— Պարոն Բլեյան, որքանո՞վ եք հավանական համարում, որ Զորի Բալայանի նամակը Պուտինին իր կողմից գրված անկեղծ պոռթկում էր: Ակնհայտ է, որ նա շատ մոտ է Ղարաբաղի ու Հայաստանի իշխանության առաջին դեմքերին, և հնարավոր չէ, որ նրանք չիմանային նամակի մասին: Արդյո՞ք սա չի նշանակում, որ իրենք էլ են այդպես մտածում Ղարաբաղի հարցում: Արդյո՞ք վտանգներ չեք տեսնում:
— Լրանում է Գյուլիստանի պայմանագրի 200 տարին. պայմանագիր, որը 1813թ. կնքվել է ցարական Ռուսաստանի և Պարսկաստանի միջև, և Զորի Բալայանը նամակ է գրել Վլ. Պուտինին… Իսկ ո՞ւմ գրեր… Այսպիսի նամակներ այլ առիթներով նա գրել է Բրեժնևին, Գորբաչովին, Ելցինին… Ի՞նչը մեկնաբանես… Ես չեմ մեկնաբանում, ինչպես չեմ մեկնաբանել նրա՝ նախկինում գրածները… Առաջարկել եմ կրթահամալիրի վարժարանի հասարակագիտական ակումբին, որ քննարկի նամակը՝ իրավական, քաղաքական, պատմական տեսանկյուններից… Եղել է և կա մեզանում անհաղթահարելի ռուսահպատակություն՝ իր հայտնի գործիչներով ու նախաձեռնություններով…
Մեր սովորողների բլոգներից մեկում հանդիպեցի Խաչատուր Աբովյանի «Կացինն ու ծառերը» ստեղծագործությանը… Մի կտոր տպավորվել է. «Մենք որ կոթ չտանք, կացինը կարա՞ մեզ վնաս տա, կամ հեչ մեզ մոտենա»… Սիրանույշ, լրագրողներ, կոթ մի՛ տվեք…
— Արդյո՞ք միայն նամակ գրելու փաստն արդեն խայտառակ ամոթ չէ, էլ ուր մնաց բովանդակությունը:
— Խայտառակություն ու ամոթ՝ ո՞ւմ համար… Իմ հայրն ասում էր՝ եթե մարդն ինքն իրեն չխայտառակի, ուրիշ ոչ ոք դա անել չի կարող… Դառնանք ռուսահպատակների գործողությունների անանց բովանդակությանը… Հայաստանի հարցը կարծես այս տարվա սեպտեմբերի 3-ով նրանք լուծված համարեցին, մեր անկախությունը մաքսային միության անվան տակ մի տեսակ հեշտությամբ «սաղացրին» Ռուսաստանի վրա… Բա Արցա՞խը… Նույն հեշտությամբ անցել են Արցախի խնդրից պրծնելուն… Մեր երկու պետական անկախությունները՝ իրենց բերած նոր խնդիրներով, բե՞ռ են դարձել… Բոլոր ցանկություններին հակառակ, անկախ պետականությունից ազատվելն էդքան հեշտ չէ, ինչքան թվում է… Թույլ էլ չենք տալու… Սա ընդունեք որպես անկախականներիս պատասխանը…
— Արդյո՞ք այսպիսով չի պարզվում, որ Ղարաբաղի խնդիրը ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանինն է համարվում:
— Ռուսահպատակության համար ամեն ինչ ի սկզբանե շիտակ է եղել… Արցախյան շարժումը հակաանկախական էր. ի՞նչն է փոխվել ռուսահպատակության «պարտիա-լենին-գորբաչով» հանրահայտ լոզունգում… Պիտի շարունակենք ջանքեր գործադրել, որ Հայաստանի ու Արցախի խնդիրը ոչ միայն համարվի մերը, այլև դրա լուծումը մեզ միավորող, մեզ բաց հասարակություն և նոր համակեցություն պարտադրող աշխատանք դառնա… Խնդիրը հո թողնելով չէ՞, խնդիրը լուծելով է…
— Պարոն Բլեյան, ի վերջո, պոստ-սովետիկումից ե՞րբ պետք է դուրս գանք և հասկանանք, որ սա անկախ Հայաստանն է: Եվ արդյո՞ք հենց մտավորականությունը չպետք է լիներ շարժիչը:
— Մտավոր-ականնե՞ր… Երբ գաղափարի մարդը գաղափարին չի ծառայում, երբ քաղաքական անկախությունը չէ մտավորական գործունեության ծնողն ու զավակը, ուրեմն չկա՛ այդ դասը մեզանում… Բացակայում է, ցավոք… Կան անհատներ, կան գործիչներ, և կան հազարավոր «թղթով» մարդիկ…
«Գոյատևում. ահա, թե ինչից եմ վախենում». սա էլ մեր «Հեռադիտակ» բլոգից Ժան Պոլ Սարտրի «Սրտխառնոցն» է… Այս ամենը սրտխառնոց չի՞ առաջացնում…
— Սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ կուրսի փոփոխություն է տեղի ունեցել: Հնարավո՞ր է, որ այդ պահից սկսած մենք սկսեցինք թել առ թել կորցնել անկախությունը:
— Ավարտեմ խոսքս կենդանի պատմությամբ… Իմ երկու տարեկան դարձող Դավիթ Սեբաստացին ինձ հոկտեմբերի 12-ին տանից հանեց, տարավ տոնական Երևանով, Շառլ Ազնավուրի հրապարակով, Կարապի լճով, Հյուսիսային պողոտայով, ու ես, ի զարմանս և ի հիացմունք, տեսա տոնական երիտասարդություն՝ զարդարված, ուրախ, անմիջական, դրանց մեջ և Շուշան Բլեյանին՝ իմ կրտսեր աղջկան… Անակնկալի եկա… Սրանցից ո՞վ է կարդացել կամ կկարդա Զորի Բալայանի գրածը… Որ կարդա՝ ի՞նչ…
Սեպտեմբերի 3-ը համարենք նոր մեկնարկ մեր երեխաների, մեր նոր սերնդի համար՝ տանուլ տված անկախությունը թել-թել վերականգնելու… Նրանք չեն կարող չօգտվել այս հնարավորությունից, պիտի խիզախեն՝ ունենալով մեր կենսափորձը և մեր օրհնությունը… Եկեք օգնենք նրանց…