Անունդ թող փարոս լինի ինձ
Սուտ կյանքի և դառը մահու դեմ… Վահան Տերյան
Փոս փորողը փոսն է ընկնում՝ իր փորած փոսը, և դա լավ է: Իմացիր, որ քո համար ես փորում: Պատկերացնել չեմ կարողանում՝ ինձ՝ ուրիշի փորած փոսում… Կորած կյանք կկոչվեր: Հիմա ես իմ փորած փոսում եմ. արթնացել եմ ուղիղ երկուսին՝ ֆիլմադարանում Շուշան Եփրիկյանի ու ընկերների «Վահան Տերյան» փաստավավերագրական ֆիլմը նայելու որոշումով. նայում եմ-ապրում եմ, Տերյանի հետ եմ մեկ ժամի չափ… Դադար. կարդում եմ, հուզվում եմ… ես չկամ… Ես 1919 հոկտեմբերի 13-ին Վահանի ու իր Անահիտի` Մոսկվա Տաշքենդ գնացքի ուղեկցորդն եմ… Հեքիա՞թ… Իմ կյանքը Վահանի աշխարհում հեքիաթ է, ու ձեր աշխարհը՝ սուտ: Ի՛նչ լավ բան են մտածել լրագրող Գայանե Դանիելյանն ու «Ազատություն» ռադիոկայանի երևանյան գրասենյակի տնօրեն Հրայր Թամրազյանը՝ հատուկ մեր ֆիլմադարանի, ինձ համար այս ֆիլմը նկարելով… Մեր մեջ թե մի լավ բան կա, Տերյանից է, երբ «թվում է, թե անեզր է ամեն ինչ, և ողջ կյանքդ՝ մի անսահման քաղցր նինջ»…
Պրոֆեսոր բառը մեզանում չարչրկվել է, իմաստազրկվել՝ «դատարկ ու փուչ պարկերի պես, թե դեն նետես, քիչ ափսոս է, թե դեռ պահես, խանգարում են» (Պ. Սևակ). ես, ձեր մայրենի ուսուցիչները՝ Մարիետ-Սուսանից սկսած ու Հասմիկ-Նունեով ավարտած, ճանաչել ենք իսկական պրոֆեսորի՝ հայագետ Ռաֆայել Իշխանյանին: Պրոֆեսոր Իշխանյանը՝ իմ հիացմունքի մշտական առարկան, մեր կրթահամալիրի լավագույն բարեկամը, մեզանում Նոր ուղու ճանապարհը հարթողն ու այդ ընթացքի համար «ամենափոս» փորողը եղավ՝ ուսանողին, պատանուն Տերյանի աշխարհը տանող… Պրոֆեսորը մարդու համար փրկության ամենակարճ ճանապարհ էր համարում դպրոցական-ուսանողական մի կարճ շրջան Տերյանի աշխարհում լինելը: Ես կուզեմ, սիրելի Նունե Մովսիսյան ջան, մի ձև գտնենք՝ իմ ու ձեր պրոֆեսորին մի նախագծով պատշաճ անդրադառնալու համար… Մինչ դու սկսեցիր գործել, իմացիր, որ Ռուբեն Սևակ փորածդ փոսը, քույր իմ, խելամտորեն շրջանցել եմ, վաղը կընկնեմ, խոստանում եմ: Ո՞վ կլինեի ես՝ առանց Տերյան Վահանի, կլինեի՞: «Կարդում ենք» ուսումնական նախագիծը, իր հուզիչ ընթացքի մեջ, իր բազում կայարաններով, վագոններով, թունելներով, փոսերով, նվիրենք պրոֆեսոր Ռաֆայել Իշխանյանին:
Ես կգամ, որպես մոռացված մի երգ,
Հյուսված աղոթքից, սիրուց ու ծաղկից.
Քո մեռած սրտում կլինի թախիծ,
Ես կկանչեմ քեզ դեպի այլ եզերք։
Ու 240-րդ անգամ համակ ուշադրություն եմ. որպես եզերք, ընթացքի մեջ է «Հեղինակային կրթական ծրագրերի կազմակերպում» ստուգատեսը: Այս օրով սկսած՝ շաբաթը վճռական է ստուգատեսի համար. կրթահամալիրի խորհուրդն անդրադառնալու է ստուգատեսի ընթացքին-արդյունքներին. մեզ՝ բոլոր տարիքի սեբաստացիներիս են միանում Կրթության և գիտության նախարարության պետական տեսչության տեսուչներ Աիդա Բարսեղյանը, Լաուրա Սամվելյանը, Արամ Խաչատրյանը… Ինձ խորը բավարարում է պատճառում այն միտքը, որ մենք կարողացանք այլընտրանք ստեղծել պետական հանրակրթական ծրագրին՝ մեր հեղինակածը: Փորձարարական հետազոտական միավորում կրթահամալիրի 25 տարին՝ իր բոլոր վրիպումներով, կորուստներով (ինչպես հաքերային հարձակումից հետո մեր կայքը, վերականգնելի է), նվիրական, մանկավարժական հավաքանու ու համերաշխ, հայ իրականության մեջ եզակի, մոբիլ, բաց ու ստեղծական աշխատանքի ընթացք է: Հիմա իմ օրագրի 240-րդ գրի` սրան նվիրված էջում հարգանքով ասում եմ` շնորհակալ եմ, որ միասին ենք, բոլոր տարիքի սեբաստացիներ, որտեղ էլ լինեք, շնորհակալ եմ, որ ավելի ու ավելի մեկ ենք, որպես ամբողջականություն…
Սարգիս Մարկոսյանը՝ մեր mskh-ի սովորող ճարտարագետ-կատարողը, բանակային ծառայությունն անցած, Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողը, ով իր գործով-քրտինքով ինքն իրեն ու իր ընտանիքին է պահում, մեդիակենտրոնում էր։ Կիրակի էր, ես, Տիգրան Պարսիլյանը, Սուսան Մարկոսյանը քննարկում ենք մեր մեդիա աշխարհի զարգացումը, նրա այսօրվա խնդիրները: Սարգիսը, իմացեք, իմ խորհրդատուն է, արդեն պաշտոնապես ու… հասարակական հիմունքներով: