— Ուզում եմ Լիլիթի հետ լինեմ, իր հետ քայլեմ, ման գամ: Հիմա զանգի, ասա…
Կիրակի օրը, արթնանալուն պես ինձ գգվանքի հնարավորություն տալով, այսպես սկսեց Դավիթ Բլեյանը: Ավագ քույրիկ Լիլիթն իհարկե հուզվեց, անմիջապես արձագանքեց. Գերմանիայից իր ընկեր ամուսիններն են մշտապես վերադառնում Երևան, տուն են ձեռք բերել, նորոգումով են զբաղվում, հրավիրել են, որտեղ՝ Սոնան, էնտեղ էլ Դավիթը կլինի… իր գերմաներենով: Տեսնես՝ քանի՞սն են Հայաստանով մեկ հաստատում իրենց վերադարձը…
Լիլիթը, որ ամենահաճույքով Սոնա գեղեցկուհու հետ է ընկերություն անում, իսկական կանացի ընկերություն՝ կողմերի ազատ ընտրությամբ, պիտի փորձի միակ ու յոթ տարեկան եղբոր հետ էլ հարազատությունը առօրյա շփում-ապրում դարձնել, հատկապես որ ասում են՝  էս մեկն է առաջիկայում էլ…

Կիրակի օրը, այսպիսով, կիսվեց։ Երկրորդ կեսում Սոնան միացավ մեզ, կտրուկ հրաժարվելով հարսանիքից, որ Լիլիթ-Վահեին տարավ «Օջախ», ինչպես կախաղան… Մարդ էլ իր ոտքով այսպիսի, միջազգային բոլոր կոնվեցիաներով արգելված խոշտանգմա՞ն գնա… Պետք էր լսել-տեսնել Լիլիթին օրվա վերջին, երբ քռքաշ եկավ Սոնայի ետևից…  Սոնան՝ պայծառ, օրով հագեցած, գրկեց իր մխիթարանքի կարոտ ընկերուհուն ու ձեռքերի մեջ տարավ… Ահա ինչու՝ հարսանյաց ծեսը, որպես ուսումնական նախագիծ, համարում  եմ ոչ միայն ամենահանրակրթականը մեր արածներից, այլև ամենահումանիտարը, մեր բացօթյա լողափերին հավասար… Դեռ կտեսնեք, դեռ կհիշեք, դեռ կգաք… հարսով-փեսով… կխնդրեք, որ մեր ծեսով ամուսնացնենք ձեզ…

Երկարացված օրվա կազմակերպիչների հեծանվի տեխնիկական սպասարկման պարապմունք: Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի, Սեդա Վիրաբյանի:

Մեր վարորդ Արմինեն հուսալի է. սկզբում մեզ տարավ Անտառային փողոց՝ Համլետ Խաչատրյանենց տուն։ Նրա այրի Մարին բնակարանի սիրելի բակում հատուկ մեզ համար աշխարհի ամենախաղաղ անկյունն էր ստեղծել. այստեղ ժամանակը կանգ է առել, ու մեզանից բացի էլ ոչ ոք չկա աշխարհում…

Սոնա-Դավիթ այսպիսի հուսալի-հասուն ընկերությամբ՝ ուր ասես.  վերադարձին մտանք Հրազդանի կիրճով, ձախ ափով վեր, մինչ Կիևյան կամուրջ, աջ ափով վար, մինչև… Բնական ուտուշ-խմուշը գտել էր կիրճին, «Ֆլորենսը», «Փարվանան» ու հարակից տարածքները լեցուն էին մեքենաներով. ի՞նչ է փոխել սիրո և համերաշխության հեղափոխությունը մեր հետաքրքրությունների կիզակետ կիրճում… Անզեն աչքով՝ ոչինչ… Մեքենաները պիտի թողնեն կիրճը Հաղթանակ-Կիևյան կամուրջների միջանցիկում, որ փոփոխությունները ինքնաբուխ սկսեն աշխատել… Ես  ուրիշ առաջին քայլ հիմա էլ չգիտեմ…

Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի:

Երեկոն մեր տանը թատերական-խաղարկային եղավ… Ինձ ավելի ու ավելի հետաքրքիր է Սոնան՝ որպես ընկեր։ Դե, Դավիթը, ինչպես միշտ, կպչում է քույրիկից-պոկ չի գալիս, և օդանավակայանում մեր ստեղծած, իմ սպասարկումով, երկու ուսապարկով ուղևորների խաղը զվարճալի թվաց մեր միակ հանդիսատես Արմինեին, ով հենց սկզբից դեկորների մասով մի պահանջ էր անբեկանելի դրել ու հասավ դրան.
— Քի՛չ քանդեք, դուք եք հավաքելու, ես ձեր հավեսն ու առողջությունը չունեմ:

Ալիկ Մինասյան հին ընկերը մեր հեռախոսակապի մեջ էր Սևանի «Ժայռից». ոգևորված պատմում էր-փոխանցում բոլոր սեբաստացիներին Բուշ Լուսինեի հերթական տպավորիչ բանակումից կապուտաչյայի ափին մեր… Սիրով ու պատրաստակամ փոխանցում եմ… Բուշի բծախնդիր հոգատարությունը, սեբաստացիների խնամքը-բարեկարգումը «Ժայռի», լսո՞ւմ եք, չեն կարող տիրապետող չդառնալ… Եթե ոչ, ուրիշ ափ գտեք. մենք «Ժայռի» ղեկավարի հետ հիմա — այս ամառ, որպես միասնական նախագիծ, ստեղծում ենք-կրթահամալիրի Բանգլադեշի շարունակություն ծովափնյա մեր գրավիչ ճամբարը: Ամեն մի ջոկատ ամեն մի այցելությամբ այս նախագիծը ակնհայտ է դարձնում… Այո, հաստատում եմ ես, առանց բացառության… Եվ ձեր բլոգներում, նախագծի ղեկավարի հաշվետվությունում այս էստաֆետային աշխատանքը պիտի երևա…

Արևելքի 2-5 տարեկանների լողափնյա երկուշաբթի:
Լուսանկարները՝ Նելի Արղությանի, Տաթև Սահակյանի:

Իմ ընթերցածներից կիրակիի ես կարողացա առանձնացնել ճամփորդի համար ամենակարևորը կարևորի մասին… Որո՞նք են ամենավնասակար կոշիկներն ըստ փորձագետների։ Մարզակոշիկներն ու բարձրակրունկները… Առողջության համար շատ կարևոր է երբեմն ոտաբոբիկ քայլելը, ինչը թույլ է տալիս, որ ոտնաթաթի բոլոր մկանները հավասարաչափ աշխատեն…

Առանձնացրի նաև ինձ ամենաանհանգստացնողի մասին հիշարժան հրապարակումը՝ Հակահեղափոխության հյուսիսային քամին։ Հայկական հակահեղափոխության քամին փչում է հյուսիսից… Հենց այդ չգիտակցումը կարող է ծնել հակահեղափոխության ռևանշի վտանգ` ինչպես ժամանակին Վազգեն Սարգսյանը չհասցրեց գիտակցել…

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1416

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Օ՜, մանկություն իմ ոսկեծամ․ քեզ այցի եմ գալիս․․․

Շաբաթ երեկոյան Դավիթ Բլեյանն անհամբեր ինձ էր սպասում նոր հանդերձանքով. ո՜նց չի ցուցադրվի։ Այսպիսի ֆոտոշար ստացվեց։ Ապրիլի 25-ին՝ երեքշաբթի օրը, նոր կոշիկները կտանի դպրոց-պարտեզ․․․ ընկեր-ընկերուհիներով խաղան․․․ Կրասավեց։

Անունդ փարոս եղավ իմ կյանքում…

Անունդ թող փարոս լինի ինձ  Սուտ կյանքի և դառը մահու դեմ… Վահան Տերյան  Փոս փորողը փոսն է ընկնում՝ իր փորած փոսը, և դա լավ է: Իմացիր, որ քո համար ես

«Ծերունի ավազակները» պատրաստվում են հոբելյանական արկածների…

Անեկդոտներն էլ, որպես իրենց ժամանակի պատմություններ, հայտնի են լինում, պատմվում-փոխանցվում, հետո չեն փոխանցվում, մոռացվում են… Ի՞նչ են լինում մոռացված անեկդոտները, ի՞նչ անես, եթե չես մոռացել, բայց չես փոխանցում-պատմում… Իմ օրագրում