— Ի՞նչ եք կարծում, երբ մենք փողոցում կարդում ենք Թումանյան, մոտիվացնու՞մ ենք քաղաքացիներին, որ նույնպես կարդան։
— Բառն այս չեմ հավանում։ Ես կենտրոնանում եմ նրա վրա, թե ինչն է հետաքրքիր ինձ։ Ես ինձ անհետաքրքիր բաներ չեմ անում. ինձ համար դժվար է հիմա նայել ձեզ ու հասկանալ, թե ինչն է ձե՛զ հետաքրքիր։ Եթե ես մի բան անում եմ ուղղակի որպես աշխատանք, որպես պարտականություն, որպես տնօրեն կամ ուսուցիչ, ինչպե՞ս կարող է դա հետաքրքրել դիմացինին։ Եթե ինձ համակել է մի բան, դարձել է իմը, իմ աչքերում ոգևորություն կա, ես ոգեղենություն կարող եմ փոխանցել։ Գյոթեն է ասել՝ ոգին փոխանցվում է ոգու հետ։ Այնպես որ նայեք ձեզ. ձեզ հետաքրքի՞ր է։ Եթե հետաքրքիր չէ, մի՛ արեք, կամ էլ այնպե՛ս արեք, որ ձեզ սկսի հետաքրքրել, համակել։ Իսկ դրա ամենալավ ձևը իմպրովիզն է՝ ստեղծականությունը։

— Կարծում եք, որ եթե ուսուցիչը լայն մտածողություն չունենա, սովորողին չի՞ կարող ոչինչ փոխանցել։
— Բոլորը խոսում են կրթության մեջ փոփոխություններ անելու մասին։ Հանրակրթությունն այսպես որ մնա, աշխարհով մեկ, դա մարտահրավեր է հասարակությանը։ Սա «տխուր» դպրոց է, որի այլընտրանքը «ուրախ» դպրոցն է։ Ուրախությունը ձեր ներաշխարհի է, ձեր տրամադրության, հավեսի, ձեր «մոտիվացիայի» (հետաքրքրվածության) դրսևորումն է։ Բայց ինչպե՞ս փոխենք։ Առաջինը ուսուցչի կարգավիճակի փոփոխությունն է, հայացքի փոփոխությունը։ Պետք է փոխվի ուսուցչի կարգավիճակը, որ նա դառնա արվեստագետ։ Տեսեք. երաժիշտն արվեստագետ է, քանդակագործն արվեստագետ է, գրողն արվեստագետ է… թվարկեք այսպես։ Իսկ ո՞վ է ուսուցիչը… Ըստ հասարակության՝ արվեստագետ չէ։ Ինքը շուտ ձանձրացող և շուտ ձանձրացնող մարդ է, որովհետև հանրակրթական դպրոցը՝ այսօրվա կազմակերպմամբ, դնում է նրան մեխանիկական աշխատանքի տակ։ Ինչ-որ մեկն ասել է, թե ինչ պետք է սովորեցնել, ինչ-որ մեկը դասագիրք է կազմել, ինչ-որ մեկը այդ պաշարը մասերի է բաժանել, ինչ-որ մեկն ասել է՝ ոնց դասավանդել, ոնց գնահատել, ոնց քննել… վերջ… պրծավ… մեռավ այդ ճանապարհին արվեստագետը։

Ի՞նչն է ինքը ստեղծում, ի՞նչն է իրեն հետաքրքրում՝ որպես արվեստագետ։ Պետք է ուսուցչի կարգավիճակը փոխել, որ նա այս մեխանիկականության, սահմանափակության, տափակության ճիրաններից ազատվի, դառնա արվեստագետ, հեղինակը իր գործի, պատասխանատուն լինի իր արածի։ Դա կբերի նրան, որ միջավայրը կդառնա ստեղծական, հետո սովորողը կմտնի այդ միջավայր, ինքն էլ կփոխվի… Չթողնեք, որ ձեզ ձանձրացնեն, ու աշխատեք չձանձրացնել մարդկանց։ Ամենավտանգավոր բանը ձանձրալի լինելն է։ Ես չգիտեմ ավելի սարսափելի բան։

— Ինչո՞ւ եք կարևորում Թումանյան բերանացի իմանալը, չէ՞ որ ով բանասեր չի դառնալու, նա հետո մոռանալու է։
— Բերանացի իմանանք, այլ ոչ թե անգիր անենք, որ այն դառնա քո բառամթերքը, քո լեզուն։ Թումանյանը մի աշխարհ է, մի մտածողություն, լեզվամտածողություն։ Որ ասում եմ՝ Թումանյանն ավազան է, ես դա ի նկատի ունեմ։ Ոնց անես, որ ինքը դառնա քոնը։ Այնքան այդ նյութին ազատ տիրապետես, որ այդ նյութի հետ ոնց ուզես, վարվես։ Գնահատականի համար սովորեցիք՝ հետո մոռացվելու է։ Պետք է այնքան թերթել, որ հետո այդ բառամթերքը, լեզվամտածողությունը, բառի կիրառության այդ ձևերը դառնան քոնը, դու կարողանաս լինել լեզվաշինարար, դու քո լեզուն ստեղծես, քո ոճը, որովհետև լեզուն կենդանի մի բան է, և ոճը ինքը մարդն է։

— Դուք մեզ որ ազատություն եք տալիս, Դուք չեք ունեցել, դրա՞ համար եք ուզում, որ մենք ունենանք։
— Ես որ ասում եմ ազատություն, ի նկատի ունեմ ազատ ընտրության հնարավորություն։ Ես ուզում եմ, որ մարդը՝ անհատը, իր կյանքն ապրի և այդ ճանապարհին իր ընտրությունները կատարի, ինքը լինի պատասխանատու իր կյանքի համար, որևէ մեկի վրա չգցի այդ պատասխանատվությունը, չօտարի, և որ ամենակարևորն է, իր տաղանդը, որ իրեն աստվածատուր սուրբ ծնունդով փոխանցվել է, անպայման իրագործած տեսնի։

Մանրամասն՝ տեսանյութում։

Սղագրումը՝ Հասմիկ Թոփչյանի։

[youtube https://www.youtube.com/watch?v=p9yKSeg5tq4]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հանրապետությունում ստեղծված իրավիճակը հուզում է երիտասարդ քաղաքացիներին

Ավագ դպրոցի սովորողների և ուսուցիչների, «Սուրհանդակ TV»-ի Կլոր սեղան։

Հերոսը, կամ ում նմանվել

Ո՞վ է այսօր հերոսը: Ինչո՞ւ նրա նախատիպը առասպելական ծագում ունի: Ինչպե՞ս է հերոսը հանդես գալիս որպես ժամանակների միջեւ կամուրջ, որպէս արժեհամակարգ եւ հասարակական պատվեր: Քրիստոսին նմանվելու քրիստոնեական արժեհամակարգը ինչպե՞ս է

Կրթահամալիրից ինչ-որ տարել են՝ նյութական առումով արժեք չունի

«Ոչ մի թալան չի եղել»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը՝ անդրադառնալով օգոստոսի 26-ին կրթահամալիրում տեղի ունեցած գողության դեպքին։