Դավիթ Բլեյանն ու Արմինե մայրիկը դուրս են եկել պարտեզից՝ զբոսանքի, ժամը երեքին. Դավիթը հաճախ չի քնում պարտեզում, զբոսանքը լուծում է, ու մայր ու տղա մտնում են Սուրբ Երրորդություն եկեղեցի… Արմինեն բարեպաշտ քրիստոնյա է… Եկեղեցում ոչ միայն հանդիպում են տեր Զենոն քահանային, մեր քահանան ճանաչում է Դավթին, այլև իրեն բնորոշ անմիջականությամբ-ուրախությամբ մոտենում է, օրհնում… Դավիթը՝ մայրիկին.
— Մա՛մ, արի էլի մնանք եկեղեցում…
Եկեղեցու, նրա քահանայի հետ այսպիսի կապը՝ առօրեականացումը, ճանապարհ է, որ, տեսեք, ես խրախուսում եմ իմ անձնական-ընտանեկան-հանրային կյանքով…
Երեկ Քոլեջն իր աշխատանքային խմբով, կրթահամալիրի շինբարելավման ծառայության գործուն մասնակցությամբ կարևոր կապ հաստատեց Բ-1 բնակելի թաղամասում՝ Կրթական պարտեզում հեծանվային-սայլակային արահետ հարթելով հարավից-հյուսիս… որով Նոր դպրոցն, այո՛, ներթաղային ուղով կապվեց Գեղարվեստ-Մեդիակենտրոնի հետ…Կեցցե՛ք, բոլոր մասնակիցներով…
Նոր դպրոցի 1-ին դասարանցիները հետևում են Կրթական պարտեզի բարեկարգման աշխատանքներին:
Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի:
Երեկ սկսվեց Բ-4 թաղամասի Դպրոց-պարտեզի հեծանվային-արշավախմբային կայանի յուրացումը… Չեմ ասում՝ շինարարությունը, քանզի խոսքը ոչ թե կապիտալ շինարարության մասին է, այլ չօգտագործվող-հարմարավետ հարյուր հիսուն քառակուսի մետր նկուղի աշխարհիկացման… դրան այնուհետև կրթական-հայրենագիտական-մարզական գործառույթներ փոխանցելով… Մեր կրտսեր դպրոցներից յուրաքանչյուրը մինչև հունիսի 1-ը՝ այս տարվա, կբացի իր այսպիսի կայանը ու Մայր դպրոցի Հայրենագիտական-արշավախմբային կայանի հետ կկազմի ամբողջական ուսումնական-հայրենագիտական-արշավախմբային կենտրոն-ծառայություն…
Մուտքագրում-ընթերցում են Դպրոց-պարտեզի 6 տարեկանները:
Լուսանկարները՝ Արմինե Գյոնջյանի:
Երեկ ես Սեբաստիա փողոցը «կապեցի» Առնո Բաբաջանյան փողոցի հետ՝ հեծանվով հարթելով-անցնելով Շահումյանի Չորրորդ փողոցով… Բաց է, անվտանգ, սեբաստացի հեծանվորդնե՛ր, շարունակությունը՝ Հիմնական դպրոցը, տեսանելի՝ մի ափաչափ հեռավորությամբ… Երեկ ես հեծանվով անցա Բ-4 թաղամասից Հիմնական՝ երկաթուղու երկարությամբ… Այսպիսի արահետը՝ հեծանվային-վազքուղային, թույլ կտա ստեղծելու Հիմնական դպրոց-Դպրոց-պարտեզ առօրյա մարդկային շփումներ՝ բացառելով ավտոբուսի գործածումը… Մնացածը մեր հեծանվորդ-լողորդ-արշավորդ կազմակերպիչներին եմ թողնում…
Երկարացված օրվա կազմակերպիչների հեծանվային ստուգարք:
Լուսանկարները՝ Շամիրամ Պողոսյանի:
Ֆրանսիայի նախկին վարչապետ Էդուարդ Բալադուրի արտահայտությունը՝ «Ֆրանսիան բնության ստեղծագործությունը չէ, պատմության ստեղծագործությունն է», նույն հաջողությամբ վերաբերո՞ւմ է Հայաստանին… Սրան եթե ավելացնենք փիլիսոփա Հեգելի «Ժողովուրդ կոչվածը նախ և առաջ իր ստեղծած պետությունն է» արտահայտությունը… հասկացվե՞ց իմ իրապաշտ հայաստանասիրությունը… դեպի այսօրվա մարդը, իր տունը-տնտեսությունը, իր հարսանիքը-թաղումը, իր հանրային կյանքը, փողոցը-մեյդանը, ոչ միայն եկեղեցին, այլև քահանան ու կապն իր քահանայի հետ, պատարագին իր մասնակցությունը, իր գյուղապետն ու իր համայնքային կապը… Ճամփորդությունները՝ հայրենագիտական մխրճումով մարդու կենցաղ-տուն, «Սեբաստացիներ» երգչախմբի հետ համերգ-թափառումները թույլ են տալիս ինձ, հարմար միջոց են դառնում, որ Հայաստանը չմնա սոսկ սարուձոր, այլ նյութականանա մարդով, նրա այսօրվա կյանքով ու ստեղծածով լցվի… «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» նախագիծն ինձ համար այդպիսի հնարավորություն է… Արարատի, Արագածի հետ իմ կապը, իհարկե, բացառիկ է, ավելի քան «Ախր ես ինչպես վեր կենամ գնամ»-ի հարթակ, Հայաստանն ինձ համար նախ և առաջ իմ այս դաշտից Արարատյան հայացքն է դեպի Արագած-Արարատ. օրվա տարբեր ժամերին, հեծանվով թե ոտքով, ես դադար եմ առնում, կարոտում եմ ու կարոտն առնում, ես սպասում եմ հիմա Արագածի վերելքներին, որ ընդհատվեցին եղանակով՝ 2015-ի աշնան պարտադրանքով… Գարեգին Ա երախտահիշատակ կաթողիկոսի ձևակերպմամբ «….ազգայնականությունը մասնահատուկ ինքնության պատկանելիության գիտակցումն է»: Արարատի-Արագածի այս ամենօրյա աշխարհիկ կապի մեջ է դրսևորվում իմ ահա այսպիսի ազգայնականությունը, նախ և առաջ… Բայց ես ոչ մի հակադրություն չեմ գտնում աշխարհիկի ու սրբության միջև, ահա ինչու Հիսուսի կյանքն ու գործը, այս առումով նաև, երբ մարդկային կյանքի բոլոր դրսևորումներն իր համար կարևոր էին, ինձ ուղենիշ է, Կտակարանով ես ուսումնասիրում եմ. իմ Ուսուցչի ժառանգություն է… Ես, որպես քրիստոնյա, նյութի մեջ, այո՛, ես տեսնում եմ Աստծու գործը:
Պլեներ Գեղարվեստում:
Լուսանկարները՝ Լուսինե Աբրահամյանի:
Վերնագիրը՝ օրվա գրի, պիտի վերցնեի ու վերցրեցի Արմինե Թոփչյանի բլոգից-օրագրից… Ինչպես բարձունք հաղթահարելիս… Որքա՜ն ծանոթ, առօրյա դարձած զգացում է… Կեցցե՛ք, աղջիկներ… Ո՞նց, չե՜ք կարդա, սեբաստացիներ, ոչ սեբաստացիներ… հիմա՛ կարդացեք, ավելին՝ ի՞նչ… Հեղինակային մանկավարժության կազմակերպիչների խումբը ձևավորվում-հաստատվում, առաջ ընկած՝ մայիսյան հավաք է տանում, մարդկայնացնում-մասնավորեցնում հավաքը ստեղծագործական, հավես փոխանցում… Ասված է՝ մոբիլ ու ստեղծական: Ես, այո՛, խրախուսել ու առավել աջակցելու եմ այս ինքնաբուխ-մեր ստեղծած իրականության ծնունդ շարժումը մանկավարժ-կազմակերպիչների, որպես իրական ներառական, երբ ջնջվում-խորտակվում-շրջանցվում են պատեր-արգելքներ (առարկայականի-դասարանականի-տարիքայինի), ու բացվում են հորիզոններ՝ անհատական-խմբային ջանքերով, և ունենում ես քո առօրյայում ոչ որպես միջոցառում, այլ՝ ուսումնական աշխատանք, մի զգացում. շշմելու է ձևակերպված՝ ինչպես բարձունք հաղթահարելիս… Շնորհակալ եմ…
Ֆոտոխմբագիր՝ Անահիտ Հարությունյան
# 647