Մարթա Ասատրյանը՝ կրթահամալիրի Ավագ դպրոցի ղեկավարը, գլխավորեց սովորողների հեծանվաերթը Բանգլադեշից դեպի Էջմիածին՝ Զվարթնոց-Մուսալեռ կանգառներով, որ կայացավ 2016-ի հունվարի 21-ին, ընդդեմ համաճարակի, որպես հակաբացիլ անշարժության…

Ինձ համար սա ավելի հավաստի է, որպես իրավունք պատանեկան հաստատություն (զարմացա՞ք. Ավագ դպրոցը ստեղծված է պատանիների կրթության կազմակերպման համար) ղեկավարելու համար… քան թղթերը՝ կնքված-ստորագրված-հրամանագրված… Կարևոր է՝ ինչ են մտածում իրականում պատանիները իրենց հաստատության ղեկավարի մասին, գնո՞ւմ են նրա հետ ճամփա՝ ոտքով, հեծանվով, վստահո՞ւմ են այնքան, որ կարող են անկեղծ լինել, պարկեշտ՝ միջանձնային հարաբերություններում, դժվարություններ-արկածներ հաղթահարել, կրթահամալիրում և նրանից դուրս, Երևանում ու նրանից դուրս…

Հեծանվաերթ ընդդեմ համաճարակի:
Լուսանկարները՝ Նաիրա Հարությունյանի:

Ինձ համար կարևոր է Ավագ դպրոցի ուսուցիչների և պատանիների պարատան կայանալը, միասին հանդես գալը… Մարթան եկել է կրթահամալիր որպես աշխարհագրության-էկոլոգիայի ուսուցիչ, և մեր աչքի առաջ է նրա մանկավարժական աշխատանքը, որպես ուսուցիչ նրա հաստատումը, հայրենագիտական-բնապահպանական ուսումնական ակումբի ղեկավարումը, բնապահպանական շարժմանը մասնակցելը… Կարևոր է Մարթայի ներառված լինելը ողջ կրթահամալիրում. ես չեմ մոռացել Մարմարյա սրահի ծափերը՝ ուղղված Մարթա-կազմակերպչին, որտեղ ամենալսելին՝ 5-9-րդ դասարանցիների ձայներն էին… Կարևորը, վճռականը իմացասեր Մարթայի բոլոր գործընկերների ամենօրյա համերաշխ ուսումնական աշխատանքն է, բարյացակամությունը. ուզում ենք չէ՞, որ Ավագ դպրոցն ունենա վստահելի, զարգացող կազմակերպիչ, որ Ավագ դպրոցը՝ իր ավագի պատասխանատվությունն իրացնի այնպես, որ նրա ներկայությունը-կարիքը անընդհատ զգան նախակրթարանից սկսած…Կամեցողությունը ասելով չէ՝ ամենօրյա աջակցություն է, գործընկերություն… Առանց միջավայր դարձած կամեցողության՝ որտեղի՞ց ղեկավար դարձած մեր աղջիկներն ստանան վստահության անհրաժեշտ պաշարը…

Նոր դպրոցի նախակրթարանի առցանց ուսուցման շաբաթը:
Լուսանկարները տրամադրել է Աննա Հայրոյանը:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի՝ երևանցիներին քաջածանոթ «մասիվի» շտապօգնության բուժկենտրոնի գլխավոր մասնաշենք մտա որպես հիվանդատես-հասնող. իմ եղբոր տղա Էդվարդ Բլեյանին շտապ հոսպիտալացնելու խնդիր էր առաջացել… Ինձ անակնկալի բերեց, հիացրեց ծխախոտի ծխի բացառումը, վերացումը՝ մուտքից մինչև վերակենդանացման բաժնի սպասասրահ, բժիշկների ու բաժնի վարիչի սենյակ… Օրվա տարբեր ժամերին մտա, համոզվելու համար, որ ոչ ոք չի ծխում բուժկենտրոնում, և որ բուժկենտրոնում ծխելու համար քսան հազար դրամ տուգանքը՝ բուժկենտրոնի ղեկավար Արա Մինասյանի օրինակելի բարեխղճության ու հետևողականության շնորհիվ, թվում է հրաշք է գործել. ծուխ չկա, չեն ծխում՝ բուժաշխատող, հիվանդ, թե այցելու… Այսպես, հենց այսպիսի ընթացքով պիտի ծխազրկվի մայրաքաղաքը, դադարի ծխախոտի գործածումը. չեն ծխում հիվանդանոցում-պոլիկլինիկայում, ինչո՞ւ չբացառվի նաև Հայաստանի բանակում… Դե, ո՞նց կարելի է երկու տարի մեր տասնութ-քսան տարեկան  տղաների ծխախոտի ընդունումը կարգավորել, բոլոր կարգի հրամանատարներով ու սպասարկող անձնակազմով օրինականացնել ամենաառողջապահ համակարգի կարգապահ թունավորումը… բյուջեի փողերով… Սրանից առաջ, թե հետո, կիրականացվի կրթական համակարգի ծխազերծումը. կրթության նախարարը, բուհերի, քոլեջների, դպրոցների ղեկավարները, մանկավարժական աշխատողները չեն կարող ծխել՝ օրենքով-կոչումով-աշխատանքով…

Դավիթ Բլեյանը ցուցադրում է իր առաջին մեդիահմտությունները:
Նկարները տրամադրել է Արմինե Աբրահամյանը:

Սուրհանդակից, որ ամենակարդացվողը դարձավ, առցանց ուսուցման հունվարյան գործունեության գնահատման խնդիրն առանձնացնեմ իմ այս գրում… Նյու Յորքում բնակվող ճապոնացի, ամենակարդացվող, ցիտվող ֆիզիկոս Միտիո Կակուի «Ուսումն արդեն հիշողության վրա չի կառուցվելու» այս կարճ հրապարակումը, ես տեղին եմ հղում: Դադար եմ տալիս, որ կարդաք մինչև վերջ: Պարզ շարադրանք է: Առցանց ուսուցումը այսպիսով՝ իսկական արդիական կրթության կազմակերպման ձևն է… Մնացյալը իներցիան է, դարերով, այո՛, կուտակված, որի հաղթահարումն է, որ խնդիր է: Օգնենք իրար, նախ և առաջ օրինակով, հաջողված փորձով մեր, ետ չդառնալով, շարունակ անդրադառնալով ֆիզիկական միջավայրով դպրոցի ու առցանց կրթության փոխհարաբերությանը: Դժվար, բայց սա է ճանապարհը՝  մեր կրթահամալիրի ամեն մի ընտանիքը կրթական, հեղինակային ծրագիր իրականացնող միջավայրում ամբողջական ներառելու…

Առցանց ուսուցման շաբաթվա  համեղ և հետաքրքիր նկարչությունը:
Նկարները տրամադրել է Զառա Ոսկանյանը:

Օրագրի առաջարկը

Առցանց ուսուցման հերթական առաջարկը, այս անգամ փորձենք սովորել-պարապել-վերհիշել դաշնամուր նվագել: Կայքում կգտնեք ուսուցողական նյութեր, կատարումներ, նոտաներ: Նվագել կարող եք համակարգչի ստեղնաշարով:

Օրագրի ընթերցարանը

Ֆոտոխմբագիր՝ Կարինե Խառատյան
#561

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Փոքրիկ իշխանների մոլորակում որպես…  

-Ես տնօրենի տղան եմ, դրա համա՞ր են իմ ծնունդը էսքան երկար ու ամբողջ կարգով նշում… «Խատուտիկ» դասարանային բլոգում Լուսինե Փաշայանի «Տոն Ագարակում» ուսումնական նախագիծն է, Դավիթ Բլեյանի՝ մեկ տարի սպասած

Մեռել է հանրային, անծանոթին, պարզապե՛ս աջակցությունը, ապրումակցությունը, ոգևորվածությունը, խանդավառությունը

Արտեմ Խաչատրյանը՝ կրթահամալիրի Քոլեջ-արհեստագործականի ղեկավարը, որ նկատելի օգնում է ինձ պարտեզա-պուրակային աշխատանքներում, համակարգում գյուղացիական ուսումնական տնտեսության ստեղծման նախագիծը, կարևոր մի պատմություն արեց Քոլեջին հարող շենքերից մի բնակչի մասին, որ Քոլեջի

Ուզում եմ ապրել անչար ու բարի…

Գմբեթի ճեղքում բուսնած տուղտի պես․․․