Այսպես ե՞րբ է եղել, եղե՞լ է, 734-րդ անընդհատ գրերի այդքան օրերում, որ չի գրվում…
— Գյա, զոռ տուր,- ասում էր իմ միջի քյավառցին…
Մեր Անահիտ Բախշյանի մոտ կիրակի առավոտ գիշերով ՀՀ ոստիկանության պահակային-պարեկային ծառայության զորամասի գրավումը զինված ոչ անհայտ մարդկանց կողմից հոկտեմբերի 27-ի իրադարձությունների զուգորդում էր առաջացրել… Կիրակի առավոտ, երբ ավարտել էի իմ կիրակնօրյա գիրը, կարծես աֆրիկյան ինչ-որ մի երկրում կատարվածի մասին՝ ինձ հասավ մի քանի կմ այն կողմ կատարվածի մասին լուրը, դրա արձագանքները՝ այսքա՜ն արհեստական, անպաշտպան, իմաստազուրկ-անիմաստ… Նիկոլ Փաշինյանին փնտրելու կարիք չեղավ․ Նիկոլի այս տեսանյութը գուցե ամենամարդկայինն էր օրվա մասին իմ տեսած-լսածներից… Ու մեկ էլ` Չարենցի պահանջը եկավ․
Հիմա ամեն ինչ անիմաստ է,
Իզուր այդպես դու շիկնեցիր.
Ինչի՞դ է կյանքը, իր իմաստը,
Հիմա ամեն ինչ անիմա՜ստ է.
Թողել ենք նավը, ղեկը, լաստը,
Իսկ ծովը մո՜ւթ է ու անծիր.—
Հիմա ամե՛ն ինչ անիմաստ է—
Իզո՜ւր այդպես դու շիկնեցիր…
Դպրոց-պարտեզի ճամբարականները ջրացատկ են սովորում:
Լուսանկարները՝ Մարի Միքաելյանի:
Ու ես որոշեցի Դավթի հուշումով-իրավունքով իմաստը որոնել մեր առօրյայում՝ Դավթի հետ կիրակնօրյա իմ թափառումներում… «Անմեղադիր լերուք, զի կար իմ այս է․․․»։ Բոլոր արգելքների՝ չմտնել, չլողալ, չտրորել, հետևողական-մեթոդական ցուցադրական անտեսումով Դավթի համար Սիրահարների այգին դրախտի վայելքի վերածեցինք, կիրակին անցանք տաբուների վրայով՝ փափուկ-մաքուր սիզամարգի վրա թավալվեցինք, ոտքերս դրեցինք գետը, հետո որոշեցինք լողալ գետում, ես ու Դավիթն անցանք ողջ գետով, նրա ջրվեժների, չռիկների տակ, գյոլերում լողացինք… Եղան, որ ցույց տվեցին ցուցանակ-չի կարելիները, եղան, որ նկարեցին, հասարակական կարգի պահապանները հեռվից-հեռու հետևում էին մեր արկածներին… Ախր, այս կամուրջները, անցումները, ջրատար-առուն, ջրաթափերը, կղզիները չեն կարող այսպես՝ անկենդան, անարկած-դեկորատիվ-կանխատեսելի ընկալվել։ Դավթի հետ ի՜նչ տպավորիչ ժամանակում հայտնվեցինք… Դավթին տկլորացնելով, վարտիքը չորացնելով․․․
Մինչ այդ մենք Արմինե մայրիկին ցուցաբերել էինք մեր հնազանդ-խոնարհությունը և իրավունք էինք ձեռք բերել տան տղամարդկանցով մետրոյի թափառումներին անցնելու… Գարեգին Նժդեհի վերջին կայարանի մոտ Շենգավիթի այգին՝ «Շողակաթի» մոտ, անջուր էր, անկյանք-անարկած… Երիտասարդականի այգի-լճում մեզ «ուրիշի ափսեում» զգացինք Բանգլադեշ-Նորագավթից հետո. կարճ է մեր մետրոն։ Շարունակեցինք գնացքով մի կայարան վեր… Շենգավթում, Եղբայրության փողոցի չորսհարկանի բնակելիները Երևանի ամենահարմար բնակավայրերն են ստեղծե․ այստեղ, բակերից մեկում գտանք անշուք-բետոնի մի ավազան, ուր տասնյակ դեռահասներ լողում էին։ Թաղի կենդանության համ ու հոտ զգացինք…
— Պա՜պ, մեր պարտեզում երեք լողավազան կա, մեծ ու փոքր դրսում, մեկն էլ՝ ծածկած…
— Պա՜պ, դրա համա՞ր ես ինձ մեր պարտեզ տանում․․․
Լոռվա շնչով:
Լուսանկարները՝ Զարուհի Առաքելյանի:
Երբևէ լսե՞լ եք երիտասարդացնող էլիքսիրի մասին․․․Ե՛վ այս նյութն է այդ մասին, և՛ իմ փոքրիկ պատմություն-լրացումը։ Մեր Շամխալ Բեկ հայրը միշտ կտավատ էր գործածում, կտավատի սերմերի ձևով։ Կայարանի, Սևանի փակուղու մեր տանը պարկերով կտավատը միշտ հիշում եմ… Պետք էր մաքրել խառնուրդներից․ մենք առաջին հարկի ճաշասեղանի շուրջ զբաղեցնում էինք մեր տեղերը՝ ես, Էմմա քույրս, հարս Ռոզալիան, մեր բակի հարազատները… երկա՜ր սկսում էինք մաքրել… Ստեփան եղբայրս, որ ինձ Կուկ էր անվանում, իր փայ մաքրելիքը տալիս էր ինձ․ «Կուկ, ես քո նյարդերը չունեմ, համ էլ դու կտավատ սիրում ես՝ կեր ու մաքրի»… Իսկ ես սիրում էի լսել նաև սեղանի շուրջ աղջիկ-հարսների պատմությունները…. Հիմա էլ սիրում եմ համ կտավատի սերմերը ծամել, համ էլ, ականջս մոբիլ լիներ, մեր բոլոր աղջիկների զրույցները լսել։ Հիմա ես Կոտայքի Ֆանտան գյուղում արտադրվող կտավատի ձեթ եմ գործածում-խմում կարգապահ, ամեն օր։ Սիրում եմ Արմինեի աղացած կտավատը մածունով… Այսպիսի գովազդ եթերում, իմ բլոգում…
Երեկոյան արդեն ես, Արմինեն ու Դավիթը, իմ հրամցմամբ, mskh.am-ի ձայնադարանից ընտրում ենք Մոցարտի «Ռեքվիեմը», հետո` Շտրաուսի սիմֆոնիաներից մեկը՝ Հերբերտ ֆոն Կարայանի կատարմամբ… Բոլոր դասական արվեստներից իմը հիմա երաժշտությունն է…
— Դավիթ,- ասում ենք,- մեկ տարի հետո էլ դու Արմեն եղբորդ նման Արագածը կբարձրանաս…
— Չէ՛, պապ, Արագածը չէ, Մասիս սարի գագաթը… Արագածը Արմենը բարձրացել է…
Ճամբարային կավագործություն:
Լուսանկարները՝ Մարի Միքաելյանի:
Իսկ շաբաթ օրը Դավիթը մորաքրույր Ռուզանի բակում է անցկացրել, իր գեղեցկուհի քույրիկների ու նրանց` Ֆրանսիայից արձակուրդի ժամանած հարազատների հետ… Փարիզաբնակ նորագավիթցիների զրույցը՝ ֆրանսերեն հասկացություններով, Դավիթն անարձագանք չի թողել…
— Ես էլ անգլերեն ու ռուսերեն եմ խոսում…
Եվ ճիշտ է ասում. ակտիվ բառերի-կապակցությունների մի շարք ու մի փոքր պրակտիկա, և երկու օտար լեզուն այսպես՝ խաղալով-մեդիայով, ֆիզիկայով-երկրաչափությամբ, հեռավար աշխարհով, ի՞նչ է… Խնդրեմ` հիմա էլ չինական պարսպի ու աշխարհի ժողովուրդների պատմության մի շրջանում թուրքերի հայտնվելու մասին ֆիլմ է նայում…
— Հայրի՜կ, բա թուրքին ինչպե՞ս ենք կանգնեցնելու…
Մենք մեր մեդիագրադարանում ունե՞նք հայալեզու բոլոր ուսումնական ֆիլմերը, որ Դավիթն է նայում: Օրինակ՝ այս մեկը…
— Առա՜ջ, պատմության դուռը մեզ է սպասում,- հանկարծ բացականչում է Դավիթն ու վերցնում պլանշետը, ու գնա՜ց… Մեկ ժամ և ավելի կարող է անցկացնել Հին Հունաստանում…
— Պա՜պ, որ վաղը գնամ պարտեզ, ընկերներիս կպատմեմ Էգեյան ծովի մասին… ինչու են ծովը կոչել Էգեյան…
Դավիթ ջան, էլ ի՞նչ պարտեզ, սեպտեմբերից քո հինգ տարեկան ընկերների հետ ուսումնական տարի ես սկսում, կարող է՝ քո քույրիկ Նազենի աստղ Հովհաննիսյանը նկատի քեզ, «Ամենախելացին» հեղինակային հաղորդմանը գնաս մասնակցես, Երուսաղեմ ուխտի ուղեգիր շահես, մենք էլ քեզ հետ գանք որպես ուղեկցողներ, վերջապես Ավետյաց երկիրը տեսնենք։ Իսկ Նազենի Հովհաննիսյանին իր քեռիով, քեռու ընտանիքով հիմա իմ գրով-բլոգով, բոլոր սեբաստացիներով այսօր ասենք՝ ծնունդդ շնորհավոր։ Քո քեռու սրտով՝ քեզ, Աստղ, բայց 2016-ին։
Ինչպիսի՜ պատահականություն կամ հեռուն գնացող զուգադիպություն. այսօր նաև մեր Գեղարվեստի 3 տարեկան դարձող Մոնիկայի ծննդյան օրն է։ Այս շարքն էլ Նազենի աստղին նվեր՝ մաղթանքով՝ ունեցիր սեփականը…
Լուսանկարները՝ Տաթև Աթոյանի։
#734