Վերջապես հասանք կրթահամալիրի թթենիներին ու տեղեկանք ունեցանք այսպիսի.
- Նոր դպրոցում 2 թթի ծառ ունենք, բայց թութը դեռ չի հասել: Թութ թափ տալու համար նախատեսված չարսավ ունենք:
- Դպրոց-պարտեզի տարածքում թթի ծառ չունենք:
- Գեղարվեստի դպրոցն ունի երեք թթի ծառ, երկու անգամ կազմակերպել ենք թթի թափ տալը: Չարսավ ունենք:
- Հիմնական դպրոցում ունենք երկու թթի ծառ, թութը դեռ չի հասել: Չարսավ չունենք, օգտագործում ենք մոմլաթ:
- Մայր դպրոցում ունենք 6 մեծ և 1 փոքր թթի ծառեր. դրանք վայրի են, պտուղը դեռ չի հասել: Չարսավ չունենք, օգտագործում ենք մոմլաթ:
- Քոլեջում ունենք 3 թթի ծառ. մեկը՝ ներքին բակում, մյուս 2-ը՝ արտաքին դարպասի մոտ: Թութը դեռ չի հասել: Թութ թափ տալու հատուկ չարսավ չունենք, օգտագործում ենք բյազի (քաթանի) կտոր:
Այս ամենը՝ ըստ դպրոցների ղեկավարների: Տեղում՝ դպրոց-դպրոց, ծառ-ծառ, ճյուղ-ճյուղ կստուգեմ, իհարկե:
Ես թթասեր եմ՝ իր բոլոր գույներով-ձևերով… Երևանցիք պիտի որ ավելի լավ գնահատեն-ճանաչեն-գործածեն թութը, որ անքա՜ն իրեն լավ է զգում մայրաքաղաքում, քիչ խնամքով կարող է դառնալ ամենամատչելին բոլոր մրգերի մեջ, համարյա բալի պես… Անցում կատարենք բալենուն, խնձորենուն… Դրանց մասին տեղեկանքներն իմ օրագրում ևս տեղ ունեն:
Նոր դպրոցում աճեցրած սածիլներն արդեն տնկում են:
Լուսանկարները՝ Նառա Նիկողոսյանի:
Երևի երեկ Գյումրիի Անի թաղամասի թիվ տասնմեկ դպրոցում երաժիշտ փիլիսոփա Միխայիլ Կազինիկն ու ես, զուգահեռ՝ առա՞ջ-հետո՞, նույն դպրոցն էինք մերժում-հաստատում-ներկայացնում… Ես, իհարկե, առավելություն ունեմ բոլոր կազինիկների նկատմամբ, սիրելի Աիդա Պետրոսյան, ես չեմ խոսում ապագայի դպրոցի մասին սոսկ որպես ցանկություն-երազ-առաջարկ… Մենք Բանգլադեշում ստեղծում ենք, ապրում-գործում մի դպրոցում, որը կողքից, Կազինիկի հայացքով հե՛նց ապագայի դպրոցն է… Ասենք՝ շնորհավո՜ր… Երեկվա մեր ճամփորդությունը հե՜նց ապագայի դպրոցի ներկայացումն է, ներխուժում՝ ապագայից ներկա, Գյումրի, Շիրակի մարզ՝ առանց արհեստականության, կենդանի ու կենդանի ապրող միջավայր… Մեր ուժը-անմիջականությունը սրա համար բավարար եղավ:
Իմացա՞ք՝ ինչու է Գյումրիի Անի թաղամասը կոչվել ու գյումրեցիների խոսակցականում մնացել որպես Հիսունութ թաղամաս… Մինչ երկրաշարժն այս տարածքը Շիրակի հիսունութ հեկտարանոց դաշտ է եղել՝ հացի շտեմարան, սևահող… Պատկերացրի՞ք, թե ի՜նչ երկրաշարժ է եղել մարդկանց հոգիներում, երբ հարյուրավոր հեկտար սևահող անցել է բետոնի ու շինաղբի տակ…
Շնորհակալ եմ բոլոր մասնակիցներին. ես ողջ ընթացքում այնքա՜ն խաղաղ-ուրախ էի, այնպես հետաքրքիր էր նայել-հիանալ մեր ութ «վագոնի» հարյուր հիսունի չափ մեծ ու պստիկ սեբաստացիով, նրանց ինքնուրույնությամբ-ստեղծականությամբ-ինքնավստահությամբ… Ես նկատի ունեմ մեր ուղևորության ամեն մի կանգառ-կայարան՝ Երերույք թե Յոթվերք, Մարմաշեն թե Սուրբ Հակոբ եկեղեցի, թիվ տասնմեկ դպրոց՝ Անի թաղամասում թե Ամենափրկչի պուրակ Գյումրիում…
Սեբաստացիներ-գյումրեցիները՝ Ամենափրկչի պուրակում:
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:
Իսկ թիվ տասնմեկ դպրոցի դահլիճի վերակառուցում-քանդում-ձևավորումը՝ որպես մարմարյա սրահ-ընդհանուր պարապմունք-մեդիաուրբաթ, այնքա՜ն ոգևորեց ինձ, որ… Երկու անգամ ես վախեցա, մեկ՝ սկզբից՝ ի՞նչ պիտի անենք էս «նստած» դահլիճում… Կարծես ծուղակ էր մտածված. հետո՝ վերջում, երբ հարգելի Ստեփանը վերջապես կարողացավ ցնցել այդ բետոն-շինությունը, որ երկրաշարժից հետո կառուցվել էր այնպես, որ չցնցվի.. Միանգամից-մի գրով-պատումով չի ներկայացվի. ինչի՞ համար… Դուք էլ, կարծեմ, չեք շտապում… Հիմա իմ մտքում շարվեշարան եկան մեր «Գեղարվեստը կրթահամալիրում» շարքի վերջին երեք տարվա համերգ-ներկայացումները… Հեշտ չէ, թեկուզ երեք տարվա հինգ-վեց համերգ-ներկայացումը մի տեղ հավաքելը. ախր, այնքա՜ն բուռն ապրում ու նույնքա՜ն հախուռն-ինքնաբուխ են մեր զարգացումները… Թողնենք սա էլ նախագծի ղեկավարներ Քնարիկ Ներսիսյանին, Արմինե Թոփչյանին, Կարինե Մացակյանին, Սվետա Ճաղարյանին… Բուռն ապրող կրթահամալիրի համար ինչո՞ւ պիտի հեշտ լիներ պատմության ձևակերպմամբ զբաղվելը. կյանքը թանգարա՞ն դարձնենք:
Գեղարվեստի դպրոցի սովորողները պատրաստվում են հեծանվաշքերթի:
Լուսանկարները՝ Կարինե Խառատյանի:
Իսկ Խորեն Հազարումյանը պնդում էր, որ ձիանոց-ձիավարժարանի բացումը տեղափոխենք 2016-ի հուլիսի մեկ… Մինչ Գյումրիի մեր շրջագայությունը ես դեմ էի, հիմա որպես որոշում հրապարակում եմ հուլիսի 1-ը ձիանոց-ձիավարժարանի մեկնարկ: Թափ ու էլի՜ թափ, միացե՛ք՝ ով իրեն խնայել է… Ուժը՝ ստեղծականության-կառուցումի, կենարար-աստվածատուր է, անհա՜գ-անվե՜րջ…
Էլ աշխարհ չե՞նք գալու հո նոր, իր տվածն ենք տալիս իրեն...
Հովհ. Թումանյան
Հարգելի Ստեփանի ու իր «Կայծերի» հետ ճամփա՝ նույն «վագոնում» (միկրոավտոբուս), չէի գնացել… Թվում էր՝ իմ պատումը ճամփորդական Երևան-Արմավիր-Երերույքի մասին կարևոր է իրենց համար…. Հետո՝ վերադարձին, Մաստարայի մոտ, տեսա մի տաղավարում Հարգելիին իր խմբի հետ. որքա՜ն կիրք-կյանք-խինդ… Հասկացա, որ ժամանակին էր «վագոնս» փոխելը… Հարգելի՛ Ստեփան, քո մուտքը մանկավարժություն, սեբաստացիական աշխարհ, Գյումրի, օրհնված է… ոչ մի քաղաք-շեն թող անմասն, քեզնից «փրկված» չմնա…
— Ստեփան,- իբրև Տիարի խոսք եմ ասում,- վերջի՛ն պարը… Հորդառատ անձրև է սկսվում, չմնանք սելավի տակ։ Պատսպարվել չենք հասցնի, Ստեփան ջան…
Նույնքա՜ն թելադրող է Ստեփանը.
— Վերջին երկո՛ւ պարն ու «Յարխուշտա»-ով ավարտենք, Տիար …
— Առանց «Յարխուշտա» ի՞նչխ կեղնի,- ավելացնում է Ստեփանի Գյումրիի խմբի պարող տղաներից…
— Առանց «Յարխուշտա» չի էղնի,- ավարտում է մյուսը,- պարե՛նք «Յարխուշտա»՝ ամպերն անձրևի ցրվեն, խաղաղ հավաքվեք, ճանապարհենք, գնացեք Երևան…
Այդպես էլ եղավ. և՛ պարեցին, և՛ անձրևաբեր ամպերը չքվեցին… արև երևաց, հավաքվում ենք…
— Իմ Սիրուշոն, գիտե՞ք՝ ի՜նչ լավ է երգում… Ձեր համերգին ի՜նչխ չերգի մի քանի երգ,- մոտեցավ ինձ Սիրուշիկի գյումրեցի տատիկը:
Սիրուշոն՝ չորս տարեկան, մի հմայիչ ծաղիկ Ամենափրկչի անծայրածիր թվացող պուրակում… Ստեփանից փրկվելու համար էր ընտրված այսպիսի դաշտ-հրապարակ, որ ոչ մի հանդիսատես չլինի, որ բոլորը պարեն-երգեն, ու ծանոթ-հարազատ դառնա երևանցուն Գյումրին… ու վտանգավոր չլինեն պատերը-աթոռները-պայմանականությունները քաղաքային այդպիսի հարազատության-խրախճանքի համար… Ամենափրկիչը փրկեց… Փառքդ շա՜տ, ու ողջ կիրակի, առավոտ՝ երկուշաբթի, ես փառավորության մեջ եմ տանը՝ Դավթի հետ, ու մենք ամեն ինչ արեցինք, որ Արմինե մայրիկը իր պետական երկրորդ քննությանը պատրաստվի: Ստացվե՞ց….Այս մասին իմ հաջորդ գրում:
Լողում են Հիմնական դպրոցի «Մայիսիկները»:
Լուսանկարները՝ Անահիտ Հարությունյանի:
Ֆոտոխմբագիր՝ Սոֆյա Այվազյան
# 680