտեսական, պետության հանդեպ ընկերության  հարկային հնարավոր պարտավորությունների մասին վեճը հարթել առանց վեճի քրեականացման՝ ընկերության տնօրենի ազատազրկումով… Նույն մտահոգությամբ մարդու՝ գործարար Վարդան Գևորգյանի արձագանքն ուշադիր կարդացի։

Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան
#1627

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Այս ամառը, մեր երեխաները, երևանյան այգիներն ու թաղային բակերը

Մայրաքաղաքի այգիները (կանաչ զանգվածները) բռնել են մի կողմից` սրճարանները` իրենց էստրադայով-մուզիկով, մյուս կողմից՝ մանկական զվարճանքի օբյեկտները՝ իրենց կարուսելներով-պաղպաղակով-դրա նմաններով… Սրանք էլ ունեն իրենց աղմուկը-մուզիկը, իրենց էստրադան… Կա՛մ սա ընթացք է,

Այսպիսի անոնս օրվա գրի

Երեկվա օրը սկսեցի «Արթմեդ» բժշկական կենտրոնի թ. 10 պալատում, հարազատ մարդու՝ Համլետ Խաչատրյանի հետ։ 37 տարվա անընդհատ ընկերություն, միշտ հետաքրքիր, միշտ ասելիքով մարդ, ում նկատմամբ ես ունեմ նաև սովորողի երախտագիտություն…. Հեշտ ժամեր

Պապա՛, դու երազներ տեսնո՞ւմ ես

Զարթիր, Տեր, յօգնել, Զարթո ըզթմրեալս, Զվարթնոց նըմանիլ։