Հանդիպում կրթահամալիրի Ավագ դպրոցի «Սուրհանդակ» ռադիոյի ստեղծագործական խմբի հետ։
Կարևոր մի փուլ մարդը չի մասնակցում հանրային կյանքի փոփոխություններին, ու դա կոչվում է դպրո՞ց…
Աշոտ Բլեյան — Շնորհակալ եմ հրավերի համար, այս կլոր սեղանի համար…
Վերջին մեկ ամիսը անցնում է նախագծային խմբերի շփման միջոցով, ու թվում է, որ այնքան էլ կտրված չենք, ամբողջ օրը իրար հետ ենք, բայց մեկ է, ինչ-որ կտրվածություն կար, և այս խմբային հանդիպումները, կլոր սեղանները իրար աչքերի մեջ նայելու, իրար հարցեր ուղղելու, իրար լսելու այս հնարավորությունը ինձ շատ հետաքրքիր էր: Ես այս մեկ ամիսը ինձ անընդհատ զգում էի հետաքրքրված մարդկաց շրջապատում:
Վարող — Հանդիպման նպատակը տիարի՝ մարտի 13-ին իր օրագրում հրապարակած հռչակագրի քննարկումն էր:
Հարց — Ո՞ւմ էր ուղղված Ձեր մանիֆեստը։
Ա.Բ.- Մանիֆեստը բաց նամակ էր։ Եվ ցանկացած գիր, որ մեդիայում է, արդեն իսկ բաց նամակ է. դու չես որոշում, թե ով կկարդա։ Կարող է՝ ունես ցանկություն, որ կոնկրետ խմբեր կարդան, դրա լուծումն էլ կա, ես դիմում եմ ընկերներիս, ասում եմ, խնդրում եմ՝ կարդացեք, տարածեք, գտեք հնարավոր շահառուին, փոստատար եղեք, որ հասնի հասցեատերերին: Մանիֆեստը բաց նամակ է հանրակրթության այսօրվա վիճակով հետաքրքրվածին, ով այդ փոփոխությունը համարում է անհրաժեշտ։ Անհրաժեշտ են համարում, բայց ձևը չգիտեն. և իմ տարիների կենսափորձը, կարգավիճակը, հեղինակությունը, ոնց ուզում եք ասեք, ինձ ստիպում են մտածել՝ գուցե պետք է ավելի ակտիվ լինել, ավելի կոնկրետ լինել, իսկ մեդիան հնարավորություն է տալիս հեշտությամբ գտնելու, դիմելու… Եվ պատմությունը չի հիշում դեպք, որ մեկը դիմի, ծանոթ-անծանոթ՝ կարևոր չէ, որևէ հարցով, որը կապվում է կրթության, սոցիալական միջավայրի հետ, ու անպատասխան մնա:
Հարց — Ձեր գիրը կարդալով՝ հասկացա, որ դուք դեմ եք 9-րդ և 12 –րդ դասարանների ավարտական քննություններին, ինչպես նաև ընդունելության քննություններին։
Ա.Բ.- Այո՛, ժամանակն է, որ ամեն բուհ ինքը որոշի քննությունների կարգը, ընկնի Հայաստանով մեկ, փնտրի, գտնի, խրախուսի, խթանի, հրապուրի, օգնի: Օրինակ՝ Ամերիկյան համալսարանը, Ֆրանսիական համալսարանը դա անում են, Երևանի պետական համալսարանը զրկվա՞ծ է , ինչո՞ւ. խտրություն եղավ։ Կամ էլ Գեղարվեսի ակադեմիան չգիտի՞ ոնց անի, չգիտի՞ մեր Գեղարվեստի դպրոցի տեղը, չգիտի՝ մեր 12-րդ դասարանում ո՛ր երեխաներն են նկարչությամբ հետաքրքրված:
4-րդ դասարանի քննությունների մասով ես գրել էի՝ ով ինչի համար է սովորում պետք է ասի։ Սովորում է, որ իրեն քննե՞ն. միշտ էլ մի քննող կգտնվի: Բա ինքնագնահատակա՞նը։ Հիմա Ձեր ինքնագնահատականն ավելի կարևոր չէ՞: Իսկ ինչ վերաբերում է պարտադիր 12-ամյա կրթությանը, դրա մասին ընդհանրապես վտանգավոր է խոսելը:
Հարց — Մանիֆեստում ասվում է. «Քննական հունիսը վերածենք ստուգատեսայինի, ճամբարային հունիսի»։ Եթե մենք այդ քննական պարտադրանքը փոխարինում ենք ստուգատեսային պարտադրանքնով, արդյո՞ք նույն բանը չենք անում:
Ա.Բ.- Պարտադրանք չասեմ, ասեմ կազմակերպում: Պետական կրթական ծրագիրն է պարտադրանք։ Պետական դպրոցը, ընդհանրապես դպրոցը չեմ համարում պարտադիր։ Սա ասում է մի մարդ, որի թվում է՝ ամբողջ կյանքը կրթություն է։ Մարդու գործն է սովորելը, և ով ասաց, որ դպրոցի միջոցով է դա միայն արվում, այս կազմակերպումն է լավագույն ձևը. ես այնքան էլ համաձայն չեմ: Ա՛յ, սովորելը, ուսումնատենչությունը ինձ համար շատ կարևոր են, ես բոլոր միջոցներով խթանում եմ ուսումնատենչությունը. և հռչակագիրը դրան է ուղղված, այն քայլերն են, որոնք բերելու են ավելի լավ պետության, ավելի լավ հասարակության, ավելի լավ դպրոցի՝ ավելի խնայող, ավելի հարգալից մարդու նկատմամբ:
Հարց — Գրի մեջ տողեր նկատեցի, որ Դուք դպրոցի միջոցով ուզում եք նպաստել տնտեսական հեղափոխությանը։
Ա.Բ. — Գիտե՞ք ինչ, հասարակության մասին է խոսքը, որովհետև կրթություն կոչվածը, այդ թվում՝ հանրակրթությունը, դպրոցական կրթությունը հատկապես, հասարակական գործունեության մի մաս է, կարևոր մի մաս է, ժամանակի, ծավալի առումով։ Ու տեսեք՝ ինչ է ստացվում, կարևոր մի փուլ ինքը չի մասնակցում հանրային կյանքում կատարվող փոփոխություններին, խնդիրներին, ու դա կոչվում է պետական դպրո՞ց: Ես ուզում եմ, որ հետևողական լինի, հենց նույն Նիկոլի կառավարությունը, որ կազմված է տարբեր նախարարներից: Ես ասում եմ, այո, 12-ամյա պարտադիր, անշարժության պարտադրող ուսումնական հաստատությունը, զուբրիտի դպրոցը, ոչ միայն տնտեսական զարգացմանը չի մասնակցում, այլև դրա դեմ է գործում: Ինքը չի հարցնում, թե ինչու, Ֆելիքս ջան, դու կարող մարդ ես, փող չես աշխատում. բա ինչո՞ւ օր առաջ այդ բանը չես անում։ Ինքը չի նայում՝ սովորողը կյանքի որ փուլում ինչքան է կարողանում արտադրող դառնալ, ինչ է կարողանում անել. այդպիսի խնդիրներ ընդհանրապես չկան։ Ու 8 -10 ամսվա այս փոփոխությունների շրջանն էլ հանրակրթության առումով ես համարում եմ շատ վտանգավոր, կորցրած շրջան:
Ուրեմն՝ պետք է գտնվի այդ հանրային կազմակերպումը։
Ես չեմ ասում՝ դպրոցն է դրա տեղը, բայց եթե երկիրը ասել է, որ դպրոցն է իմ հանրակրթությունը, ուրեմն ցո՛ւյց տուր դա կազմակերպման մեջ, թե չէ դու ուրիշ բան ասել ես, ուրիշ բան ասում ես. ու էստեղ էլ իմ սիրած արտահայտությունը՝ «Ճամփեն ո՜ւր, ճամփորդն ուր»։
Խմբագիր՝ Հասմիկ Ղազարյան
Լիլիթ Գաբրիելյանի ռադիոլուսաբանումը
[soundcloud url=”https://api.soundcloud.com/tracks/594201567″ params=”color=#ff5500&auto_play=false&hide_related=false&show_comments=true&show_user=true&show_reposts=false&show_teaser=true” width=”100%” height=”166″ iframe=”true” /]