Ներկայացնում ենք Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի՝ կրթության ոլորտին վերաբերող մեր առաջարկությունները։ Սրանք մի մասով հիմնավորվում են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր փորձարարական-հետազոտական միավորումում հեղինակային կրթական ծրագրերով, ՀՀ ԿԳՆ հետ պետական աջակցության պայմանագրով տարիների աշխատանքների բովանդակությամբ (դրանք արտացոլված են ԿԳՆ հաստատած՝ կրթահամալիրի գործունեության 2018թ. ծրագրում, ՀՀ միջնաժամկետի ծախսային ծրագրերի 2019-2021թթ ԿԳՆ հայտի մեր առաջարկում), մի մասով՝ մանկավարժական մեր փորձառությամբ։ Ձեր սահմանած կարգով՝ պատրաստ ենք քննարկման, անհրաժեշտ հիմնավորումներ ներկայացնելու։
- Նախադպրոցական կրթության մատչելիության և հասանելիության ապահովման նպատակով ՀՀ ԿԳՆ պատվերով Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մշակվող-իրականացվող հեղինակային նախադպրոցական կրթության ծրագրի, դրա իրագործման հաստատության ծախսարդյունավետ մոդելի ներդրում, ծրագրի իրականացման հաստատությունների (ծրագիրը կարող է իրականացվել ինչպես ինքնուրույն գործող նախադպրոցական ուսումնական հաստատությունում, այնպես և տարրական դպրոց-պարտեզի, հիմնական, միջնակարգ դպրոցի կազմում) միավորում բաց կրթական ցանցում՝ պահպանելով նրանց կազմակերպական-իրավական ձևերը։ Սրա իրագործմամբ նախադպրոցականների ընդունելության հերթերը Երևանում և հանրապետությունով մեկ կնվազեն կամ կվերանան, կստեղծվեն նախադպրոցական նոր հաստատություններ, նախադպրոցական կրթության հեղինակային ծրագիրն ու կազմակերպումը բնակավայրին-բնակչին կմոտենան՝ շարունակ զարգանալով և բազմազանություն ստանալով, դառնալով բաց համայնք ձևավորող ծառայություններ։
- Հանրակրթության որակի և մատչելիության բարձրացման նպատակով՝
- հանրակրթության պետական չափորոշչով հանրակրթական, նախադպրոցական ծրագրերի իրականացման ֆիզիկական միջավայրին ներկայացվող պահանջների սահմանում.
- խոշորացված համայնքներում ուսումնական գործի կազմակերպման մոդելների մշակում, փորձարկում, ներդրում՝ փոքրաքանակ բնակավայրերը դիտելով որպես երկրագործի ուսուցման ծրագիր.
- ՀՀ ԿԳՆ պատվերով Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մշակվող-իրականացվող հեղինակային կրթական ծրագրով հեղինակային ուսումնական հաստատությունների բաց ցանցի ստեղծում, որ կարող է ներառել պարտեզ, դպրոց-պարտեզ, հիմնական դպրոց, ավագ դպրոց, կրթահամալիր, ուսումնական կենտրոն, առանց փոխելու դրա մեջ մտնող հաստատությունների ենթակայությունը, իրավա-կազմակերպական ձևը, խթանելով մանկավարժական նորարարությունը, ուսուցչին, մանկավարժական հավաքանին, դպրոցը, համայնքը դարձնելով իր կրթության հեղինակը, օպտիմալ օգտագործելով համայնքի-բնակավայրի, նյութական միջավայրը, այդ թվում՝ նաև սոցիալական նշանակության շինությունները, տարածքները.
- հեղինակային կրթական ծրագրով ստեղծված «Կրթական պարտեզ» մոդելի ներդրում՝ որպես կրթական համայնք՝ բնակավայրը, բնակելի արվարձանը դիտելով մեկ կենսական, սոցիալ-մշակութային տարածք, պատվիրատու դառնալով բարեկարգ-կանաչապատ, միասնական, ամբողջական ներառական կրթական միջավայրի, մարդու կրթական, մշակութային, մարզական, ուսումնական, ժամանցի, կենցաղի խնդիրները առավել նպաստավոր պայմաններում լուծելու հնարավորության.
- ռազմամարզական, երաժշտական, գեղարվեստի, բնապահպանական, հայրենագիտական, միջմշակութային հաղորդակցության, տեխնոլոգիական հանրակրթական բաց համակարգերի ներդրում. լրացուցիչ կրթական ծրագրերի, շուրջտարյա ուսումնական ճամբարների, հավաքների, կրթական փոխանակումների կազմակերպում.
պետական քաղաքականությամբ երաշխավորած կրթության իրավունքի իրացմանն ուղղված՝ հանրակրթության մեջ ուսուցման հեռավար ձևի ներդրում. - հանրակրթության մասին օրենքի վերանայում՝ ապահովելով պարտադիր տեխնոլոգիական հիմնական հանրակրթությունը, որպես օր առաջ ինքնուրույն գործելու, ինքնավար լինելու հնարավորություն, և երաշխավորելով միջնակարգ անվճար հանրակրթությունը, սեփական նախաձեռնողականությամբ մասնագիտական կրթության հետագիծը ինքնուրույն մշակելու և իրականացնելու հնարավորություն.
- ավարտական, պետական ավարտական քննությունների վերացում առաջիկայում՝ քաղաքացիական բաց հասարակությունը, զարգացող համայնքը դիտելով որպես հանրակրթության պատվիրատու և գնահատող։
3. Ուսուցիչների պատրաստման, զարգացման և մասնագիտական առաջընթացի արդյունավետ համակարգի ներդրման նպատակով՝
- ՀՀ օրենքով պետական հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի կարգավիճակի սահմանում, օրենքով ուսուցչին ներկայացվող պահանջների վերանայում այնպես, որ բարձրագույն կրթությամբ մասնագետը կարողանա մանկավարժական վերապատրաստումներով լրացնել գործատուի պահանջները, ապահովել տեխնոլոգիական հանրակրթության (կարողությունների ձևավորման մանկավարժության) հարաճուն պահանջները.
- այլընտրանքային, հեղինակային կրթական ծրագրերի, մանկավարժության մեջ նորարարության տարածման մեխանիզմների մշակում և իրագործում՝ մանկավարժական շուրջտարյա ճամբարներով, ստեղծագործական հավաքներով, վերապատրաստումներով՝ որպես հանրապետության հանրակրթական, նախադպրոցական, արտադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների մասնագիտական զարգացման, մանկավարժական նորարարության, գաղափարների ակտիվ շրջանառման, առաջավոր փորձի փոխանակման-տեղայնացման հարմար միջավայր, գործընկերության, հայրենագիտության, կրթական փոխանակումների բաց համակարգ։
4. Կրթական պաշարների և ուսումնական գրականության որակական բարելավման նպատակով գործող՝ դասագրքերի և ՏՏ շրջանառու հիմնադրամից, կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնից անցում դպրոցի կողմից ուսումնական ինտերնետի, դպրոցական գրադարանի ձևավորման՝ կրթական ծրագրերի, ուսումնական գրականության՝ դպրոցի, ուսուցչի, սովորողի ազատ ընտրությամբ, ապահովելով տպագիր և էլեկտրոնային ռեսուրսների հավասարություն։
5. Դպրոցների կառավարման համակարգի վերափոխման նպատակով՝
- դպրոցի ֆինանսավորման մեջ ներառել մասնագիտական զարգացման ծախսերը մեկ ուսուցչի հաշվով, մասնագիտական զարգացման ծրագրի՝ որպես ծառայություն, ազատ ընտրության հնարավորությամբ.
- ուսումնական հաստատությունների ղեկավարների ընտրության, առաջխաղացման, դպրոցների կառավարման խորհուրդների ձևավորման թափանցիկ համակարգ՝ վերացնելով արհեստական խոչընդոտները, ներառելով համայնքային-հասարակական վստահություն ունեցող գործչին։
6. Մասնագիտական կրթության որակի արդիականացման, արդյունավետության և մատչելիության բարձրացման նպատակով՝
- ընդունելությունը վերապահել ուսումնական հաստատություններին, այդ թվում՝ բարձրագույն.
հանել մասնագիտական ուսումնական հաստատությունների ծրագրային հավատարմագրումը՝ խստացնելով լիցենզավորման պայմանները. - գործատուի (անկախ սեփականության ձևից) պահանջներին համարժեք մասնագիտական ուսուցում կազմակերպելու, ակադեմիական ինքնավարության հիմքեր ստեղծելու նպատակով մասնագիտական որակավորումների կազմակերպում, շնորհում և ավարտական փաստաթղթերի հանձնում մասնագիտական ուսումնական հաստատության անունից.
- նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության կարճաժամկետ ծրագրերի մշակում և իրականացում, այդ թվում՝ սոցալական գործընկերությամբ՝ արտադրական, գիտաուսումնական կենտրոններում, ծառայություններում։