Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի պաշտոնակատար պարոն Արմեն Փաշայանին

Հարգելի պարոն Փաշայան, 2018թ. նոյեմբերի 1-ի 18-11-534 գրությամբ, փաստական հանգամանքներով ցույց ենք տվել, որ ընթացիկ ստուգման վերաբերյալ Ձեր գործողություններն իրավական չեն. ՀՀ օրենսդրությամբ, «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի կանոնադրությամբ, ընթացիկ ստուգում անցկացնելու իրավասություն ԳԹԿ-ն չունի։  Արձանագրել էինք, որ չենք ստացել սեպտեմբերի 11-ի Ձեր 157 Ա/Ը հրամանը։

Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13.04, info@atc.am հասցեից ստացել ենք Ձեր՝ 2018թ. հոկտեմբերի 19-ի հրամանը «Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի պաշտոնակատարի 11 սեպտեմբերի 2018թ. թիվ 157 Ա/Ը հրամանում փոփոխություններ անելու մասին»։ Ստիպված ենք այս հրամանն ընդունել որպես մեր 18-11-534 գրությանը Ձեր պատասխանը։ Ձեր այս հրամանը ոչ թե հերքում է մեր փաստարկները, այլ հաստատում Ձեր կողմից ընթացիկ ստուգումներ անցկացնելու իրավասություն չունենալը։ Իսկ 157 Ա/Ը հրամանը այդպես էլ մեզ չտրամադրվեց։ Սա պետական կազմակերպության ձեռագի՞ր է։

ԳԹԿ կանոնադրության 17-րդ կետի ը ենթակետը, որին հղում եք անում 19-ի 157/3 Ա/Ը հրամանում, նշում է. «օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը»: Ո՛չ հանրակրթության մասին ՀՀ օրենքը (որտեղ ԳԹԿ-ի մասին խոսք չկա), ո՛չ սույն կանոնադրությունը ԳԹԿ տնօրենին չի լիազորում ընթացիկ ստուգումներ անցկացնելու հրամաններ տալ: Դեռ ավելին, հանրակրթության մասին ՀՀ օրենքի հոդված 18-ի առաջին կետում ամրագրված է. «Սովորողների ուսումնական առաջադիմության ընթացիկ և ամփոփիչ (կիսամյակային և տարեկան) գնահատումը, դրանց ձևերի, մեթոդների, հաճախականության, առաջադրանքների բովանդակության ընտրությունը կատարում է ուսումնական հաստատությունը` հանրակրթության պետական չափորոշչին և այլ նորմատիվ իրավական ակտերին համապատասխան»:

Ցանկանում ենք նշել, որ կրթահամալիրի հիմնադիրը ՀՀ կառավարությունն է, իսկ լիազորված մարմինը՝ ՀՀ ԿԳ նախարարությունը: ԳԹԿ-ն և նրա տնօրենը չեն կարող որևէ այլ կապ ունենալ կրթահամալիրի, ինչպես նաև հանրապետության որևէ դպրոցի հետ, բացառությամբ ԳԹԿ կանոնադրությամբ որոշված դեպքերի, այն է.

  • 12-րդ կետի բ ենթակետ. «սովորողների գիտելիքների, կարողությունների և հմտությունների ընթացիկ գնահատման նպատակով նյութերի և առաջադրանքների մշակման ու տրամադրման ապահովումը».
  • 12-րդ կետի գ) ենթակետ. «տարրական, միջին և ավագ դպրոցի ավարտական քննական նյութերի և առաջադրանքների մշակման ու տրամադրման ապահովումը».
  • 12-րդ կետի ե) ենթակետ. «ուսումնական գործընթացում գնահատման նոր ձևերի արդյունավետ օգտագործման նպատակով կրթության համակարգի մանկավարժներին մեթոդական օժանդակության կազմակերպումը».
  • 12-րդ կետի զ) ենթակետ. «սովորողների գիտելիքների, կարողությունների ու հմտությունների գնահատման ազգային և միջազգային ստուգատեսների անցկացումը».
  • 12-րդ կետի ժ) ենթակետ. «դպրոցների և բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ ուղղակի կապի պահպանումը և քննությունների արդյունքների տրամադրումը»:

ԳԹԿ-ի անցկացրած ստուգումների վերլուծությունները կարող են համոզել, որ կրթահամալիրը թվանաշանային-թեստային արդյունքներով ոգևորված չէ։ Կրթահամալիրում ՀՀ ԿԳՆ պատվերով իրականացվում է հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագիր, որը կազմակերպվում է ուսումնական օրացույցով, սովորողի անհատական ուսումնական պլանով, որոնցում այս շրջանում ստուգումներ չկան։ Նոյեմբերի 5-9-ը կրթահամալիրում նախագծային ուսուցման ստուգատես է, «Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոնը», որը նաև սովորողների գրագիտության, կարողությունների ստուգատես է՝ ֆիզիկական և մեդիա միջավայրում բաց յուրաքանչյուրի համար. համեցեք։

Մեր ավագ դպրոցում ԳԹԿ կողմից վերջին ստուգումն անցկացվել է 2011-2012 ուսումնական տարում. մենք արգելել ենք, ԳԹԿ-ի հետ եկել համաձայնության, որ նման ստուգումներ չեն կարող անցկացվել։ Ի՞նչ է փոխվել ՀՀ օրենսդրության մեջ այս ընթացքում, որով Դուք ստացել եք կանոնադրությամբ չամրագրված լրացուցիչ  լիազորություն։

Այսպիսով, կրթահամալիրի տնօրենը, կրթահամալիրի խորհուրդը, ավագ դպրոցի ղեկավարը, մանկավարժական խորհուրդը չեն կարող թույլ տալ, որ սովորողները մասնակցեն Ձեր որոշած ոչ իրավական ստուգումներին։ Որքան տեղեկացված ենք, այսպիսի ստուգումներ արվում են հանրապետությունով մեկ, և ոչ առաջին տարին, ուստի դիմում ենք կրթահամալիրի լիրազորված պետական մարմնի ղեկավարին՝ ՀՀ ԿԳՆ նախարարին՝ ԳԹԿ-ի լիազորված պետական մարմնի ղեկավարին՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարին՝ Ձեր այս գործողությունը կասեցնելու առաջարկությամբ։

Միևնույն ժամանակ, որպես հեղինակային կրթական ծրագիր մշակող ստեղծական հավաքանի՝ մենք պատրաստ ենք համագործակցության կրթության ոլորտի բարելավմանն ուղղված բոլոր հարցերում։ Կեղծիքի, ձևականության, հականերառականության հաղթահարման այս փուլում, ինչպես նշել ենք, լուծումը քննությունների վերացումն է և գնահատման նոր գործիքների կիրառումը, որի մշակումը ԳԹԿ-ի գործն է, և որում կստանաք մեր աջակցությունը։

Հարգանքով՝
կրթահամալիրի տնօրեն՝ Աշոտ Բլեյան
Ավագ դպրոցի ղեկավար՝ Մարթա Ասատրյան
կրթահամալիրի խորհրդի նախագահ՝ Արամազդ Ղալամքարյան

ՀՀ Կրթության և գիտության նախարար
պարոն Արայիկ Հարությունյանին

Հարգելի՛ նախարար.

Ձեզ 18-10-526 նամակով տեղեկացրել ենք, որ կրթահամալիրի ավագ դպրոցում Գնահատման և թեստավորման կենտրոնի՝ նախատեսվող ընթացիկ ստուգումների գործողություններն իրավական չեն։ Այդ մասին գրել ենք նաև ԳԹԿ տնօրենի պաշտոնակատար պարոն Արմեն Փաշայանին։ Ի պատասխան՝ նոյեմբերի 2-ին info@atc.am հասցեից ստացել ենք Ա. Փաշայանի՝ հոկտեմբերի 19-ի 157/3-Ա/Ը հրամանը, որով փոփոխություն-լրացում է արվում մեկ այլ՝ սեպտեմբերի 11-ի թիվ 157-ԱԸ հրամանում։ Վերջինիս բովանդակությունը մեզ անհայտ է, դրա հետ կապված գրություն չենք ստացել նաև ՀՀ ԿԳՆ-ից։ ԳԹԿ-ի ձեռնարկած ստուգումներին հիմնավորված առարկել ենք ԳԹԿ տնօրենի պաշտոնակատար պարոն Արմեն Փաշայանին ուղղված գրությամբ։

Ձեզ ենք դիմում՝ որպես կրթահամալիրի լիազորված պետական մարմնի ղեկավարի, որ առաջարկեք ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար պարոն Էդուարդ Աղաջանյանին՝ ուսումնասիրել ԳԹԿ-ի՝ ընթացիկ արտաքին գնահատման գործողության իրավականությունը, կասեցնել ոչ իրավական գործողությունը։ Ուղարկում ենք նամակի նախագիծ։ Եթե հարմար եք գտնում, կարող ենք ուղարկել նամակը մեր անունից։

Հարգանքով՝
կրթահամալիրի տնօրեն՝ Աշոտ Բլեյան
Ավագ դպրոցի ղեկավար՝ Մարթա Ասատրյան
կրթահամալիրի խորհրդի նախագահ՝ Արամազդ Ղալամքարյան

ՀՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար պարոն Էդուարդ Աղաջանյանին

Հարգելի՛ պարոն Աղաջանյան

Ձեզ դիմում ենք որպես «Գնահատման և թեստավորման» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ ԳԹԿ) լիազորված պետական մարմնի ղեկավարի։

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ՊՈԱԿ-ը (այսուհետ՝ կրթահամալիր) ստեղծել է ՀՀ կառավարությունը, լիազորված պետական մարմինը ՀՀ ԿԳ նախարարությունն է։ Կրթահամալիրում ՀՀ ԿԳՆ պատվերով մշակվում, իրականացվում, տարածվում են հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրեր։

Ձեզ ենք ներկայացնում ԳԹԿ տնօրենի պաշտոնակատար Արմեն Փաշայանին ուղղված 01.11.2018-ի թ. 18-11-534 գրությունը, որով ցույց ենք տվել, որ կրթահամալիրի ավագ դպրոցում ընթացիկ ստուգման վերաբերյալ նախատեսվող ԳԹԿ գործողություններն իրավական չեն. ՀՀ օրենսդրությամբ, ԳԹԿ կանոնադրությամբ ԳԹԿ-ն ընթացիկ ստուգում անցկացնելու իրավասություն  չունի: Ի պատասխան՝ նոյեմբերի 2-ին կրթահամալիրը պաշտոնական էլեկտրոնային փոստով ստացել է ԳԹԿ տնօրենի պաշտոնակատար Արմեն Փաշայանի՝ «Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրենի պաշտոնակատարի՝ 11 սեպտեմբերի 2018թ. թիվ 157 Ա/Ը  հրամանում փոփոխություն և լրացում կատարելու մասին» 19.10.2018թ.-ի թիվ 157/3 Ա/Ը հրամանի պատճենը: Մայր փաստաթուղթը՝ թիվ 157 Ա/Ը  հրամանը, կրթահամալիրը չի ստացել: Չի ստացվել նաև այդ հրամաններին վերաբերող որևէ գրություն ՀՀ ԿԳՆ-ից, ինչպես եղել է նախորդ տարիներին։ ԳԹԿ տնօրենի պաշտոնակատարին մենք պատասխանել ենք գրությամբ։

Որքան տեղեկացված ենք, նման ստուգումներ արվում են հանրապետությունով մեկ և ոչ առաջին տարին։ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքում» ԳԹԿ-ն ընդգրկված չէ ստուգումներ իրականացնող պետական մարմինների ցուցակում: Նման գործունեություն չկա նաև ՀՀ կառավարության 2004թ. 586 որոշումով հաստատված ԳԹԿ կանոնադրությունում:

ԳԹԿ պաշտոնական էլեկտրոնային կայքում առկա են հաշվետվություններ սովորողների արտաքին ընթացիկ գնահատման մասին: Սովորողների «արտաքին ընթացիկ գնահատում» հասկացությունն օրենքով սահմանված չէ, ԳԹԿ-ի կանոնադրությամբ էլ չկա: Հանրակրթության մասին ՀՀ օրենքի 18-րդ հոդվածը (Սովորողների գնահատումը և ատեստավորումը) սահմանում է «ընթացիկ գնահատումը», իսկ նույն օրենքի 34-րդ հոդվածը (Ուսումնական հաստատության գործունեության գնահատումը) հստակ սահմանում է «արտաքին գնահատումը»:

ԳԹԿ կայքում 2018թ. հոկտեմբեր-նոյեմբերին իրականացվող ստուգումների մասին որևէ բան պարզել չի հաջողվում, քանի որ կայքը չի թարմացվում 2018թ. հուլիսից:

ԳԹԿ-ն արդեն քանի ամիս ղեկավարում է տնօրենի պաշտոնակատարը. որևէ հայտարարություն տնօրենի թափուր պաշտոնի մասին չկա։

Որևէ տեղ չկա տեղեկություն ԳԹԿ խորհրդի մասին։

Հարգելի պարոն Աղաջանյան, հասկանալի է, որ խստիվ ղեկավարվելով ՀՀ օրենսդրությամբ, որևէ անօրինական գործունեություն կրթահամալիրում թույլ չենք տա։ Ակնկալում ենք նշված խնդրի համակողմանի ուսումնասիրություն, ԳԹԿ-ի ոչ իրավաչափ գործողության կասեցում:

Հարգանքով՝
կրթահամալիրի տնօրեն՝ Աշոտ Բլեյան
Ավագ դպրոցի ղեկավար՝ Մարթա Ասատրյան
կրթահամալիրի խորհրդի նախագահ՝ Արամազդ Ղալամքարյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ամառային բնագիտական-տեխնիկական ստեղծագործական դպրոց

Մարկոսյան Թադևոս Այս նախագիծն ստեղծվել է ամռանը երեխաներին օգտակար կերպով զբաղեցնելու նպատակով: Նախագծի միջավայրը` աստղացուցարան, «Ռոբոտիքս» խաղասրահ, շախմատի խաղասրահ, ծրագրավորողների խումբ։ Աստղացուցարանը կներառի տիեզերքի մասին ֆիլմեր և լրացուցիչ տեղեկություններ: Այս աշխատանքի

«Հանրային հայացք՝ փակ աշխարհին. մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» ծրագրից

«Հանրային լրագրության ակումբ» հասարակական կազմակերպության թիմի անունից շնորհակալություն ենք հայտնում Եվրոպական Միության և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ֆինանսավորմամբ «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության հետ համատեղ իրականացվող «Հանրային հայացք՝ փակ աշխարհին. մարդու իրավունքների

Երուսաղեմ՝ ընտանեկան ուխտի

Հարգելի սեբաստացիներ, 2016թ. սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 10-ը ես արձակուրդային օրերը անցկացնելու եմ ընտանեկան ուխտի ձևով իմ տղայի ու կնոջ հետ Երուսաղեմում: Իմ արձակուրդի ընթացքում՝ սեպտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 1-ը, ՀՀ