Պարույր Սևակ

Օգնի՜ր ինձ, Մարիա՛մ,
Անաղարտ մնամ
Այն ճահճանման աղտ-աղարտի մեջ,
Որ դժգոհություն բառով է կոչվում:
Դժգոհությունից ես շա՜տ եմ դժգոհ:

Օգնի՜ր ինձ, Մարիա՛մ,
Եվ ասեմ՝ ինչով.
Բարեխոս եղիր ի՛մ և ի՜մ միջև,
Որ բանն ավարտվի ինքնահաշտությամբ:
Ես խռովել եմ նաև աշխարհից.
Ե՛կ ու վերստին հաշտեցրո՜ւ դու մեզ,
Թե չէ ես այսպես ապրել չե՜մ կարող:

Ուզում եմ նայել ինձ ու աշխարհին
Լիացա՛ծ, ժպտո՛ւն ու գո՜հ աչքերով՝
Հաղթելով և՛ քաղցը, և՛ պապակ փափագ:
Ուզում եմ ապրել անչար ու բարի՝
Գմբեթի ճեղքում բուսած տուղտի պես…
Մի բու թառել է իմ զույգ աչքերին.
Թռցրո՛ւ նրան:

Մի ձու սպիտակ ինձ բիբ է դարձել.
Կորցրո՛ւ այդ ձուն:
Ճանճեր են նստած ինձ վրա
Այնպե՛ս,
Ինչպես քունջութը՝ կաթնահունց հացին:
Ճանճը քունջո՛ւթ չէ.
Հացս չի՜ ուտվում:

Ճանճով է լցված իմ նե՜րսը նաև,
Ինչպես վարսանդը՝ խաշխաշի սերմով:
Խաշխաշ չե՜մ ուզում.
Կակա՛չ դարձրու:
Ասում են, իբր, կապույտի վրա
Չեն նստում ճանճեր:
Լսո՞ւմ ես, Մարիա՛մ,
Ինձ ներս ու դրսից կապո՜ւյտ հագցրու…

Նկարը՝ Մարտիրոս Սարյանի

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հ. Թումանյան «Հոգեհանգիստ»

Ու վեր կացա ես, որ մեր հայրենի օրենքովը հին՝ Վերջին հանգիստը կարդամ իմ ազգի անբախտ զոհերին, Որ շեն ու քաղաք, որ սար ու հովիտ, ծովից մինչև ծով Մարած են, մեռած,

Տաղ ձոնված խիզախ ճանապարհորդին

Եղիշե Չարենց Ահավասիկ հագած ուղևորի զգեստ, Եվ ձեռքիդ ցուպ առած, և ուսիդ մախաղ — Դու գնում ես դեպի հեռուները վսեմ, Եվ կորովի է ոգիդ, և դեմքդ հանգիստ է, և հայացքդ՝

Զահրատ

Կաղանդչէք Հարիւր Կաղանդ ալ կը սպասեմ Եթէ գիտնամ Թէ վերջընթեր Կաղանդին Պիտի նուէրս ընդունիս Ժպիտներուն ամէնէն կոյս Ամէնէն լոյս Եւ ամէնէն երջանիկովն աղուոցած Հարիւր Կաղանդ ալ կսպասեմ սիրելիս Նուէրներուն ամէնէն