Իրիկունը ուշ, քնելուց առաջ, երբ Բուշ Լուսինեի, Մարալ Կարապետյանի, Միջին դպրոցի ութերորդցիների, տեխնոլոգների խմբով վերադարձել էինք Արատեսից, բոլոր մասնակիցների համար՝ տպավորիչ ու դպրական կենտրոնի առաջընթացի համար կարևոր աշխատանքային օրերը թողել ետևում, Դավիթ Բլեյանը պատրաստվում է քնելու․․․ Ու մեկ էլ՝
— Եթե երաժշտությունը չլիներ, ես էլ չէի լինի․․․
Սա ասում է՝ ձեռքին Արմինե մայրիկի պլանշետը։ Ստուգում է լիցքավորումը, ընտրում քնից առաջ օրվա ունկնդրման ծրագիրը ու մայրիկին ձեռքով քաշում իր ննջասենյակ… Մինչ այդ, մեծ նոթբուքը դնում իմ ծնկներին… Սկսվում է ծիսական-ամենօրյա մեկ ժամ տևող ընկղմումը մայրիկի հետ երաժշտության աշխարհը…

Դավթի ննջարանը դուռ չունի վաղուց, ու Մոցարտի 41-րդ սիմֆոնիայի, հետո Շառլի «Բոհեմի» ձայնը իմ ականջներում է․․․ Այսպես ես վերահսկում եմ, եթե դրա կարիքը կա․․․ Մեր տղան շատ պահպանողական-կարգապահ է երաժշտություն ընտրելիս. հեշտ չի փոխում։

Առավոտյան, երբ էլի ծիսական-ամենօրյա ցնցուղից հետո, ինքը՝ խալաթով փաթաթված, խոսքի մեջ ճշտում եմ․
— Դավի՜թ, երաժշտությունից ես ծնվե՞լ… Ես ու մայրիկը այնքա՜ն չարչարվեցինք քո ծնունդի համար, երկա՜ր, սիրով, բարեխիղճ…
— Եթե երաժշտությունը չլիներ, մեկ էլ՝ ծիծիկները․․․,- ցույց է տալիս,- եթե ծիծիկները չլինեին, չէի մեծանա։

Միջին դպրոցի խումբը Արատեսի դպրական կենտրոնում էր: Լուսանկարները՝ կրթահամալիրի տնօրենի:

Պարբերաբար ես վերադառնում եմ մտքին, որ հայոց հանրային անճաշակությունը շտկելու-հաղթահարելու ուղին երաժշտությունից վերածնվելն է․․․ Այստեղից և չթուլացող, խտացող ակնածանքը երաժիշտների ու նրանց գործի՝ երաժշտության նկատմամբ, երաժշտական հանրակրթության կարևորությունը սեբաստացիների կյանքում՝ երկու տարեկանից սկսած, երաժշտության ուսուցիչների դիրքը կրթահամալիրում․․․ Այստեղից և այն շփոթը, ցավը, որ պատել է ինձ, Արթուր Շահնազարյանի ցասումը որևէ կերպ մեղմելու անզորությունը…  Արթուրը, որ Կոմիտասի-Թումանյանի 150 ամյակը հանրային ճաշակի ձևավորման առիթ-շրջան դարձնելու, հանրային անճաշակության հաղթահարման հարցում բեկում առաջացնելու համար պիտի մեր օրերում ավելի ու ավելի կարևորված-բազմազբաղ լիներ, ամենակենտրոնում․․․ ի՞նչ անել։

Ամիսներ առաջ, երբ մշակույթի նախարար՝ Լիլիթ Մակունցը նոր էր, անծանոթ, Արթուր Շահնազարյանը մի խումբ հայտնի երաժիշտների հետ ցասում-առաջարկով դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Կարծեմ կարելի է հիմա էլ անդրադառնալ դրան… Ես չեմ կարող Արթուրի կողքին չլինել։ Հետո, երբ Արթուրը իրեն սազող-բնորոշ ուղղամտությամբ այսպիսի խնդրանքով դիմել էր ՀՀ վարչապետին, ես էլի երկընտրանքի առաջ էի՝ ինչպե՞ս դիտորդից մասնակից դառնալ․․․ ու այսպիսի երկտող ավելացրի հարգելի նախարարին․․․ մեջբերում եմ ամբողջությամբ․․․

Հարգելի նախարար.
Որքան էլ վատ եմ ճանաչում Ձեզ, Ձեր տեսակով-կյանքով սիրելի եք ինձ։ Դիմում եմ ուղիղ, շիտակ, քանզի վերաբերում է Արթուր Շահնազարյանին, ում ես հաստատ իմ կյանքով-անձով եմ ճանաչում, կյանքիս գործով եմ ճանաչում. ես իր քավորն եմ անբաժան, ընկերը, ումից ես ակնածում եմ։ Կարճեմ խոսքս։ Քանի որ կա Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, Արթուր Շահնազարյանը չի կարող չլինել այդ հաստատության որպիսության, նպատակի-իմաստի թիվ մեկ պատասխանատուն։ Ես այսպես եմ մտածում։ Հիմնավորումը նրա կյանքն է, որ իրեն բնորոշ արտահայտված է իր այս նամակում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վատ չի ճանաչում Արթուրին. ահա ինչու է Արթուրը նամակը հասցեագրել նրան։ Բայց դիմումի առաջին հասցեատերը, իրավասուն Դուք եք։ Խնդրում եմ քննարկման առարկա դարձնել այն. հավելյալ անհրաժեշտը Ձեր պահանջով կներկայացվի։

Չեմ սպասում, որ անարձագանք կմնամ։

Վայոց ձոր. Հորբատեղի: Լուսանկարները՝ Աշոտ Բլեյանի:

Որտեղից՝ ո՜ւր հասանք։ Դավթի երեկվա խո՞սքը փոթորկեց ինձ։ Արթուրն աշխատանքային այցով Ամերիկայում է, իր թարմ հոդված-հարցազրույցը՝ համացանցում, խնդիրը՝ առկա․․․

Ես ոչ ոքի չեմ դիմում․․․ Բայց համաձայնեք, որ «ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է»…  Եթե կա Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտ, եթե մեր օրերում բարեբախտություն ունենք Արթուր Շահնազարյան ունենալու՝ լեցուն գործերով, եթե կա այսպիսի՝ հասարակությունով երաժշտությունից ծնվելու պահանջ, ապա․․․

Բարի վերադարձ, Արթուր Շահնազարյան…

Ֆոտոխմբագիր՝ Սուսան Ամուջանյան
#1475

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ջրափոսում չլմփացող մանուկ-մարդուկների տրամադրությամբ

Նիկոլին մեր, իր սիրուն ընտանիքին, թավշյա-հակաբռնի հեղափոխության բոլոր մասնակիցներին ասենք՝ շնորհավոր մեր՝ դուով-դուխով վարչապետի ծննդյան առիթով: Գնա, գալիս ենք: Գերմանիայից, գերմանացի մեր գործընկեր-պարտիզպան Գերդ Քյոհլերին երեկ օրվա վերջին ճանապարհեցի կրթահամալիրի

Գիշերը սիրում է օրվան, լույսը՝ մթությա՞նը

Գիշերը սիրում է Օրվան, Լույսը` Մթությանը: Ինչպիսի՜ կատարյալ և տարօրինակ սեր… Իմ գիշերվա, իմ լույսի մասին է Խերարդո Դիեգոն ասել, չգիտեի: Մութ ու լույս էլ կա, Դիեգո, գիտե՞ս, ու ես այսօր

Երբ ջուրը պատահաբար թափվում է․․․

Ամերիկացի դիզայներ Ադամ Սակսը կարողանում է սովորական և ձանձրալի հագուստները մկրատի և երևակայության միջոցով դարձնել արվեստի գործեր․․․ նույնիսկ չհանելով հագուստը «տիրուհու» վրայից․․․ 2016-2017 ուստարում այսպիսի լուծումները կարող են թարմացնել-դատարկել, այլ