Ես, գիտեք, ակնոց չեմ դնում ո՛չ օպտիկական, ո՛չ արևային, ո՛չ դեկորատիվ… Երբևէ փորձ չեմ արել: Սիրում եմ ակնոցով խաղալ՝ որևէ մեկի, երբ սեղանին է… Կալանատանը, 2000-ին, հանկարծ իմ տեսողությունը վատացավ, ես խառնվեցի իրար… Դժվար էր սկզբում, հետո չէի կարողանում կարդալ… Անհնար էր: Շնորհակալ եմ եղբորս, հնարավոր արագությամբ դատարանի դահլիճ ակնաբույժ եկավ, ստուգեցին-չափեցին, ու ակնոցը ինձ հասավ: Միամիտնե՜ր… Իմ նյարդային դեմքին ակնոցն էր պակաս… Սկզբից վնասվեց մեկը, հետո ՝ մյուսը… Ի՜նչ լավ էր` կալանատանն ավելի երկար չմնացի. ազատության մեջ մեկ-երկու շաբաթում վերականգնվեց տեսողությունս: Մինչ այդ արդեն չորս-հինգ վնասված ակնոց ունեի… Խաղում էի, կոտրում, չէի դնում: Սեղանին ունեմ լամպ. 2000-ից միշտ` մեկուսարանի կալանատանը, թե տանը, ունեցել ու օգտագործում եմ… Գործիք է, է՜… Կիսախավար, կիսամութ, խաղացող-թրթռացող լույս, մանր, չկարդացվող տառատեսակներ, մուգ ֆոներ, չընթերցվող էջեր տանել չեմ կարողանում: Հիմա էլ ակնոց չեմ դնում: Միշտ անվարագույր իմ անկյունը` գրասեղանին լամպով, հարմար է կարդալու, գրելու համար. ինձանից ձախ իմ գրապահարանն է՝ մի քանի տասնյակ ձեռքի տակի կամ հարազատ գրքերով… Տեսողության համար լավագույն բաղադրատոմս եմ գտել՝ ահա: Եկեք օգտագործենք, փորձենք, համոզվենք, եթե որևէ վտանգ չենք տեսնում: Դրական չսպասելիքների 2015 ու բեկո՞ւմ 2015-ին՝ շարունակ ինձ տարբեր ենթատեքստերով հարցնում են ինձ սիրելի-անծանոթ սեբաստացի թե ոչ սեբաստացի: Ասա` ոչ սեբաստացի, դու էլ որևէ կարգավիճակով դարձիր սեբաստացի, այս խտրական վիճակից ազատվիր, դու էլ պրծնես, մեզ էլ պրծացնես…
[embedplusvideo height=”200″ width=”300″ editlink=”http://bit.ly/1CcZFzh” standard=”http://www.youtube.com/v/htlzPWUwBDM?fs=1″ vars=”ytid=htlzPWUwBDM&width=300&height=200&start=&stop=&rs=w&hd=0&autoplay=0&react=1&chapters=¬es=” id=”ep7848″ /] [embedplusvideo height=”200″ width=”300″ editlink=”http://bit.ly/1CcZLqy” standard=”http://www.youtube.com/v/OlzfsFj75Dg?fs=1″ vars=”ytid=OlzfsFj75Dg&width=300&height=200&start=&stop=&rs=w&hd=0&autoplay=0&react=1&chapters=¬es=” id=”ep6803″ /]
Այո՛, ոչ մի դրական սպասելիքի տեղ չի թողել 2015-ը մեկնարկով՝ մեր հանրային, պետական կյանքում, քաղաքական իրադարձությունների հունվար-փետրվարի արդյունքների վրա անգամ գարնան առաջին օրը, Էդիտա Հովհաննիսյանի՝ իմ սքանչելի քույրիկի ծննդյան օրը, լույսի շող չի ավելացնում. ակնհայտ է… Բաց եմ թողնում հունվար-փետրվարի քաղաքական իրադարձությունների համայնապատկերը, հորս մի բնորոշմամբ՝ «մրթոշ»: Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու առաջին ամսվա հայաստանյան տնտեսության պատկերը, երեք ցուցանիշով եմ ուզում իմ օրագրի ընթերցողին ներկայացնել: 2015-ի հունվարին Հայաստան ուղարկված մասնավոր ոչ առևտրային փոխանցումների ծավալը (զուտ դրամական ներհոսքը) կազմել է 37միլիոն դոլար և պակաս է 2014-ի հունվարի ցուցանիշից 50 տոկոսով: Հայաստանից ապրանքային արտահանումը այս տարի հունվարին, անցած տարվա հունվարի համեմատությամբ նվազել է 22 տոկոսով: Ընդ որում արտահանումը Հայաստանից Եվրոմիության երկրներ նվազել է 26 տոկոսով, դեպի ԱՄՆ՝ 51 տոկոսով, դեպի Իրան, ուշադիր՝ 72 տոկոսով: Հայաստանից, որևէ ձևով գաղթել ցանկացողների թիվը, ինքնասպանությունների քանակը, հայկական բանակում զոհվածների թիվը, ամուսնալուծությունների թիվը ավելացել է…
Այո՛, բոլոր այս պայմաններով հանդերձ, իսկ մենք սովորական հայաստանցիների կրթական պատվերն ենք իրականացնում, և այս նկարագրած վիճակը՝ դրական սպասումների բացակայությունն ու իրական բացասական ազդեցությունները չեն կարող չազդել մեր կրթության պատվիրատուի, մեր կրթական ծրագրի գլխավոր հեղինակի՝ ուսուցչի ինքնազգացողության վրա: Ես 2015-ի դրոշի վրա մեսրոպատառ, միասնական ուղղագրությամբ, ձեռագիր թե մեդիագիր, գրում եմ, կարդացե՛ք՝ բեկում 2015-ում` անձնային, սեբաստացիական, հանրային կյանքում: Եվ ուզում եմ, պահանջում եմ իմ ընդունակ-եռանդուն-կենսասեր-ջիգյար քույրիկ Էդիտային, իր անբաժանելի քույրիկ Տաթևիկի հետ, իմ խոսք-խնդրանքը, դիմումը՝ պահանջելու պես, ցուցադրեն իրենց անձնային-աշխատանքային-հանրային կյանքում: Պաչիկներ՝ մի՜շտ քեռու:
Բեկում «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» նախագծում: Այս հայտարարությունն անում եմ կիրակի օրով` մարտի մեկին, կրթահամալիրի գեղարվեստի դպրոցում, ուր Թբիլիսիի վրացական պետական մանկապարտեզների, դպրոցներից 35 տնօրեն-փոխտնօրեններ, դասվարներ-դաստիարակներ, կրթության գործի կազմակերպիչներ, աննման Քեթևան Աբեսաձեի և Վիկտորյա Բալավաձեի նախաձեռնությամբ, տեսեք` հեղինակային կրթական ծրագրերի հեղինակ սեբաստացի մասնագետների խիտ-արդյունավետ կազմակերպած դասընթացով յուրացնում են մեր մանկավարժությունը մի շերտում` դպրոց-պարտեզ միջավայրում, 5-6 տարեկանների անցումը, 2-10 տարեկանների զարգացումը… 35-ից 30-ը վրացի, առաջին անգամ են Հայաստանում, Երևանում, Բանգլադեշում, կրթահամալիրում… Տաշի-տուշին, ժողովուրդների բարեկամության` հաճախ կեղծ ու արհեստական բաժակաճառեր չկան, կա համատեղ ուսումնական աշխատանք, համատեղ պարզ կենցաղ մեր կացարաններում, համատեղ մշակութային ծրագիր…
Վրաց գործընկերների հետ կիրակնօրյա սեմինար-պարապմունքներ Գեղարվեստի դպրոցում
Մենք պիտի բեկում ապահովենք նաև հայ-թուրքական հանրակրթական կամուրջներում, որ արդեն չորս տարվա պատմություն ունի` որպես Իզմիրի տիեզերագիտական միջազգային ճամբարի և կրթահամալիրի միջին ու ավագ դպրոցների, տիեզերագիտության, հայրենագիտության, բնագիտա-տեխնիկական ակումբների համատեղ ուսումնական նախագիծ: 2015-ը` հայոց ցեղասպանության 100-ամյակի տարին, իր բարդ-հակասական անհատական-խմբային-ցեղային-համազգային-համապետական շահերով-զարգացումներով-բախումներով հանդերձ, Թուրքիայում, Հայաստանում այսօր ապրող, աշխարհագրական դիրքով ռազմավարական ժողովուրդներին-հասարակություններին-մարդկանց ոչ թե պիտի բաժանի, խորացնի անհաղորդությունը, այլ մերձեցնի, գործակցության նոր օդանցքներ-դռներ բացի… Սովորողների անվտանգության հաշվին որևէ նախաձեռնություն ո́չ այս, ո́չ էլ այլ դեպքերում չի արվել, չի արվի, չի կարող լինել… Այս տարի կգնանք ինքնաթիռով` Թբիլիսի-Իզմիր, հայրենագիտության նոր բաղկացուցիչ կմիանա այս միջազգային գրավիչ ճամբարային նախագծին` Վրաստանն իր ու մեր Ջավախքով, Հայաստանն իր Լոռիով-Տավուշով… 12-16 տարեկան մեր սովորողների ծնողներն են պատվիրատուն այս նախագծի` իր բոլոր փուլերում, և ցանկացած փուլում ծնողի որոշումով կարող է ընդհատվել իր երեխայի մասնակցությունը: Հիմա` մարտին պատանեկան 12 հոգիանոց խմբի ղեկավարների և սովորողների ընտրության փուլն է` հայտերի ներկայացման ու մեզ անվճար տրամադրված ուղեգրերի հաստատման (բրոնիայի) շրջանը: Մինչև օգոստոս այնքա˜ն շատ ժամանակ ու իրադարձություններ կանցնեն բոլորիս գլխով: Մի́ մոռացեք` սա ԱՄՆ տիեզերագիտական ՆԱՍԱ (National Aeronautics and Space Administration) գործակալության հինգ միջազգային ճամբարներից մեկն է, որին մենք մասնակցելու ենք 5-րդ անգամ, աճող հաջողությամբ, և ես չէի ուզենա, որ ընդհատվի` հենց ձեր-մեր, սովորողների ռազմավարական շահերից ելնելով…
Դպրոց-պարտեզի դաստիարակ Կարինե Խառատյանի շաբաթվա ֆոտոօրագրից
Կրթահամալիրը, մեզանում իրականացվող` մեր կողմից մշակվող, կազմակերպվող, տարածվող բոլոր տեսակի կրթական ծրագրերով, նախադպրոցականից սկսած ու միջին մասնագիտականով ավարտված, միշտ գործել է իրավական դաշտում: Մենք` կրթություն իրականացնողներս, չենք կարող իրավական չլինել կրթության իրավունքի իրագործման բոլոր փուլերում, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում: Ահա ինչու` մենք բաց ենք եղել մեդիա և ֆիզիկական միջավայրում 1989-ից սկսած, և առավել ևս հիմա, մեր ամենաթափանց-ամբողջական-բազմալեզու-ամենադեմոկրատական mskh.am-ում` իր բոլոր ենթակայքերով ու բլոգներով… Ցանկացած վեճ եղել է ու կլինի իրավունքի պաշտպանության համար` կոնկրետ երեխայի, նրա լիազոր անձով ներկայացված թե կրթության պետական տեսչության անձով ներկայացված, բայց կոնկրետ երեխայի իրավունքի պաշտպանության ապահովման: Ահա ինչու` կրթահամալիրի խորհրդին ներկայացված են կրթահամալիրում 2015թ. փետրվարի 16-20-ին հանրակրթական երրորդ, երրորդ աստիճանների կրթական ծրագրերի ստուգման բոլոր նյութերը` մեր պարզաբանումներն ու առարկությունները ստուգող հանձնաժողովի ներկայացրած փաստաթղթերին: Մենք դրանք հրապարակել ենք կրթահամալիրի խորհրդի փետրվարի 27-ի նիստում` ստուգաման ակտը ստանալուց անմիջապես հետո… Յուրաքանչյուր սովորող, մանկավարժական աշխատող, ծնող, սեբաստացի, կարող է և պիտի ծանոթանա դրանց բովանդակությանը, պահանջի նոր տվյալներ: Չկա բան, որ տեսուչը, կրթահամալիրի կամ դպրոցի ղեկավարը գիտեն, բայց դրանք հրապարակված չեն: Դրանք ուժ չունեն, եթե մարդուն չեն վերաբերում: Չիմանալը մեծ չարիք է, չիմանալն ու սեփական իրավունքի ուժով չգործելը հարկ եղած ժամանակ… սա բացառել-բացառում եմ ես իմ գործունեությամբ, բացառեք և դուք՝ ձեր ինքնապաշտպանությամբ…
Շնորհակալություն «2015թ. փետրվարի 16-20-ին կրթահամալիրի միջին, ավագ դպրոցներում իրականացված ստուգումների նյութերը» տեղադրելու համար, ծանոթացա: Անկախ ստուգումներից, կարծում եմ, մենք մի քանի հիմնախնդիրներ ունենք, որոնք օր առաջ պիտի լուծվեն: Դրանք են՝ 1. Տեղեկատվական բազայի ստեղծում, 2. Էլեկտրոնային մատենավարության համակարգի ներդրում, 3. Ինտերնետի հետ կապված խնդիրներ, 4. Ոչ արդյունավետ վերահսկողություն: Տեղեկատվական բազայի ստեղծման և էլեկտրոնային մատենավարության ոչ բավարար վիճակի մասին էլի եմ ասել, կներեք, ասելու եմ նույնը. Excel նիշքերը ի զորու չեն նման հզոր համակարգ ստեղծել, պահել ու տանել իրենց ուսերին: Դա կարելի է անել գոնե Aksus կամ նմանատիպ համակարգչային լուրջ ծրագրերի միջոցով և համապատասխան մասնագետի օգնությամբ: Մենք ունենք խնդիր նաև ինտերնետի հետ կապված: Ի՞նչ ենք մենք անում: Ինտերնետի արագությունը մեծացնում ենք, դա կրթահամալիրից տանում է կլորիկ գումարներ, բայց դրանից իրավիճակը էապես չի փոխվում: Մինչդեռ խնդրին կարելի է այլ հայացքով նայել: Համենայն դեպս, ես շատ պարզագույն մի ձև եմ ընտրել և այսօր արդեն կարող եմ բարձրաձայնել՝ սեպտեմբերից ինձ ինտերնետ դասասենյակում պետք չի գալու: Մենք նաև վատ վերահսկողության ենք իրականացնում: Վերահսկողություն ասելով ի նկատի չունեմ դասալսումները: Ֆիզիկական միջավայրում դասալսումներ անցկացնելը չեմ համարել և առավել ևս հիմա չեմ համարում վերահսկողության արդյունավետ ձև: Հարգանքով՝ Նունե Մովսիսյան