Բեկում «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» նախագծում: Այս հայտարարությունն անում եմ կիրակի օրով` մարտի մեկին, կրթահամալիրի գեղարվեստի դպրոցում, ուր Թբիլիսիի վրացական պետական մանկապարտեզների, դպրոցներից 35 տնօրեն-փոխտնօրեններ, դասվարներ-դաստիարակներ, կրթության գործի կազմակերպիչներ, աննմանՔեթևան Աբեսաձեի  և Վիկտորյա Բալավաձեի նախաձեռնությամբ, տեսեք` հեղինակային կրթական ծրագրերի հեղինակ սեբաստացի մասնագետների խիտ-արդյունավետ կազմակերպած դասընթացով յուրացնում են մեր մանկավարժությունը մի շերտում` դպրոց-պարտեզ միջավայրում, 5-6 տարեկանների անցումը, 2-10 տարեկանների զարգացումը… 35-ից 30-ը վրացի, առաջին անգամ են Հայաստանում, Երևանում, Բանգլադեշում, կրթահամալիրում… Տաշի-տուշին, ժողովուրդների բարեկամության` հաճախ կեղծ ու արհեստական բաժակաճառեր չկան, կա համատեղ ուսումնական աշխատանք, համատեղ պարզ կենցաղ մեր կացարաններում, համատեղ մշակութային ծրագիր…

Մենք պիտի բեկում ապահովենք նաև հայ-թուրքական հանրակրթական կամուրջներում, որ արդեն չորս տարվա պատմություն ունի` որպես Իզմիրի տիեզերագիտական միջազգային ճամբարի և կրթահամալիրի միջին ու ավագ դպրոցների, տիեզերագիտության, հայրենագիտության, բնագիտա-տեխնիկական ակումբների համատեղ ուսումնական նախագիծ: 2015-ը` հայոց ցեղասպանության 100-ամյակի տարին, իր բարդ-հակասական անհատական-խմբային-ցեղային-համազգային-համապետական շահերով-զարգացումներով-բախումներով հանդերձ, Թուրքիայում, Հայաստանում այսօր ապրող, աշխարհագրական դիրքով ռազմավարական ժողովուրդներին-հասարակություններին-մարդկանց ոչ թե պիտի բաժանի, խորացնի անհաղորդությունը, այլ մերձեցնի, գործակցության նոր օդանցքներ-դռներ բացի… Սովորողների անվտանգության հաշվին որևէ նախաձեռնություն ո́չ այս, ո́չ էլ այլ դեպքերում չի արվել, չի արվի, չի կարող լինել… Այս տարի կգնանք ինքնաթիռով` Թբիլիսի-Իզմիր, հայրենագիտության նոր բաղկացուցիչ կմիանա այս միջազգային գրավիչ ճամբարային նախագծին` Վրաստանն իր ու մեր Ջավախքով, Հայաստանն իր Լոռիով-Տավուշով… 12-16 տարեկան մեր սովորողների ծնողներն են պատվիրատուն այս նախագծի` իր բոլոր փուլերում, և ցանկացած փուլում ծնողի որոշումով կարող է ընդհատվել իր երեխայի մասնակցությունը: Հիմա` մարտին պատանեկան 12 հոգիանոց  խմբի ղեկավարների և սովորողների ընտրության փուլն է` հայտերի ներկայացման ու մեզ անվճար տրամադրված ուղեգրերի հաստատման (բրոնիայի) շրջանը: Մինչև օգոստոս այնքա˜ն շատ ժամանակ ու իրադարձություններ կանցնեն բոլորիս գլխով: Մի́ մոռացեք` սա ԱՄՆ տիեզերագիտական ՆԱՍԱ (National Aeronautics and Space Administration) գործակալության հինգ միջազգային ճամբարներից մեկն է, որին մենք մասնակցելու ենք 5-րդ անգամ, աճող հաջողությամբ, և ես չէի ուզենա, որ ընդհատվի` հենց ձեր-մեր, սովորողների ռազմավարական շահերից ելնելով…

Կրթահամալիրը, մեզանում իրականացվող` մեր կողմից մշակվող, կազմակերպվող, տարածվող բոլոր տեսակի կրթական ծրագրերով, նախադպրոցականից սկսած ու միջին մասնագիտականով ավարտված, միշտ գործել է իրավական դաշտում: Մենք` կրթություն իրականացնողներս, չենք կարող իրավական չլինել կրթության իրավունքի իրագործման բոլոր փուլերում, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում: Ահա ինչու` մենք բաց ենք եղել մեդիա և ֆիզիկական միջավայրում 1989-ից սկսած, և առավել ևս հիմա, մեր ամենաթափանց-ամբողջական-բազմալեզու-ամենադեմոկրատական mskh.am-ում` իր բոլոր ենթակայքերով ու բլոգներով… Ցանկացած վեճ եղել է ու կլինի իրավունքի պաշտպանության համար` կոնկրետ երեխայի, նրա լիազոր անձով ներկայացված թե կրթության պետական տեսչության անձով ներկայացված, բայց կոնկրետ երեխայի իրավունքի պաշտպանության ապահովման: Ահա ինչու` կրթահամալիրի խորհրդին ներկայացված են կրթահամալիրում 2015թ. փետրվարի 16-20-ին հանրակրթական երրորդ, երրորդ աստիճանների կրթական ծրագրերի ստուգման բոլոր նյութերը` մեր պարզաբանումներն ու առարկությունները ստուգող հանձնաժողովի ներկայացրած փաստաթղթերին: Մենք դրանք հրապարակել ենք կրթահամալիրի խորհրդի փետրվարի 27-ի նիստում` ստուգաման ակտը ստանալուց անմիջապես հետո… Յուրաքանչյուր սովորող, մանկավարժական աշխատող, ծնող, սեբաստացի, կարող է և պիտի ծանոթանա դրանց բովանդակությանը, պահանջի նոր տվյալներ: Չկա բան, որ տեսուչը, կրթահամալիրի կամ դպրոցի ղեկավարը գիտեն, բայց դրանք հրապարակված չեն: Դրանք ուժ չունեն, եթե մարդուն չեն վերաբերում: Չիմանալը մեծ չարիք է, չիմանալն ու սեփական իրավունքի ուժով չգործելը հարկ եղած ժամանակ… սա բացառել-բացառում եմ ես իմ գործունեությամբ, բացառեք և դուք՝ ձեր ինքնապաշտպանությամբ…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ինչպես բարձունք հաղթահարելիս

Դավիթ Բլեյանն ու Արմինե մայրիկը դուրս են եկել պարտեզից՝ զբոսանքի, ժամը երեքին. Դավիթը հաճախ չի քնում պարտեզում, զբոսանքը  լուծում է, ու մայր ու տղա մտնում են Սուրբ Երրորդություն եկեղեցի… Արմինեն

Սովորողի և ուսուցչի՝ հեղինակային կրթական ծրագիր ներառման մասին է իմ գիրը…

Երեկվա օրը Գեղարվեստում՝ քանդակ-դիզայնի նորացված արվեստանոցի (լաբորատորիայի) նորամուտի առիթով երեկվա աշխույժը, ներկայացնում էր Գեղարվեստը նոր կարգավիճակով՝ որպես կրթահամալիրի ուսումնական կենտրոն, որպես տարատարիք սովորողի ընտրությամբ գործունեության-լրացուցիչ կրթության դպրոց… Կրթահամալիրի Գեղարվեստն այլևս

«Երևանը բլուրներից»

Հոկտեմբերի 5-ին Ուսուցչի համաշխարհային օրն է: Քանի որ կիրակի է այս անգամ, Հայաստանում նշել սկսում են հոկտեմբերի 3-ից՝ հավաք, ուտուշ-խմուշ, ճառեր, որ շարունակվում են շաբաթ օրը՝ հոկտեմբերի 4-ին դպրոցի, համայնքի,