Արատեսյան ընդմիջումներով ես հետևում եմ քաղաքական անցուդարձին, որ Երևանի ավագանու ընտրություններով քաղաքային անցուդարձ է… Ընտրություններով, թե առանց դրա՝ հայաստանյան կյանքը տեղավորվել է իր մայրաքաղաքի մեջ, թվում է, ամբողջությամբ: Ցավով եմ սա ասում ապրիլյան պարմանիական ընդվզումից և մայիսյան քաղաքական սերնդափոխությունից հետո… Ի՜նչ հրաշալի ամառ անցավ բոլորիս աչքի առաջ, ինչպիսի՞ փոփոխություններով… Ով ինչպես մասնակցեց մեզանից դրան, ու ինչ է փոխվել իրենում ու իր շուրջ:
Սիրիա հայկական զորախումբ ուղարկելը վտանգավոր է. ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանի հրապարակումները բաց չեմ թողնում:
Շարունակում են հետաքրքիր լինել 1in.am-ում Սարգիս Արծրունու անունով վերլուծականները. Քարոզարշավ օր առաջին, Նիկոլ Փաշինյանի երևանյան բարիկադները՝ դրանցից ամենաթարմը:
Հայտնի է եվրոպական որ երկրում է ինքնասպանությունների ցուցանիշը ամենաբարձրը… Չգիտեի, որ 15-29 տարեկանների մահվան երկրորդ ամենատարածված պատճառը ինքնասպանությունն է…
Իսկ մեր բնակարանի՝ դեպի արևելք-հարավ-արևմուտք միշտ բաց դուռ-պատուհաններից այլանդակ աղմուկը, որ երաժշտություն է կոչվում, շուրջ գիշեր չի դադարում ներխուժելուց… Կա՞ հեղափոխություն-անձ-իշխանություն, որ անճաշակության այս բացահայտ բռնությունից կարող է ինձ-մեզ պաշտպանել…
Ընդմիջում-անհատական աշխատաժամանակի քննարկում 5-րդ դասարանի սովորողների հետ:
Հայ-վրացական հարաբերություններին պակասո՞ւմ են նախաձեռնողականությունը, ամբիցիոզ ծրագրերը, որ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հանդես է եկել հավակնոտ (ամբիցիոզ) ծրագրով՝ առաջիկա տարիներին ապրանքաշրջանառությունը հասցնելու 1 մլրդ դոլարի մակարդակի… Ի՞նչը նկատի ունի՝ Վրաստանի, որպես տրանզիտ երկրի փոխադրումների ծավալի ու մեր տուրիստական հանգստի մեկնողներին վրացական ծառայությունների ու ապրանքների ծավալների կտրուկ մեծացո՞ւմը… Ի՞նչ ենք մենք արտահանում հենց Վրաստան… Քանի՞ վրացի պատանի-երիտասարդ է 2017-ին, 2018-ին մտել Հայաստան, ի՞նչ նախաձեռնություններով-ծրագրերով… Ի՞նչ համատեղ կյանք-բիզնես է առաջարկվում այսօր Հայաստանում Վրաստանի մարդու համար…
Արատեսի դպրական կենտրոնը մինչև «Ամառ 2019» կներկայանա Ստամբուլի, Փարիզի, Թբիլիսիի մեր գործընկերներին՝ մանկավարժներին, պատանիներին, բնության գրկի մեր դպրոց կանչող գրավիչ ծրագրերով… Մենք քոլեջի մեր նոր կացարանով կդառնանք ավելի գրավիչ-շարունակական հեղինակային կրթական ծրագրերի միջազգայնացման հավակնոտ նախագծերով… նախ և առաջ՝ Վրաստանի գործընկերների համար…
«Ի վերջո, հնարավո՞ր է Հայաստանի արդիականացման և կառավարման խորքային ժողովրդավարացում՝ մնալով ռուսական ազդեցության կամ պատասխանատվության գոտում». Նիկոլ Փաշինյանի վերջին այցը Մոսկվա, Պուտին-Փաշինյան հանդիպման առանցքային հարցի մասին Արամ Ամատունու այսպիսի հրապարակումը իմ ինտերնետային ժամանակի ետարատեսյան ընթերցանության իմաստն է կազմում…
Իսկ Արատեսից մեկ սար-մեկ ջրվեժ այն կողմ Գողթանիկ գյուղում արջը վնասներ է հասցրել… սեպտեմբերի 9-ի գիշերը՝ երկու մեղվի փեթակ ու մեկ տանձի ծառ… Սա էն Գողթանիկն է, որի դպրոցի երիտասարդ տնօրեն Արգիշտին իր 8-9-րդ դասարանցիների խմբով սեպտեմբերի 14-ին սկսվող արատեսյան ռազմամարզական ճամբարի թիկունքի ծառայությունն է ապահովում։
Արատեսյան նկարաշարերը՝ Աշոտ Բլեյանի, Քնարիկ Ներսիսյանի:
Ես հիմա ավելի ու ավելի շատ եմ քայլում, արագ-ճամփորդական, թեթև վազքով… Արատեսից վերադարձին, Քյարքի-Տիգրանաշենից վերև ներքև, երբ ավտոբուսը մեր կանգնեց, ես դուրս թռա վազքով… Ի՜նչ Արարատ էր ուրվագծով-շղարշով… Ես ուժ ունեի, մղում՝ վազքով-քայլքով անցնելու այդ 60-70 կմ-ոց ճանապարհը ողջ իրիկուն՝ իր գիշեր-լուսաբացով… Մի՛ ճեմեք, քայլե՛ք մարզական քայլքով-վազքով թեթև անցեք կրթահամալիրի հյուսիս-արևմուտք հատվածը՝ պահանջում եմ ես երկու քնկոտներին՝ Անուշիկ օգնական մարզչին ու 5 տարեկանների հետ երկրորդ ուսումնական տարին սկսող Մանուշակին… Գրանցե՛ք անհատական ու խմբային արդյունքները թվային գործիքներով, հրաշագործ մարզական վիճակ պահեք, որ հավեսը հորդա ձեզնից ու մեր երեխաներից… Այն հավեսը, որով ինձ երեկ առավոտյան Խանջան-Լուսավորիչ քայլքի ճամփին կանգնեցրեց երկու նոր հարավցիների …. երիտասարդ մայրիկը, որով ինձ բռնացրին Արևելքի նորեկ սեբաստացիները, հինգ րոպե տվեցին Իվետա-Արմինեի հետ ընդմիջումի համար… Նրանք, նորեկ սեբաստացիները, որ ինձ ավելի շատ դեմքով են ճանաչում, բայց իրենց ուրախություն-հավեսի շնորհակալություն հայտնելու այս ձևն են գտել՝ փոքր խմբերով իրար հերթ չտալով, իմ մասին ինձ խոսեցնելը… Այն հավեսը, որով միջին դպրոցի խումբը հինգ տարեկան Արամ Ներսիսյանի առաջնորդությամբ Արատես հասավ Արտաբույնք-Ցախաց քար-Սմբատաբերդ-Եղեգիս անցումով, առանց «օֆ»-ի, մեկ շնչով… Այսպես երևի մեր Սոնա Փափազյանի հայրենագետիկների սեպտեմբեր 21-ի նախագծային հավաքին կարևոր սկիզբ հաղորդեց մեր այցը ինձ հարազատ դարձած Նուշիկին Ազնաբերդից… Մինչ Գոհարի ու Վարդի աշխատանքային ջոկատը Երևան դարձի ճամփին մտավ Եղեգիսի Զորաց, Սուրբ Կարապետ վանքեր, ես առաջարկեցի Քնարիկ Ներսիսյանին ծանոթանալ օգոստոսին Տատինցյան Արևիկի, Բլեյան Շուշանի, Բլեյան Դավթի հետ մեր հայտնաբերած՝ Զնաբերդի ընտանիքի լեգենդար գրադարանավար Նուշիկ մայրիկին… Մնացածը՝ տեսանյութում, պատումում Քնարիկի բլոգի: Շնորհակալ եմ:
Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1460